Չեմպիոնների լիգայում խաղացող միակ հայ ֆուտբոլիստը․ Ով է Էդուարդ Սպերցյանը - VNews
Բաժիններ

Չեմպիոնների լիգայում խաղացող միակ հայ ֆուտբոլիստը․ Ով է Էդուարդ Սպերցյանը

20-ամյա Էդուարդ Սպերցյանի կարիերան վերջին ամիսներին հսկայական առաջխաղացում ապրեց: Հայազգի ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում նորամուտը նշեց նախ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, ապա՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում, այն էլ՝ միանգամից խմբային փուլում: Նա դեռ չի կողմնորոշվել ֆուտբոլային քաղաքացիության շուրջ: Չնայած Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներից իր նկատմամբ վերջին տարիների ուշադրությանը, Սպերցյանն այդ հարցում չի շտապում, ու կա հավանականություն, որ կմիանա Հայաստանի կա՛մ երիտասարդական, կա՛մ էլ միանգամից ազգային ընտրանուն:

Էդուարդի եղբայրը՝ 22-ամյա Սամվելը նույնպես ֆուտբոլիստ է: Նա 2016-17թթ․ «Փյունիկի» կազմում 8 խաղ է անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, ապա տեղափոխվել «Արարատ-Արմենիա», որտեղ 2018/19թթ․ մրցաշրջանում 2 մրցավեճի է մասնակցել գավաթի խաղարկությունում: Հանդես է եկել Հայաստանի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում: Հենակետային կիսապաշտպանի դիրքում ելույթ ունեցած Սամվել Սպերցյանն այս պահին առանց ակումբի է:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, այդ ակումբում է մարզվել 10 տարեկանից: Հարձակողական ոճի կիսապաշտպան է: Հայազգի գործարար Սերգեյ Գալիցկիի հիմնադրած ակումբը լուրջ արմատներ է գցել ռուսական ֆուտբոլում և այսօր հպարտանում է ունեցած հրաշալի ակադեմիայով: «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր դառնալուց և Եվրոպա լիգայում 2 անգամ 1/8 եզրափակիչ փուլ հասնելուց հետո առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին:

Սպերցյանը հրաշալի ելույթների շնորհիվ կարևոր դերակատարություն ստացավ «Կրասնոդարի» 3-րդ, ապա՝ 2-րդ թիմում: Նա նախորդ 2 մրցաշրջաններում 2-րդ թիմի կազմում, ընդհանուր առմամբ, 31 խաղ անցկացրեց Ռուսաստանի Ազգային լիգայի առաջնությունում (երկրում հեղինակությամբ 2-րդը՝ Պրեմիեր լիգայից հետո), բայց միայն 12 դեպքում հայտնվեց մեկնարկային կազմում՝ խփելով 2 գոլ, կատարելով 3 արդյունավետ փոխանցում: Էդուարդը միաժամանակ հանդես էր գալիս նաև «Կրասնոդար-3»-ում: Մասնակցելով Փոխարինողների կազմերի մրցաշարին՝ 2 մրցաշրջանների կտրվածքով խաղադաշտ դուրս եկավ 16 անգամ՝ իր ակտիվում գրանցելով 6 գոլ ու 10 գոլային փոխանցում:

Այդ ամենից հետո անակնկալ չէր, որ դեռ նախորդ տարվանից մասնակցում էր «Կրասնոդարի» առաջին թիմի ընկերական հանդիպումներին: Ակումբում գնահատում ու վստահում են ակադեմիայի սաներին, ուստի Էդուարդը գիտակցում էր, որ այդ տեմպով շարունակելու դեպքում տեղ կունենա նաև առաջին թիմում: Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում ամեն ինչ էլ ավելի տպավորիչ է՝ 16 մրցավեճ, 7 գոլ, 3 արդյունավետ փոխանցում: «Կրասնոդարի» առաջին թիմում անդրանիկ պաշտոնական խաղն անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով «Խիմկիի» դեմ Պրեմիեր լիգայի հանդիպման 76-րդ րոպեին: «Կրասնոդարը» մրցակցին ջախջախեց 7-2 հաշվով: Հետաքրքիր է, որ «Խիմկիից» դուբլ ձևակերպեց Արշակ Կորյանը:

8-րդ հեթ-տրիկը Հենրիխ Մխիթարյանի կարիերայում

Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2020/21թթ․ առաջնությունում արդեն 4 խաղի է մասնակցել՝ 2 անգամ լինելով մեկնարկային կազմում: Թիմի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մասնագետ է, որը տևական ժամանակ է, ինչ գտնվում է «Կրասնոդարի» համակարգում: Անցնելով տարբեր աստիճանակարգեր՝ ի վերջո հասել է առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնին ու շատ է կարևորում երիտասարդներին հնարավորություն տալը: «Սպերցյանը երկրորդ թիմի լավագույն ռմբարկուն է, իրեն լավ է դրսևորել մարզումների ժամանակ, ինչի շնորհիվ էլ արժանացել է առաջին թիմում խաղալու պատվին»,- ասել է Մուսաևը: Ի դեպ, «Կրասնոդարի» 2-րդ թիմում են այժմ հանդես գալիս նաև հայազգի կիսապաշտպաններ՝ 22-ամյա Լևոն Բայրամյանը (Խորեն Բայրամյանի եղբայրն է) ու Հարություն Գրիգորյանը: Նրանք «Կրասնդարի» Մ19 թիմում ժամանակին խաղացել են հենց Մուսաևի գլխավորությամբ, բայց դեռ չեն ունեցել գլխավոր թիմում հանդես գալու պատիվ:

Այդուհանդերձ, Սպերցյանի՝ առաջին թիմում շանս ստանալուն նպաստեցին նաև այլ հանգամանքներ: Հայազգի ֆուտբոլիստի՝ նոր մրցաշրջանում բացառիկ արդյունավետ ելույթները ճիշտ ժամանակին էին, քանի որ առաջին թիմում արդեն երկրորդ տարին անընդմեջ պարզապես վնասվածքների համաճարակ է: Մուսաևն այլ ելք չուներ, քան ավելի շատ վստահել ակումբի երիտասարդ սաներին: Մասնավորապես, հարձակման գծից տարբեր պատճառներով որոշ ժամանակ բացակայում էին առանցքային ֆուտբոլիստներ Ռեմի Կաբելան, Վիկտոր Կլասոնը, Վանդերսոնը, Արին ու Մարկուս Բերգը: Խաղային որակի անկման մասին է խոսում նաև այն, որ «Կրասնոդարը» վերջին 8 պաշտոնական հանդիպումներում ընդամենը 1 հաղթանակ է տոնել՝ կրելով 6 պարտություն:

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ «Կրասնոդարը» 3 խաղում 1 միավոր է վաստակել: «Ռենի» հետ մրցավեճում փայլեց դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, այլապես «Կրասնոդարն» այդտեղ էլ կպարտվեր: Սպերցյանի նորամուտը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում կայացավ հոկտեմբերի 28-ին՝ «Չելսիի» դեմ խաղում (0-4): Սպերցյանն ասպարեզ մտավ 82-րդ րոպեին՝ 0-3 հաշվի պայմաններում: Դե իսկ «Սևիլիայի» դեմ 3-րդ տուրի արտագնա հանդիպումը շատ դրամատիկ ստացվեց: «Կրասնոդարը», առաջին խաղակեսից հետո հաղթելիս լինելով 2-1 հաշվով և ունենալով թվային առավելություն, ի վերջո զիջեց 2-3 հաշվով: Սպերցյանը փոխարինման մտավ 34-րդ րոպեին, սակայն 65-րդ րոպեին կրկին լքեց խաղադաշտը:

Էդուարդն առհասարակ սիրում է գործել «10 համարի» դիրքում, նա ֆուտբոլիստ է, որին հարմարավետ է տեղակայվել կենտրոնական հարձակվողից փոքր-ինչ ներքև: Չի վախենում խաղն իր վրա վերցնել, շրջանցել 1-2 մրցակցի և սրող փոխանցումով կա՛մ թիմակիցներին հարվածային դիրքեր դուրս բերել, կա՛մ էլ նպատակահարմար շարունակություն հաղորդել գրոհներին: Սպերցյանը գրոհների վճռական փուլում հաճախ է ճիշտ որոշումներ կայացնում, ինչի վկայությունը գոլային փոխանցումների մեծ քանակն է: Երբ պաշտպանությունից մրցակցի պրեսինգի պայմաններում դուրս գալու խնդիր կա, նա կարող է նահանջել ու գնդակ ստանալ և դրիբլինգի շնորհիվ հաջողությամբ առաջ ընթանալ: Իսկ երբ մրցակիցը խորն է պաշտպանվում, Էդուարդը լավ է զգում տարածությունները, տեղակայվում մրցակցի խաղային գծերի միջև ու խելամիտ տեղաշարժերի հաշվին կա՛մ գնդակ ստանում, կա՛մ տարածություններ բացում թիմակիցների համար: Մրցակիցները նրա նկատմամբ շատ են խախտում կանոնները:

Սպերցյանն իր այդ որակներն առայժմ չի ցուցադրել առաջին թիմում: Այս մի քանի խաղերում քիչ խաղաժամանակ անցկացրեց կենտրոնական ենթահարձակվողի դիրքում, թեև «Կրասնոդարը» մշտապես կիրառում է 4-2-3-1 սխեման: Մուսաևը Սպերցյանին ավելի շատ օգտագործում էր ձախ վինգերի դիրքում: Հայազգի ֆուտբոլիստը քիչ էր լինում գնդակով, չէր համարձակվում խաղի կառուցողի պարտականություններն իր ուսերին վերցնել: Այդ վստահությունը ձեռք բերելու համար դեռ ժամանակ կպահանջվի: Սպերցյանը ոչ միայն լավ դրիբլինգ ունի, այլև արագ է ու վտանգավոր է բաց տարածության մեջ, այսինքն՝ հակագրոհների ժամանակ: Միայն թե «Կրասնոդարի» առաջին թիմը Ռուսաստանում այսօր այն թիմերից է, որ շեշտը դնում է կոմբինացիոն ֆուտբոլի վրա, ուստի մրցակիցները նրա դեմ խաղերում հաճախ են փակվում պաշտպանությունում, հետևաբար՝ հակագրոհներն էլ քիչ են նրա կատարմամբ:

Եթե Սպերցյանի թիմը տուգանայինի իրավունք է ստանում, դա արդեն իսկ շատ մեծ վտանգի մասին է վկայում: «Կրասնոդարի» 2-րդ և 3-րդ թիմերում հենց նա էր ստանդարտների միակ ու գլխավոր իրացնողը: Բազմիցս է գոլեր խփել տուգանայիններից ուղիղ հարվածներով, ինչպես նաև արդյունավետ փոխանցումներ կատարել նույն տուգանայիններից ու անկյունայիններից: Հենց դրա համար էլ առաջին թիմում ևս մի պահ հենց Սպերցյանն էր իրացնում ստանդարտները:

Արտակ Գրիգորյանը դարձավ 12-րդ ֆուտբոլիստը, որ հատեց անցկացրած 400 պաշտոնական խաղի սահմանագիծը

Ինչ վերաբերում է թերություններին, ապա պետք է բարելավի խաղը պաշտպանվելիս: Պատահական չէ, որ փոխարինվեց «Սևիլիայի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում, քանի որ Լուկաս Օկամպոսը շատ մեծ ազատություն ուներ ու այդ եզրում մեծ առավելություն էր ապահովվում իր թիմի համար: Պետք է դառնալ ավելի թիմային ֆուտբոլիստ: Միաժամանակ հարկավոր է հասկանալ, որ առաջին թիմում ոչ այդքան հարմարավետ դիրքում գործելն ազդում էր առանց գնդակի նրա ելույթների, իրավիճակներն ավելի լավ կարդալու վրա: Նաև հարկ է պնդանալ ֆիզիկապես: Պրեմիեր լիգայի մակարդակը բարձր է, ու թվում է, թե Սպերցյանից ավելի լավ ֆիզիկական պատրաստականություն կպահանջվի իր որակները ցուցադրելու համար:

Իսկ ի՞նչ կարող է տալ Սպերցյանը Հայաստանի հավաքականին: Մեր ընտրանին քիչ դիրքերում ֆուտբոլիստների մեծ ընտրություն ունի, և Էդուարդի դիրքը հենց այդպիսին է: Հենրիխ Մխիթարյան, Արշակ Կորյան, Վահան Բիչախչյան, Խորեն Բայրամյան․ նրանք կարող են հաջողությամբ փակել այդ դիրքը: Չմոռանանք նաև Էրիկ Վարդանյանին ու Պետրոս Ավետիսյանին, որոնք վերջին շրջանում չեն հրավիրվում հավաքական: Ի դեպ, Սպերցյանն իր որակներով բավականին նման է Բիչախչյանին ու Վարդանյանին: Իհարկե, «Կրասնոդարի» ֆուտբոլիստը կարող է խաղալ նաև հարձակման եզրերում, սակայն այդտեղ նրա էֆեկտիվությունն այդքան բարձր չէ:

Հաշվի առնելով ենթահարձակվողի դիրքում առկա նման մրցակցությունը՝ Սպերցյանն այսօր գուցե պատրաստ չէ ամրապնդվել ազգային հավաքականում: Սակայն նա ընդամենը 20 տարեկան է ու մեծ հեռանկար ունի: Հիմա նրա առջև շատ բարդ խնդիր է դրված՝ ամրապնդվել առաջին թիմում: Բացակայող առանցքային ֆուտբոլիստներն աստիճանաբար շարք են վերադառնում, ուստի Սպերցյանի համար արդեն կրկնակի դժվար կլինի նախկինի չափ խաղաժամանակ ստանալ: Նա շարունակում է հանդես գալ նաև 2-րդ թիմում, ուստի այնտեղ լավ ելույթները ևս կնպաստեն գլխավոր թիմի մարզիչների՝ իրեն էլ ավելի շատ վստահելուն և նոր հնարավորություններ ընձեռելուն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Կրասնոդարի» ֆուտբոլիստի հրաշալի գոլը տուգանայինից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Արշակ Կորյանը ստացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակի մրցանակը (տեսանյութ)

Էդուարդ Սպերցյանը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում

ՊՍԺ-ի ու «Չելսիի» մեկնարկային կազմերը

«Կրասնոդարի» կազմում նորամուտը նշել է Էդուարդ Սպերցյանը

Ոչ-ոքիներ «Չելսի» – «Սևիլիա» և «Ռեն» – «Կրասնոդար» հանդիպումներում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ՉԼ. «Կրասնոդարի» հայտացուցակում «Ռենի» դեմ խաղի համար հայ ֆուտբոլիստ կա

Հայտնի է՝ ինչու Սարգիս Ադամյանը չտեղափոխվեց «Կրասնոդար»

ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ․ «Կրասնոդարը» և «Զալցբուրգը» հաղթեցին, ոչ-ոքի Չեխիայում (տեսանյութ)

Արշակ Կորյանի շլացուցիչ գոլը «Կրասնոդարի» դեմ խաղում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Յուրա Մովսիսյանը հավակնում է դառնալ «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստը

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը (տեսանյութ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա

«Չելսին» Ժիրուի հեթ-տրիքի շնորհիվ հաղթեց Ուկրաինայում, այլ արդյունքներ (տեսանյութ)