Կապառոսի պլան Ա-ն մնաց թղթի վրա, իսկ պլան Բ-ն մեզ կարող էր գոնե ոչ-ոքի պարգևել - VNews
Բաժիններ

Կապառոսի պլան Ա-ն մնաց թղթի վրա, իսկ պլան Բ-ն մեզ կարող էր գոնե ոչ-ոքի պարգևել

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան խաղի տակտիկական մանրամասները

1․ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականում իր նորամուտի խաղում չփոխեց ինչ-որ տեղ ավանդական դարձած խաղային սխեման: 4-2-3-1-ն այն նախնական դասավորությունն էր, որ ընտրվել էր այս խաղի համար: Այդուհանդերձ, Կապառոսը մի քանի անսպասելի որոշումներ էր կայացրել ֆուտբոլիստների ընտրության առումով:

Միանգամից 5 խաղացողներ իրենց նորամուտը նշեցին ազգային հավաքականում: Սերոբ Գրիգորյանը գործեց որպես ձախ պաշտպան, իսկ ունիվերսալ Կամո Հովհաննիսյանին վստահվել էր կիսապաշտպանության աջ եզրը: Հենակետային գոտում քիչ թե շատ սպասելի Արտակ Գրիգորյան – Վբեյմար Անգուլո զույգն էր: «10 համարի» դիրքում Արշակ Կորյանն էր, իսկ ձախից խաղում էր Խորեն Բայրամյանը, որն իր թիմում՝ «Ռոստովում» էլ հաճախ այդ եզրից է հանդես գալիս: Էդգար Բաբայանը և Տիգրան Բարսեղյանը, որոնց կարելի էր սպասել մեկնարկային կազմում, մնացել էին պահեստայինների նստարանին: Մնացած ֆուտբոլիստների ընտրությունը կանխատեսելի էր:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, ապա այս թիմն էլ գործում էր 4-2-3-1 սխեմայով: Ի տարբերություն մեր ընտրանու, որտեղ դեռ նախապես շատ բացականեր կային (Մխիթարյան, Ղազարյան, Ադամյան, Մկրտչյան և այլն), այստեղ կադրային առումով համարյա ամեն ինչ կարգին էր: Կարելի է առանձնացնել կորոնավիրուսով վարակված Ստոլե Դիմիտրիևսկիի (ընտրանու հիմնական դարպասապահ) բացակայությունը: Հարձակման քառյակը կազմած ֆուտբոլիստները հայտնի թիմերից էին՝ Էլմաս («Նապոլի»), Ալիոսկի («Լիդս Յունայթեդ»), Բարդի («Լևանտե»), Նեստորովսկի («Ուդինեզե»): Դեռ Գորան Պանդևն էլ պահեստայինների թվում էր:

2․ Թեև Հայաստանի հավաքականը շատ արագ գոլ ընդունեց, մեկնարկային հատվածում ինչ-որ տեղ ընդգծվեց թիմի նախնական պլանը: Մեր ընտրանին դիրքային պաշտպանություն էր կիրառում՝ մրցակցին դիմավորելով սեփական կիսադաշտից: Գործում էր 4-4-2 սխեման (պաշտպանության առաջին շերտը՝ Կարապետյան և Կորյան), որը պետք է ապահովեր առավելագույն կոմպակտություն: Ըստ ամենայնի, հակագրոհներն առավելապես զարգանալու էին աջ եզրով, որտեղ մրցակցի կիսադաշտում մնացած ազատ տարածությունները պետք է փորձեր օգտագործել գերարագ Հովհաննիսյանը: Կապառոսը միգուցե հաշվի էր առել նաև այն փաստը, որ Բայրամյանը (ձախից) ու Հովհաննիսյանը (աջից) պաշտպանվելիս ավելի լավ կարող են փոխօգնության հասնել իրենց եզրային պաշտպաններին և խաղալ առավել հուսալի, քան Բաբայանն ու Բարսեղյանը:

Կապառոս. «Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից. հեշտ չէր խաղալ այսպիսի պայմաններում»

Նախաձեռնությունը մրցակցին զիջելու, բայց առանց գնդակի խաղը վերահսկելու նախնական ծրագիրը կարող էր շատ լավ աշխատել, բայց արդեն 5-րդ րոպեին բաց թողած գոլը փոխեց ամեն ինչ: Ընդ որում, առաջին խաղակեսում մրցակցի խփած 2 գոլերն էլ, որոնք ավարտվեցին 11-մետրանոցների նշանակումներով, ծնվեցին հենց անհատական սխալների հետևանքով: Իրենց ակումբներում վերջին շրջանում խաղային պրակտիկայի պակաս ունեցող Հարոյանն ու Համբարձումյանը պարզ իրավիճակներում խախտեցին կանոնները (բացառությամբ այդ դրվագների, հուսալի հանդես եկան): Հետևաբար, մարզչին այդ առումով մեղադրելու հարկ չկա: Հանդիպման մեկնարկի իրադարձությունները պարզապես թույլ չտվեցին, որ նախնական ծրագիրը գոնե որոշ չափով կիրառվեր:

3․ Կապառոսը, իհարկե, ֆուտբոլիստների փոփոխություններ չէր կատարի արդեն առաջին խաղակեսում, ուստի մեր թիմը նույն կազմով պետք է այլ առաջադրանք լուծեր: Մակեդոնացիները նախաձեռնությունն ամբողջապես չզիջեցին մեզ, բայց Հայաստանի հավաքականը ստիպված էր գնդակով լինել ավելի շատ, քան նախատեսել էր: Մեր ընտրանին իր գրեթե բոլոր գրոհներն անցկացրեց աջ եզրով, որտեղ համագործակցում էին գրոհին միացող Համբարձումյանը, նաև Հովհաննիսյանն ու այդտեղ տեղափոխվող Կորյանը:

Բայց ընդհանուր խաղակեսի ընթացքում ընդամենը մեկ քիչ թե շատ վտանգավոր պահ կարելի է հիշել, երբ գլխի հարված կատարեց Կարապետյանը, և մրցակցի դարպասապահը հեռացրեց գնդակը: Տվյալ իրավիճակում, երբ դաշտի տերերն այդքան հաճախ չէին բարձր տեղակայվում և տարածություններ համարյա չէին տալիս, Հովհաննիսյանը չէր կարող օգտագործել իր լավագույն որակները: Մեզ այդ դիրքում հենց այդ պահից սկսած պետք էր Բարսեղյանը: Ձախ եզրով գրոհները հազվադեպ էին: Պաշտպան Ս․ Գրիգորյանը չէր միանում գրոհներին, իսկ Բայրամյանը հաճախ հայտնվում էր կենտրոնում:

Կարելի է ընդգծել նաև կենտրոնական պաշտպաններ Հարոյանի ու Չալըշըրի երկար փոխանցումները, որոնք ուղղված էին հիմնականում Կարապետյանին: Վերջինս սովորականից քիչ հաղթեց մենապայքարներում: Հարոյանին և Չալըշըրին երբեմն հաջողվում էր գնդակն ուղարկել նաև մրցակցի պաշտպանության թիկունք, որտեղ ներխուժում էր Կորյանը: Նա այդպիսի մի քանի հաջող փորձ ունեցավ, թեև լուրջ վտանգ ստեղծել չկարողացավ:

4․ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը ևս չփայլեց գոլային պահերի առատությամբ, բայց շատ ավելի վստահ և արագ էր խաղարկում գնդակը: Մրցակիցը նույնպես շեշտը դրել էր իր աջ եզրի վրա ու անընդհատ ծանրաբեռնում էր այն՝ ձգտելով ձեռք բերել թվային առավելություն: Դա հաճախ ստացվում էր: Ի տարբերություն ձախ պաշտպան Ռիստևսկիի՝ աջ եզրային Ռիստովսկին բավականին առաջ էր տեղակայվում: Այնտեղ էր լինում նաև Ալիոսկին, այդ եզր էր շարժվում հենակետայիններից մեկը, երբեմն նաև կենտրոնական հարձակվող Նեստորովսկին:

Մակեդոնացիները, իրոք, գտել էին այն խոցելի տեղը, որով կարելի է վտանգ առաջացնել մեր շարքերում: Նախ, հենակետայիններից ձախ եզրին ավելի մոտ գործում էր Անգուլոն: Ստացվում է, որ ձախ եզրում ամենաշատը հայտնվող ֆուտբոլիստները՝ Ս․ Գրիգորյանը, Վբեյմարն ու Բայրամյանն իրենց նորամուտն էին նշում հավաքականում: Չկար խաղակցվածություն և փոխապահովագրություն: Մրցակիցն օգտվում էր դրանից, թեև աջ եզրով առաջ շարժվելուց հետո առաջին խաղակեսում շատ պահեր չստեղծեց: Իր վարպետության հաշվին մեր հավաքականի ֆուտբոլիստների համար մեծ խնդիրներ էր առաջացնում հատկապես Ալիոսկին: Պատահական չէ, որ ընդմիջումից անմիջապես հետո փոխարինվեցին թե՛ Ս․ Գրիգորյանը, թե՛ Բայրամյանը: Վերջինս շատ քիչ ներգրավածություն ուներ նաև մեր գրոհներին:

5․ Այդուհանդերձ, հստակ ընդգծվեց մի խաղային բաղադրիչ, որի կիրառումը Կապառոսը ֆուտբոլիստներից գուցե պահանջի նաև առաջիկա հանդիպումներում: Եթե բարձր պրեսինգ այս խաղում համարյա չտեսանք (ինչ-որ չափով երկրորդ խաղակեսում), ու դա նաև նախապես ընտրված մարտավարության՝ ավելի խորքից գործելու հետևանքով էր, ապա հակապրեսինգ պարտադիր կիրառվում էր մեր խաղացողների կողմից: Երբ գնդակի կորուստ էր տեղի ունենում դաշտի տերերի կիսադաշտում, հայ խաղացողներն ագրեսիվ կերպով ջանում էին հենց այնտեղ խլել գնդակը՝ տվյալ պահին բարձր կառուցելով պաշտպանությունը: Դա հստակ ընդգծվում էր: Գլխավոր խնդիրը մրցակցին հակագրոհի անցնելու հնարավորությունից զրկելն էր ու սեփական գրոհին սկիզբ դնելը:

Մեր հավաքականի ֆուտբոլիստների դիրքերը գնդակի կորստից քիչ անց՝

Նման մարտավարություն կիրառելու համար հրաշալի ֆունկցիոնալ վիճակ է պահանջվում: Այդ ամենը ծանր աշխատանք է: Պետք է ասել, որ որոշ դրվագներում ամեն ինչ շատ լավ ստացվեց, ու հակապրեսինգի կիրառումը տվեց իր պտուղները: Մեր ֆուտբոլիստներին հաջողվեց քանակական առավելություն ստեղծել գնդակի շուրջ ու կա՛մ խլել այն, կա՛մ էլ ստիպել մրցակցին կատարել հեռահար անհասցե փոխանցում: Բայց այստեղ կա մի «բայց»: Բաց թողած առաջին գոլի դրվագում դա նաև մեր դեմ աշխատեց: Նախքան անկյունայինի նշանակումը, որից հետո եղավ 11-մետրանոց, մեր ֆուտբոլիստները հենց նմանկերպ փորձեցին մրցակցի կիսադաշտում վերադարձնել գնդակը, ինչը չհաջողվեց: Դա հանգեցրեց մրցակցի վտանգավոր հակագրոհի: Հետո եղավ այն, ինչ եղավ:

Նման գործելակերպը շատերին կարող է արկածախնդրություն թվալ: Բայց շատ լավ է, որ Կապառոսը ստիպում է իր թիմի ֆուտբոլիստներին հենց նման ոճով գործել, ինչքան էլ այն բարդ լինի խաղադաշտում կյանքի կոչելը: Ժամանակակից ֆուտբոլում սա կիրառվում է համարյա բոլոր բարձրակարգ թիմերում: Ֆուտբոլիստները կոնկրետ այս մրցավեճում գործում էին շատ շոգ, կարելի է ասել, անմարդկային եղանակային պայմաններում, ուստի դա էլ իր դերն ունեցավ, որ հոգնածություն ավելի շուտ կուտակվեց: Բայց սա լավ հիմք կլինի հետագայի համար: Չի բացառվում, որ էստոնացիների հետ առաջիկա խաղում դրան գումարվի նաև բարձր պրեսինգը, որը կարող է «շնչահեղձ» անել մրցակցին: Նման ագրեսիվ ու համարձակ մարտավարության պտուղները տեսել ենք դեռ նախորդ ընտրական փուլում՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ անցկացրած հանդիպումներից մի քանիսում:

6․ Կապառոսը, ինչպես և սպասվում էր, ընդմիջմանը վերաձևվեց կազմը: Հովհաննիսյանը Ս․ Գրիգորյանի փոխարեն սկսեց խաղալ ձախ պաշտպանի դիրքում, Բայրամյանի փոխարեն ձախ ենթահարձակվողն Էդգար Բաբայանն էր, աջից էլ հանդես էր գալիս Բարսեղյանը: Այս քայլերը շատ լավ աշխատեցին, Հայաստանի հավաքականն ընդմիջումից հետո մոտ 20-25 րոպե մի քանի լավ հնարավորություններ ստեղծեց, որոնք չօգտագործեց:

Տխուր վիճակագրությունը շարունակվեց. 4 անընդմեջ պարտություն, 5 խաղ առանց հաղթանակի

Եթե առաջին կեսում իրական գոլային պահերի քանակով մրցակիցն առջևում էր (2-0), իսկ ընդհանուր հարվածների քանակով հավասարություն էր (4-4), ապա երկրորդում Կապառոսի թիմի առավելությունը զգալի էր: 12 հարված՝ մրցակցի 5-ի դիմաց, դարպասին կատարած հարվածների քանակով էլ 4-1՝ հօգուտ մեր ընտրանու: Ստեղծած իրական գոլային պահերի տեսանկյունից էլ առավելությունը Հայաստանի հավաքականի կողմն էր (3-1): Լավ հնարավորություններ ունեցան թե՛ Բարսեղյանը, թե՛ Բաբայանը, թե՛ Կարապետյանը, թե՛ խաղավերջում փոխարինման մտած Բալեկյանը, թե՛ նույնիսկ Արտակ Գրիգորյանը, սակայն գնդակը համառորեն չէր հայտնվում դարպասում:

7․ Բարսեղյանը լավագույնս մտավ խաղի մեջ ու դրսևորեց իսկական առաջատարի որակներ: Բացի այն, որ գոլ խփեց 11-մետրանոցով, որը հենց նրա փոխանցումից հետո վաստակել էր Բալեկյանը, նաև 1 հիանալի պահ ստեղծեց նույն Նորբերտոյի համար, 5 հարված կատարեց դարպասին, 1 անգամ հաջող դրիբլինգ կիրառեց, ևս 3 սուր փոխանցումներ կատարեց, մրցակիցներին ստիպեց 4 անգամ խախտել կանոններն իր հետ պայքարում:

Չնայած ձախից Հովհաննիսյանն էլ ակտիվորեն միանում էր գրոհներին և օգնում Բաբայանին, բայց մեր հավաքականի գրոհային աջ եզրը պարզապես պայթուցիկ էր: Հենց Հյուսիսային Մակեդոնիայի «Վարդարում» միասին գերազանց հանդես եկած Բարսեղյանը և Համբարձումյանը, որոնք իրար կես շարժումից են հասկանում, մեծ անախորժություններ ստեղծեցին մրցակցի համար: Տիգրանը հաճախ հայտնվում էր նաև աջ կիսաեզրում ու կենտրոնում, որտեղ համեմատաբար ազատ էր ստանում գնդակը և որոշում կայացնում:

«Նորմալ եմ համարում, որ ընդմիջումից հետո այդպիսի ֆուտբոլ խաղացինք: Խաղը եղանակային ծանր պայմաններում էր կայանում, իսկ 5 փոփոխության փոխարեն կարող էինք կատարել միայն 3-ը: Հաղթում էինք 2-0 հաշվով, ուստի երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը կամովին զիջեցինք մրցակցին»,- ասել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին: Իսկ Կապառոսը հետևյալ կերպ է նայում երկրորդ խաղակեսում ակտիվությանը․ «Թիմին խնդրեցի պայքարել մինչև վերջ, ու ես գոհ եմ տղաների խաղից: Մի քանի լավ պահեր ունեցանք: Եթե հաջողվեր ավելի շուտ կրճատել տարբերությունը, ապա մրցավեճի ելքը, կարծում եմ, այլ կլիներ»:

Մրցակիցը վերջնամասում ավելի թարմ տեսք ուներ, և այդ հատվածում 2-3 լավ պահ ստեղծեց: Նկատելի էր, որ մեր թիմի ֆուտբոլիստներից շատերը պարզապես ուժասպառ են եղել: Փոխարինման մտած վերջին ֆուտբոլիստը Բալեկյանն էր, թեև շատերը խաղադաշտում սպասում էին Վահան Բիչախչյանին: Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուն միանշանակ կարող էր ուժեղացնել խաղը, բայց չի կարելի չնշել նաև Արշակ Կորյանի վստահ ելույթը:

Նա հատկապես ընդմիջումից հետո շատ լավ տեսք ուներ: Կենտրոնում և մրցակցի կիսադաշտում անընդհատ տեղաշարժերն օգնում էին թիմակիցներին տարածություններ ստանալ, Կորյանի ՕԳԳ-ն բարձր էր, ուստի Կապառոսը չցանկացավ նրան փոխարինել՝ «զոհաբերելով» Կարապետյանին: Հետաքրքիր կլիներ նաև Կորյանին հարձակման կենտրոնում, իսկ Բիչախչյանին կենտրոնական ենթահարձակվողի դիրքում օգտագործելը, բայց իսպանացի մասնագետը նման քայլի չգնաց: Գուցե այդպես վարվեր, եթե սա ընկերական խաղ լիներ: Կապառոսը, փաստորեն, մինչև մրցաշարի մեկնարկը չունեցավ գեթ մեկ ընկերական հանդիպում՝ ավելի համարձակ փորձարկումների համար: Դա հանգամանք է, որը ևս անպայմանորեն պետք է հաշվի առնել:

8․ Փաստորեն, մենք նպաստեցինք նրան, որ խաղը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի համար ընթանար իր համար իդեալական սցենարով: Մակեդոնացիները խաղի թելը պահում էին իրենց ձեռքում, բացառությամբ երկրորդ խաղակեսի առաջին 20-25 րոպեի: Մեր ճնշումը մեծ էր, բայց դա գոլի չվերածվեց: Մրցակցի սխալներից օգտվել նույնպես կարողանալ է պետք: Մակեդոնացիներն արեցին դա: Այնուամենայնիվ, այս մրցավեճում կարող էինք հասնել գոնե ոչ-ոքիի: Ամենաառանցքային հանգամանքն արագ գոլ ընդունելն էր, որն արմատապես փոխեց մարզչական շտաբի պլանները: Կապառոսը պլան Բ-ին անցնելու համար ստիպված էր սպասել մինչև ընդմիջում:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին

Բայց ամենակարևորն այն է, որ թիմը դժվարին պահին համախմբվեց ու պայքարեց: Այս մրցավեճը խաղի սցենարի առումով նման էր 2018-ին կրկին Ազգերի լիգայում նույն մրցակցի հետ կայացած արտագնա հանդիպմանը (0-2): Այնտեղ էլ արագ գոլ եղավ 11-մետրանոց հարվածով: Այնտեղ էլ Վարդան Մինասյանն անսպասելիորեն հիմնական կազմում չէր ընդգրկել Արաս Օզբիլիսին ու Մարկոս Պիզելիին՝ ավելի կարգապահ պաշտպանություն և ավելի արագ եզրեր ունենալու համար, բայց մրցակցի գոլը խառնեց բոլոր պլանները: Սակայն այն ժամանակ թիմն ընդմիջումից հետո չէր էլ պայքարում, ոչինչ չարվեց խաղի ընթացքը փոխելու համար: Անօգնական հավաքական էր: Այս մրցավեճում ֆուտբոլիստների մոտեցումն այլ էր:

Ո՞րն է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի իրական ներուժը, կերևա շատ շուտով՝ արդեն վրացիների հետ խաղում: Իսկ մեր հավաքականը, չնայած պարտությանը, դրական երանգներ նույնպես նշմարեց: Չխորասուզվելով Հենրիխ Մխիթարյանի թեմայի մեջ՝ պարզապես ընդգծենք, որ նրա ներկայությունն այսպիսի խաղում կարող էր որոշիչ լինել: Դժվար է մարզչի համար, որը ստիպված է պաշտոնական խաղում այսքան շատ նորեկների խաղադաշտ դուրս բերել: Բայրամյանից սպասելիքներն ավելի շատ են, իսկ Յուրչենկոն ու Կորյանը, ընդհանուր առմամբ, լավ հանդես եկան:

Անգուլոյի խաղը հակասական տպավորություն թողեց: Առանց գնդակի լավ գործեց, հաճախ տիրում էր «երկրորդ գնդակներին», հաղթում մենապայքարներում, իսկ գնդակով լինելիս վերին աստիճանի լարված էր: Կային անտեղի սխալներ, որոնցից մեկից հետո էլ մակեդոնացիներն անցան հակագրոհի ու վաստակեցին իրենց 2-րդ 11-մետրանոցը: Մինչդեռ Անգուլոն այդ պահին գրոհը շարունակելու հրաշալի տարբերակ ուներ, կարող էր գնդակը փոխանցել աջ, որտեղ Համբարձումյանն ու Հովհաննիսյանը մնալու էին մրցակցի մեկ պաշտպանի դիմաց: Ինչևէ: Լարվածությունն իրենն արեց: Դատելով Հայաստանի առաջնությունում նրա խաղից՝ Անգուլոն գնդակով շատ ավելի լավ կարող է գործել, ուստի առաջիկայում այդ խնդիրն էլ կլուծվի:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Առջևում Էստոնիայի հավաքականի հետ երևանյան հանդիպումն է: Կազմը, անկասկած, ավելի հարձակողական կլինի: Էստոնացիները վրացիների հետ էլ «2-րդ համարով» էին խաղում, և, ամենայն հավանականությամբ, նույնը կլինի նաև մեզ հետ մրցավեճում: Ունենալով պահեր՝ չկարողացանք ճեղքել մակեդոնացիների պաշտպանությունը: Առաջիկա հանդիպմանն ունենալիք գոլային պահերը հարկավոր է ավելի խնամքով օգտագործել: Մեր հավաքականն անցյալում ցույց է տվել, որ փակ ֆուտբոլ առաջարկող մրցակիցների հետ հանդիպումներում լուրջ խնդիրներ է ունենում: Պետք է լինել համարձակ ու ագրեսիվ՝ աչքաթող չանելով պաշտպանությունը: Գուցե շանս ընձեռվի նաև մեր հարձակման գծի այն միակ ֆուտբոլիստին, որն իր երկրի ազգային առաջնության լավագույն ռմբարկուն է:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Ֆրանսիայի, Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից

Գրիզմանը կրկնեց Զինեդին Զիդանի ցուցանիշը (տեսանյութ)