Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտադիմումներ իր առաջին «Traction» ծրագրի համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտադիմումներ իր առաջին «Traction» ծրագրի համար

Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին «Traction» ծրագրի համար արդեն ընդունվում են հայտադիմումներ։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

«Traction» ծրագիրը առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ 10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի և աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները և ստանալ աջակցություն միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։ Յուրաքանչյուր մասնակից ընկերություն կանցնի կարիքների հիման վրա մշակված անհատական զարգացման ծրագրով և կունենա շաբաթական կամ երկշաբաթյա հանդիպումներ մենթորների հետ։

Բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին, կարող են դիմել ծրագրին․

  • Հասցրել են ցուցաբերել որոշակի վաղ արդյունք (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),
  • Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն  մինչև մայիսի 31-ը,
  • Ներգրավել են նվազագույնը 20,000 եվրո` դրամաշնորհների, հրեշտակ ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
  • Նախկինում մասնակցել են որևէ այլ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, որին կհետևեն հարցազրույցները մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, Տեղեկատվական հանդիպում տեղի կունենա մայիսի 25-ին (հանդիպման մասին մանրամասները հասանելի են այստեղ)։  Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումը իրականացվելու են հեռահար եղանակով՝ COVID-19 համաճարակի բռնկման և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։