Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած 54-ժամյա մրցույթի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել ստարտափ սկսելու պրակտիկ հմտություններ, հանդիպել փորձառու մենթորների, ձեռներեցների ու ներդրողների հետ:
Startup Boost Weekend-ի այս տարվա հաղթողը Render Chain System (RCS) թիմն է, որը ներկայացնում է ապակենտրոնացված վիդեո ռենդերինգի (rendering) ծառայություն: Թիմը ստացել է EPIC Startup Incubator-ի, ինչպես նաեւ Armenia Startup Academy-ի առաջիկա աքսելերացիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն, $600 մրցանակ: Quest Tour ստարտափն էլ առաջին մրցանակակրին ընձեռել է իրենց խաղի միջոցով Հայաստանը բացահայտելու հնարավորություն։
Երկրորդ տեղը զբաղեցրած Creatr թիմին շնորհվել է $400 մրցանակ եւ գրքերի փաթեթ: Թիմի մշակած լուծումը ֆիլմարտադրողներին կապում է ներդրողների եւ հովանավորների հետ:
3-րդ տեղն էլ զբաղեցրել է Internet of Cows (IOC) թիմը, որը մշակել է կովերի առողջական խնդիրները հայտնաբերող սարք: Ստարտափն ստացել է գրքերի փաթեթ:
Մրցանակակիրները ստացել են նաև Startup Wise Guys-ի օնլայն նախաաքսելերացիոն ծրագրին մասնակցելու հնարավորություն:
Մասնակից թիմերից Food.net-ին ընձեռնվել է Founder Institute-ի աքսելերացիոն ծրագրին անվճար մասնակցության հնարավորություն: Իսկ Musprod թիմը, որի մշակած լուծումը թույլ է տալիս լսել երաժշտություն՝ կրիպտոարժույթ վաստակելու ընթացքում, Hero House-ի կողմից ստացել է իր տարածքում մեկ ամիս աշխատելու եւ YԼedger բլոկչեյն կոնսորցիումին միանալու հնարավորություն:
«Արդեն երկրորդ տարին է անցկացվում, 3 օր տևողությամբ մրցույթին 94 ուսանող է մասնակցել, նախորդ տարի 2 համալսարան էր մասնակցել, այս անգամ համագործակցել ենք 4 համալսարանի հետ․ մեզ էր միացել նաև ԵՊՀ-ն ու Պոլիտեխնիկը։ Գավառից ու Վանաձորից ունենինք մասնակիցներ։ Մրցույթը բաց է բոլոր ուսանողների համար։ Այս մեկն էլ ավելի հաջողված էր, պլանավորում ենք կազմակերպել ևս 3 միջոցառում մոտակա 6 ամսվա ընթացքում, որպեսզի էլ ավելի շատ ուսանողներ մասնակցեն, հասկանան ձեռներեցություն ինչ է, բիզնես հիմնելու հիմքերը որոնք են։
Մրցանակների 1-ին տեղ զբաղեցրած թիմը ավտոմատ մասնակցում է հոկտոմբերի մեկին մեկնարկող ծրագրին։ 2-րդ և 3-րդ տեղի թիմը հնարավորություն է ստանում հարցազրույցի մասնակցել։ EPIC կենտրոն ընդունվելը 3 փուլից է բաղկացած, այդքան էլ հեշտ չէ։ Առաջինը՝ դիմումներից ֆիլտրացումն է, հետո գալիս են հարցազրույցներ ու փիչինգի փուլերը»,- VNews – Business and Tech-ի հետ զրույցում նշեց Ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնի ղեկավար, Startup Boost Weekend-ի կազմակերպիչ Արամ Քեռյանը։
Ժյուրիի կազմում էր նաև Earlyone ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանը, որն այս մրցույթը ֆանտաստիկ որակեց․
«Միջոցառումից շատ տպավորված եմ, որովհետև նոր սերնդի լուրջ էկոհամակարգ է ստեղծվել։ Երիտասարդները ֆանտաստիկ էին, մեկը մյուսից լավն էին։ Սպասելիքներ շատ չունեի, բայց ինչ տեսել եմ ավելին էր քան սպասում էի։ Հասուն ու պատրաստված էին։ Սա գալիս է նաև, որ էկո-համակարգում կան լուրջ խաղացողներ, ինչպես օրինակ՝ EPIC-ը, Armenia Startup Academy-ն, SmartGateVC-ն, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով»։
Startup Boost Weekend-ը կազմակերպվում է տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով:
Միջոցառումը կազմակերպում է Catalyst հիմնադրամը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի EPIC Startup Incubator-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business և EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո