«Արվեստ հանուն արվեստի». Մեծ հարցազրույց «Դոգմայի» Զառա Գևորգյանի հետ - VNews

«Արվեստ հանուն արվեստի». Մեծ հարցազրույց «Դոգմայի» Զառա Գևորգյանի հետ

es ashxatum em 2 Recovered 1 - «Արվեստ հանուն արվեստի». Մեծ հարցազրույց «Դոգմայի» Զառա Գևորգյանի հետ

«Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է: Հիասքանչ բասիստ, ադամանդյա վոկալ, ապշեցուցիչ կիթառ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են…Օ~, լինել այսքան երիտասարդ…». հենց այսպես է բնութագրել Դոգմա հայկական ռոք խմբին Իեն Անդերսոնը: Բանն այն է, որ 2010 թվականի սկզբին Դոգմայի վոկալիստ Զառան հրավեր ստացավ բրիտանական լեգենդար «Jethro Tull» խմբի հիմնադիր և ֆլեյտահար Իեն Անդերսոնից` մասնակցելու վերջինիս երևանյան համերգին: Արդյունքում, Զառան ելույթ ունեցավ Իենի հետ միասին` ներկայացնելով երկու երգ «Jethro Tull»-ի  և երկու երգ «Դոգմայի» երգացանկից:

zaraa 960x640 - «Արվեստ հանուն արվեստի». Մեծ հարցազրույց «Դոգմայի» Զառա Գևորգյանի հետ

Հիշելով այդ ֆանտաստիկ փորձառությունը՝ Զառան պատմեց. «2009 թվականին մենք կազմակերպեցինք «Jethro Tull»-ի հայաստանյան համերգը, որի նախապատրաստական ամբողջ ընթացքն անցկացրինք Իեն Անդերսոնի հետ: Մի օր խոսքի մեջ նրան ասացի, որ ես ու Վարդանը ռոք խմբում ենք հանդես գալիս, որի անունն է «Դոգմա»: Այդ ժամանակ մենք, նույնիսկ, ձայներիզ չունեինք, որպեսզի փոխանցեի նրան: Օրեր անց, երբ Անդերսոնն արդեն մեկնել էր, նրանից մի նամակ ստացա: Ասում էր, որ գտել է մեր «Խոսկապ»-ն ու հավանել: Ավելի ուշ, երբ կրկին հրավիրեցինք նրան՝ «Orchestral Jethro Tull » ծրագրով, ստացա երկրորդ նամակը. Անդերսոնը գրում էր, որ ուզում է՝ սպասվելիք համերգին 4 երգ կատարենք միասին. երկուսը՝ «Jethro Tull»-ի, երկուսն էլ «Դոգմայի» երգացանկից: Ես անսահման ոգևորվեցի բայց նաև անհանգստացա, քանի որ առաջին բալիկիս էի սպասում, որն էլ պիտի ծնվեր սեպտեմբերին: Համերգը նույնպես նախատեսված էր սեպտեմբերին…

Համերգի նախորդ օրն ինձ շատ վատ էի զգում՝ ջերմություն ունեի ու ձայնս կտրվել էր: Ասեմ, որ բալիկս ծնվել էր արդեն: Անդերսոնն էլ, ինձ տեսնելով ասաց, որ չանհանգստանամ. եթե հանկարծ չկարողանամ դուրս գալ բեմ, իրենց հետ ելույթ կունենամ Գերմանիայում կայանալիք առաջիկա համերգին: Համերգն, իհարկե կայացավ, մենք ելույթ ունեցանք միասին ու դա դարձավ կյանքիս ամենամեծ իրադարձությունը՝ երեխայի ծնունդից հետո»: 

ԴՈԳՄԱ. հայկական պրոգրեսիվ էթնիկ-ռոք՝ մետալ ոճում. հենց այս ժանրային տարբերակման մեջ են տեղավորել Դոգմայի երաժշտությունը՝ քննադատները. Զառայի պնդմամբ՝ նրանք էլ, ընդամենը համաձայնել են դրա հետ: Ինչու՞ հենց Դոգմա. այս հարցին ի պատասխան Զառան նշեց. «Դոգման անառարկելի ճշմարտությունն է, ինչն էլ մեզ համար երաժշտությունն է: Մենք կասկածի տակ ենք դնում ամեն ինչ, բացի երաժշտությունից: Իրականում, տարբեր որոնողական համակարգերում «Դոգմա» անվամբ շատ բան կա. այսինքն՝ մեզ բարդ է գտնել, բայց այդ տարիներին մենք դրա մասին չէինք էլ մտածում»: 

Խումբը ստեղծվել է 2008 թվականին, երկու երաժիշտների` բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի և կիթառահար Հենո Գրիգորյանի կողմից. վերջիններս նախկինում նվագել են հանրահայտ MDP խմբի կազմում: Ինչ վերաբերվում է Զառային նա խմբին միանում է պատահականության բերումով. իսկ թե ինչ պատահականության մասին է խոսքը, կարող եք լսել մեր աուդիո-զրույցում:

Շուտով խմբին է միանում նաև երաժիշտ-թմբկահար Դերիկ Վարդումյանը: Այդպիսով, «Դոգմա»-ն կազմավորված էր ու 2008 թվականի հունվարի 5-ին պատրաստ՝ ներկայանալու առաջին համերգային ծրագրով, որը, դեռևս, մտերիմների, ընկերների, երաժիշտների ու լրագրողների համար էր: Ինչպես պարզ դարձավ հետագայում, հենց այդ օրը Տիկնիկայինում սկսվեց խմբի հաղթարշավը…

zarara 960x640 - «Արվեստ հանուն արվեստի». Մեծ հարցազրույց «Դոգմայի» Զառա Գևորգյանի հետ

Հիշելով առաջին համերգը Զառան պատմում է. «Խմբի կազմավորումից շատ չանցած որոշեցինք փոքրիկ փակ համերգ կազմակերպել՝ հիմնականում մեր ընկերների ու լրագրողների համար: Այն կայացավ հունվարի 5-ին Տիկնիկայինի փոքր դահլիճում: 2 ամսում հասցրել էինք մոտ 6 գործ պատրաստել: Համերգին հիմնականում արձագանքեցին զարմանքով, մենք էլ հասկացանք, որ պետք է շարունակել: Ինչ վերաբերում է առաջին պաշտոնական համերգին, այն տեղի ունեցավ նույն թվականի փետրվարի 29-ին՝ Տիկնիկայինի մեծ դահլիճում: Ըստ նախնական որոշման մենք պիտի մեկ բեմի վրա ելույթ ունենայինք մի քանի այլ ռոք խմբերի հետ, որոնց մենակատարները կանայք են: Ինչ-ինչ պատճառներով այս խմբերի մասնակցությունը չստացվեց: Այսպիսով, որոշեցինք մենակ ելույթ ունենալ, ինչի համար էլ պետք էր համալրել համերգային ծրագիրը, քանի որ 30 րոպեի փոխարեն, մենք պիտի նվագեինք մեկ ու կես ժամ: Այդ ամբողջ ծրագիրը մենք ստացանք զրոյից՝ ընդամենը մեկ-մեկ ու կես ամսվա ընթացքում: Շատ բեղուն աշխատանքային շրջան էր. ես ամեն օր երգեր էի գրում-ջնջում: Համերգից հետո հասկացանք, որ արդեն իսկ մի շատ կարևոր բանի սկիզբ ենք դրել, որը պիտի առաջ տանենք»: 

Համերգին հաջորդեց 1 տարվա ակտիվ գործունեությունը՝ ակումբային ու փառատոնային համերգներով, ինչից հետո՝ խմբի 1-ամյակի առթիվ Դոգման սկսեց դեբյուտային ալբոմի ձայնագրման աշխատանքները. «Էթնիկ-մեթնիկ»-ը թողարկվեց 2009 թվականի դեկտեմբերին: Հաջորդի հերթը հասավ 2013 թվականին. Դոգման երկրպագուների դատին հանձնեց «Անդրդոգման», ևս 3 տարի անց՝ 2016-ին լույս տեսավ խմբի «Նա Նե» ալբոմը։ Սակայն առաջ չընկնենք ժամանակագրությունից ու նշենք, որ 2014 թվականին՝ 6-ամյա համատեղ ստեղծագործական աշխատանքից հետո Դերիկ Վարդումյանը որոշում է դադար վերցնել և ժամանակավորապես լքել թե՛ խումբը, թե՛ առհասարակ ռոք ասպարեզը: Շուտով Դոգմայի մաս կազմեց երիտասարդ թմբկահար Գոռ Ավետիսյանը։

zaraaaaa 960x601 - «Արվեստ հանուն արվեստի». Մեծ հարցազրույց «Դոգմայի» Զառա Գևորգյանի հետ

2012 թվականին «Դոգման» հրավեր ստացավ` մասնակցելու գերմանական հայտնի «Wave Gotik Treffen» փառատոնին, որի շրջանակում մայիսի 28-ին մենահամերգով ելույթ ունեցավ Լեյպցիգի կենտրոնական թատրոնում.  «Դահլիճը լիքն էր, բայց այնտեղ ոչ մի հայ չկար: Իհարկե, ցավալի է, որ դրսի հայերին այս տեսակի երաժշտությունը չի հետաքրքրում: Նույն իրավիճակն էր Լեհաստանում. ոչ մի հայ հանդիսատես: Ասեմ ավելին, մեր ալբոմներն էլ, հիմնականում, արատասահմանում են վաճառվել»: Խոսելով հայ ու օտարերկրացի հանդիսատեսի տարբերությունների մասին՝ Զառան նկատեց. «Արտասահմանցի հանդիսատեսը սիրում է «feedback» թողնել: Նրանք, սովորաբար, ծավալուն տեքստեր են գրում՝ նշելով ու հիմնավորելով իրենց կարծիքը: Հայ հանդիսատեսն, առավելագույնը,  կարող է կիսվել տպավորություններով ընկերների հետ, բայց քեզ հետ ուղիղ կոնտակտի դուրս չի գալիս»: 

2012 թվականի փետրվարի 25-ին «Դոգման» մաս կազմեց «Ա -ից Ա. Հարմոնիայի աշխարհ» երաժշտական համաշխարհային պրեմիերայի, որը երաժշտական բացառիկ համագործակցություն էր «Լույս» հիմնադրամի, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի (MIT), Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Դոգմա» խմբի միջև: Խումբը յուրովի ներկայացրեց 4 ստեղծագործություն, որոնք գրել էին Հայաստանի և Միացյալ Նահանգների հայ երեխաները «Հայփերսքոր» երաժշտական ծրագրի միջոցով՝ հռչակավոր կոմպոզիտոր և նորարար Թոդ Մաքովերի ղեկավարությամբ: Նույն թվականի սեպտեմբերի 29-ին Դոգման Հանրապետության Հրապարակում , որպես հրավիրյալ խումբ, նվագեց  աշխարհահռչակ «Red Bull X-fighters Jams» մոտոցիկլետային հնարքների ցուցադրության շոուին:

zar 960x646 - «Արվեստ հանուն արվեստի». Մեծ հարցազրույց «Դոգմայի» Զառա Գևորգյանի հետ

«Ես կարծում եմ, որ մենք ստեղծում ենք «արվեստ հանուն արվեստի». ինձ մոտ տպավորություն կա, որ այն, ինչ մենք անում ենք հիմա, գնահատվելու է հետագայում, հետո է հասկացվելու: Մենք արվեստի ժառանգություն ենք թողնում: Ես անդադար ստեղծագործում եմ՝ այդ տպավորությամբ»,- ասում է Զառա Գևորգյանը:

Խումբը մինչ օրս էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ ոչ միայն ստեղծագործելով, ներկայացնելով նոր ալբոմներ, հանդես գալով համերգային ծրագրերով ու համագործակցելով անվանի արտիստների հետ, այլև որդեգրել է ոլորտը զարգացնելու մարտավարություն: Մինչդեռ, խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցան Հայաստանում «Yerevan Summer Music Festival»  երեքօրյա բացօթյա փառատոնը,  «Music Drive» եռօրյա միջազգային փառատոնը, «Armenia in Rock» փառատոնը, ինքը՝ Զառան նախաձեռնեց և կազմակերպեց «Շրխկան պոեզիա» ծրագիրը: Խումբը նաև հեղինակեց «Ճամփորդություն դեպի Armenia In Rock փառատոն» ֆիլմը, որը վավերագրում է գործող հայկական ռոք խմբերի պատմությունները և ցույց տալիս, թե ինչպես են նրանք բոլորը պատրաստվում մասնակցել Armenia In Rock փառատոնին:

Ստորև կարող եք լսել Զառայի մտքերը հայաստանյան ռոքի, ռոքի հետ կապված կարծրատիպերի, ստեղծագործելու ու նորարարություններ անելու բարդության մասին և ոչ միայն: