Այլընտրանքային դասական համերգներ. լոնդոնյան «The Night Shift»-ից մինչև հայկական «Tête-à-Tête» - VNews

Այլընտրանքային դասական համերգներ. լոնդոնյան «The Night Shift»-ից մինչև հայկական «Tête-à-Tête»

193008460 4311702285520566 5847104422143806432 n - Այլընտրանքային դասական համերգներ. լոնդոնյան «The Night Shift»-ից մինչև հայկական «Tête-à-Tête»

Աշխարհի տարբեր երկրներում գնալով զարգանում է «այլընտրանքային համերգներ» ստեղծելու գաղափարը: Ոչ սովորական ֆորմատ ունեցող համերգների կարելի է հանդիպել նույնիսկ դասական երաժշտության մեջ: Հայտնի օրինակ է Լոնդոնյան Լուսավորության դարաշրջանի նվագախումբի (Orchestra of the Age of Enlightenment) «Գիշերային հերթափոխ» (The Night Shift) կոչվող նախագիծը: Սկսած 2006 թվականից` «Գիշերային հերթափոխը» դասական երաժշտությունը դուրս է բերում ավանդական համերգասրահից և տեղափոխում այլ հարմարավետ վայրեր, ինչպիսիք են բարերն ու փաբերը: Այս ֆորմատը թույլ է տալիս մարդկանց ավելի ազատ լինել, ծափահարել և քաջալերել արտիստներին, ինչպես նաև ազատ տեղաշարժվել, լինել ակտիվ այնքան, որքան կցանկանան: 

Անկախ նրանից, թե դուք որ ժանրն եք սիրում՝ դասական, փոփ, էլեկտրո, պարային, թե հիփ հոփ, միևնույնն է՝ այլընտրանքային դասական համերգները հնարավորություն են տալիս նորովի և անսովոր կերպով ծանոթանալ սիրելի արտիստներին ու դասական ստեղծագործություներին:

Այընտրանքային դասական համերգները Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մի համերգային նախագիծ, որը հանգիստ կարող ենք դասել «այլընտրանքային համերգներ» շարքին:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն այս տարի առաջին անգամ հանդես եկան «Tête-à-Tête» կոչվող  յուրահատուկ համերգային նախագծով, որն ունենալու է շարունակական բնույթ: Նախագիծը ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներին  նորովի բացահայտելու, ներկայացնելու հրաշալի միջոց է:

Նախագծի գաղափարի, մանրամասների և սպասվող նորությունների մասին զրուցել ենք նախագծի ղեկավար Անահիտ Բարխուդարյանի հետ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Tête-à-Tête» նախագիծը:

– Մտահաղացման հեղինակը Շմավոնն Գրիգորյանն է, որը խորագիրն ընտրել է նախագծի ֆորմատին համահունչ: Ֆորմատ, որտեղ հանդիսատեսը դահլիճում է, բայց ոչ իր սովորական տեղում, այլ հենց բեմահարթակում՝ երաժիշտների հետ միասին: Ստացվում է երաժիշտների և հանդիսատեսի մտերմիկ հանդիպում՝ «Tête-à-Tête»: Այն ամենը ինչ մենք սովոր ենք տեսնել դասական համերգների ժամանակ, որտեղ հանդիսատեսը համերգն ունկնդրում է դահլիճից, այս ֆորմատում այլ է՝ մենք այդ սահմանն անցնում ենք:
Բեմահարթակում հանդիսատեսի համար տեղակայված են լինում աթոռներ։ Երաժիշտները նվագում են բեմահարթակի կենտրոնում, իսկ հանդիսատեսը նստած է իրենց շուրջ:

Հետևաբար կա՞ նաև տեղերի սահմանափակում:

Այո, իհարկե: Քանի որ մենք հետևում ենք բոլոր կանոններին՝ թե՛ պանդեմիայի հետ կապված, և թե՛ բեմի հետ կապ ունեցող, բեմահարթակում կարող է տեղավորվել մինչև 150 անձ։

Նախագծի առաջիկա համերգները ե՞րբ են նախատեսվում և ի՞նչ հաճախականությամբ են կազմակերպվում: 

– Նախագիծը սկսել ենք մարտ ամսից: Փորձում ենք ամեն ամիս շարունակաբար պահել և արդեն ունեցել ենք երեք համերգ: Կարելի է ասել ավանդույթ է դարձել: Հաջորդի հետ կապված չեմ կարող դեռ ոչինչ ասել, բայց  փորձում ենք «ամիսը մեկ» հաճախականությունը պահել:

Համերգների ստեղծագործություններն ընտրելիս կա՞ն որևէ սահմանափակումներ:

– Պարտադիր պետք է լինեն կամերային անսամբլների համար նախատեսված ստեղծագործություններ։ Այսինքն, նախագիծն իրենից ներկայացնում է ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային երաժշտության համերգաշար։

193339317 4311702005520594 4185452661267005078 n 960x540 - Այլընտրանքային դասական համերգներ. լոնդոնյան «The Night Shift»-ից մինչև հայկական «Tête-à-Tête»

Զրուցեցինք նաև մտահղացման հեղինակ Շմավոն Գրիգորյանի հետ:

Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ մտահղացումը:

– Նախորդ տարի՝ փետրվար ամսին: Համավարակի ժամանակ սկսեցինք առցանց տարբերակով կամերային երաժշտության ակտիվ համերգներ կազմակերպել, ինչը դարձավ ավանդույթ և հասկացանք, որ նման համերգների կարիքը կա: : Փորձեցինք ստեղծել հարթակ, կամերային մթնոլորտ, որտեղ կարող ենք ամսական մեկ կամ երկու անգամ իրականացնել նոր ֆորմատ ունեցող նախագծեր: Եվ հանդիսատեսին ոգևորելու համար տեղավորեցինք բեմահարթակում՝ երաժիշտների հետ միասին: 

Ո՞րն է «Tête-à-Tête»-ի գլխավոր նպատակը:

– Կամերային երաժշտության համերգներ կազմակերպել Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ֆիլհարմոնիկ երաժիշտների մասնակցությամբ: 

Նախագիծն իրականացնելիս ի՞նչ խնդիրների եք բախվել: 

– Կան մանր տեխնիկական խնդիրներ, որոնց հնարավոր է բախվել ցանկացած կազմակերպչական հարցերում, բայց դրանք, իհարկե, այն խնդիրները չէին, որ կարող էին ստիպել չշարունակել: 

Առաջին համերգը փորձեցինք անել պլանավորածի պես՝ հասկանալու համար հանդիսատեսի տպավորություններն և արձագանքները: Արձագանքներն այնքանով էին լավ, որ երեք համերգ եղավ և երեքի տոմսերն էլ ամբոջությամբ վաճառվեցին. «դահլիճը» լիքն էր հանդիսատեսով: