Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Երբևէ երազե՞լ եք ստեղծել ձեր փոքրիկ հանրապետությունը՝ ձեր սեփական օրենքներով… Մենք արդեն հասցրել ենք Ձեզ պատմել ինքնավար թաղամաս Քրիստիանիայի մասին, այսօր մեր դիտակետում է ևս մի «վիրտուալ հանրապետություն». այն հիմնադրվաց հասարակ իտալացի ինժեների կողմից ու պայթեցվեց 55 օր անց՝ իտալական իշխանությունների որոշմամաբ:
60-ականներ. ժամանակներ, որտեղ ցանկացած գաղափար իրատեսական էր թվում, ու ցանկացած խենության համար մի համարձակ գտնվում էր: 1968 թվականի մայիսի 1-ին Ադրիատիկ ծովում՝ Ռիմինիի ափից 11,612 կմ հեռավորության վրա ու Իտալիայի տարածքային ջրերից 500 մետր հեռավորության վրա գտնվող չեզոք ջրերում ստեղծվեց Վարդ կղզու հանրապետությունը, որի տարածքը կազմում էր ընդամենը 400 քմ.: Հեղինակն էր իտալացի ինժեներ ինժեներ Ջորջիո Ռոզան: 1958 թվականից սկսած ՝ շուրջ 10 տարի, Ռոզան՝ իր կնոջ ու մի խումբ համախոհների հետ արեց ամեն բան, որպեսզի իրականություն դարձնի այդ, առաջին հայացքից՝ ուտոպիստական, երազանքը. ստեղծել անկախ պետություն՝ իր սեփական նախագահով ու կառավարությամբ, որտեղ ներգրավված կլինեն երկու կին. սա արդեն իսկ մեծ նորամուծություն էր 60-ականների Իտալիայի համար, որի խորհրդարանում ոչ մի կին չկար:
Պետությունը կազմավորվեց երկհարկանի մետաղական պլատֆորմի վրա: Չմանրամասնելով խիստ մասնագիտական նրբությունը՝ կարող ենք միայն ասել, որ Ռոզայի կառույցը թեթև էր, բայց շատ դիմացկուն ու պինդ: Ինժեները դեռևս տարիներ առաջ արտոնագրել էր իր գյուտը «Արդյունաբերական և քաղաքացիական նպատակներով պողպատե և երկաթբետոնե կղզիների կառուցման համակարգ» անվան տակ: Ըստ հիմնադիր-հոր նախագծի, հետագայում պլատֆորմի վրա պլանավորվում էր տեղադրել ևս երկու հարկ: Առաջին հարկում, արդեն, գործում էին բարն ու փոստային բաժանմունքը, երկրորդ ու հաջորդ հարկերում նախատեսում էին կառուցել սենյակներ ճարտարագետի և նրա կնոջ համար, խանութներ, փոքրիկ հյուրանոց և դիսկոտեկ:
Երբ նախնական աշխատանքներն ավարտվեցին՝ մայիսի 1-ին, ինժեներ Ռոզան լրագրողներին հրավիրեց մամուլի ասուլիսի և, նրանց ներկայությամբ, հռչակեց իր կառույցը անկախ պետություն ՝ իր դրոշով, զինանշանով, օրհներգով, լեզվով, արժույթով, սեփական փոստով և նույնիսկ փոստային նամականիշերով:
Պետական լեզու հռչակվեց Էսպերանտոն ՝ կղզու յուրահատկությունն ու ազատության գաղափարախոսությունը ընդգծելու համար: Թեև ոչ ոք չէր խոսում այդ լեզվով, այն օգտագործվում էր, օրինակ՝ փոստային նամականիշերի վրա: Պետության դրամական միավորը, այդպես էլ, ոչ ոք չտեսավ. հենց միայն դրոշմանիշների վրա մնաց դրանց մասին միակ հիշատակությունը: Որպես պետության հիմն ընտրվեց երաժշտություն՝ Ռիչարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերայից:
Կղզին դարձավ հանգստյան նոր գոտի, որտեղ «չի կարելի»-ները գրեթե բացակայում էին: Զբոսաշրջիկները, հետաքրքրասերները ու մարդիկ, որոնք ուզում էին պետության քաղաքացիություն ձեռք բերել, իրար հետթ չէին տալիս… Այս ամենն, իհարկե, դուր չեկավ Իտալիայի կառավարությանը: Հատկապես տհաճ էր ընդհատակյա ռադիոյի գոյությունը, որն, ի դեպ, նույնպես գործում էր կզու տարածքում: Լուրեր տարածվեցին, որ կղզին կառուցվել է «Արևելյան Եվրոպայի միջոցներով»՝ ուղղակիորեն ակնարկելով Խորհրդային Միությանը: Մի մոռացեք, որ դա 1968 թվականի գարուն էր, երբ Վարշավայի դաշնագրի մասնակիցները զորքեր մտցրեցին Չեխոսլովակիա… Կառավարությունը նաև տնտեսական հիմքեր գտավ՝ կղզին չեզոքացնելու. ինժեներին մեղադրեցին հարկեր վճարելուց խուսափելու փորձի մեջ, իսկ Իտալիայում, սրանից ավելի մեծ մեղք, երևի, գոյություն չունի:
Իշխանությունների հաջորդ քայլը Ռիմինի նավահանգստի կապիտանի հայտարարությունն էր. վերջինս նշեց, որ կղզին վտանգ է ներկայացնում անցող նավերի համար: Պետությունը հստակեցրեց՝ Ռոուզ կղզին «խարխլում է Իտալիայի ազգային անվտանգությունը»: Արդեն 1968 թվականի հունիսի 26-ին ոստիկանությունն ու ֆինանսական ոստիկանությունը գրավեցին կղզու տարածքն ու ոչ ոքի թույլ չտվեցին մուտք գործել, անգամ՝ սեփականատիրոջ, իսկ պահակին ձերբակալեցին: Կղզու կառավարությունը հայտարարություն տարածեց, որ «գնում է աքսորի»: Սկսվեց դատական գործընթացը, որը տևեց մինչև 1969 թվականը:
1969 թվականի փետրվարի 13-ին այնտեղ տեղադրեցին 1080 ֆունտ պայթուցիկ նյութ, և ինժեներ Ռոզայի գյուտը օդ թռավ: Ազատության երազանքը ՝ առանց բյուրոկրատական և քաղաքական կապերի, վերածվեց բետոնի և պողպատի այլանդակված կույտի:
Թերթերը լի էին վերնագրերով. «1969 թ. Փետրվար. 100 կիլոգրամ տրոտիլը ոչնչացրեց ուտոպիան»: Իսկ իտալացիները դառը կատակում էին՝ «գոնե մեկ պատերազմում Իտալիան հաղթեց»:
Ռիմինիի բնակիչները նամակ գրեցին Իտալիայի նախագահին, որում ասվում էր.
«Ռոուզ կղզու ոչնչացումը և հարթակի բնակիչների արտաքսումը դաժան գործողություն է, որը կապված է պրոֆեսիոնալիզմի բացակայության և խնդրին արդյունավետ լուծում չգտնելու հետ: Ռիվիերայի բոլոր բնակիչները դատապարտեցին վանդալիզմի այս դրսևորումը, ներառյալ՝ ծովագնացները, Ադրիատիկի ափին գործող բոլոր հյուրանոցների աշխատակիցներն ու տերերը»…
Ջորջիո Ռոզան հեռագիր ուղարկեց կառավարությանը, որում նա բողոքեց կղզու ինքնիշխանության խախտման ու ռազմական օկուպացիայի միջոցով տեղական զբոսաշրջությանը վնաս պատճառելու դեմ: Իսկ պատասխան, իհարկե, չստացավ: Ստորև կարող եք տեսնել պայթյունից հետո թողարկված նամականիշերը. լատիներեն գրությունը վկայում է. «La violenza del nemico ha distrutto l’opera ma non l’idea», ինչը նշանակում է.
Ջորջիո Ռոզան մահացավ 2017 թվականի մարտի 17-ին:
Գլխավոր լուսանկարը՝ «Rose Island» ֆիլմից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո