Հայաստանում «Ինժեներական քաղաք» կստեղծվի - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանում «Ինժեներական քաղաք» կստեղծվի

ՀՀ կառավարությունը Երևանի Ջրվեժ թաղամասում նախատեսում է «Ինժեներական քաղաք» կառուցել։

«Ինժեներական քաղաքը» ՏՏ ոլորտի ամենախոստումնալից նախագծերից մեկն է, որով նախատեսվում է ստեղծել հայկական ստարտափերի էկոհամակարգ: Այն կունենա ինկուբատորի վարչական շենք, և ինժեներինգով զբողվող ստարտափ կազմակերպությունները, որոնք ունակ չեն լինի մի քանի հարյուր հազար դոլար հատկացնել և վարչական շենք կամ լաբորատորիա կառուցել, կարող են տեղ վարձել ինկուբատորում և օգտվել սարքավորումներից, որոնք արդեն տեղադրված են լինելու ինժեներական քաղաքում: Ստեղծվելիք ինժեներական քաղաքը իր ողջ ենթակառուցվածքներով կծառայի ստարտափերին։

Եվ այս պահին արդեն շուրջ 17 ստարտափ կազմակերպություններ պատրաստ սպասում են նախագծի իրականացմանը:

Տարածքում արդեն պատրաստ են և գործում են երկու թանգարան, գրադարան, իսկ ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը գրեթե ավարտին է հասցվում։

Թանգարաններից մեկում՝ Տիեզերքի թանգարանում, բացառիկ նմուշներ են ներկայացված, այդ թվում՝ 1962-ին արձակված «K2» հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը և «Միր» հրթիռից մի դետալ։

Իսկ մյուսի՝ Գիտության ու տեխնիկայի թանգարանի մուտքի մոտ այցելուներին է սպասում հայկական արտադրության առաջին և միակ մեքենան`70-ականների «Երազը»։ Այստեղ կարելի է գտնել նաև հայկական արտադրության էլեկտրական մեքենայի նախատիպը ներկայացնող լուսանկարներ, որի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռևս 70-ականներին և այլ եզակի նմուշներ։

Հուսանք նախագիծը կհաջողվի և «Ինժեներական քաղաքի բնակիչները» կվերականգնեն Հայաստանի գիտատեխնիկական համբավն ամբողջ աշխարհում։