Տեխնոլոգիական զենքով․ Ինչպես Հարավային Կորեան հաղթահարեց կորոնավիրուսը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Տեխնոլոգիական զենքով․ Ինչպես Հարավային Կորեան հաղթահարեց կորոնավիրուսը

Ժամանակակից լուծում՝ ժամանակակից խնդրին։

Կորանավիրուսը, վերջին տվյալներով, իր ճանկն է առել ավելի քան 1․4 մլն մարդու ամբողջ աշխարհում և դարձել է 80 հազարից ավելի մարդու մահվան պատճառ։

Տեխնոլոգիաների հետևից հազիվ հասնող այս դարում, երբ «թվայնացում» բառը հնչում է ամեն ծակ ու ծուկից, չօգտագործել դրանք աշխարհը գրոհած համաճարակի դեմ պայքարում, մեղմ ասած, տարօրինակ կլիներ։

VNews Business & Tech-ը ներկայացնում է, թե ինչ տեղի ունեցավ Հարավային Կորեայում, երբ «աներևույթ թշնամու» հետ պատերազմի առաջին ճակատ մտան տեխնոլոգիաները։

Հարավային Կորեան, որը դեռ փետրվարի վերջերին համարվում էր համաճարակի ամենամեծ օջախներից մեկը, ընդամենը 10 օրում կարողացավ կանգնեցնել վարակի տարածումը։

Համաճարակի պիկը գրանցվել է փետրվարի 29-ին՝ 1 օրում 909 նոր դեպք, մարտի 6-ին 1 օրվա վարակվածների թիվը նվազել է մինչև 438 մարդ, մարտի 9ին՝ 131, մարտի 22ին թիվը նվազել է մինչև 64 մարդ, այն դեպքում, երբ այդ նույն օրվա ընթացքում Իտալիայում հաստատվել էր ևս 5560 դեպք։ Վերջին թարմացմամբ (08.04.20թ․)՝ 1 օրում ավելացել է ընդամենը 54 դեպք, իսկ վարակակիրների ընդհանուր թիվը 10 384 է։

Ինչպե՞ս․

1․ Կառավարության քայլերը

Հարավային Կորեայի կառավարությունը նախ փորձեց կանխել բերովի դեպքերի ընթացքը, որի համար գործարկեց Self Health Check բջջային հավելվածը: Դրա միջոցով սկսեց վերահսկողության տակ պահել արտասահմանից երկիր ժամանող մարդկանց:

Բայց ամենաարդյունավետ տեխնիկական միջոցներից մեկը մյուս հավելվածն էր, որը GPS տվյալներն օգտագործվում էր վիրուսակրի շփումները հայտնաբերելու համար:

Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները նախ կարճ հարցազրույց են ունենում հաստատված պացիենտների հետ, ապա լրացուցիչ ստուգում նաև նրանց տեղաշարժը տեսահսկման սարքերի տեսանյութերի, բանկային քարտերի ու բջջային քարտերի տվյալների հիման վրա: Դրանից հետո, ունենալով արդեն նրանց տեղաշարժման պատմությունը, Կառավարությունը տեքստային հաղորդագրության միջոցով տվյալ տեղանքում գտնված բոլոր մարդկանց տեղեկացնում է հնարավոր վտանգի մասին: Հաղորդագրությունը ներառում է տեղեկատվություն, թե երբ է պացիենտը վարակվել, նրա ազգությունը, սեռը և տարիքը, և որ ամենակարևորն է՝ նրանց տեղաշարժի գրեթե րոպե առ րոպե նկարագրություն, երբեմն ներառելով նաև այն խանութների անունները, որտեղ պացիենտը այցելել է: Որոշ դեպքերում տեղեկատվությունը ներառում է նույնիսկ պացիենտների սենյակների համարները և… թե երբ են նրանք գնացել զուգարան:

Այս տեղեկատվությունը օգտագործելով՝ մարդիկ կարողանում են գնահատել, թե ինչքանով է իրական նրանց վարակման հնարավորությունը և նվազագույն սիմպտոմների դեպքում իսկ՝ դիմում թեստավորման համար: Իսկ արդեն հաստատված վարակով պացիենտներին, թեև չի սահմանվում պարտադիր հիվանդանոցային բուժում, բայց նույնիսկ տանը ինքնամեկուսանալու դեպքում,  նրանք պետք է պարտադիր հեռախոսներում ունենան մեկ այլ բջջային հավելված, որը հսկողություն է սահմանում  նրանց նկատմամբ: Հավելվածը չտեղադրելու կամ տեղադրելուց հետո ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում նրանք տուգանվում են 2500 դոլարի չափով, ու անմիջապես ազդանշան է տարածվում մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում, որպեսզի խուսափեն հնարավոր շփումից:

Կառավարության ձեռնարկած քայլերին միանում են նաև մասնավոր ՏՏ ընկերություններ և մասնագետներ․

2․ Corona 100m հավելված

Հավելվածը գործարկվել է փետրվարի 11-ին և մինչ այժմ ներբեռնվել է ավելի քան 1 մլն անգամ։ (CNN Business)

Այն պետական կառավարման մարմիններից, ինչպիսին է օրինակ՝ Կորեայի հիվանդությունների վերահսկման կենտրոնը, հավաքագրում է համապատասխան տեղեկատվություն այն մասին, թե երբ է պացիենտի մոտ ախտորոշվել COVID-19 և ուր է այցելել վերջինս՝ նախքան թեստավորումը, ինչպես նաև վերջինիս ազգային պատկանելության, տարիքի և սեռի մասին տեղեկատվություն։

Ինչպես անվանումը հուշում է, հավելվածը ցույց է տալիս 100մ հեռավորության վրա բոլոր վարակվածների գտնվելու վայրերը։ Եթե օգտատերը հատում է 100մ կամ 328 ոտնաչափ տարածքը կամ հայտնվում է այնպիսի վայրում, որտեղ վարակակիր է եղել, հավելվածը նախազգուշացնող ծանուցում է ուղարկում։

Հավելվածի հեղինակը նշել է, որ յուրաքանչյուր 1 ժամում հավելվածը ներբեռնվում է ավելի քան 20 000 անգամ, ինչը երբեմն ծրագրի ծանրաբեռնվածություն է առաջացնում։

3․ Corona Map

COVID-19-ով վարակված մարդկանց գտնվելու վայրը ցույց տվող այս հավելվածը Կորեայում 2-րդ ամենաշատ ներբեռնվածն է։ Հավելվածի շնորհիվ կարելի է հեշտությամբ խուսափել այդ տարածքներից։

Ծրագրավորող Լի Յուն Յոնգը CNN-ի հետ զրույում նշել է, որ հավելվածը ստեղծել է, քանի որ դժվար է եղել հասկանալ կառավարության փոխանցած տեղեկատվությունը։ Հավելվածը յուրաքանչյուր COVID-19 հաստատված պացիենտի այցելած վայրերը նշում է տարբեր գույներով

  • Կանաչ գույնով նշվում է այն տարածքը, որտեղ վարակակիրը եղել է 4-9 օր առաջ
  • Դեղինով՝ 24ժ-4օր առաջ
  • Կարմիրով՝ վերջին 24 ժամվա ընթացքում

4․ Corona Doctor

Այն միակ հավելվածն է, որն արժանացել է Google Play Store-ի երաշխավորությանը։ Հավելվածն Android օգտատերերի շրջանում 6-րդ ամենաշատ ներբեռնվածն է։

Բացի վարակակիրների այցելած վայրերը ցույց տալուց, այն նաև ցույց է տալիս մեկուսացման վայրերն ու այն հիվանդանոցները, որտեղ բուժվում են վարակակիրները։

Օգտատերերը կարող են նշել կոնկրետ պացիենտի և ստանալ նրա տեղաշարժման մասին մանրամասն տեղեկատվություն։

Corona Doctor-ը նաև ունի պատասխաններ վիրուսի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի համար, ինչպես նաև հավելվածում կարելի է գտնել վարակի վերաբերյալ ամենաթարմ հոդվածներն ու լուրերը։ Հավելվածը հասանելի է միայն Android օգտատերերի համար։

Միայն տեխնոլոգիաները քիչ կլինեին

Հարավային Կորեայի օրինակում շատ արդյունավետ զուգակցվեցին երկու կարևոր մարտավարություններ՝ տեխնոլոգիաների օգտագործումն ու թեստավորումների մեծ քանակը։ Դրանք երկուսն էլ առանձին անիմաստ կլինեին ու ոչ մի արդյունք չէին տա, իսկ միաժամանակ կիրառվելիս փոխլրացնում են միմյանց․ մի կողմից թեստավորողների մեծ քանակը ապահովում է տեղեկատվական բազա վերոնշյալ հավելվածների համար, մյուս կողմից՝ հավելվածներից ստացված տեղեկատվությունը թե՛ պետությանը, թե՛ մարդկանց ուղղորդում է՝ կատարելու անհրաժեշտ թեստեր։

Իհարկե, շատ թեստավորումը հեշտ չէ անել։ Հարավային Կորեան կուտակել է այդ փորձը մի քանի տարի առաջ բռնկված SARS վիրուսի դեմ պայքարի օրերից։ Մեկ օրվա ընթացքում երկրում կարողանում է թեստավորվել մինչև 20 000 մարդ, իսկ բուժհաստատություններն ավելորդ չծանրաբեռնելու համար ստեղծվել է 633 թեստավորման համար նախատեսված կենտրոն։ Մինչ օրս երկրում արվել է ավելի քան 477 000 թեստ, որից 300 000-ը արվել էր դեռևս մինչև մարտի 24-ը, այն դեպքում, երբ 3 անգամ ավել բնակչության թվով Ռուսաստանում մինչև այդ արվել էր ընդամենը 160 000 թեստ։

Ի դեպ, նույնիսկ թեստավորման գործընթացում Հարավային Կորեան կրկին շատ արդյունավետ օգտագործում է տեխնոլոգիաները՝

Drive-thru թեստ

Տարբեր տեղերում բացվել են հատուկ թեստավորման կետեր, որտեղ բոլոր վարորդները հանձնում են կորոնավիրուսի թեստեր՝ առանց մեքենայից դուրս գալու, գործընթացը տևում է ընդամենը 10 րոպե։ Հարավային Կորեայում այդպիսի 40 կետ է բացվել, որտեղ օրական կարող է թեստավորվել մինչև 15 000 մարդ։

Արդյո՞ք այս փորձը կիրառելի է մյուս երկրների համար․ դրա համար պետք է թե՛ պետության, թե՛ քաղաքացիների պատրաստվածությունը՝ ընդունելու տեխնոլոգիաներն ու պետության «ներխուժումը» իրենց անձնական տարածք։

Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

Հեռավար կրթությունը Հայաստանում. e-school Armenia-ի հաջողությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսի նոր թեստը 15 րոպեում ստուգում է հիվանդության առկայությունը

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

98-ամյա կինը Youtube-ի օգնությամբ ավելի քան 1.2 մլն ռուբլի է հավաքել բժիշկների համար

Երկրին մոտենում է «պաշտպանիչ դիմակով երկնաքար»․ գիտնականներ

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա

Яндекс.Карты-ն սկսել է ցուցադրել խանութներում հերթերի չափը

Ստեղծվել են ճկուն սթիքեր-մարտկոցներ