fbpx
Բաժիններ

«Չեմ պատկերացնում, թե ինչպես աշխատել այդ մարզչի հետ». Հարոյանը՝ Խաշմանյանի մասին

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի Իտալիայից կրած 1:9 հաշվով պարտությունից հետո Sport24-ի խնդրանքով պատմել է, թե ինչ է կատարվում մեր հավաքականում:

«Իտալացիների հետ հանդիպումը մեզ համար մղձավանջային էր, մենք խաղացինք շատ, շատ վատ: Դա հավաքականի 2-րդ հանդիպումն էր 5 պաշտպանով, և մենք հենց սկզբից վատ սկսեցինք՝ ընդունելով 2 գոլ ու այդպես էլ ուշքի չեկանք: Երբ հանդիպման ժամանակ նայում էի լուսատախտակին, չէի հավատում աչքերիս, խաղից հետո էլ մեզանից ոչ ոք չէր հասկանում, թե ինչ կատարվեց: Մինչև հիմա շոկի մեջ եմ, արդեն 4-րդն օրն է չեմ կարողանում տեղս գտնել:

Երևի թե, հիմա ամբողջ աշխարհն է խոսում այդ պարտության մասին: Մենք չպետք է պարտվեինք 1:9 հաշվով, դա անընդունելի է Հայաստանի հավաքականի համար, մրցունակ թիմի համար՝ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեցող կազմով:

Պատկերացրեք իմ ապրումները, երբ այդ մղձավանջից հետո, երբ չես գիտակցում, թե ինչ է կատարվում, մամուլի ասուլիսի է դուրս գալիս Աբրահամ Խաշմանյանը ու հայտարարում, որ խաղում էր ոչ թե ազգային հավաքականը, այլ՝ պարզապես հավաքականը: Նման խոսքերից հետո զայրույթը ավելի է շատանում: Գլխավոր մարզիչը իրավունք չունի նման խոսքեր ասել իր խաղացողների հասցեին:

Այդ հավաքականում ինձանից բացի խաղում են իմ ընկերները, ամենաուժեղ ֆուտբոլիստները: Երբ քեզ նշանակում են հավաքականի գլխավոր մարզիչ, դու չես գալիս ու նման հայտարարություններ անում խաղից հետո, դա անընդունելի է: Նշանակություն չունի, թե ինչ հաշվով է ավարտվել հանդիպումը 1:9, թե 0:15, դու իրավունք չունես նման կերպ արտահայտվելու: Չեմ պատկերացնում, ինչպես կարելի է նման մարզչի հետ աշխատել: Ընդ որում՝ Խաշմանյանը խաղից հետո ընդհանրապես չի շփվել մեր հետ, մի խոսք էլ չի ասել:

Ներկայիս հավաքականը մեղավոր չէ ստեղծված իրավիճակի մեջ: Եթե մարզիչը ինքն է հավաքել այդ կազմը՝ հրավիրելով 21 ֆուտբոլիստի, ապա այդ ֆուտբոլիստները ներկայացնում են Հայաստանի ազգային հավաքականը: Հավաքականում մեր բոլոր տղաներին լավ եմ ճանաչում, նրանք բոլորը պրոֆեսիոնալ են, բարձրակարգ ֆուտբոլիստներ: Մենք լավ կոլեկտիվ ենք ու հանդերձարանում լավ մթնոլորտ է տիրում, բայց երբ կարդում ես մարզչի հարցազրույցը, հասկանում ես, թե ինչու ամեն ինչ այդպես դասավորվեց:

Մենք ֆուտբոլիստներով շփվում ենք միմյանց մեջ ու բոլորը վրդոված են Խաշմանյանի խոսքերից, դա հաստատ գիտեմ: Վստահ եմ, որ բոլոր ֆուտբոլիստները կաջակցեն ինձ այս հարցազրույցից հետո: Մարզիչը ասել է այդ խոսքերը իմ ու իմ ընկերների հասցեին: Մենք գալիս ենք հավաքական մեծ ցանկությամբ ու խաղում ենք առաջնահերթը մեր երկրի համար, մեր դրոշի ու հայ երկրպագուների համար, հետո նոր մեր ու մարզչի: Կարող եմ հավաքականի բոլոր ֆուտբոլիստների անունից հայտարարել, որ մենք հատուկ վերաբերմունք ունենք հավաքականի նկատմամբ:

Այո, մենք անվստահ սկսեցինք այս նախընտրական փուլը, բայց հետո կարևոր հաղթանակներ տարանք Բոսնիայի ու Հունաստանի նկատմամբ ու իրական հնարավորություն ունեինք խմբից դուրս գալու: Պետք էր հաղթանակի հասնել Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի նկատմամբ, բայց չկարողացանք դա անել, իսկ եզրափակիչ խաղում պարտվեցինք իտալացիներին նման հաշվով:

Բայց ֆուտբոլիստները քրտնաջան աշխատում են, եթե նույնիսկ արդյունքում պարտվում են 1:9 հաշվով: Մեր քրտինքը մնում է խաղադաշտում, թե ում մոտ, ինչպես է դա ստացվում, դա ուրիշ հարց է: Հասկանում եմ, որ նման հաշվին արդարացում չկա, բայց նման խոսքերին՝ նույնպես: Իսկ եթե ֆեդերացիան նշանակում է գլխավոր մարզչի, որը հետո նման խոսքեր է ասում, նշանակում է, որ նա չի հարգում իր թիմը:

Ես հայրենասեր եմ ու շատ եմ սիրում մեր ժողովրդին: Ինչ էլ պատահի, ամեն ինչ կտամ հավաքականի մարզաշապիկի համար, բայց նման բաներ թույլ չեմ տա, որ տեղի ունենա մեր հավաքականում՝ տեսնելով, թե ինչպես է թիմակիցս նվիրվում խաղադաշտում:

Այդ մասին է նաև խոսում Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, հիանալի ֆուտբոլիստ ու լավ մարդ՝ «Նման խոսքերից հետո ֆեդերացիայի պետք է որոշում կայացնի: Յուրաքանչյուր ֆուտբոլիստը ինքը արդեն որոշել է»: Ռոբերտը այդպես է ասել, քանի որ նա նույնպես խաղացել է հավաքականում, նա այստեղ ընկերներ ունի:

Մեր հավաքականը վաստակավոր ֆուտբոլիստներ ունի, որոնք շատ բանի են հասել: Հենրիխ Մխիթարյանը կուժեղացներ ցանկացած թոփ հավաքական: Ափսոս, որ Հենրիխը` իմ ընկերը, վնասվածք էր ստացել: Հենրիխը միշտ մեր հետ է, նա մեր ավագն է, միշտ կանգնած է հավաքականի մեջքին: Նա ու մենք բոլորս մեր վերջին խոսքը չենք ասել խաղադաշտում:

Ինձ թվում է, որ, ովքեր այս թեմային տիրապետում են, հասկացան, թե ինչ է նշանակում իմ հրապարակումը Instagram-ում: Մի պահ եկավ, որ այդ նկարը աչքովս ընկավ ու այն ճիշտ փոխանցում էր իմ մտքերը: Իմ հարցազրույցը դրա ապացույցն է:

Կարդացել եմ, որ հավաքականը կարող էր գլխավորել Ալեքսանդր Գրիգորյանը: Այդ մասին սկսեցին խոսել, երբ ես «Ուրալում» ծանրաբեռնված գրաֆիկ ունեի, բայց հետևում էի իրավիճակին ու սպասում էի ֆեդերացիայի ցանկացած որոշմանը: Չգիտեմ՝ ինչու չստացվեց Գրիգորյանի հետ ու թե ինչ է կատարվում ֆեդերացիայում, արդեն վաղուց Հայաստանից դուրս եմ խաղում, բայց կարող եմ ասել, որ այսօր հայկական ֆուտբոլի համար ծանր օրեր են: Մենք պետք է այս ամենի միջով անցնենք միասին: Բոլորը գիտեն, որ հայերը մեծ հաղթանակներ են տարել ուժեղագույն հավաքականների դեմ: Մենք երբեք չենք եղել միջակ թիմ, այնպես չի եղել, որ ինչ-որ մեկին հարմար է եղել մեր հետ խաղալ:

Ցանկանում եմ հավաքականի բոլոր ֆուտբոլիստների անունից ներողություն խնդրել երկրպագուներից: Իմացեք, որ բոլոր ֆուտբոլիստները գալիս են հավաքական, որպեսզի հաղթեն ու ուրախացնեն մեր ազգին: Հայաստանի հավաքականին երկրպագում են ամբողջ աշխարհում, այն միավորում է մարդկանց ու մեր թիմը չի կարող դավաճանել նրանց»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկնիշային աղյուսակում կրկին նահանջել է

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Խաշմանյան. «Իմ հայտարարությունն ուղղված չի եղել հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի»

Գյումրիում հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում է կազմակերպվել (տեսանյութ)

#Exclusive. Հենրիխ Մխիթարյանի մեծ հարցազրույցը VNews-ին՝ շուտով (տեսանյութ)

Արամ Հայրապետյանը Եվրո 2020-ի ընտրական փուլում՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրալի» հետ

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Ռոբերտո Մանչինի. «Ցավում եմ Հայաստանի մարզչի համար»

Արյունահեղություն Սիցիլիայում. Իտալիա – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Բոնուչի. «Սա նոր ժամանակաշրջանի սկիզբ է Իտալիայի համար»

Մանչինչի. «Պաշտոնական խաղում ամեն օր չէ, որ 9 գոլ ես խփում»