fbpx

ReInvent by Renderforest-ը համախմբել է շուրջ 500 մասնակցի (լուսանկարներ)

Հոկտեմբերի 26-ին Renderforest ընկերությունում տեղի ունեցավ 4-րդ արդյունաբերական հեղափոխության մասնագիտություններին՝ ՏՏ-ին, թվային մարքեթինգին և դիզայնին նվիրված ReInvent by Renderforest կոնֆերանսը։ Հանդիպման նպատակն էր խթանել Հայաստանում նշված մասնագիտությունների զարգացմանը, ինչպես նաև փորձի փոխանակման հարթակ ստեղծել թվային ոլորտի մասնագիտություններով հետաքրքրվողների համար։

Միջոցառման ընթացքում 27 խոսնակները ելույթ ունեցան ըստ մասնագիտական ոլորտի առանձնացված 3 դահլիճներում և իրենց գիտելիքներով ու փորձով կիսվեցին 500 մասնակիցների հետ։ Հանդիպման գլխավոր՝ մարքեթինգի դահլիճից, կար նաև ուղիղ միացում, որին հնարավորություն ունեցան հետևել ոլորտով հետաքրքրվող հարյուրավոր մարդիկ։ Ելույթների թեմաները բազմազան էին․ թվային մարքեթինգի գալիք տարվա թրենդներից մինչև բրենդինգ և արհեստական բանականություն։ Օրվա վերջում՝ ելույթներից հետո, տեղի ունեցան պանելային քննարկումներ, որոնց ընթացքում խոսնակներն ու մասնակիցները հնարավորություն ունեցան ամփոփելու օրվա ընթացքում քննարկվող տարաբնույթ թեմաները։

Միջոցառման պաշտոնական գործընկերն էր skill ընկերությունը, որը կազմակերպչական բոլոր փուլերում իր աջակցությունն է ցույց տվել Renderforest-ին կոնֆերանսի գաղափարը կյանքի կոչելու համար։ Միջոցառումը խոստանում է կրել շարունակական բնույթ՝ տեղի ունենալով ամեն տարի։

Renderforest ընկերությունը հանդիսանում է «Երեքը մեկում» բրենդավորման ճկուն և բազմաֆունկցիոնալ  հարթակ, որն իր օգտատերերին տրամադրում է գործիքներ՝ կարճ ժամանակում վիդեոանիմացիաներ, լոգոներ պատրաստելու համար։ Ընկերությունը ներկայումս ունի 10 միլիոն օգտատեր և հանդիսանում է վիդեոանիմացիաների ստեղծման ամենամեծ հարթակն աշխարհում։  Այն ընդգրկվել է համաշխարհային հեղինակություն վայելող G2crowd հարթակի  2019թ․-ի աշխարհի ծրագրավորման 100 լավագույն ընկերությունների շարքում (Best Software Companies 2019 Awards)։