Ավետիք Իսահակյանի մութ ու հանճարեղ կողմերը - VNews

Ավետիք Իսահակյանի մութ ու հանճարեղ կողմերը

Իսահակյաաանն min - Ավետիք Իսահակյանի մութ ու հանճարեղ կողմերը

Ավետիք Իսահակյանը մեր պատմության էջերում մնացել է ոչ միայն, իբրև տաղանդաշատ գրող, այլև որպես ազգանվեր ու համարձակ գործիչ ու շատ այլ գրողների «կնքահայր»: Այսօր խոսելու ենք նրա կյանքի այն էջերի մասին, որոնք կապված Իսահակյան մարդու, ընկերոջ, սիրեցյալի ու ազգային գործչի հետ:

17 տարեկան բանաստեղծը

Ալեքսանդրապոլում ծնված, նախնական կրթությունը Հառիճի վանքում ստացած Ավետիք Իսահակյանը 1889-1892 թթ. սովորել է  Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

Ճեմարան ընդունվելիս պատանի Ավետիքն արդեն ինքնուս պոետ էր` հայտնի ընկերների շրջանում։ 1890-ին տասնհինգամյա պատանին համարձակվում է իր գրած բանաստեղծությունը ներկայացնել ճեմարանի իր ուսուցչին` բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին։ Իսահակյանն այս մասին հետագայում գրել է. «Մի օր մեզ ավանդած դասից անմիջապես հետո, ճեմարանի մութ միջանցքում սրտի ուժեղ բաբախումով մոտեցա Հովհաննես Հովհաննիսյանին և տվի իմ ոտանավորը և խնդրեցի, որ կարդա…

Խնամքով գրված թղթի կտորը ձեռքիցս բռնելով ասաց. «Գնանք պարտեզ»։ Գնացինք ճեմարանի պարտեզի այն ծառուղին, որ «բանաստեղծ» աշակերտներիս մտորումների և երազանքների վայրն էր, ուր հաճախ ջղային քայլվածքով շրջում և ինքն իր հետ խոսում էր անմահ Կոմիտասը` եղբայր Սողոմոնը, ինչպես կոչում էինք նրան փոքր աշակերտներս։ Ոտանավորի խորագիրն էր «Երկու համբույր»։ Կարդաց ինքն իրեն ասաց. «Սեր և մահ. բանաստեղծության մշտական նյութը», հետո դարձավ դեպի ինձ. «Իհարկե, այս գրածդ երևակայություն է։ Վաղահաս։ Գրիր քո զգացածների մասին։ Բավական սահուն ես գրել… Վանկեր, հանգեր տեղին են, վատ չեն…Շարունակիր գրել, բայց շատ կարդա, զարգացիր և հայերեն լավ սովորիր»։

«Երբեմն-երբեմն նոր գրած ոտանավորներս ներկայացնում էի նրան. սիրով կարդում էր, նկատումներ և ուղղումներ անում, անգնահատել խորհուրդներ տալիս։

Այսպես գնում էր ժամանակը դասերի և անուրջների միջով։ Մի օր, 1892 թվին ցույց տվի մի նոր ոտանավոր.

Ծաղիկ էի նորաբողբոջ

Սարի լանջում, երկնի տակ…

Կարդաց ոտանավորս, նորից կարդաց և քաղցր ժպիտով ասաց` ուսիս թեթև խփելով.

«Կեցցե՛ս, հիմա բանաստեղծ ես»։

«Հիմա բանաստեղծ ես». այս խոսքը 19-րդ դարի հայ պոեզիայի վարպետն ասել է 20-րդ դարի ապագա վարպետին, երբ նա դեռ Գևորգյան ճեմարանի սան էր ու ընդամենը տասնյոթ տարեկան էր։

Ավելին՝ այստեղ:

Սիրեց իր հեռավոր ազգականին, այնուհետև՝ նրա քրոջը

2460357fc989e250f6a6208a42cf53ef 1 - Ավետիք Իսահակյանի մութ ու հանճարեղ կողմերը

վետիք Իսահակյանի և Շուշանիկի սերը մեկն է այն տեսակ պատմություններից, որոնք կարդիոգրամայի պես՝ վայրիվերումներով ձգվում են մի ամբողջ կյանքի երկարությամբ: Երբեմն ընդհատվում են կյանքի բերումով, բայց այդ նույն կյանքի նախախնամությամբ էլ շարունակում են հիշեցնել իրենց մասին: Սա հայ գրականության ամենապոետիկ սերերից է, այն սերերից, որոնք գլուխգործոցներ են ծնում:

Իբրև Սկիզբ

1891 թվական, ապրիլ

Իսահակյանը վերադարձավ հայրենի Ալեքսանդրապոլ, որտեղ, բացի հայրենիքի կարոտի փարատումից ու մտերիմներից, նրան էր սպասում իր կյանքի մեծագույն, մի քիչ կործանարար ու անսահման արգասաբեր սերը: Նա Շուշանիկ Մատակյանն էր՝ Իսահակյանի հեռավոր ազգականուհին, մոր՝ Ալմաստի քրոջ թոռը: Մանուկ հասակում Ավետիքն ու Շուշանիկը հաճախ էին հանդիպել ընտանեկան խնջույքներին, ո՞վ գիտի, գուցե անգամ տունտունիկ էին խաղացել… թեև, ավելի շուտ՝ կռիվ-կռիվ:

1891 թվական, հունիս

Ավետիք Իսահակյանը հյուրընկալում է իր մորաքրոջ որդիներին, հենց նրանց՝ Կարապետ և Հովհաննես Կոստանյանների տանն էլ առաջին անգամ հանդիպում է նրան՝ այն միակին: Այս հանդիպման մասին տեղեկանում ենք հենց բանաստեղծի հուշագրություններից, Իսահակյանը գրում է՝
«Կ-ների տանը պատահեցա օր. Շ-ին, ողջունեցի և նստեցա մոտը, նա ասեղնագործությամբ էր պարապում, մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ գրավում, չափազանց գեղեցիկ է. սև և կլոր աչքեր, վառվռուն և խելոք հայացք, վարդագույն շրթունք, դալկանար դեմք, պարզ, որոշ ձայն, այո, սա մի հրեշտակ է, մի գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկար խոսեցինք աոանձին, մաքուր հայերեն էր խոսում: Նա երևի ինձ համակրեց. գոնե համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր Սահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, րայց չհաջողվեց, ես գերազանցեցի: 0՜, նա խորամանկ է, փորձող է: Ա խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ… Որքան ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվոդ եմ կուսական սրտի առաջ. ահա իմ բնավորության մի թույլ կողմն ել… Նա իսկապես «ջադու պառավ» է… Նա ինձ գերեց: Իմ սիրտը շատ րնդարձակ տարածություն է. «Մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ է հորանից», բոլորն էլ  կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել, դու էլ, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը»…

Այս հանդիպումը սկիզբ է տալիս մեկը մյուսից սիրուն, մեկը մյուսից սիրառատ սիրային բանաստեղծությունների: Իսահակյանի քնարերգությունը ամբողջովին զավթված էր Շուշանիկի կողմից: Շուշանիկը Իսահակյանի ամեն մի տողում էր: Եվ ահա 1891 թվականի օգոստոսին Իսահակյանը որոշում է տեղափոխվել Էջմիածին ու շարունակել ուսումը:

Բանաստեղծը ստանում է Շուշանիկի համաձայնությունն առ այն, որ նրանք նամակագրական կապ կպահեն: 1891-1893 թվականներին գրողի ու Շուշանիկի միջև չի դադարում նամակագրությունը, նամակների հաճախականությունից ու պարունակությունից կարելի է ենթադրել, որ աղջկա սրտում նույնպես զգացմունք էր ծագել: Շուշիկն իհարկե ավելի զուսպ էր իր սիրո արտահայտչամիջոցներում, սակայն փոխադարձությունը կարծես ուրվագծվում էր. ավելի ասել չենք կարող:

Նրանց հարաբերությունների հետագա զարգացումներին ծանոթանում ենք Իսահակյանի հուշագրություններից.

Պատմում էր գրողը՝

«Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչև կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա ևընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին:Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի «Դարդս լացեք» բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը և վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու ևամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ո՞վ էի նրա կողքին…Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, և ես այլևս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել ևս` որևէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում…»:

Իսահակյանը մի քիչ կնամոլի համբավ ուներ, շատերն էին խոսում նրա տարբեր սերերի մասին: Սակայն ի՞նչ էր դա, եթե ոչ փնտրտուք ու միակի տեղը լրացնելու միամիտ ցանկություն: Այսպիսով, Իսահակյանի հուշագրություններն ու նամականին վկայում են, որ թեև արդեն ամուսնացած, Իսահակյանը չի դադարում սիրել այն առաջինին՝ Շուշանիկին: Չի դադարում գրել նրա մասին, չի դադարում գրել նրան:

Իսահակյանը ևս մեկ անգամ է թակում Մատակյանների դուռը. այս անգամ նա փնտրում էր իր նոր սիրո առարկային՝ Աննային, Շուշանիկի քրոջը…

Արդեն հասցրել ենք տեղեկացնել, որ գրողը Շուշանիկի ընտանիքի հետ հեռավոր ազգակցական կապեր ուներ, ուստի անգամ Շուշիկի ամուսնությունից հետո շարունակում էր երբեմն-երբեմն այցելել նրանց: Հենց այդ նույն տանն էլ նա պարբերաբար տեսնում էր մեկ այլ գեղեցկուհու՝ Աննիկին:

Թեև սկզբում Աննան գրողի համար ուղղակի երեխա էր, սակայն ժամանակ անց նա սկսում է աղջկան նայել ուրիշ աչքով՝ իբրև մեկի, ում կարելի է սիրել: Բանաստեղծի՝ քաղաքից հեռանալու հետ մեկտեղ մեկնարկում է Իսահակյանի և Աննայի նամակագրությունը: Այն սկզբում ավելի բարեկամական բնույթ է կրում, թվում է՝ գրողը փորձում է ամեն կերպ զսպել իր զգացմունքը, սակայն ավելի ուշ այդ նամականին դառնում է միալար սիրո խոստովանություն:

«Ասա, ինչ կարող է անել սիրող սիրտը, ինչի առաջ կանգ կառնի սիրող սիրտը. Ես անկարելին կարելի կդարձնեմ քեզ համար, ես անմահության խնձորը կբերեմ քեզ համար, ես արևը, աստղերը, ամբողջ աշխարհը կնվիրեմ քեզ, ես իմ կյանքը կտամ քեզ: Ուրիշ ինչ ես ուզում, միթե այսուհետ կարող ես տատանվել, կասկածել դեպի ինձ…»,-գրում էր Իսահակյանն Աննային:

Գուցե իրականում Իսահակյանը Աննայի մեջ տեսնում էր նրա քրոջը՝ Շուշանիկին, գուցե հենց դա նկատելով էլ Աննան ընթացք չի տալիս այդ հարաբերություններին, ու դրանք այդպես էլ մնում են թղթերի վրա:

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

%D5%A9%D5%A5%D5%B0%D5%AC%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6 - Ավետիք Իսահակյանի մութ ու հանճարեղ կողմերը

Դեպքերին նայելով մի դար հեռավորությունից, այսօր պարզ է դառնում՝ թե’ Թալեաթի սպանության, թե’ Թեհլերյանի ազատության գործում մեծ էր հայ գրող ու նվիրյալ Իսահակյանի դերը։1919 թվականին  մշակվեց հատուկ օպերացիա. «Նեմեսիս»-ը հանձն էր առել պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Շարժումը կազմակերպեց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:

Այդուհետ հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունը դարձավ հայոց արժանապատվության հոմանիշ։

«Նեմեսիս»-ի գաղափարակիցներից մեկն էր Իսահակյանը։ Նրա անունը ոչ միայն սերտորեն կապված է շարժման հետ, այլ նաև ընկած է «Նեմեսիսի» կազմավորման հիմքերում։ Ավելին՝ հենց Իսահակյանն էր ֆինանսական միջոցներ հայթայթում գործողության իրականացման համար։ «Նեմեսիս»-ի մեկ այլ նվիրյալ էր Թեհլերյանը, որին ուղարկում են Բեռլին՝ հատուկ գործողության։ Թեհլերյանը ստանում է Շահան Նաթալիից հետևյալ գրությունը.

«Կը պայթեցնես գանգը թիւ 1 ազգասպանին եւ չես էլ փորձեր փախչիլ. Կը կանգնես տեղդ, ոտքդ սատակին վրա ու կը յանձնուիս ոստիկաններուն, որոնք կու գան ու կձերբակալեն քեզ»

Կարծիքներ կան, որ Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին… Այնուամենայնիվ,  Իսահակյանը Բեռլինում սպասում էր Թեհլերյանին։ Նրանք բազմաթիվ հանդիպումներ են ունենում, զննում Թալեաթի լուսանկարները, որը 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլինում՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ Թալեաթ փաշային օրեր շարունակ հետևել է նաև Իսահակյանը։

Այս մասին վկայում է նաև Վիգեն Իսահակյանը.

«Մենակ մի զգացում էր տիրում նրա հոգում` վրեժխնդրության զգացումը: 1919թ. աշնանը նա երեք ամսով Բեռլինում էր, նրան մի գաղտնի հանձնարարություն էին տվել: Վրեժով լցված հայ տղերքի հետ պիտի հետևեր հայ ազգի դահիճ Թալեաթ փաշային, որը ուրիշի անվան տակ թաքնվում էր Բեռլինում և շարունակ բնակարաններ էր փոխում: Ինչպես գիտենք, այս հրեշն իր արժանի պատիժն ստացավ. քաջ Սողոմոն Թեհլերյանը ինչպես մի կատաղած շուն սատկացրեց նրան Բեռլինում` ասֆալտի վրա: Եվ հայրս հատուցման այդ սուրբ գործում նույնպես ուներ իր ավանդը»:

1921թ-ի մարտի 15

Այս պատմական օրը  Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը. վերջինս պատրաստ սպասում էր՝ եթե հանկարծ Թեհլերյանը վրիպեր, հենց նա էր գործն ավարտին հասցնելու: Թեհլերյանին հաջողվեց դատաստան տեսնել Թալեաթի հետ, և ողջ հայությունը սպասման մեջ էր՝ արդյո՞ք հերոսին կդատապարտեն, թե ազատություն կտան։ Այս գործում ևս մեծ ներդրում ուներ Ավետիք Իսահակյանը։Նա հետևում էր  դավարությանն ու գռարում.

«Սողոմոնի հետ փողոց կիջներ ոչ միայն ինքը. ան ինքը չէր, որ փողոց կիջներ. իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա կտաներ իր առջև դրոշակը ամբողջ ժողովրդի պատվին…»:

Հարկ է նշել նաև, որ Իսահակյանը Թալեաթին հետևել է դեռևս 1919 թվականին։ Մեզ է հասել մի նամակ, որն Իսահակյանը հղել է Վահան Զաքարյանին.

«Վերջերս Բեռլինի գազանը, հրեշը մի քանի օրով եկած է եղել Զվեցարիա, մինչև իմացանք, արդեն վերադարձել էր Բեռլին: Ժողով են ունեցել Բեռն…նույն անունով էր եկել, ինչ-որ Բեռլին ուներ»:

Պահպանվել են նաև այլ նամակներ, որոնք փաստում են Իսահակյանի մասնակցությունը «Նեմեսիս»-ի գործողություններին։ Դրանցից մեկն է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, դրանցից մեկում գրված է.

 «Սիրելի՛ Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ: Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա: Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…» 

Նամակի հեղինակն էր Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պետրոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային:

Հենց Ավետիք Իսահակյանի ցանկությամբ այս ամենի մասին գրեթե չէր խոսվում։ Սակայն արխիվային վկայություններն ու փատերը, պահպանված նամակները չեն կարող լռել։ 

Իսահակյան-Չարենց ընկերները

%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6 - Ավետիք Իսահակյանի մութ ու հանճարեղ կողմերը

Եղիշե Չարենցին ձերբակալեցին 1937թ. հուլիսի 27-ին։ 1935-1936 թթ. ընթացքում բանաստեղծին շատ անգամներ էին կանչել ցուցմունքներ տալու: Չարենցին մեղադրում էին ընդհատակյա նացիոնալիստական կազմակերպություն ստեղծելու մեջ։ Նա, իբրև թե, ուզում էր տապալել խորհրդային իշխանությունները Հայաստանում: Չարենցից առաջ ձերբակալվել էին նաև Ակսել Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմենը, Նորենցը և այլք: Իսկ 1934-1936թթ. Չարենցին ձերբակալություններից կարողացավ պաշտպանել Աղասի Խանջյանը` Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը։ Սակայն Թիֆլիսում Խանջյանի սպանությունից հետո, որն իբրև ինքնասպանություն մատուցեցին, Չարենցը զրկվեց պաշտպանությունից: Նրան հեռացրին Գրողների միությունից: Տնային կալանք նշանակեցին:

Ժամանակակիցներից շատերը ստիպված երես դարձրեցին Չարենցից։ Սակայն Ավետիք Իսահակյանը Հայաստան գալուց անմիջապես հետո՝ 1936թ. դեկտեմբերին, մշտապես հանդիպում էր Չարենցի հետ․․․ Նրանք դեռևս 24 թվականից ընկերներ էին։

Իսահակյանը որպես քաղաքական վտարանդի՝ 1920թ.-ից մշտապես ապրում էր Վենետիկում, իսկ Չարենցը տարված հոկտեմբերյան գաղափարներով՝ մնում է Հայաստանում։ Կյանքում առաջին անգամ ստեղծագործական գործուղման է մեկնում Եվրոպա, և առաջին հերթին՝ Վենետիկ՝ Իսահակյանին հյուր: 1925 թ. Հայաստան վերադառնալուց հետո Չարենցը Իսահակյանի մասին գրում է «Էլեգիա, գրված Վենետիկում» պոեմը, որտեղ գովում է Սովետական Հայաստանը և քննադատում Իսահակյանին՝ Եվրոպական երազաներով ապրելու համար․

Երբ Չարեցը տնսյին կալանքի մեջ էր, մինչև ուշ գիշեր Իսահակյանը շրջում էր նրա հետ: Նրանց անպայման ուղեկցում էր Իսահակյանի սիրելի շունը` «Ջեկի» անունով սետերը․․․Չարենցի կալանավորումից անցավ երկու ամիս, և մի անգամ Իզաբելան կրկին գնում է Իսահակյանի մոտ: Թե ինչի մասին են խոսել, Իսահակյանն այն ժամանակ ոչ ոքի չի պատմել: Չէր հասցրել Իզաբելան նոր տեղում 3 ամիս ապրել, երբ նոյեմբերի սկզբին հենց փողոցում, տրամվայի գծերի մոտ, նրան ուժով խցկեցին մեքենան և տարան ՆԳԺԿ ներքին բանտ: Բանաստեղծի զավակները որբ մնացին: Փոքրին իր մոտ վերցրեց տատիկը, իսկ ավագին ուղարկեցին մանկատուն:

Տարիներ անց, երբ պատերազմն ավարտվեց և շատ բան այլ լույսով էր երևում, Իսահակյանը բացեց 1937թ. հոկտեմբերին Իզաբելայի վերջին այցելության գաղտնիքը:

նվեր վերջին, հուզիչ

Պարզվում է, երբ Իզաբելան բանտում ստացել է Չարենցի սպիտակեղենը` լվանալու համար, պահնորդներից մեկը ծածուկ նրան է փոխանցել Չարենցի նամակը: Այն նախատեսված էր Իսահակյանի համար և գրված էր մատիտով, սպիտակ թաշկինակի վրա: Այդ նամակն էր բերել Իզաբելան:

Իսահակյանն այն պահում էր որպես ամենաթանկ մասունք` երբեմն այն հանելով և ցույց տալով ամենահուսալի մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահվում է Իսահակյան ընտանիքի ձեռագրերի հավաքածուում, բայց թաշկինակի գլխավոր արժեքն այն է, որ նրա վրա գրված է Չարենցի վերջին բանաստեղծությունը: Եվ այն նվիրված է Ավետիք Իսահակյանին:

Չարենցը գրում է. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:

Որքան գնում – այնքան խոնարհ,

Այնքան անհուն և այնքան ջերմ

Ես խոնարհում եմ քո առջև

Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:

Արդեն ցնորք է անհնար`

Ունենալ երգ այնքան նայիվ,

Որ հմայե երեխային

Եվ ծերունու սրտում մնա:

Սիրտդ կարող է վեհանալ,

Որ անսալով նրա սրտին`

Երգ ես տվել ժողովրդին,

Որ իր երգով անմահանա:

Ա՜խ, կուզեի ես ունենալ

Գոնե մի երգ այնքան ջերմին,

Որ գրեի խուղիս որմին –

Եվ նա հավետ այնտեղ մնար:

Եվ սերունդենր այսպես գային,

Եվ կարդային խուղիս որմին

Սրտիս միակ երգը ջերմին,-

Եվ երգս այդ ես քեզ տայի:

1937.27.IX. բանտ, գիշեր

«Այս է, սիրելի Ավետիք: Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին: 1937.6.X. բանտ»: