«Չենք եկել ներկա ստանալու համար». VBET Պրեմիեր լիգայի անակնկալ նորեկը - VNews
Բաժիններ

«Չենք եկել ներկա ստանալու համար». VBET Պրեմիեր լիգայի անակնկալ նորեկը

vahe gevorgyan - «Չենք եկել ներկա ստանալու համար». VBET Պրեմիեր լիգայի անակնկալ նորեկը

Մեկ թիմի համար հուսահատ որոշումը մյուսի համար կարող է հաճելի նվերի վերածվել: Այդպես եղավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ, երբ «Շիրակը» հրաժարվեց մասնակցել մրցաշարին և նրա տեղը հրավիրվեց նորաստեղծ «Նորավանքը»: Մեկ տարվա պատմություն ունեցող ակումբն արդեն ի ցույց է դրել իր հավակնոտ ծրագրերը, Առաջին խմբում գրավել է երրորդ տեղը, ունի խոստումնալից երիտասարդներ ու լեգեոներներ, ինչպես նաև Վայքի մարզադաշտն է վերակառուցում, իսկ Եղեգնաձորում՝ նորը կառուցում:

Ամերկիկահայերի կողմից հովանավորվող թիմը գլխավորում է երիտասարդ, բայց արդեն բավականին մեծ փորձ ունեցող Վահե Գևորգյանը: VNews.am-ի հետ զրույցում 33-ամյա մասնագետն ասաց, թե ինչպիսի դժվարությունների են հանդիպել թիմի կազմավորման հարցում և ինչ հավակնություններով են սկսելու ելույթները զգալիորեն Առաջին խմբին գերազանցող մրցաշարում:

Սպասո՞ւմ էիք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր կստանաք, թե՞ Ձեզ համար էլ էր անակնկալ:

Ձմեռվանից քիչ առաջ և հետո մեր թիմը շատ հաջող ժամանակահատված անցկացրեց և Առաջին խմբում արժանիորեն գրավեց երրորդ տեղը: Երևում էր, որ թիմն արդեն ներուժ ունի և հնարավորություն ունի պայքարել ուժեղագույն լիգային մասնակցելու համար: Սակայն կորոնավիրուսի պատճառով չէինք կարողացել մանկապատանեկան թիմերը լիարժեք հավաքագրել, այդ պատճառով ազգային արտոնագիր չստացանք:

Մրցաշրջանից հետո հայտնի դարձավ, որ «Շիրակը» հրաժարվել է մասնակցել VBET Պրեմիեր լիգային, ինչը շատ ցավալի է ինձ համար, որովհետև միշտ մեծ համակրանքով եմ վերաբերվել այդ ակումբին: Այդուհանդերձ, նրանց փոխարեն ազատ տեղ բացվեց և մենք հայտնվեցինք ուժեղագույնների մրցաշարում:

«Նորավանքի» ստեղծման ժամանակ Դուք հայտարարել էիք, որ զարգացման ծրագիր եք մշակել, ըստ որի քայլ առ քայլ, մի քանի տարում հասնելու եք ակումբի նպատակներին: Քանի՞ տարում էիք ակնկալում քաղել առաջին պտուղները ու հայտնվել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում:

Բազմիցս նշել եմ, որ «Նորավանքը» հավակնոտ նախագիծ ունի և մենք արդեն առաջին մրցաշրջանում յուրաքանչյուր խաղի մասնակցում էինք 3 միավոր վաստակելու համար: Հետզհետե հասկացանք, որ Պրեմիեր լիգային մասնացկելու ներուժ ունենք, և երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկ ստացանք, որոշեցինք ընդունել այն:

Հաճախ Առաջին խմբից ուժեղագույն լիգա բարձրացող թիմերն իրենց կազմերում լուրջ փոփոխություններ են կատարում, որովհետև երկու մրցաշարերի խաղամակարդակներն անհամեմատելի են: «Նորավանքում» նույնպես փոփոխություններ կլինե՞ն:

Փոփոխություններ լինելու են, բայց չեմ կարող ասել՝ ինչ քանակի: Արդեն բանակցում ենք մի քանի ֆուտբոլիստի հետ: Իսկապես Առաջին լիգան և Պրեմիեր լիգան շատ տարբեր խաղամակարդակով մրցաշարեր են, ուստի նույնիսկ Առաջին լիգայում հաջողության հասած թիմով չենք կարող արժանի պայքար տալ Պրեմիեր լիգայում: Դա բոլորն էլ հասկանում են՝ թե՛ ակումբի ղեկավարությունը, թե՛ մարզիչները և թե՛ նույնիսկ ֆուտբոլիստները: Այդ պատճառով մենք կհամալրենք թիմը, բայց միևնույն ժամանակ հնարավորինս կփորձենք Առաջին խմբում բրոնզե մեդալակիր դարձած տղաներին հնարավորություն տալ խաղալ ուժեղագույն լիգայում:

vahe gevorgyan 1 960x640 - «Չենք եկել ներկա ստանալու համար». VBET Պրեմիեր լիգայի անակնկալ նորեկը

Այժմ որտե՞ղ եք նախապատրաստվում նոր մրցաշրջանին:

Մարզումներն անցկացնում ենք Չարենցավանի քաղաքային մարզադաշտում, քանի որ փոքր խնդիրներ են առաջացել Վայքում գտնվող մեր ստադիոնի շինարարական աշխատանքների հետ կապված: Բայց նշեմ, որ շինարարությունը շարունակվում է ինտենսիվ կերպով:

Այսինքն՝ մրցաշրջանի մեկնարկից կհասցնե՞ք խաղալ Վայքում:

Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև շինարարությունն ընթացքի մեջ է: Ամեն դեպքում մենք հայտավորել ենք նաև Չարենցավանի մարզադաշտը, որպեսզի ապահովագրված լինենք մինչև մեր ստադիոնը պատրաստ լինի:

Առաջնությունն անցկացվելու է 36 տուրով: Ըստ Ձեզ՝ «Նորավանքը» և ընդհանրապես բոլոր հայկական թիմերը պատրա՞ստ են նման գրաֆիկով խաղալուն:

Տրտնջալ չեմ սիրում, բայց իրականում շատ բարդ է լինելու, հատկապես այն ակումբների համար, որոնք դեռ չունեն կայացած ակադեմիա և երկրորդ թիմեր: Եթե օրինակ վերցնենք մինչև դեկտեմբեր խաղացանկը (+ գավաթ), ապա այդ ընթացքում հավանաբար կանցկացնենք մոտ 20 խաղ: Եթե հանում ենք հավաքականների խաղերի պատճառներով դադարները, ապա յուրաքանչյուր ամիս նվազագույնը 5 խաղ ենք անցկացնելու: Դա նշանակում է 4-5 օրը մեկ խաղ…

Մեր ընտրանին

Կրկնում եմ, որ երբեք չեմ տրնջացել խաղացանկի պատճառով, բայց վստահ եմ՝ մեծ խոչընդոտների ենք հանդիպելու, որի ամենավառ օրինակները կլինեն բազմաթիվ վնասվածքները: Դրանում կասկած չունեմ: Այդուհանդերձ, պետք է ճիշտ մարզումային պրոցեսով, վերականգնումով, սննդային հավելումներով և այլ միջոցներով ֆուտբոլիստներին օգնենք դիմանալ խելահեղ գրաֆիկին, այլ ելք չկա:

Կարծում եմ՝ խաղերի ինտենսիվությունը նույնպես կտուժի բազմաթիվ մրցավեճերի պատճառով, որովհետև ֆուտբոլիստների մոտ գերհոգնածություն է լինելու:

Հավանաբար, Դուք այդ գրաֆիկը հաշվի եք առել՝ սելեկցիա կատարելիս: Ըստ Ձեզ՝ թիմում քանի՞ ֆուտբոլիստ է հարկավոր այդ գրաֆիկին դիմանալու համար:

Բոլոր հանգամանքները հաշվի ենք առել և հիմա սելեկցիոն շատ ակտիվ փուլում ենք գտնվում: Եթե սովորաբար ես մտածում եմ, որ թիմում յուրաքանչյուր դիրքում երկու ֆուտբոլիստ է հարկավոր, բացառությամբ դարպասապահի դիրքի, ինչպես նաև 2 ունիվերսալ խաղացողներ, ընդհանուր 25 ֆուտբոլիստ, ապա այս դեպքում ունիվերսալ ֆուտբոլիստների թիվը մտածում ենք 1-2-ով ավելացնել: Բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մի թիմում մոտ 30 խաղացող ունենալն էլ այլ դժվարություններ կստեղծի: Այդ պատճառով պետք է փորձենք շեշտը դնել վերականգման վրա, որի մասին արդեն նշեցի:

vahe gevorgyan 2 960x640 - «Չենք եկել ներկա ստանալու համար». VBET Պրեմիեր լիգայի անակնկալ նորեկը

Մարզչական շտաբում նույնպե՞ս համալրումներ եք կատարելու:

Այս պահին կենտրոնացած ենք ֆուտբոլիստների սելեկցիայի վրա, որովհետև 2-3 շաբաթ ժամանակ ունենք: Ինձ համար ուրախություն է, որ հնարավոր նորեկները մեկ ժամ շուտ միանան մեզ, որպեսզի հասցնենք նրանց գործում տեսնել: Մեր մարզչական շտաբը, մարզական տնօրեն Գարո Բալյանը և մեր գործընկերներն ինտենսիվ աշխատանք են տանում սելեկցիայի շուրջ: Երբ այդ աժիոտաժային վիճակն ավարտվի, նոր կմտածենք այլ հարցերի մասին:

«Նորավանքում» նախորդ մրցաշրջանում գանացի 6 լեգեոներ կար, նրանք մնալո՞ւ են թիմում:

Գանացիներն իրենց շատ լավ դրսևորեցին, մեզ շատ են օգնել նախորդ մրցաշրջանում: Նրանց, ինչպես նաև մեր թիմի մյուս ֆուտբոլիստների հետ բանակցությունների մեջ ենք:

Նոր մրցաշրջանի համար «Նորավանքի» ղեկավարությունը ի՞նչ խնդիր է դրել թիմի առջև:

Երևի մեր բախտից է, որ նախորդ մրցաշրջանից առաջ կորոնավիրուսի պատճառով ստիպված էինք շատ սեղմ ժամկետներում սելեկցիա կատարել ու թիմ հավաքել, և այժմ նույնը կրկնվում է հիմա: Շատ քիչ ժամանակ ունենք թիմը համալրելու համար և պատշաճ կերպով ներկայանալու առաջնությանը:

Ինչպես նախորդ մրցաշրջանից առաջ էի ասել, մենք հավակնոտ թիմ ենք, մենք չենք գալիս լիգա ընդամենը ներկա ստանալու համար, նույնն էլ հիմա եմ ասում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերաբերյալ: Մենք պայքարելու ենք ցանկացած թիմի դեմ, որպեսզի հասնենք հաջողությունների:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ ում թիմ կհրավիրի «Բարսելոնան», եթե Հալանդի տրանսֆերը ձախողվի

«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

Մատիչը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթին» Ֆերնանդինյոյին փոխարինողին գտել է «Վեսթ Հեմում»

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակն է տոնում ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Արսենալը» Լակազետին փոխարինող է գտել

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Բարսելոնան» Պոգբայի հարցով որոշում է կայացրել

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մահացել է «Շիրակի» ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը

VBET ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

«Վանն» ու «Ուրարտուն» հաղթողին չորոշեցին

5 ակումբ, որտեղ Ստեռլինգը կարող է շարունակել կարիերան