ՉԼ եզրափակիչի 5 մասնակցով ու գերտաղանդավոր կազմով. Դիմավորե՛ք ԵՎՐՈ-ի գլխավոր ֆավորիտներից մեկին - VNews
Բաժիններ

ՉԼ եզրափակիչի 5 մասնակցով ու գերտաղանդավոր կազմով. Դիմավորե՛ք ԵՎՐՈ-ի գլխավոր ֆավորիտներից մեկին

england - ՉԼ եզրափակիչի 5 մասնակցով ու գերտաղանդավոր կազմով. Դիմավորե՛ք ԵՎՐՈ-ի գլխավոր ֆավորիտներից մեկին

Անգլիայի այս հավաքականը գրեթե ամեն ինչ ունի՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու և վերջապես մեծ մրցաշարում երկար տարիների դադարից հետո հաղթելու համար:

Ֆերդինանդ, Տերի, Էշլի Քոուլ, Սքոուլզ, Լեմպարդ, Ջերարդ, Ռունի, Օուեն… մեկը մեկից ահարկու անուններ ունեցող այս ոսկե սերունդն իր հետևից ոչինչ չթողեց՝ չհաղթելով ոչ մի լուրջ տիտղոս: Անգլիական ֆուտբոլում վերջին տասնամյակում եղավ անկում, թիմն էլ շարունակեց նույն արդյունքները գրանցել: Վերջին տարիներին, սակայն, Անգլիան նոր հեռանկարային ու խոստումնալից սերունդ է տալիս, ակումբային ֆուտբոլն էլ կրկին բարձունքում է:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Անգլիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Անգլիայի հավաքականը հազվադեպ է խնդիրներ ունենում որակավորման փուլերում: «Երեք առյուծները» հեշտությամբ են հաղթահարել Եվրոպայի առաջնության վերջին 3 նախընտրական փուլերը, իսկ ԵՎՐՈ 2016-ի նախընտրական փուլում, առհասարակ, 10 խաղից տարել էին 10 հաղթանակ:

Սաութգեյթի թիմը ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում էլ խնդիրներ չունեցավ՝ 8 խաղից հաղթելով 7-ում (խփած ու բաց թողած գոլերի տպավորիչ՝ +31 տարբերությամբ), բայց այս թիմի գլխավոր խնդիրը զորեղ մրցակիցների հետ անհաջող արդյունքներ գրանցելն է: ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում միակ պարտությունը, որ կրեց Անգլիան, խմբի միակ քիչ թե շատ ուժեղ թիմից էր՝ Չեխիայից: Այս հարցում Սաութգեյթի հասցեին քննադատությունները տեղին են. 2019-ին Անգլիայի հավաքականի մրցակիցներից ամենավտանգավորները Չեխիայի ու Նիդերլանդների հավաքականներն էին, որոնցից երկուսին էլ նրանք պարտվեցին: 2020-ին՝ Ազգերի լիգայում Անգլիան մեկ անգամ հաղթեց, մեկ անգամ պարտվեց Բելգիայի ընտրանուն, և պարտվեց ու ոչ-ոքի խաղաց Դանիայի ընտրանու հետ:

England fail to play to their true strengths as Gareth Southgate's cautious approach backfires in Belgium | Evening Standard

ԱԱ 2022-ի նախընտրական փուլը Անգլիայի հավաքականը հաջող անցկացրեց: Առաջին 3 խաղում էլ անգլիացիները հաղթեցին, մասնավորապես՝ Սան Մարինոյի, Ալբանիայի և Լեհաստանի ընտրանիներին:

Հայտացուցակը ԵՎՐՈ 2020-ի համար

Դարպասապահներ՝ Դին Հենդերսոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Սեմ Ջոնսթոն («Վեսթ Բրոմվիչ»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»)

Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Բեն Չիլվել, Ռիս Ջեյմս (երկուսն էլ՝ «Չելսի»), Կոնոր Կոուդի («Վուլվերհեմփթոն»), Հարի Մագուայր, Լյուկ Շոու (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Թայրոն Մինգս («Ասթոն Վիլա»), Ջոն Սթոունզ, Կայլ Ուոքեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպիե («Ատլետիկո»)

Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգեմ, Ջեյդոն Սանչո (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Գրիլիշ («Ասթոն Վիլա»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Մեյսոն Մաունթ («Չելսի»), Կելվին Ֆիլիպս («Լիդս»), Դեկլան Ռայս («Վեսթ Հեմ»), Բուկայո Սակա («Արսենալ»)

Հարձակվողներ՝ Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Էվերթոն»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Ռահիմ Ստեռլինգ («Մանչեսթեր Սիթի»):

Սաութգեյթի հրապարակած հայտացուցակում գրեթե ամենուր աստղեր են: Այդուհանդերձ՝ կային որոշումներ, որոնք երկրպագուները քննադատում են կամ առնվազն՝ վիճարկում:

Դարպասապահի դիրքում չկա Նիկ Փոփը, որի բացակայությունն, իհարկե, քննարկման ենթակա չէ, քանի որ նա վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշարը: Փոփը հավաքականի հիմնական դարպասապահն էր աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղերում: Այստեղ Սաութգեյթը պետք է ընտրություն կատարի Դին Հենդերսոնի և Ջորդան Պիկֆորդի միջև:

Պաշտպանության գծում շատերի մոտ հարց է առաջացնում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսակայի բացակայությունը, որն անգլիացի երկրպագուների կարծիքով ավելի լավ մրցաշրջան անցկացրեց, քան «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը: Այս դիրքում, սակայն, Անգլիան հաստատ խնդիր չի ունենա, քանի որ քանակ-որակ հարաբերակցությամբ գերազանցում է բոլորին աշխարհում. Քայլ Ուոքեր, Կիերան Տրիպյե, Ռիս Ջեյմս և Առնոլդ: Հատկանշական է նաև Ֆիկայո Տոմորիի բացակայությունը, որը վատ մրցաշրջան չանցկացրեց «Միլանի» հետ, որտեղ տեղափոխվել էր հունվարին:

Trent Alexander-Arnold: Why England Euros spot looks unrealistic for Liverpool defender

Կիսապաշտպանության գծում Սաութգեյթի վերջնական հայտացուցակից դուրս մնացին Օլի Ուոտկինսն ու Ջեսի Լինգարդը, որոնք կային նախնական հայտացուցակում: Հատկանշական է հատկապես Լինգարդի բացակայությունը, որը տեղափոխվեց «Վեսթ Հեմ» ու վերագտավ (կամ պարզապես գտավ) իր լավագույն խաղը. լոնդոնյան թիմում անցկացրած 16 խաղում Ջեսին խփեց 9 գոլ ու կատարեց 5 գոլային փոխանցում: «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը նույնպես կարող էր լինել հայտացուցակում. ԱՊԼ-ում 31 խաղ, 8 գոլ ու 7 ասիստ:

Հարձակման գծում Սաութգեյթը զարմանալիորեն չհրավիրեց «Լեսթերի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ջեյմի Վարդիին, որը վերջին 2-3 տարիներին չի դադարում հիացնել: Այս տարի 34-ամյա «աղվեսը» 15 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել, բայց նրա փոխարեն մարզիչը որոշեց շանս տալ «Էվերթոնի» հարձակվող Կալվեր-Լյուինին: Հայտացուցակում չընդգրկվեց նաև «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը, որը Տուխելի օրոք քիչ խաղաժամանակ ստացավ, և «Յունայթեդի» եզրային հարձակվող Մեյսոն Գրինվուդը՝ վնասվածքի պատճառով:

Մեր ընտրանին

Մարզչական գործոն

Անգլիական մամուլն ու երկրպագուներն ամենադաժանն են աշխարհում: Այս հարցում չի բերել Գարեթ Սաուգեյթի բախտը, որն ընկել է նրանց քննադատության հարվածների տակ: 50-ամյա մասնագետին քննադատում են, նախ, վերոնշյալ թույլ խաղի համար՝ թոփ թիմերի դեմ, և ցածր արդյունավետության համար: Ազգերի լիգայում, միևնույն խմբում ընդգրկված լինելով Բելգիայի, Դանիայի ու Իսլանդիայի հետ, Անգլիան 6 խաղում վաստակեց 10 միավոր ու խփեց ընդամենը 7 գոլ:

Սաութգեյթին քննադատեցին նաև հայտացուցակում 4 աջ պաշտպան ընդգրկելու տարօրինակ որոշումը (որոնց մեջ չկար Վան-Բիսական). «Մենք մտածել ենք այս թեմայով ամբողջ շաբաթվա ընթացքում: Ունենք 4 ֆուտբոլիստներ, որոնք իրենց թիմերում խաղում են աջ պաշտպանի դիրքում: Եթե կարողանայի 5-6 աջ պաշտպանի ընդգրկել կազմում, ես կանեի դա: Մասնակցելու ենք մրցաշարի, որտեղ 9 խաղ ենք անցկացնելու: Արդեն հիմա կան ֆուտբոլիստներ, որոնք ունեն ֆիզիկական խնդիրներ», – հայտարարեց Սաութգեյթը:

Screenshot 6 - ՉԼ եզրափակիչի 5 մասնակցով ու գերտաղանդավոր կազմով. Դիմավորե՛ք ԵՎՐՈ-ի գլխավոր ֆավորիտներից մեկին

Ամեն դեպքում՝ Սաութգեյթն արդեն մոտ 5 տարի է՝ գլխավորում է այս հավաքականը: Այս մասնագետի գլխավորությամբ Անգլիան ԱԱ 2018-ին հասավ մինչև կիսաեզրափակիչ: 3 տարի առաջ Ռուսաստանում կայացած մրցաշարի համեմատ Անգլիայի հավաքականի կազմը զգալիորեն ուժեղացել է, հետևաբար բարձրացել են նաև հաջողության հնարավորություններն ու խաղադրույքները:

Գլխավոր աստղը

Անգլիայի հավաքականն այս անգամ շատ աստղեր ունի, բայց նրանցից գլխավորը կենտրոնական հարձակվող Հարի Քեյնն է: 27-ամյա ֆուտբոլիստն ավելի հասուն խաղ է ցուցադրում, ձեռք է բերել առաջատարի որակներ, ինչպես նաև մրցաշարին մոտենում է փայլուն մրցաշրջան անցկացնելուց հետո:

Քեյնը հերթական անգամ ապացուցեց, որ աշխարհի լավագույն 9 համարներից է այս պահին. 23 գոլ, ու Հարին դարձավ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան գոլ կխփեր Քեյնը, օրինակ, «Մանչեսթեր Սիթիում», որտեղ Գվարդիոլայի տղաներն ասիստների հրավառություն կկազմակերպեին նրա համար:

Մոուրինյոյի գլխավորությամբ Քեյնը նաև մի փոքր փոխեց իր խաղաոճը՝ դառնալով ավելի կոմբինացիոն խաղացող. Քեյն – Սոն զույգը «Տոտենհեմի» գլխավոր զենքն էր: Ասիստների թվով էլ Քեյնը դարձավ լավագույնը ԱՊԼ-ում՝ այդ ցուցանիշը կիսելով «Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի հետ:

Այս ԵՎՐՈ-ն լավագույն հնարավորությունն է Քեյնի համար՝ վերջապես տիտղոս նվաճելու և թռիչք կատարելու ավելի մեծ ակումբ: Որքան լավ խաղա նա մրցաշարում, այդքան ավելի լավ պայմաններով պայմանագիր կարող է պահանջել իր հավանական նոր ակումբից:

England leave it late to beat Poland after Harry Kane sets new record

Մրցակիցներ/շանսեր

Անգլիայի հավաքականը D խմբում է։ Մրցակիցներն են՝ Խորվաթիան, Չեխիան ու Շոտլանդիան։ Սաութգեյթի թիմը լավ ծանոթ է իր մրցակիցներին. Խորվաթիայի ընտրանին էր, որ Մունդիալ 2018-ի կիսաեզրափակիչում հաղթեց Անգլիային, Չեխիայի հետ թիմը խաղացել է նախընտրական փուլում, դե իսկ Շոտլանդիայի հետ խաղն էլ բրիտանական «դերբի» կստացվի:

Այն, որ Անգլիան խմբային փուլը հաղթահարելու հարցում խնդիր չի ունենա, կասկած չի հարուցում: Բայց գիտե՞ք՝ որն է զավեշտալին այստեղ. D խմբում հաղթելն ամենևին էլ ձեռնտու չէ ոչ մի թիմի, քանի որ 1/8 եզրափակիչում այդ թիմը խաղալու է F խմբի 2-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմի դեմ՝ այն սարսափելի խմբի, որտեղ ընդգրկված են Ֆրանսիան, Պորտուգալիան ու Գերմանիան: Ստացվում է՝ խմբում հաղթելը երաշխավորում է թոփ մրցակից 1/8-ում: Այս առումով Սաութգեյթի թիմի համար ավելի ձեռնտու է խմբում լինել երկրորդը, որը խաղալու է E խմբի 2-րդ տեղի թիմի դեմ: E խմբում, հավանաբար, կհաղթի Իսպանիան, իսկ երկրորդը կլինի Շվեդիան, Լեհաստանը կամ Սլովակիան:

Հետո արդեն ցանցը խճճվում է, ու չափազանց շատ են դառնում եթեները: Անկախ ամեն ինչից՝ Անգլիայի հավաքականն այս Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտներից են, ու նույնիսկ կարող են պայքարել աշխարհի գործող չեմպիոն՝ Ֆրանսիայի անպարտելի թվացող հավաքականի հետ: Քեյնը, Ռեշֆորդը, Սանչոն, Ֆոդենն ու ընկերները կարող են հաղթել ցանկացած հավաքականի աշխարհում:

Foden wins over Southgate again with first England goals

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

4-3-3. Հենդերսոն, Ուոքեր, Մագուայր, Սթոունզ, Չիլուել, Ռայս, Հենդերսոն, Ֆոդեն, Ռեշֆորդ, Քեյն, Սանչո

Սաութգեյթի մեկնարկային կազմն ամենևին էլ հեշտ չէ կանխատեսել: Որակյալ ֆուտբոլիստների ընտրությունը մեծ է, ինչը թույլ է տալիս օգտագործել տարբեր սխեմաներ և մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերել տարբեր ֆուտբոլիստներ: Գլուխկոտրուկը սկսում է դարպասապահի դիրքից: Դին Հենդերսոն – Ջորդան Պիկֆորդ զույգից ընտրություն կատարելը բավական բարդ է:

Պաշտպանության կենտրոնում, անկասկած, կգործի Մագուայր – Սթոունզ զույգը: Մագուայրը շատ հաջող մրցաշրջան անցկացրեց «Յունայթեդի» կազմում ու լավ անհատական ցուցանիշներ գրանցեց (մենապայքարներ, լավ խաղ օդում), իսկ Սթոունզը Ռուբեն Դիաշի հետ ֆանտաստիկ զույգ կազմեց «Սիթիում»: Ամենադժվարն աջ պաշտպանի ընտրությունն է, որտեղ, ինչպես տեսաք, կա 4 ֆուտբոլիստ: Այնուամենայնիվ, նրանցից լավագույնն այս պահին Քայլ Ուոքերն է: Ձախից կխաղա Բեն Չիլուելը՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիրը, բայց եթե նա էլ չլինի, կա Լյուկ Շոուն, որն իր կարիերայի լավագույն տարիներից մեկն անցկացրեց:

Հենակետայինի դիրքում կգործի ԱՊԼ-ի բացահայտումներից մեկը՝ Դեկլան Ռայսը: Կենտրոնում՝ Ռայսի առջևի 2 դիրքում խաղալուն հավակնում են 3 ֆուտբոլիստ՝ Ջորդան Հենդերսոնը, Մեյսոն Մաունթն ու Ֆիլ Ֆոդենը: Հենդերսոնը լավ շանսեր ունի մեկնարկային կազմում խաղալու՝ հաշվի առնելով նրա փորձն ու պաշտպաններին մեծապես օգնելու հմտությունը, բայց Ջորդանը նոր է ապաքինվել վնասվածքից: Մաունթն ու Ֆոդենն էլ զարմացրին Եվրոպային ու բոլոր շանսերն ունեն մեկնարկային կազմում հայտնվելու համար: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակից՝ տվյալ խաղին:

Հարձակման գծում էլ Սաութգեյթը նախանձելի ընտրություն ունի: Կենտրոնում Քեյնի ներկայությունը չի քննարկվում, աջ եզրում էլ, կարծես, իր տեղն ունի Սանչոն: Մնում է ձախ վինգերի գոտին: Այստեղ մեկնարկային կազմում լինելու ֆավորիտը Մարկուս Ռեշֆորդն է, որն ամբողջ մրցաշրջանում խաղաց այդ դիրքում: Կարող է խաղալ նաև Ջեք Գրիլիշը՝ «Աստոն Վիլայի» աստղը: Ռահիմ Ստեռլինգը քիչ շանսեր ունի մեկնարկային րոպեներից խաղալու, քանի որ նա նույնիսկ «Մանչեսթեր Սիթիում» կորցրել էր տեղը մեկնարկային կազմում, իսկ ՉԼ եզրափակիչում չարդարացրեց Գվարդիոլայի՝ իրեն մեկնարկային կազմում ընդգրկելու որոշումը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անգլիայի հավաքականը լեհ ֆուտբոլիստին մեղադրում է ռասիզմի համար. հետաքննություն է սկսվել

Անգլիան չնկատեց Անդորրային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմն Անդորրայի հետ խաղում

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

Տրենտ. «Նա իմ կուռքն է»

Սանչոն լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը

ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել Հունգարիա – Անգլիա խաղի վերաբերյալ

Գոլի հուզիչ տոնում, ռասիստական արտահայտություններ Ստեռլինգի հասցեին, ծաղրանք՝ Դեկլան Ռայսի կողմից (տեսանյութ)

Քեյնը՝ նույն ճանապարհո՞վ. անգլիացին աշխատավարձի բարձրացում է ցանկանում

Քեյնը հայտարարել է իր որոշումը

Ամենախենթ շուկան. 6 մեգատրանսֆերներ, որ դեռ կարող են լինել

Քեյնը վերականգնել է մարզումները

Նևիլ. «Քեյնն արդեն հեռացել է «Տոտենհեմից»

«Քեյնի թիմը» հաղթեց Գվարդիոլայի «Սիթիին» առանց Քեյնի». արձագանքներ Քեյնի՝ «Սիթի» հնարավոր տեղափոխության ֆոնին

Այսօր հանդիպում կկայանա «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության միջև

«Մանչեսթեր Սիթին» վերջին առաջարկը կանի «Տոտենհեմին» Հարի Քեյնի տրանսֆերի հարցով