Գործարար կնոջ 1 օրը․ Doctors.am-ի տնօրեն Սաթենիկ Գրիգորյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․ Doctors.am-ի տնօրեն Սաթենիկ Գրիգորյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել Doctors. am կայքի տնօրեն Սաթենիկ Գրիգորյանի հետ։ Doctors.am-ը Հայաստանում առաջին կայքն է, որտեղ կարելի  է գտնել հավաստի տեղեկատվություն  բժիշկների,  բժշկական հաստատությունների, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատմության և ոլորտի նորությունների վերաբերյալ։ Այս տարի լրանում է կազմակերպության 10 տարին։

Առավոտը

Սեփական գործ ունենալու դրական կողմերից է ոչ շատ վաղ արթնանալը և աշխատանքային օրվան հանգիստ պատրաստվելը։

Սու՞րճ, թե՞ թեյ

Նախընտրում եմ սուրճ պատրաստող սարքից օգտվել։ Սուրճի այդ համն ինձ ամենաշատն է դուր գալիս։ Նախաճաշում եմ մի փոքր ավելի ուշ։

Մի քանի հարց

Doctors.am-ի  մասին

Doctors.am-ը  եռալեզու հարթակ է, որտեղ մարդիկ կարող են կապ հաստատել բժիշկների հետ, հերթագրվել և այցելել նրանց։ Այն հիմնադրվել է 2009 թ-ին՝ մի ժամանակաշրջանում, երբ համացանցը դեռևս նոր էր մուտք գործում հայկական իրականություն։ Ինտերնետի զարգացմանը զուգընթաց կայքի ակտուալությունը բարձրացավ և այն սկսեց հասանելի դառնալ շատերին:

Կայքի հիմնադիրը ամուսինս՝ մասնագիտությամբ բժիշկ Զավեն Քոլոյանն է։ Նրա աշխատանքային զբաղվածության պատճառով բիզնեսի կառավարմամբ արդեն 6 տարի է զբաղվում եմ ես։ Բացի Doctors.am-ի առանձին գործունեությունից, կազմակերպությունը համագործակցում է տարբեր բուժհաստատությունների հետ․ստեղծում ենք անհատական փաթեթներ, զբաղվում կայքերի սպասարկմամբ և դրանց առաջխաղացմամբ։ Կազմակերպում ենք նաև ոլորտին առնչվող միջոցառումներ։

Այս տարի բացվեցինք նաև Վրաստանում՝ Doctors.ge հասցեով։ Սա Հայաստանից դուրս մեր ամենամեծ նախագիծն էր: Թեև վրացական շուկայում կան կրկնակի շատ բժիշկներ, սակայն հետաքրքականն է, որ մինչ այս նրանց մոտ կայք ստեղծելու գաղափար չի եղել։

Մասնագիտությունը և բիզնես 

Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ։ Ժամանակին բժշկության հետ ինձ կապող միակ օղակը ամուսինս և եղբայրս էին, ովքեր մասնագիտությամբ բժիշկներ են։ Ներկայումս իմ ամբողջ գործունեությունը կապված է հենց այս ոլորտի հետ։ Բժիշկների հետ աշխատելիս՝ առաջին խոչընդոտը, որին հանդիպեցի, նրանց անուն հայրանունով դիմելու մարդկանց՝ տարիներով եկած սովորությունն էր։ Ի սկզբանե դեմ էի դեռևս ԽՍՀՄ տարիներից մնացած այդ դիմելաձևին։ Սկսեցի բժիշկներին դիմել անուն ազգանունով կամ միայն ազգանունը նշելով։ Առաջին փորձությունը հաղթահարված էր։ Ես հասկացա, որ պետք չէ բժիշկների հետ շփվել ուրիշների կարծրատիպային պատկերացումներով, փոխարենը կարելի է ստեղծել քո պատկերացումների բժշկի կերպարը։

Կեսօր

Ընդմիջում

Ընդմիջումների հետ կապված կա մի  հետաքրքիր սովորություն, որը տարիների հետ չի փոխվում։ Տարիների ընթացքում աշխատակիցները փոխվել են, սակայն նրանցից բոլորն էլ նախընտրում են ընդմիջումներին մնալ գրասենյակում՝ հրաժարվելով «մեկ քայլ այն կողմ անել» իրենց համակարգիչներից։ Արդարության համար, ես էլ որոշում եմ կայացրել աշխատանքային օրը կրճատել մեկ ժամով։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Ինձ ոգենչում են իրական կյանքում հանդիպած կանայք, նրանց հավաքական կերպարը։ Սիրում եմ  հաղորդակցվող կանանց, որոնք կարողանում են գրագետ շփվել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Աշխատանքային փոխհարաբերությունները

Միշտ սիրում եմ կրկնել, որ թիմային աշխատանքում ցանկացած աշխատակից իր զբաղեցրած պաշտոնում անկրկնելի է․կարևոր է յուրաքնաչյուրի կատարած աշխատանքը։ Փորձել եմ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ինքս էլ հաճույքով կաշխատեի։ Կարծում եմ՝ հենց դա է լավ արդյունք գրանցելու ամենակարևոր գրավականը։

Երեկո

Հանգիստը 

Հանգստի ամենասիրելի տարբերակը ընկերների հետ ժամանակ անցկացնելն է, իսկ կիրակի օրը մեզ մոտ «հայտաարված է» ընտանիքի օր։ Սիրում ենք համերգների այցելել, ֆիլմեր ենք դիտում։

Երևանում սիրելի վայրը

Երևանը շատ հարմարավետ քաղաք է։ Տարբեր քաղաքներ այցելելուց հետո ավելի եմ սիրում մեր քաղաքը։ Թեև ամեն ինչ տեղակայված է քաղաքի կենտրոնում, սակայն դա հեշտացնում է կյանքը և զերծ պահում սթրեսային իրավիճակներից։ Ավելի տաք եղանակին սիրում եմ Կասկադի բացօթյա սրճարանները։

Խորհուրդ սկսնակներին

Եթե ունեք նպատակակետ, ապա փորձեք իրականացնել ձեր գաղափարները՝ առանց շուրջը նայելու։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի