Խորհուրդ երիտասարդ հայ ստարտափերներից - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Խորհուրդ երիտասարդ հայ ստարտափերներից

news - Խորհուրդ երիտասարդ հայ ստարտափերներից

Տարոն Պարսամյան

Ստարտափ – Actual Company LTD (ծառայությունները՝ մեդիամոնիթորինգ, սառը զանգերի կենտրոն ԱՄՆ շուկայի համար, օնլայն մարքեթինգային ծառայություններ)
Տարիք – 26
Մասնագիտություն – Մարքեթոլոգ
Հոբբի – Ֆուտբոլ

18581480 1327062393996445 7350249272264555888 n - Խորհուրդ երիտասարդ հայ ստարտափերներից

Ստեղծման գաղափարը – Իրականում գաղափարը հասունացել է տարիների ընթացքում: Մենք մեր թիմով որոշակի թվային պրոդուկտներ արտահանող ընկերություն ենք կառուցում: Հաշվի առնելով մեր իրողությունները` որոշեցինք առաջին փուլում ՀՀ շուկայում մեդիա մոնիթորինգի պրոդուկտներ թողարկել, որոշակի շուկայական բաժնեմաս գրավելուց հետո, պլանավորված սցենարով թողարկեցինք ֆիքսված մարքեթինգային ծառայություններ ԱՄՆ-ի շուկայի համար: Ներկայումս կայուն կերպով զարգացնելով մեդիամոնիթորինգի շուկան` ընդլայնում ենք նաև թվային մարքեթինգի ծառայությունները հիմնականում ԱՄՆ-ի, մասամբ նաև ՌԴ-ի շուկայում: Իսկ թե ինչպիսի ծառայություններ ու պրոդուկտներ կթողարկենք կուլմինացիոն փուլում, դեռևս կոնֆիդենցիալ է, սակայն երազանքների մակարդակում չէ: Եթե սկզբում որոշակի կասկածներ կային, ապա այսօր հստակ հաշվարկներով հասկանում ենք, որ չենք սխալվել ու մոտ ենք ամենակարևոր երրորդ փուլին:

Ինչպե՞ս գտնել միջոցներ Հայաստանում – Կարծում եմ հարցը ուղիղ պատասխան չունի, բիզնեսի ցանկություն ունեցող մարդը միշտ էլ կարող է միջոցներ գտնել: Նամանավանդ մենք ապրում ենք գլոբալ դարաշրջանում, երբ նույնիսկ ֆրիլանսինգով կարելի է նախնական որոշակի միջոցներ կուտակել: Մեր տարիքային խմբի մարդկանց համար նույն Հայաստանում բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ կարելի է գումար վաստակել, կուտակել ու բիզնես ծրագրեր փորձարկել:

Նորույթ – Մեր հիմնական նորույթը հանրային լայն շերտերին հասանելի կլինի բիզնեսի կենսափուլի հերթական` երրորդ փուլում, այսօր կարող եմ ասել, որ մեր կազմակերպության հիմնական տարբերությունը մենեջմենթի ձևն է ու սպառողակենտրոնության ուրույն բանաձևը: Մենք ֆիքսել ենք, որ սպառողները մեզ գումար փոխանցող մարդիկ չեն, մեր գաղափարների իրականացման ճանապարհին գործընկերներ են, որոնք կամա, թե ակամա նպաստում են վերջնական նպատակի իրականացմանը: Մենք հեղափոխական աստիճանի էժան գներով պրոդուկտներ ենք թողարկել մի շուկայում, որտեղ մինչ մեր հայտնվելը շատերի համար անհասանելի էին նման ծառայությունները: Մեր գործընկերները ընթացքում մեզ ավելի շատ բարիքներ են տվել խորհուրդների, կապերի ու մարդկային ջերմ վերաբերմունքի միջոցով, որքան հնարավոր էր ստանալ զուտ ֆինանսական հաշվարկով: Մենք չենք առաջնորդվել արագ մեծ գումարներ աշխատելու սկզբունքով, մենք փորձել ենք բարելավել շատ մարդկանց գործնական առօրյան ու նրանց ազատել տեխնիկական բարդ աշխատանքից` ավտոմատացված պրոդուկտներ առաջարկելով սովորականից մատչելի գներով: Այսօր այդ մարդիկ, պատասխան մարդկային վերաբերմունք ցուցաբերելով, մեզ օգտակար են լինում, թե ներքին, թե արտաքին շուկայում ընդլայնվելու հարցում:

Խորհուրդ – Չեմ սիրում խորհուրդներ տալ: Առհասարակ չեմ կարծում, թե իմ կենսափորձն ու գիտելիքներն այն մակարդակի են, որ խորհուրդներ տալու ժամանակն է հասունացել: Խորհուրդներ տալու պատվին կարելի է արժանանալ աննախադեպ հաջողություններ ու գործնական ծանրակշիռ արդյունք գրանցելուց հետո: Միայն կասեմ, որ բիզնես անել սովորելու ամենակարճ ճանապարհը բիզնես անելն է, մնացածը անիմաստ ժամանակի կորուստ է:

Լևոն Ստեփանյան

Ստարտափ MYbookstore (ծառայությունները՝ օնլայն գրախանութ, գրքերի առաքում 23 ժամվա ընթացքում)
Տարիք – 23
Մասնագիտություն – Տնտեսագետ
Հոբբի – Ֆուտբոլ եմ սիրում: Երգել նույնպես: Դաշնամուր կցանկանայի նվագել:

levon - Խորհուրդ երիտասարդ հայ ստարտափերներից

Ստեղծման գաղափարը – Ստարտափը հիմնադրվել է 2016 թ. հունվարի 19-ին: Նախամտածված ինչ-որ բան չի եղել: Տանը նստած աշխատանքի հայտարարություններ էի նայում, CV-ներ ուղարկում: Անընդհատ ինչ-որ խնդիր կար, ոչ մի տեղ հարցազրույցի չէին կանչում, իսկ ես մագիստրատուրայի առաջին կուրսում  էի և ուզում էի աշխատել: Հենց այդ ժամանակ էլ ծնվեց MYbookstore-ի գաղափարը: Որոշ ժամանակ առաքիչ եմ աշխատել ու շատ լավ գիտեի քաղաքը: Երբ ուսումնասիրեցի գրքերի առաքման շուկան, հասկացա որ ոչ մի գրախանութ չունի առաքում: Այդպես սկսվեց MYbookstore-ի ճանապարհը:

Ինչպե՞ս գտնել միջոցներ Հայաստանում – Իմ ստարտափը ես սկսել եմ ընդամենը 10 000 դրամով: Կարելի է ասել լրիվ 0-ից սկսվել, չեմ ունեցել ֆինանսավորող կամ հովանավորող, չեմ էլ մտածել դրա մասին: Հիմա արդեն վաճառքներից ստացված հասույթով ենք շարունակում աշխատել: MYbookstore-ի առաքումների համար մեքենան գնել եմ ֆեյսբուքյան ընկերներիս միջոցով: Նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ սիմվոլիկ գումար է պարտքով տվել և ես գնել եմ մեքենան, արդեն մեծ մասի գումարն էլ հետ եմ վերադարձրել: Ասելիքս այն է, որ միշտ կարելի է գտնել միջոցներ եթե ձեզ այն իսկապես պետք է:

Նորույթ – Գրքերի առաքման մշակույթը: Շեշտը դրվել է ճիշտ մարքեթինգի վրա: Տարբեր գործիքներ եմ փորձարկել մեր շուկայում և հետաքրքիր արդյունքներ են ստացվել: Մարդիկ, ովքեր օգտվել են առաքումից, կհաստատեն, որ առաքումը լինում է անակնկալներով և դա նրանց իսկապես հաճելի է: Հիմա մեկ այլ բան ենք փորձում: Մարդիկ կարող են գիրքը գնել, կարդալ և անվնաս վերադարձնելու դեպքում իրենց գումարը ետ ստանալ: Այսինքն՝ նույն գումարով կարելի է տարբեր գրքեր կարդալ: Ստարտափի հիմնական նպատակներից մեկն էլ՝ մարդկանց մեջ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելն է:

Խորհուրդ – Եթե ունեք գաղափար, առանց վարանելու գործի անցեք: Երբեք մի հանձնվեք, դա այն է, ինչ ինձ ուժ է տալիս ֆորսմաժորային դեպքերում: Դա մեծ ուժ է՝ չհանձնվելու և նպատակներն իրագործելու համար: Բոլոր նպատակներն էլ իրագործելի են, դրա համար ուղղակի ցանկություն, ժամանակ և աշխատասիրություն է պետք: Ոչինչ չանելով բիզնես չեք սկսի: Պետք է զարգանալ, ինքնակրթվել և դառնալ քո ոլորտի լավագույններից մեկը: Պետք չէ նայել կապիտալի առկայությանը: Կարելի է նույնիսկ սկսել ընկերների ու բարեկամների օգնությամբ:

Էդուարդ Լևանյան

Ստարտափ – Fest.am (ծառայություններ՝ միջոցառումների կազմակերպման տեխնիկական և լոգիստիկ մասի ապահովում)
Տարիք – 30
Մասնագիտություն  Սոցիոլոգ
Հոբբի – Քնել, հանգստանալ

levanyan - Խորհուրդ երիտասարդ հայ ստարտափերներից

Ստեղծման գաղափարը – Նպատակը մարդկանց օգնելն էր միջոցառուների կազմակերպման համար, այդպես էլ ստեղծեցինք fest.am-ը:

Ինչպե՞ս գտնել միջոցներ Հայաստանում – Բիզնեսի համար միջոցները կարևոր չեն: Ամենակարևորը գաղափարն է և դրանից կառչելը: Եթե ունես որևէ միտք, դա պետք է ցեցի պես քո մեջ լինի, որպեսզի իրագործես:

Նորույթ – Դե այն, ինչ մենք անում ենք, նորույթ համարել չի կարելի, բայց իսկապես օգնում է մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ հաստատելու համար: Փորձում ենք ճիշտ խորհրդատվություն տալ մարդկանց: Գույքի ընտրության հարցում հաշվի ենք առնում ցանկացած մանրուք, և նոր միայն առաջարկում համապատասխանը:

Խորհուրդ– Եթե ունեք գաղափար և հավատում եք դրա իրականացմանը ու կարծում եք, որ օգտակար է մարդկանց համար, անպայման իրականացրեք: Բացի շահույթ հետապնդելը պետք է նաև մտածել մարդկանց օգտակար լինելու մասին:


Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում

Գործարարների և հաջողության մասին

Իլոն Մասկի մտքերը բիզնեսի, հարստության և Ամերիկայի մասին

Աֆրիկան կապի մեջ է. Զիմբաբվեն ունի առաջին միլիարդատերը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է պատմության ամենահարուստ մարդը

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը (հարցազրույց հեղինակի հետ)

Խորհուրդ բիզնես-գրքերի հայ հեղինակներից

Մարկ Ցուկերբերգ. «Նպատակը ընկերությունը ստեղծելը չպետք է լինի, այլ կենտրոնացումը արդյունքի վրա»

Խորհուրդներ հաջողակ հայ ստարտափերներից

Աշխարհի 10 ամենահարուստ խոհարարները

Հաջողությանը վանող 4 արդարացումներ

Աշխարհի ամենահարուստ մարդը. Ո՞վ է գերազանցել Բիլ Գեյթսին

3 բան, որ երբեք չեն անում միլիոնատերերը