-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Դեկտեբերի 1-ից 2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ թվով երրորդ Startup Boost Weekend-ը, որի ընթացքում 6 համալսարանների ուսանողներից տեղում կազմված թիմերը 48 ժամում գեներացրին նոր գաղափարներ և փորձեցին իրականացնել դրանք Startup մշակույթին ինտեգրման միջոցով, այնուհետև իրենց ստացած արդյունքները ամփոփեցին ու փիչ արեցին ժյուրիի առջև:
Այսպիսով հայտնի են հաղթող թիմերը։ Առաջին տեղում Eventor-ն է, որի գաղափարի հեղինակ Էլինա Հովակիմյանը VNews – Business and Tech-ի հետ զրույցում նշեց, որ լավ ստարտափի գաղափարը պետք է սեփական խնդրից առաջանա․ «Երբ ուզում էի ծնունդս կազմակերպել դժվարություններ ունեցա տեղը գտնելուց սկսած մինչև իմ ուզած դիզայնով տորթ գտնելը, դրա համար էլ ցանկացա լուծել այդ խնդիրը։ Երբ իմացա Stratup Boost Weekend-ի մասին՝ եկա մասնակցելու ընկերուհուս՝ Անահիտի հետ։ Տեղում նոր թիմակիցներ գտանք և 4 հոգով մշակեցինք վեբ կայք, որով հնարավոր կլինի մինչև 12 տարեկան երեխաների ծննդյան տոները կազմակերպել։ Թիրախը՝ ծնողներն են, ովքեր մեր հարթակով կարող են գտնել համապատասխան հաստատությունները, ռեստորանները, ընկերություններն իրենց տոնակատարության համար»։ Առաջին տեղը գրաված թիմը ստացավ $600 դրամական պարգև և մոտիվացիոն գրքեր։
2-րդ տեղում $400 դոլար մրցանակով զբաղեցրեց EyeZ ստարտափը, որի համահիմնադիր, Պոլիտեխնիկի 2-րդ կուրսի ուսանող Վիկտոր Հարությունյանը մեզ պատմեց, որ նախագծել են կույրերին օգնող հատուկ սարք։ Այն կօգնի, որպեսզի տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան ավելի արագ և ճիշտ կողմնորոշվել տարածության մեջ՝ ձայնային, լուսային և տատանողական էֆեկտների միջոցով։ Իրենց մյուս թիմակցին՝ դիզայներին, գտել են մրցույթի ընթացքում և ավելի կատարելագործել իրենց նախնական մշակումները։ Այս թիմը ստացավ նաև ANEL լաբորատորիայի հատուկ մրցանակը, ինչի շնորհիվ կկարողանան օգտվել լաբորատորիայի հնարավորություններից։
Երրորդ տեղում էլ Promo car-ն է։ Սա հարթակ է, որը կապում է բրենդերին և մեքենաների վարորդներին, որոնք ցանկանում են վաստակել լրացուցիչ եկամուտ՝ վարելով բրենդավորված կպչուն տպագրությամբ մեքենա։ Թիմը ստացավ մոտիվացիոն գրքեր։
Ժյուրիի անդամ, 2Hz-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը նշեց, որ նմանատիպ մրցույթներում ներկայանալու համար հարկավոր է իրապես պատկերացնել գաղափարի կյանքի կոչումը․
«Հարկավոր է այնպիսի բիզնես գաղափար, որը ռեալ է իրականացնելը, նաև կարևոր է շուկան լավ պատկերացնեն, գաղափարի իրագործումը լավ պատկերացնեն։ Գաղափարները դեռ այդքան էլ հասում չէին, Eventor-ինը համեմատաբար ամենահասունն էր, որովհետև հստակ շուկան որոշել են ու գիտեն ինչ են ուզում անել։ Նաև շատ հաճելի էր, որ EyeZ թիմը մեծ խնդիր էր իր առջև դրել ու վստահ եմ, որ շատ մեծ ընկերություններ զբաղվում են այդ խնդրով, բայց ամեն դեպքում ինձ ուրախացրեց նրանց ամբիցիաները»։
Startup Boost Weekend Vol3-ի համակազմակերպիչ, ANEL-ի համակարգող Ամալյա Մխիթարյանը շատ կարևորեց այսպիսի միջոցառումների անցկացնումը ուսուցողական տեսանկյունից։
«Ամենամեծ արժեքն այն է, որ այս երկու օրերի ընթացքում շատ ինտեսիվ ուսուցման գործընթաց է գնում։ Այս դեպքում ոչ թե վերջնական արդյունքն է կարևորը, այլ ընթացքը, որովհետև որևէ այլ ձևաչափով չես կարողանա երկու օրվա ընթացքում հասանելիություն ունենալ այնպիսի մարդկանց, որոնք հանդիսանում են տվյալ ոլորտի առաջատարները, որոնք պատրաստ են իրենց ժամանակի ու զբաղվածության բավական մեծ կտոր տրամադրել, որպեսզի աշխատեն երիտասարդ սերնդի հետ։ Իրենք դեռ կսխալվեն, կսխալվեն, գուցե սա չէ, երրորդ, չորորդ, հինգերորդ անգամից կկայանա ստարտափը, բայց սա շատ լավ դպրոց է, որը հնարավորություն ունեցան անցնելու»,- մեզ հետ զրույցում նշեց Ամալյան։
Միջոցառմանը մասնակցեցին մոտ 120 ուսանողներ՝ նախաձեռնության գործընկեր 6 համալսարաններից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։
Startup Boost Weekend Vol3 միջոցառումը կազմակերպվել էր «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ՝ Ռոստելեկոմ Հայաստանի, Impact Aim-ի, Creater-ի, Hero House-ի և CA Training and Consulting-ի աջակցությամբ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո