Արմեն Եսայանց. ժամանակակից արվեստ, ինստիտուցիոնալ մոտեցման բացակայություն և դրանից առաջացող խնդիրներ - VNews

Արմեն Եսայանց. ժամանակակից արվեստ, ինստիտուցիոնալ մոտեցման բացակայություն և դրանից առաջացող խնդիրներ

YES 3764 copy scaled - Արմեն Եսայանց. ժամանակակից արվեստ, ինստիտուցիոնալ մոտեցման բացակայություն և դրանից առաջացող խնդիրներ

Արվեստի ընկալման հարցում յուրաքանչյուրն ազատ է: Սակայն կան մասնագետներ, մասնագիտական մեկնաբանություններ, փաստարկներ, որոնց ծանոթանալով՝ արվեստի մասին մեր պատկերացումներն ու ընկալման ձևերը կարող են փոխվել: 

Մեզ հետ զրույցում արվեստաբան, համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը պատմել է Հայաստանում արդի և ժամանակակից արվեստի հիմնական խնդիրների և բացթողումների մասին:

Խոսենք ժամանակակից արվեստից:

Ժամանակակից արվեստի մասին խոսելիս, պետք է հիշել, որ դրա կարևոր կետերից մեկը «արվեստ» ասվածի հարցադրումն է, ինքնահայեցողությունն ու ինքնաքննադատությունը: Մարդկությունը տասնյակ հազարավոր տարիներ կերտում է, ինչ-որ բաներ է պատրաստում, նկարում է: Ժայռապատկերներից սկսած, կարելի է ասել արվեստ ենք ստեղծում և փաստորեն միայն վերջերս ենք հասել այն կետին, երբ հարցնում ենք՝ արվեստն ի՞նչ է․ հենց արվեստի միջոցով, ի դեպ: 

Այս հարցն իրականում նոր չի առաջացել, պարզապես այն հիմա կարծես առավել ակտուալ է: Շատ դեպքերում հանրությունը, լայն իմաստով, շատ կտրուկ գնահատականներ կարող է տալ ժամանակակից արվեստի որոշ դրսևորումների, որոնք անպատրաստ հասարակության համար կարող են անակնալ լինել, և հնչում են գնահատականներ՝ սա արվեստ է, իսկ սա արվեստ չէ: Երբ մարդ հնչեցնում է «սա արվեստ չէ» դիրքորոշումը, մեղադրանքը կամ վրդովմունքը, նշանակում է, որ տվյալ մարդը հստակ գիտի, թե որն է արվեստը և կարող է հստակ ձևակերպել՝ որը արվեստ չէ:

Բայց կա՞ հստակ ձևակերպում:

Այո և ոչ։ Իհարկե կան դասագրքային ձևակերպումներ, թե արվեստն ինչ է, բայց արդեն տևական ժամանակ է՝ այդ ձևակերպումները չեն բավարարում։ Ամբողջ խնդիրն հենց դա է: Ժամանակակից արվեստը շատ դեպքերում կարող է տարօրինակ լինել, կարող է անհասկանալի լինել, կամ ծիծաղելի երևալ, բայց պետք չէ անմիջապես գնահատականներ տալ, այլ պետք է ավելի քննադատական մտածել, ոչ թե մտածել այն մասին՝ արվե՞ստ է, թե՞ արվեստ չէ: Պետք է մտածել, թե ինչպես հասանք այն կետին, որ հասարակության ինչ-որ շերտեր՝ առաջին հայացքից հանրության լայն շերտերի կողմից ընկալվող «չարվեստը» իրականում համարում են արվեստ: 

Արվեստի սահմանումը կարելի է տալ հազար ու մի ձևով: Եթե շատ անձնական խոսենք, արվեստն ինձ համար մի բան է, որը մեծ հաշվով կարող է գոյություն չունենալ, բայց միևնույն ժամանակ, փաստորեն, չի կարող չլինել, մարդ առանց դրա չի կարող ապրել: Այս թեզը պարադոքսալ է, որովհետև արվեստը կենսական անհրաժեշտություն չէ․ եթե դիտարկենք արվեստի անհրաժեշտությունը կենսական մակարդակում, զուտ մարդկային, սաղմնային բնազդներից ու կարիքներից ելնելով, ոչ թե հոգևոր ու մտավոր:

Մարդ չի կարող չստեղծել, չստեղծագործել, չկերտել, չուսումնասիրել, չհորինել, և այդ ամենը չի կարող անել առանց անդրադառնալու այն ամենին, ինչն արդեն եղել է. այսպիսի արտահայտություն կա՝ «Կանգնելով հսկաների ուսերին», այսինքն առաջ գնալու համար պետք է միշտ կանգնել ինչ-որ արդեն «գոյություն ունեցող ուսերի վրա» և ժամանակակից արվեստն այդ տեսանկյունից կանգնած է մի հսկայական ժառանգության ուսերին:

Ի դեպ, երբ խոսքը գնում է ժամանակից արվեստի մասին, տերմինաբական հարց կա․ պետք է հստակ տարբերակել մոդեռն ու ժամանակակից արվեստը։ Հայերենում թե modern, թե contemporary բառերը թարգմանվում են «ժամանակակից», սակայն վերջին շրջանում արդեն հայերեն «արվեստաբանական շրջանառության» մեջ է մտնում արդի արվեստ ասվածը՝ modern art-ի համար։ Սրանք ոչ միայն զուտ ժամանակագրական բաժանումներ են, այլ նաև՝ կոնցեպտուալ։ Արդի արվեստը վերաբերում է ուշ՝ 19-րդ դարից մինչև 20-րդ դարի 50-60-ական թվականներն ընկած ժամանակահատվածին, իսկ ժամանակակից արվեստի սկիզբը կարելի է համարել կոնցեպտուալ արվեստը, չնայած դրա նախադրյալներն արդեն կային շատ ավելի վաղուց։ Ժամանակակից արվեստն այսօր մեզ հետ զուգահեռ ծնվող արվեստն է, սակայն մեր ոչ բոլոր ժամանակակից արվեստագետներն են ստեղծում ժամանակակից արվեստ:

Արվեստի արժեքային ընկալումները ժամանակի ընթացքում փոխվո՞ւմ են:

Եթե վերցնենք ինչ-որ հստակ ժամանակաշրջան՝ արվեստն հանրության լայն զանգվածներից բավականին կտրված է եղել․ չեն եղել արվեստի թանգարաններ, մարդիկ արվեստի գործերին ծանոթացել են հիմնականում եկեղեցիներում: Արվեստի հիմնական գործերը պատվերով են եղել, արվեստագետները մուսայով կամ ոգեշնչմամբ չեն ստեղծագործել, եղել է հստակ պատվեր՝ նրանք կատարել են այդ պատվերը: Եվ արվեստի մեջ շատ մեծ տեղ է գրավել արհեստը: Շատ արվեստագետներ, որոնց մենք լավ ճանաչում ենք, ունեցել են շատ լավ «տեխնիկական» կրթություն: Պատրաստի ներկեր, կտավներ, փայտեր չեն եղել և դրա պատճառով նկարիչները նաև հմուտ արհեստավորներ էին:

Հետագայում արվեստն ավելի հասանելի է դարձել և արվեստի ընդհանուր ռոմանտիզացիան, այն, ինչպես մենք ընկալում ենք, սկսվել է 19-րդ դարում: Մինչև այդ արվեստն ունեցել է շատ հստակ ֆունկցիա, դա մեծահարուստների, էլիտայի և եկեղեցու կողմից պատվիրվող ստեղծագործություններն էին: Խոսքը կիրառական արվեստի մասին չէ, որը նույնիսկ իր ստեղծման ընթացքում որպես արվեստ չի ընկալվել, հետագայում է սկսել է դիտարկվել որպես արվեստ: 

Արվեստագետի այն տեսակը, որը մենք ունենք այսօր, ծնվել է շատ ավելի ուշ: Իսկ մինչ այդ հստակ պատվերներով աշխատող մարդիկ են եղել, եթե պատվեր չի եղել, չի եղել նաև արվեստ: Թանգարանն էլ առաջացել է շատ ուշ: Այսօր արվեստը, այդ թվում նաև թանգարանները դառնում են ավելի հանրությանը մոտ, ավելի դեմոկրատիզացվում են, ավելի բաց են դառնում, էլիտիստական շղարշը կարծես թե փորձում են հանել։ Պալատական ընկալումը, որ գլուխը կախ պետք է մտնել թանգարան, արվեստին պետք է գլխիկոր նայել, լուռ լինել, միմյանց հետ շշուկով շփվել, փոխվում է:

Համաձայն չե՞ք այդ մոդելի հետ:

Ոչ, որովհետև դա հնացած մոդել է: Դա միայն կտրում է հանդիսատեսին, հանրությանը թանգարանից, նաև արվեստից: Մենք խոսում են ինչ-որ համաշխարհային տենդենցներից, բայց լոկալ խնդիրներ կան: Այն ինչ-որ ես ասում եմ, դրանք համաշխարհային խնդիրներ են: Բայց լոկալ հարցեր կան, որոնք մեզ մոտ մի փոքր այլ են, և ավելի երկար ճանապարհ է պետք անցնել: Նույնը վերաբերում է նաև այդ ընկալմանը և արվեստի նկատմամբ վերաբերմունքին:

Օրինա՞կ:

Արվեստ նայելու մշակույթի զարգացման տեսանկյունից, թանգարան այցելելու տեսանկյունից, հանրությանը լայն իմաստով կրթելու տեսանկյունից: Ինչո՞ւ է ժամանակակից արվեստի ընկալումը հիմնականում լինում շատ կտրուկ, որովհետև այն հասկանալու, ընկալելու համար մեծ գիտելիքներ են պահանջվում: Շատ կոպիտ օրինակ բերեմ. մարդը սկզբում սովորում է այբուբենը, հետո սովորում է վանկերը, հետո սովորում է բառեր կազմել, այնուհետև սկսում է գրքեր կարդալ, և առաջին գիրքը, որն ինքը կարդում է օրինակ, մի մանկական հեքիաթ է լինում, որը շատ պարզ ու հասկանալի լեզվով է գրված: Ոչ ոք չի բերում հենց նոր կարդալ սովորած երեխային տալիս Ջոյսի «Ուլիսեսը»: Բնական է, մարդու մոտ շոկ կլինի, ընթերցանության նպատմամբ թշնամանք կառաջանա, և մարդուն կվանի: Նույնը վերաբերում է ժամանակակից արվեստին։ Չես կարող հանրության ինչ-որ շերտի, որը կարդացել է, օրինակ, մաքսիմում Թումանյանի «Գիքորը», տալ շատ ավելի բարդ ստեղծագործություն և ասել՝ դե սա էլ ընկալի: Այդ պատճառով ժամանակակից արվեստի ընկալման համար անհրաժեշտ է ոչ միայն «այբեննարանը» իամանալ, այլև շատ հարուստ «գրական փորձառություն»։ Սակայն արվեստը միշտ էլ բազմաթիվ շերտեր է ունեցել․ մարդիկ այսօր վիզուալ առումով իրենց ծանոթ պատկեր են տեսնում, թվում է, որ իրենք հասկանում են այդ աշխատանքը, բայց առաջին հայացքից ամենապարզ ֆիգուրատիվ ստեղծագործությունը շատ բազմապլան է: Մարդ սիրում է կոմֆորտ, ցանկանում է իրեն ծանոթ ու հասկանալի բան տեսնել, որը նա գիտի և դա է պատճառներից մեկը, որ հանրության պահանջները արվեստի նկատմամբ մեծասամբ շատ մակերեսային են:

Ինչի՞ արդյունքն է այդ մակերեսային մոտեցումը: 

Հանրային կրթությունից է գալիս: Եվ, ի վերջո, եթե խոսում ենք ժամանակակից արվեստի մասին, արվեստ տեսնելու հնարավորությունից: Մենք չունենք դա տեսնելու հնարավորություն Հայաստանում: Այսօրվա դրությամբ մեր երկրում չկա ինստիտուցիա, որտեղ մեր քաղաքացիները կարող են գնալ մշտապես, հետևողականորեն տեսնել հայկական ակտուալ արվեստ, ծանոթանալ հայ արդի ու ժամանակակից արվեստի զարգացմանը: Արվում են ժամանակավոր շատ լավ նախագծեր, լավ նախաձեռնություններ են լինում, լավ ցուցադրություններ….

Բայց դրանք մեծ հաշվով ինչ-որ «կղզյակներ են», որոնք չեն կարողանա լրացնել այն ինստիտուցիոնալ բացը, որն ունենք: Հայաստանում չկա ժամանակակից արվեստի թանգարան, ինչպես այն ընկալվում է ժամանակակից աշխարհում։ Այնպիսի ինստիտուցաիաները, ինչպես մերն է՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, չի կարող ամբողջությամբ այդ բացը լրացնել, հատկապես, որ մեր առաքելության շրջանակում մենք անում ենք մաքսիմալ հնարավորը հայ դիտողին, հայ արդի և ժամանակակից արվեստին ծանոթանցելու տեսանկյունից։

Հայկական իրականության մեջ մենք ժամանակակից արվեստի հետ խնդիր ունենք նաև այն տեսանկյունից, որ մենք այդ շերտը խորությամբ ուսումնասիրելու և հանրությանը ներկայացնելու հնարավորությունն արդեն ինչ-որ առումով կորցրել ենք, բաց ենք թողել, և գնալով ավելի է խորանում այդ բացը: Ավազն ինչպե՞ս է մատների արանքով գնում և չես կարողանում բռնել, այդպես էլ այս վերջին երեսուն տարին՝ պարզապես կորսված է: Հուսով եմ, կլինեն նախաձեռնություններ և կկարողանանք պետական-ինստիտուցիոնալ մակարդակով ֆիքսել այս ժամանակաշրջանը, ձեռք կբերվեն արվեստի գործեր և մշտական ներկայացված կլինեն, կուսումնասիրվեն և կարխիվացվեն: Մեծ բաց է այդ առումով նաև լուսանկարչության ոլորտում և ոչ միայն վերջին 30 տարվա կտրվածքով այլ շատ ավելի վաղ շրջանին էլ է դա վերաբերում։

Դեռևս պատերազմից առաջ մի նախաձեռնություն եղավ, որին ես ինքս ներգրավված էի: Ստեղծվելու էր ֆոնդ, որը ձեռք էր բերելու վերջին 30 տարվա արվեստանմուշներ: Նախագիծը պետական ֆինանսավորում էր ստացել, քայլեր էին ձեռնարկվում, 2020 թվականի սեպտեմբերին արդեն ժողովներ էինք անում և այլն: Հետո սկսվեց պատերազմն ու ամեն ինչ փոխվեց: 

Հուսով եմ, այս տարի նախաձեռնությունը ինչ-որ կերպ կշարունակվի, որովհետև դա շատ կարևոր է: Նմանատիպ մշակութային նախագծերը հույս են արթնացնում, որ ամեն դեպքում մենք այս ճահճից դուրս կգանք: 

Հայաստանում արվեստի ո՞ր ուղղությունն է առավել զարգացած:

Հայաստանում պատմականորեն կերպարվեստի ամենազարգացած ուղղությունը գեղանկարչությունն է եղել․ անգամ մինչև դասական ակադեմիական գեղանկարը, միջնադարում հենց մանրանկարչության մեջ են պահպանվել մեր գոհարները: Չնայած որ հաստոցային գեղանկարը բուն Հայաստանում սկսել է զարգանալ միայն 18-19-րդ դարում, նույնը կարող ենք ասել կլոր քանդակի մասին։

Նույնը այսօր՝ հիմնական ուղղությունը, այդ թվում նաև ժամանակակից արվեստում, մնում է պատկերը՝ գեղանկարչությունը, այն համեմատաբար ավելի զարգացած է, տարածված է ավելի շատ: Գեղանկարչությունն հիմա համաշխարհային մակարդակով նոր թափ է հավաքում: Եթե նայում ենք արվեստային հիերարխիային, միևնույնն է գեղանկարը կանգնած է ամենավերևում: Կոպիտ է հնչում, բայց դա ամեն դեպքում դեռ մնում է բարձրագույն, ամենակարևոր վիզուալ արվեստի տեսակը՝ բուրգի գագաթնակետին, որից ներքև են գտնվում մյուս բոլոր ձևերը: Նույն տրամաբանությամբ Հայաստանում էլ՝ ամենազարգացածը գեղանկարչությունն է: Իհարկե արդեն 80-ականների վերջից, 90-ականներից Հայաստանում սկսել են զարգանալ նաև այնպիսի ձևեր, ինչպիսիք են վիդեո-արթը, պերֆորմանսը, ինստալյացիան, բայց այդքան մեծ տարածում չեն ստացել ամեն դեպքում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։

Գեղանկարչի աշխատանքը որքանո՞վ է մեր երկրում գնահատվում: Արդյո՞ք նկարիչը կարող է արվեստով գումար վաստակել:

Մեզ մոտ շատ արվեստագետներ պետք է ուրիշ ոլորտում աշխատեն, որպեսզի կարողանան արվեստով զբաղվել: Այս զուտ իստիտուցիոնալ խնդրից զատ ծագում է նաև շուկայի բացակայության հարցը, չնայած այս երկու խնդիրը կարելի է ասել փոխկապակցված են: Օրինակ, մենք չունենք շատ կոմերցիոն պատկերասրահներ. կարծեմ մեզ մոտ դրանց թիվը հասնում է 3-ի կամ 4-ի: Հայաստանում արվեստագետներն հիմնականում ունեն «կոլեկցիոներներ», որոնց հետ աշխատում են և որոնց հիմնական մասը սփյուռքից է: Տեղացի կոլեկցիոներներ շատ քիչ կան: Այս ամենի պատճառով արվեստի շուկայական վիճակը ու արդյունքում արվեստագետի ֆինանսական բարեկեցությունն այնպիսի մակարդակի չէ, որ կուզեի տեսնել։ 

Այսինքն, ի՞նչ կարող ենք ենթադրել, Հայաստանում ժամանակակից արվեստը գնալով զարգանու՞մ է, թե՞ հակառակը:

Մի քիչ բարդ է գնահատել, հատկապես երբ պարզ չէ՝ ինչ ասել է ժամանակակից արվեստի զարգացում։ Պետք է խոսել դաշտի ընդհանուր վիճակի մասին, առողջ ու բարեկեցիկ միջավայրի մասին, ինչի արդյունքում կզարգանա այն ինչ պետք է զարգանա, այլ ոչ թե կկորի մոլախոտերի մեջ։ Ես շատ դրական եմ տրամադրված, քանի որ ավելի շատ են լինում ցուցահանդեսներ, և գնալով ավելի են ակտիվանում երիտասարդ շնորհալի արտիստները․ և ոչ միայն կերպարվեստում, այլև երաժշտության մեջ, գրականության ու կինոյի ասպարեզում: Մշակույթի նկատմամբ վերաբերմունքը՝ պետական իմաստով, միշտ եղել է շատ լուսանցքային: Դա գալիս է նաև մեր մշակույթի նկատմամբ միֆական ընկալումից, որ «մեր մշակույթը ամենալավն է», «մեր մշակույթից այն կողմ ոչինչ չկա»: Նաև այսպիսի տպավորություն կա՝ ենթագիտակցաբար ունենք մի տարածված ընկալում. «մեր մշակույթը այնքա՜ն լավն է, որ պետք չէ նրանով զբաղվել, ինքն իր հարցերը կլուծի»: Եվ դրա արդյունքում հայտնվել ենք ինչ-որ փակ շրջանում, երբ հայկական մշակույթ ասելով՝ հիմնականում հասկանում ենք մեր միջնադարյան, քրիստոնեական ժառանգությունը, որի դեմ ես իհարկե ոչինչ չունեմ, դա համաշխարհային գանձարանի անգնահատելի մաս է կազմում: Բայց դա մակերեսային ընկալում է, անհրաժեշտ է դրանից այն կողմ էլ տեսնել: Ինչու՞ մենք այդքան հեշտությամբ հրաժարվեցինք խորհրդային մոդեռնիզմից, ինչու՞ այդքան հեշտ քանդեցինք այդ շենքերը. որովհետև դրանք կարծես երբեք չեն էլ ընկալվել որպես մշակութային արժեք, որովհետև դրանք «բավականին հին չէին»: «Եթե անհասկանալի է, խորթ է, ուրեմն պետք է դա մերժել», սա գալիս է կրկին կրթության պակասից, այսինքն ոչ թե պակասից, այլ՝ բացակայությունից: 

Իսկ փոփոխության համար քայլեր արվո՞ւմ են:

Ստիպված եմ պատասխանել հարցով՝ ու՞մ կողմից։ Անհատական, մասնավոր բազմաթիվ նախաձեռնություններ են լինում, որոնք բավականին դրական ազդեցություն են ունենում։ Հիասքանչ նախագծեր, ցուցադրություններ, ներկայացումներ, համերգներ են լինում։ Սակայն այս ամենը կարծես արվում է ինչ-որ հստակ շրջանակի համար, որը տարիներ շարունակ չի փոխվում։ Որպեսզի այդ շրջանակը ընդլայնվի ու կարևորը՝ փոփոխվի, ավելի մասշտաբային բարեփոխումներ են պետք, թե՛ զուտ արվեստային, թե՛ կրթական ոլորտում։ Հուսամ, որ համապատասխան քայլերը կընդլայվեն ու կարագանան ամենաբարձր պետական մակարդակով։ 

Կարևորի մասին…

Մենք շատ ենք սիրում համեմատել Հայաստանն արտաքին աշխարհի հետ, հատկապես զարգացած տնտեսությամբ երկրների, ինչը մի քիչ արդար չէ կարծում եմ։ Սակայն շեշտեմ, որ մշակույթը միշտ ամենախոցելի կետն է և ոչ միայն Հայաստանում: Բոլոր պետություններում, եթե կա ֆինանսական ճգնաժամ, մշակույթը առաջին հերթին է տուժում: Կրճատումը միշտ առաջին հերթին լինում է մշակույթի ոլորտում, քանի որ մշակույթը պետական մակարդակով համարվում է ոչ կենսական անհրաժեշտության ոլորտ. դա անվտանգություն չի, առողջապահություն չի, կրթություն չի: Դրա համար պետություններն ամեն կերպ փորձում են իրենց վրայից թոթափել ֆինանսական բեռը. այո, պետության համար մշակույթի ֆինանսավորումը «բեռ է»: Ընկալումն այսպես է. «Ինչու պետք է բոլոր հարկատուները վճարեն այն բանի համար, որից չեն օգտվում բոլորը, այսինքն 100%-ը վճարում է մի բանի համար, որից օգտվում է 5%, կամ 10%-ը»: Եվ այդ պատճառով մշակույթի ոլորտը՝ բոլոր երկրներում, ստիպված է ամեն կերպ արդարացնել պետական ֆինանսավորումը: Դրա արդյունքում, շատ երկրներում ստեղծվում են օրինակ հարկային այնպիսի պայմաններ, որ մասնավոր սեկտորը շահագրգռված լինի մշակույթի ֆինանսավորման հարցում, և կիսի պետության հետ այդ ծախսերը։

Մի կարևոր խնդիր ևս. Մեր մշակութային հաստատությունները իրականում չգիտեն, թե ովքեր են օգտվում իրենց ծառայություններից, մեծ հաշվով խորությամբ ծանոթ չեն, թե ով է իրենց, այսպես կոչված «մշակութային սպառողը»: Չկա խորքային վիճակագրություն և դրա համար շատ դժվար է նաև պետական մակարդակով հասկանալ, թե որտեղ են բացերը և որ ուղղությամբ պետք է աշխատել: Եթե կրկին խոսենք «դրսի փորձի» մասին, ապա ամենալավ մշակութային միջավայրն ունեցող երկրներում այդ ինֆորմացիան ամենագլխավոր «գանձարանն է»: Մեզ մոտ քանի որ այսպես կոչված այցելուների սենգմենտացիա չկա, դրա համար շատ դժվար է որոշել, թե ինչպես պետք է կառուցես ծրագիրդ, դու չգիտես՝ ու՞մ համար ես աշխատում, ովքե՞ր են օգտվողները, որտե՞ղ են բացթողումները: Կարծում եմ բոլոր մշակութային հաստատությունները պետք է հստակ քայլել ձեռնարկեն այս ուղղությամբ, որպեսզի ապագայի ծրագրերը պոպուլիստական ու մերկապարանոց չլինեն, այլ հստակ բացը լրացնելուն ուղղված լինեն։

 

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի


«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Լուվրը թվայնացրել է իր ամբողջ հավաքածուն

Մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ու արհեստական ինտելեկտի ստեղծագործությունները

«Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

«Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշել

Բիզնեսն արվեստում. XX դարի ամենաթանկարժեք 10 կտավները

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

Խիստ մշակութային ռեկորդներ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ռեմբրանտ. հանճարի կործանումը

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

Եթե հայտնի բրենդները անիմե-կերպարներ լինեին

Արշիլ Գորկի. Լավագույն նկարները