Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ - VNews
Բաժիններ

Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

Screenshot 1 5 - Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

24 Փետրվար 2021 - 00:00

0

Ատալանտա

1

Ռեալ Մադրիդ

0 - 1 Ֆերլան Մենդի - 86`

Կարմիր Քարտ Ռեմո Ֆրոյլեր - 17`

Չեմպիոնների լիգան մտել է վճռական փուլ: Այս շաբաթ կկայանան 1/8 եզրափակիչի ևս 4 հանդիպում: Անկասկած առաջիկա դիմակայությունները կանցնեն չափազանց հետաքրքիր ու դիտարժան պայքարում, իսկ մենք փորձենք հասկանալ՝ ինչպես են մոտենում թիմերը կարևոր հանդիպումներին և ինչ ինտրիգներ են թաքնված դիմակայությունների հիմքում:

«Ատլետիկո» – «Չելսի»

ՉԼ այս խաղարկության 1/8 եզրափակիչի ամենահետաքրքիր ու անկանխատեսելի դիմակայություններից մեկը «Ատլետիկոյի» ու «Չելսիի» միջև է: Թիմերը գտնվում են տարբեր փուլերում՝ մեկն ունի կայացած խաղաոճ ու մարզիչ, որն իր գործի վարպետն է, մյուսն ունի աստղեր և նոր մարզիչ, բայց որպես թիմ դեռ կայացման փուլում է:

Վիճակահանության ժամանակ թիմերը հնարավորությունները հավասար էին, բայց վերջին 2 ամսում «Ատլետիկոն» այնպիսի ընթացք հավաքեց, որ ստացավ ֆավորիտի կարգավիճակ: Մադրիդյան ակումբը հրաշալի արդյունքներ է ցույց տալիս Լա լիգայում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը. անցկացրած 23 խաղից Սիմեոնեի թիմը հաղթել է 17-ում, գրանցել 4 ոչ-ոքի ու 2 պարտություն, 2-րդ հորիզոնականում գտնվող «Ռեալի» նկատմամբ ունի 3 միավորի առավելություն և 1 խաղ էլ ավելի քիչ է անցկացրել: Հարկ է նշել, սակայն, որ «Չելսիի» դեմ խաղին «Ատլետիկոն» իր լավագույն մարզավիճակով չի մոտենում, քանի որ «Լևանտեի» հետ հետաձգված խաղում ոչ-ոքի անցկացրեց, իսկ նույն մրցակցից արդեն հերթական տուրի խաղում պարտվեց:

1613388608 185430 1613388820 noticia normal 960x540 - Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

Այնուամենայնիվ, այս «Ատլետիկոյի» հաջողությունները պատահական չեն և ունեն բավական ծանրակշիռ գործոններ: Առաջին հերթին՝ Սիմեոնեն կարողացել է այս թիմը դարձնել ամենաբալանսավորված թիմերից մեկը Եվրոպայում, որի բոլոր օղակները հավասարապես ուժեղ են: Դե դարպասապահի ու պաշտպանության մասին խոսելն ավելորդ է, իսկ խաղադաշտի կենտրոնը և հարձակումը Սիմեոնեն ուժեղացրեց այս մրցաշրջանում նոր սխեմա մոգոնելով: Արգենտինացի մասնագետը հասկացավ, որ դասական 4-4-2-ը սպառել է իրեն, ու «Ատլետիկոն» դարձրեց ավելի «իտալական»՝ խաղալով 3 կենտրոնական պաշտպանով, 2 եզրայիններով, որոնք աշխատում են ամբողջ խաղադաշտում, 2 կիսապաշտպանով ու հարձակվողական էկզոտիկ զույգով, որտեղ երիտասարդ, կրեատիվ ու արագ Ֆելիշը գործում է փորձառու գոլահար Լուիս Սուարեսի հետ միասին: Այս «Ատլետիկոն» ոչ միայն Լա լիգայի, այլ, ինչու ոչ, Չեմպիոնների լիգան հաղթելու հավակնորդներից է:

«Ատլետիկոն»՝ դեպի չեմպիոնություն. Սիմեոնեն արդեն զգում է տիտղոսի բույրը

«Ատլետիկոյի» կորուստները. Խոսե Խիմենես, Յանիկ Կարասկո, Սիմե Վրսալկո (երեքն էլ՝ վնասվածք), Կիրան Տրիպյե (որակազրկում), Հեկտոր Հերերա (մասնակցությունը՝ հարցականի տակ)

Բայց մյուս կողմում «Չելսին» է, որին ոչ մի դեպքում հեշտ մրցակից չես համարի՝ անկախ իրավիճակից: Ավելին՝ լոնդոնյան ակումբում նոր փուլ է սկսել՝ եկել է նոր՝ անվանի մարզիչ ու փորձում է «Չելսիի» տրանսֆերային թոփ համալրումներից ամուր կոլեկտիվ ստանալ: Տոմաս Տուխելը ՉԼ այս խաղարկության խմբային փուլում մարզում էր ՊՍԺ-ն ու փարիզցիներին հանեց 1/8՝ առաջին հորիզոնականով, բայց 1/8 եզրափակիչում գլխավորում է «Չելսին»:

Լոնդոնյան ակումբի հիմնական խնդիրը մնում է թիմի՝ դեռ կայացման փուլում գտնվելու շրջանը, ինչը կարող է զգացնել տալ իրեն հզոր մրցակիցների հետ խաղերում: Ամենաթանկ ձեռքբերումը՝ Կայ Հավերցը հիասթափեցնում է ու նման չէ այն Հավերցին, որի համար «Չելսին» 80 միլիոն եվրո վճարեց: Հարմարվելու խնդիրներ ունի նաև Հաքիմ Զիեշը, որին էլ հանգիստ չեն տալիս վնասվածքները: Թոփ համալրումներից հիմնական կազմում իր ամուր տեղն ունի Տիմո Վերները, այն էլ՝ ոչ թե կենտրոնական հարձակվողի, այլ ձախ եզրային հարձակվողի դիրքում՝ կենտրոնում տեղը զիջելով Ժիրուին և Աբրահամին: Այդուհանդերձ՝ Տուխելի գալուց հետո դրական շարժ թիմի խաղում նկատվում է. գերմանացու գլխավորությամբ 7 խաղից «Չելսին» հաղթել է 5-ում ու անցկացրել 2 ոչ-ոքի: Տուխելի «Չելսին» դեռ անպարտելի է:

0 GettyImages 1231187726 960x504 - Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

«Չելսիի» կորուստները. Տիագո Սիլվա (վնասվածք)

Գլխավոր ինտրիգը. կկայանա՞ ռևանշը

«Չելսի» – «Ատլետիկո» դիմակայությունն ունի բավական հետաքրքիր պատմություն: Այս թիմերը վերջին անգամ ՉԼ փլեյ-օֆֆ փուլում հանդիպել են 2013/14 խաղարկության կիսաեզրափակիչում: Առաջին խաղն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ արդեն «Սթեմֆորդ Բրիջում» կայացած չափազանց հետաքրքիր դիմակայությունում Սիմեոնեի «Ատլետիկոն», որն այդ տարի նաև դարձավ Իսպանիայի չեմպիոն, հաղթեց «Չելսիին» 3-1 հաշվով: Կկարողանա՞ «Չելսին» ռևանշի հասնել ու այս դեպքում արդեն դուրս թողնել մրցաշարից «Ատլետիկոյին»: Բարդ է լինելու, քանի որ «Ատլետիկոն» հրաշալի վիճակագրություն ունի տնային խաղերում (թեև այս անգամ «Ատլետիկոյի» «տունը» սեփական մարզադաշտը չէ). Սիմեոնեի թիմը ՉԼ-ում իր վերջին 29 տնային խաղերում անպարտելի է: Իսկ գիտե՞ք՝ որ թիմն է վերջին անգամ հաղթել տանը «Ատլետիկոյին». «Չելսին»՝ 2017/18 մրցաշրջանում, բայց դա ՉԼ խմբային փուլում էր…

«Կեցցե՜ Չոլիզմը». Սիմեոնեի 5 ամենախոշոր հաղթանակները Եվրոպայում

«Լացիո» – «Բավարիա»

«Լացիո» – «Բավարիա» զույգը նույնպես հետաքրքիր է: Առաջին հայացքից՝ «Բավարիան» վառ ընդգծված ֆավորիտ է, բայց պայքար այս թիմերի միջև հաստատ լինելու է:

«Բավարիան» վերջին մեկ տարում հաղթել է հնարավոր բոլոր մրցաշարերում՝ կրկնելով Գվարդիոլայի «Բարսելոնայի» ֆանտաստիկ նվաճումը՝ մեկ տարում 6 գավաթ հաղթելը: Մյունխենյան ակումբն, իսկապես, 2020-ի ընթացքում ոչ մի մրցակցի իր հետ դիմակայելու շանս անգամ չտվեց՝ ոչ ցույց տված խաղով, ոչ էլ արդյունքներով. վետերանները վերգտան իրենց լավագույն մարզավիճակը, իսկ նրանց կողքին հայտնվեցին Ալֆոնսո Դևիսի, Սերժ Գնաբրիի ու Լեոն Գորեցկայի նման տաղանդավոր տղաներ, որոնք նոր շունչ հաղորդեցին թիմին: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ էլ Չեմպիոնների լիգայում թիմն անպարտելի է: Բայց սա արդեն 2021-ն է, իսկ 6 տիտղոս նվաճելը կարող է իր բացասական դերը խաղալ՝ հաշվի առնելով հնարավոր հագեցվածությունը հաղթանակներից: Չնայած՝ եթե խոսում ենք գերմանական ակումբի մասին, այդտեղ հագենալու կամ բավարարվելու մասին, գուցե, ավելորդ է հիշատակել:

bayern tigres 1040x572 1 960x528 - Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

«Բավարիայի» կորուստները. Դուգլաս Կոստա, Կորենտին Տոլիսո, Սերժ Գնաբրի, Ալեքսանդր Նյուբել (բոլորը՝ վնասվածք), Բենժամեն Պավար, Տոմաս Մյուլեր (մասնակցությունը՝ հարցականի տակ)

«Լացիոն» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում չի փայլում նախորդ մրցաշրջանի նման: «Արծիվները» նախորդ տարի այս ժամանակահատվածում հավասարը հավասարի պես պայքարում էին ահեղ «Յուվենտուսի» հետ Սկուդետոյի համար, ու միայն առաջնության վերջում կայունությունը չբավականացրեց Ինձագիի թիմին: Այնուամենայնիվ՝ «Լացիոն» այս մրցաշրջանում չի կորցրել ներուժը, չի կորցրել իր լավագույն ֆուտբոլիստներին ու չի կորցրել գեղեցիկ խաղաոճը: «Լացիոն» ունի ուժեղ հարձակում ու կարող է ապավինել դրան՝ հաշվի առնելով նաև, որ «Բավարիան» վերջին խաղերում ցույց է տալիս իր խոցելի կողմերը. մյունխենցիները ոչ-ոքի անցկացրին «Արմինիայի» դեմ, իսկ «Այնտրախտին», առհասարակ, պարտվեցին:

«Լացիոյի» կորուստները. Տոմաս Ստրակոշա, Լուիս Ֆելիպե, Ստեֆան Ռադու (բոլորն էլ՝ վնասվածքներ), Անդրեաս Պերեյրա (մասնակցությունը՝ հարցականի տակ)

Գլխավոր ինտրիգը. Լևանդովսկի vs Իմոբիլե

Առաջին բանը, որ եկավ ֆուտբոլասերի մտքին «Բավարիա» – «Լացիո» զույգի մասին իմանալուց հետո, Իմոբիլե – Լևանդովսկի դիմակայությունն էր: Եվրոպական ֆուտբոլի վերջին 1 տարվա գլխավոր ռմբարկուները կհանդիպեն խաղադաշտում, որոնք հեռակա պայքար էին մղում նախորդ մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» համար:

lazionews lazio faccia a faccia immobile lewandowski 960x638 - Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

Լևանդովսկին դարձավ ՉԼ-ի ու Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու, նվաճեց The Best-ը, բոլոր մրցաշարերում խփեց 55 գոլ, բայց «Ոսկե խաղակոշիկի» պայքարում պարտվեց Իմոբիլեին. ներքին առաջնությունում իտալացին խփել էր 36 գոլ, իսկ լեհ հարձակվողը՝ 34: Իհարկե՝ Լևան այս մրցաշրջանում «ջախջախում» է Իմոբիլեին (26 – 14՝ հօգուտ լեհ հարձակվողի), բայց Չեմպիոնների լիգայում դեռ հաղթում է Իմոբիլեն՝ 5-ը 3-ի դիմաց: Ո՞վ կհաղթի նրանց անմիջական պայքարում:

«Ատալանտա» – «Ռեալ»

Վիճակահանության ժամանակ նմանատիպ զույգ կազմեցին նաև «Ատալանտան» ու «Ռեալը»: Թղթի վրա ամեն ինչ պարզ է. «Ատալանտան» իր պատմության մեջ 2-րդ անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, իսկ մրցակիցն այս մրցաշարի «արքան» է՝ ամենատիտղոսակիր թիմը: Բայց ի՞նչ Չեմպիոնների լիգա, եթե պետք է միայն նայենք թղթի վրա գրվածին: Այս մրցաշարն այլ բանի մասին է:

«Ատալանտան» նախորդ մրցաշրջանում հեքիաթային ուղի ունենալուց՝ պատմության առաջին ՉԼ-ում մինչև 1/4 հասնելուց հետո, կարծես, անկում էր գրանցել. Բերգամոյի թիմն Ա սերիայում այդպես էլ չի կարողանում հայտնվել լավագույն քառյակում, իսկ դեկտեմբերին հանդերձարանում լուրջ խնդիր եղավ Գասպերինիի և առաջատարներից մեկի՝ Պապու Գոմեսի հետ, ինչը որոշակիորեն ազդեց թիմի արդյունքների վրա, բայց ժամանակի ընթացքում «Ատալանտան» շտկեց իրավիճակը. Գոմեսը հեռացավ, իսկ Գասպերինիի սաները լուծեցին իրենց խնդիրները՝ շարունակեցին պայքարը լավագույն քառյակի համար, իսկ ՉԼ-ում հաղթեցին «Այաքսին» ու դուրս եկան 1/8 եզրափակիչ: Ավելին՝ թիմը պահել է իր ինքնությունը՝ համարձակ ու հարձակվողական խաղաոճը, իսկ «Ռեալի» դեմ առաջին խաղին մոտենում է «Նապոլիի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո՝ բարձր տրամադրությամբ:

«Ատալանտայի» կորուստները. Հանս Հատեբոր (վնասվածք)

Շատ ավելի խառը իրավիճակ է «Ռեալում»: «Արքայական ակումբն» ընթացիկ մրցաշրջանի տարբեր հատվածներում «մինի-ճգնաժամեր» ունեցավ, Զիդանը մի քանի անգամ «հեռացվեց» իսպանական մամուլի կողմից, բայց «Ռեալը» դեռ պայքարի մեջ է, Չեմպիոնների լիգան էլ մադրիդցիների սիրելի մրցաշարն է: «Սերուցքայինները», սակայն, խաղին մոտենում են մի շարք կորուստներով. վնասվածքների պատճառով չեն խաղալու Ազարը, Կարվախալը, Ռամոսը, Ռոդրիգոն… իսկ հարձակման գծի առաջատար Կարիմ Բենզեմայի մասնակցությունը լուրջ հարցականի տակ է. վնասվածքը թեթև է, բայց Զիդանը ռիսկի դիմել չի ցանկանում:

Karim Benzema 210214 Treatment G 1050 - Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

«Ռեալի» կորուստները. Էդեն Ազար, Մարսելո, Սերխիո Ռամոս, Դանի Կարվախալ, Ռոդրիգո, Էդեր Միլիտաո (բոլորը՝ վնասվածք), Կարիմ Բենզեմա, Ֆեդերիկո Վալվերդե, Ալվարո Օդրիոսոլա (մասնակցությունը՝ հարցականի տակ)

«Ռեալը» խաղին մոտենում է ֆավորիտի կարգավիճակով. մադրիդցիները, չնայած կադրային խնդիրներին, Լա լիգայում վերջին 4 խաղում միայն հաղթանակներ են տարել, ընդ որում՝ 3 դեպքում Տիբո Կուրտուան դարպասն անառիկ է պահել: Ֆավորիտը ֆավորիտ, բայց Չեմպիոնների լիգայում, այն էլ այսքան կորուստներով, երբեք չի կարելի թերագնահատել մրցակցին, չէ՞ որ «Այաքսի» դեմ 2 տարի առաջ կայացած խաղում «Ռեալը» նույնպես ֆավորիտ էր…

Գլխավոր ինտրիգը. «Ռեալը» կկոտրի՞ անեծքը

Այս դիմակայության ինտրիգներից մեկը «Ռեալի»՝ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարելն է, որը վերջին 2 տարիներին անեծք է դարձել ակումբի համար: 2018/19 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում «Ռեալը» պարտվեց «Այաքսին», 2019/20-ում՝ «Մանչեսթեր Սիթիին»: Տեղին է այս պահին հիշել նաև 2005-ից 2010 թվականներին «Ռեալի» «սև շարքը» 1/8 եզրափակիչում. 6 անգամ անընդմեջ «Արքայական ակումբը» չէր կարողանում հաղթահարել այս փուլը: Կրկնվի՞ այդ տխուր ավանդույթը, թե՞ կավարտվի «Ատալանտայի» հեքիաթը:

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Մանչեսթեր Սիթի»

Մեկ այլ՝ անհավասար թվացող պայքարի խորագիր ունի «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը:

Գերմանական ակումբը նախորդ մրցաշրջանում ծանր պայքարում կարողացավ ՉԼ ուղեգիր նվաճել, իսկ արդեն ՉԼ ընթացիկ խաղարկության խմբային փուլում թողնել շատ լավ տպավորություն: B խմբում ընդգրկվելով՝ Մարկո Ռոուզի թիմը լուրջ դիմադրություն ցույց տվեց անհամեմատ ավելի զորեղ մրցակիցներ «Ռեալին» ու «Ինտերին», իսկ «Շախտյորին» ջախջախեց՝ ընդհանուր 10-0 հաշվով: «Բորուսիան» գրեթե ողջ ընթացքում գլխավորում էր խումբը, ու միայն «Ռեալից» կրած պարտությունից հետո նահանջեց երկրորդ հորիզոնական: «Բորուսիան» ունի կադրեր, որոնց վրա կարող է հույս դնել՝ Ալասան Պլեա, Լարս Շտինդլ, Մարկուս Տյուրամ, Բրիլ Էմբոլո… ընդ որում՝ «Սիթիի» հետ խաղին մասնակցելու են բոլորը. թիմը ոչ մի կորուստ չունի:

plea thuram hug bmg 960x540 - Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

Ռոուզի թիմի խնդիրը մրցակիցն է՝ «Մանչեսթեր Սիթին»: Գվարդիոլայի թիմն այս պահին, գուցե, լավագույն ֆուտբոլն է ցույց տալիս Եվրոպայում ու գրանցում է հիասքանչ ցուցանիշներ: «Քաղաքաբնակները» մրցաշրջանը սկսեցին անվստահ. թվում էր՝ Պեպի թիմը խորը լճացում է ապրում, բայց Գվարդիոլան կրկին գտավ այս թիմին արթնացնելու և վերարտադրելու ճանապարհը: Իսպանացին կարողացավ նոր դերակատարներ ընտրել իր թիմի համար. Դավիդ Սիլվայի բացը շատ լավ կարողանում է լրացնել Ֆիլ Ֆոդենը, իսկ հարձակման գծում փայլում է ֆուտբոլիստ, որից ամենաքիչը կարելի էր բարձր արդյունավետություն սպասել. Իլկայ Գյունդողան: Պեպը հասկացավ, որ Գյունդողանը կարող է մեծ հաջողությամբ խաղալ ավելի առջևից. արդյունքում՝ 2021-ին գերմանացին արդեն խփել է 9 գոլ: Բայց «Սիթիի» գլխավոր ձեռքբերումը ուժեղ պաշտպանությունն է՝ մի բան, որ միշտ պակասել է այս թիմին: Ռուբեն Դիաշի գալուց հետո Պեպի թիմն այս մրցաշրջանում 13 անգամ անառիկ է պահել դարպասը և թոփ առաջնություններում ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է՝ ընդամենը 15:

skysports guardiola man city 5272568 960x540 - Չեմպիոնների լիգայի 4 ինտրիգները. ինչ սպասել այս շաբաթ

«Մանչեսթեր Սիթիի» կորուստները. Նաթան Ակե (վնասվածք)

Գլխավոր ինտրիգը. Կհաջողվի՞ «Բորուսիային» վերջ դնել «Սիթիի» շարքին

«Մանչեսթեր Սիթին» հաղթում է բոլորին. Գվարդիոլայի թիմը անգլիական ֆուտբոլի ռեկորդ է սահմանել՝ հաղթելով վերջին 18 խաղերում անընդմեջ, իսկ վերջին 25 խաղում անպարտելի է: Կհաղջովի՞ «Բորուսիային» ընդհատել «Սիթիի» այս ֆանտաստիկ շարքը, թե՞ Գվարդիոլայի սաները չեն նկատի նաև գերմանական ակումբին: Այս պահին «Սիթիին» կանգնեցնելն անհնար է թվում: Անգլիայի փոխչեմպիոնի առաջիկա նպատակը եվրոպական ռեկորդն է, որը պատկանում է «Ռեալին». 2014-ին Կառլո Անչելոտիի գլխավորությամբ «Արքայական ակումբը» 22 անընդմեջ հաղթանակ տարավ բոլոր մրցաշարերում միասին:

«Բոլբոյից՝ Գվարդիոլայի «նոր Մեսի». դռները բացե՜ք, Ֆոդենն է գալիս

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նագելսմանը՝ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին. «Կարող էինք ավելի շատ գոլ խփել»

Լիգա 1-ի 6 ներկայացուցիչներից 5-ը եվրագավաթային փլեյ-օֆֆում է, 4-ը՝ 1-ին տեղով, ՊՍԺ-ն՝ 2-րդ

Չավին՝ «Բավարիայի» դեմ խաղի ու ՉԼ-ից դուրս մնալու մասին

«Իմ հաճախորդն է». Մյուլերը՝ «Բարսելոնայի» դարպասը խփած 8 գոլի մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Յանգ Բոյզի» հետ, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Բարսելոնային», «Բենֆիկան առավելության հասավ «Դինամո Կիևի» նկատմամբ (տեսանյութ)

«Զենիթ» – «Չելսի» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Մալմյոյի» նկատմամբ, «Զենիթ» – «Չելսի»՝ ոչ-ոքի (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Յանգ Բոյզի» դեմ խաղում

«Բավարիա» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

«Բավարիան» ու «Յուվենտուսը» ցանկանում են ֆուտբոլիստների փոխանակություն կատարել

Ռյուդիգերը համաձայնության է հասել իսպանական գրանդի հետ

«Չելսիի» մեկնարկային կազմը «Զենիթի» դեմ խաղում

Մոդրիչ. «Պետք է ոչ թե տարիքիս նայել, այլ խաղադաշտում իմ գործողություններին»

Վրսալկոն «Պորտուի» դեմ խաղացել է այտոսկրի կոտրվածքով. նա կվիրահատվի

«Լիվերպուլն» առաջին անգլիական թիմն է, որ հաղթել է ՉԼ-ի խմբային փուլի բոլոր 6 խաղերում