Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Արտ հաուսն այն կինոն է, որը նախատեսված չէ լայն լսարանի համար: Այն անվանում են նաև հեղինակային, անկախ, փառատոնային, ոչ կոմերցիոն, էլիտար և ինտելեկտուալ կինո: Որպես կանոն, արտ հաուս ֆիլմերի հեղինակները չեն ձգտում տոմսարկղային հաջողության, նրանք հաճախ են միաձուլում տարբեր կինոժանրերը, նկարահանման նորարարական մեթոդներ կիրառում, լցնում ֆիլմը սիմվոլիկիկայով և շեշտադրում սոցիալական կամ հոգեբանական թեմաներ:
Կինոն ստացել է «ժամանցային» և «ինտելեկտուալ» տարանջատումները դեռևս 20-րդ դարի սկզբին: Արդեն 1950-ականներին ԱՄՆ-ում հայտնվեցին կինոթատրոններ, որոնք ցուցադրում էին նախապատերազմյան հոլիվուդյան, արտասահմանյան, անկախ ամերիկյան ցածր բյուջետային ֆիլմեր, որոնք նկարահանվել են առանց խոշոր կինոստուդիաների օգնության: Նման հաստատությունները կոչվում էին «art house», թարգմանաբար՝ «արվեստի տուն»: Ավելի ուշ՝ 1955 թվականին Փարիզում հիմնադրվեց CICAE արտ հաուս կինոթատրոնների Միջազգային կոնֆեդերացիան. այն գործում է մինչ օրս։ CICAE-ի անդամ է 1992 թվականին հիմնադրված Europa Cinemas միությունը, որի կազմում են եվրապական կինոն ներկայացնող կինոթատրոնները։
Ժամանակակից արտհաուսի «նախնիներն» են համարվում Դեյվիդ Գրիֆիթի «Անհամբերություն» և Սերգեյ Էյզենշտեյնի «Զրահակիր «Պոտյոմկին»» ֆիլմերը, որոնց ազդեցությունը եվրոպական կինոշարժման ուղղությունների զարգացման վրա նկատվում էր տասնամյակներ շարունակ։ Էյզենշտեյնի «Զրահակիր «Պոտյոմկին»» ֆիլմը հեղափոխական պրոպագանդա էր: Կինոնկարը նորարարական էր առաջին հերթին իր մոնտաժային լուծումների շնորհիվ. Էյզենշտեյնը վստահ էր՝ ֆիլմը պետք է մոնտաժել այնպես, որ այն հանդիսատեսի մոտ առավելագույն հուզական մթնոլորտ ստեղծի ու էմոցիոնալ արձագանք ստանա: Այս ֆիլմի շնորհիվ Էյզենշտեյնի ձեռք բերած միջազգային ճանաչումը հնարավորություն տվեց սովետական կինոռեժիսորներին նկարահանել «Հինը և նորը» ու «Հոկտեմբեր» ֆիլմերը. վերջինս ստեղծվեց 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակի առթիվ:
Օտարերկրացի կինոքննադատները բարձր գնահատեցին այս երկու ֆիլմերը։ Էյզենշտեյնի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր այնպիսի կառուցվածքային հարցերի վրա. ինչպիսիք են կամերայի անկյունները, ամբոխի տեղաշարժերը և այլն։ Նկարահանման նման տեխնիկայից օգտվել են նաև Վսեվոլոդ Պուդովկինն ու Ալեքսանդր Դովժենկոն: Արտհաուսի վրա ազդեցություն ունեցան նաև այնպիսի իսպանացի ավանգարդ արվեստագետներ, ինչպիսիք են Լուիս Բունյուելը և Սալվադոր Դալին (այո՛, այո՛, Դալին զբաղվել է ոչ միայն գեղանկարչությամբ. Դալիի արտհաուս ֆիլմերից է, օրինակ՝ «Ոսկե դար»-ը): Մեծ է նաև ֆրանսիացի դրամատուրգ և ռեժիսոր Ժան Կոկտոյի ֆիլմերի ներդրումը՝ արտհաուսի ստեղծման գործում:
Վերոնշյալ «ազդակներից» հետո էլ՝ 1920-ական թվականներին կինոհասարակություններում սկսեց տարածվել այն կարծիքը, որ ֆիլմերը կարելի է տարանջատել. «ժամանցային կինո, որն ուղղված էր զանգվածային լսարանին, և լուրջ գեղարվեստական կինո, որն ուղղված էր ինտելեկտուալ լսարանին»:
Այս տարիներին Անգլիայում Ալֆրեդ Հիչքոկը և Իգոր Մոնտիգը ստեղծեցին մի «Կինոընկերություն», որը համարում էին «գեղարվեստական նվաճում», առաջ եկան «դիալեկտիկական մոնտաժով սովետական ֆիլմերը», գերմանական «Universum Film AG» ստուդիայի էքսպրեսիոնիստական կինոնկարները, ինչպես նաև ֆրանսիական «Cinéma pur» ավանգարդ շարժումը, որի առաջնամարտիկներից էին դադաիստներ Ման Ռեյը, Ռենե Կլերը և Մարսել Դյուշանը:
1940-ականների կեսերի նկարահանված իտալական նեոռեալիզմի այնպիսի ֆիլմերն, ինչպիսիք էին Ռոբերտո Ռոսելինիի «Roma, città aperta»-ն, «Paisà»-ն և Վիտտորիո դե Սիկայի «Ladri di biciclette»-ն կարելի է համարվել «գիտակցված քայլեր՝ արտհաուսում»: 1940-ականների վերջին ամերիկյան հասարակության շրջանում տարածված կարծիք կար, որ իտալական նեորեալիզմը և եվրոպական այլ «լուրջ» ժանրերը տարբերվում են սովորական հոլիվուդյան ֆիլմերից: Այս տեսակետն ամրապնդվեց ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում և համալսարաններում «արտհաուս կինոթատրոնների» ստեղծմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «ամերիկյան կինոդիտողների զգալի հատվածը հոգնել էր հոլիվուդյան ֆիլմերից», և նրանք սկսեցին այցելել նորաստեղծ արտ հաուս կինոթատրոններ ՝ այլընտրանք գտնելու ակնկալիքով:
1950-ականներին վերջում ֆրանսիացի կինոգործիչները սկսեցին արտադրել ֆիլմեր, որոնք ոգեշնչված էին իտալական նեոռեալիզմից և դասական հոլիվուդյան կինոյից: Քննադատները այս ֆիլմերն անվանեցին «Ֆրանսիական նոր ալիք»:
Ֆրանսիական Նոր ալիքը շարունակվեց նաև 1960-ականներին: Նույն թվականներին «արտ հաուս» տերմինը ավելի լայն կիրառություն ստացավ ԱՄՆ-ում, քան Եվրոպայում: Բացի այդ, միացյալ Նահանգներում դրա նշանակությունը շատ ավելի լայն էր ու ներառում էր օտարալեզու, հեղինակային, փորձարարական, անկախ, վավերագրական ու կարճամետրաժ ֆիլմերը: 1970-ականներին այս տերմինն օգտագործվում էր, անգամ, գեղարվեստական կառուցվածք ունեցող եվրոպական պոռնոգրաֆիկ ֆիլմերի համար…
Այսուհետ արտհաուսը սկսեց թևակոխել իր զարգացման հետագա փուլերը. այնպիսի ընկերությունները, ինչպիսին է, օրինակ Miramax Films-ը սկսեցին աշխատել արտ հաուս ֆիլմերի հետ, որոնք խոշոր ստուդինաների կողմից արդեն հասցրել էին պիտակավորվել, որպես «կոմերցիոն առումով անհաջող» կինոնկարներ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո