Բիլի Այլիշի ֆենոմենը... - VNews

Բիլի Այլիշի ֆենոմենը…

27797624 1669644516454892 3754744839221384027 o 40 - Բիլի Այլիշի ֆենոմենը...

Բիլի Այլիշ. երգչուհի, որի հենց առաջին «Ocean Eyes» սինգլը հավաքեց ավելի քան 194 միլիոն դիտում Spotify-ում, իսկ «Bad guy» երգն արժանացավ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներին, այդ թվում՝ MTV EMA և «Գրեմմիի» նոմինացիա:

Բիլլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ’Քոնելը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում: Իռլանդական և շոտլանդական արմատներով Այլիշի ծնողներն են դերասանուհի, երաժիշտ և սցենարիստ Մեգի Բեյրդը և ամերիկացի դերասան Պատրիկ Օ’Քոնելը: Բիլիի ծնողական տունը գտնվում է Հայլենդ Պարկի տարածքում: «Հիմա Հայլենդ-պարկը դարձել է հանրաճանաչ վայր, բայց երբ ես այնտեղ էի մեծանում, դա դեռևս այդպես չէր», – ասել է Բիլլին: «Մենք անընդհատ կրակոցներ էինք լսում… երբեք չգիտեինք, թե ինչ սպասել: Իսկ մարդիկ կարծում են, թե ես հարուստ փոքրիկ աղջիկ եմ Լոս Անջելեսից»:

Բիլլին և նրա ավագ եղբայրը տնային կրթություն են ստացել, նրանց մայրը երգեր գրել էր սովորցնում երկուսին էլ: Ծնողների այս որոշման համար Բիլլին շնորհակալ է մինչ օրս: Երգչուհին կարծում է, որ սովորական դպրոցում նրան այդքան լուրջ չէին վերաբերվի, ինչն էլ վատ կանդրադառնար նրա հետագա գործունեության վրա: Մինչդեռ, տանը նրան ոչինչ չէր շեղում կրթվելուց ու երաժշտությամբ զբաղվելուց: Բիլին բազմիցս նշել է, որ եղբայրն ու մայրը նրա համար ոգեշնչման աղբյուր են:

Билли Айлиш и ее семья

Այլիշն՝ իր ընտանիքի հետ

Դեռևս 8 տարեկանից Բիլլին երգում էր մանկական երգչախմբում, արդեն 11 տարեկան հասակում նա հեղինակում է իր առաջին երգը, որը ապոկալիպսիսի մասին էր: Աղջիկը ոգեշնչվել էր «Քայլող մեռյալները» հեռուստասերիալից, որտեղից էլ տարբեր արտահայտություններ էր ընդգրկել երգում: Այս տարիներին Այլիշը մասնակցել է նաև մի քանի դերասանական լսումների և նկարահանվել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ռամոնա և Բիզուս»-ը և «Իքս մարդիկ»-ը: Առհասարակ, Այլիշին ոգեշնչում էր տարբեր տեսակի երաժշտությունը. նրան դուր էին գալիս ամերիկացի ռեփեր TierraWhack-ը, The Strokes ինդի-խումբը, բրիտանական Arctic Monkeys-ի ռոքերները, ինչպես նաև լեգենդար The Beatles-ն ու Ավրիլ Լավինը: Բիլլի Այլիշի հետաքրքրությունների ցանկը եզրափակում էին պարերը, սակայն, առաջ ընկնելով իրադարձություններից, նշենք, որ 2016 թվականին աղջիկը վնասվածք ստացավ ու հրաժեշտ տվեց պարային կարիերային:

Билли Айлиш и ее брат Финнеас

Բիլլին և նրա եղբայրը՝ Ֆիննեասը

2015 թվականի հոկտեմբերին Բիլլիի եղբայրը՝ Ֆիննեասը հեղինակեց մի լիրիկական երգ, որի անունն էր «Ocean Eyes»: «Ինձ անչափ դուր եկավ այդ երգը, ես շաբաթներ շարունակ չէի կարողանում հանել այն իմ մտքից»,- հետագայում հիշել է Այլիշն ու ավելացրել, որ երգը լսելուց օրեր անց իր պարի ուսուցչուհին խնդրում է ինչ-որ երգ ձայնագրել՝ առաջիկա պարային ելույթի համար, այդպիսով, Այլիշի ընտրությունը կանգ է առնում վերոնշյալ «Ocean Eyes» երգի վրա: Ելույթը հիացնում է բոլորին, Բիլլին ու Ֆիննեասը ձայնագրում են այն ու թաղարկում SoundCloud-ում, ինչպես արդեն արել էին այլ ձայնագրված երգերի հետ: Սակայն, ի տարբերություն մնացած երգերի, այս մեկը մեծ իրարանցում է առաջացնում ու արժանանում լայն ճանաչման և բարձր գնահատանքի: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Բիլլին ընդամենը 13 տարեկան էր:

«Մենք նստած էինք Starbucks-ում, երբ եղբայրս ինձ ասաց. «քույրիկ, մեր երգն արդեն 1000 մարդ է լսել, մեզ հաջողվեց դա անել»: Մենք կարծում էինք, թե հասել ենք մեր նպատակին, սակայն, ինչպես ցույց տվեց կյանքը, դա ընդամենը սկիզբն էր»:

Շուտով այն հնչեց «Everything, Everything» ֆիլմում ու «Runaways» սերիալում, ինչը իսկական հաջողություն էր դեռահաս աղջկա համար: Ավելի ուշ, Այլիշի երկու այլ երգեր՝ «Fingers Crossed»-ն ու «Six Feet Under»-ը դարձան «Pretty Little Liars» հայտնի սերիալի էպիզոդների սաունդթրեքերը: «Ocean Eyes»-ի անհավանական հաջողության ֆոնին՝ 2017-ի փետրվարին Այլիշը թողարկում է «Bellyache» սինգլը, որն առաջին անգամ ներկայացնում է «The Tonight Show Starring Jimmy Fallon» հայտնի հեռուստանախագծի շրջանակում:

Մեկ ամիս անց Այլիշը թողարկում է «Bored» թրեքը՝ որպես Նեթֆլիքսի «13 պատճառ, թե ինչու» հեռուստասերիալի սաունդթրեքի մի մաս: Վերջինիս հաջորդում են «Watch» և «Copycat» սինգլները, իսկ 2017 թվականի օգոստոսին երգչուհին հանրությանն է ներկայացնում իր «Don’t Smile at Me» մինի-ալբոմը. այն ճանաչվում է՝ ոսկե, իսկ դրանում ներգրավված երգերից մեկը՝ պլատինե: 2018 թվականի փետրվարին Այլիշը մեկնում է իր առաջին համերգային շրջագայության, որը անվանում է «Where’s My Mind»: Շրջագայությունը տևում է գրեթե 3 ամիս, ինչից հետո Այլիշը շարունակում է նոր երգեր թողարկել:

Երիտասարդ երգչուհուն հաջողվում է աննկատ չմնալ՝ արդեն սիրված աստղերի ֆոնին: Այլիշի դեբյուտային՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ստուդիական ալբոմը գլխավորել է Billboard 200 չարթը և դարձել է ԱՄՆ-ում 2019 թվականի ամենահաջողված ալբոմը։ Այն նաև զբաղեցրել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը։ Ալբոմը ներառում է Billboard Hot 100-ի թոփ 40-ում ընդգրկված 6 սինգլներ։ «Don’t Smile at Me» մինի ալբոմը ընդգրկվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի չարթերի թոփ 15-ում: Նրա մրցանակների շարքում են 5 Գրեմմի, 2 American Music Awards, 2 Գինեսի ռեկորդներ, 3 MTV Video Music Awards և 1 Brit Awards։ Այլիշը Գրեմմիի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրն է, ինչպես նաև երկրորդ երաժիշտն է, որը նույն տարում կարողացել է հաղթել Գրեմմիի չորս գլխավոր անվանակարգերում՝ «Լավագույն նոր արտիստ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ»։ 2019 թվականին Թայմն Այլիշին ներառել է իր՝ «Time 100 NEXT» ցանկում։

Արդեն այս տարի թողարկվել է դոկումենտալ ֆիլմ երգչուհու մասին, որը կոչվում է «The World’s A Little Blurry»: Ֆիլմում Բիլլին խոստովանում է, որ չնայած իր 53 միլիոն դոլար կարողությանը, նա դեռ ապրում է այն տանը, որտեղ անցկացրել է իր մանկությունը, և հաճախ քնում է ծնողների անկողնում, քանի որ «վախենում է հրեշներից»: Այլիշն ասում է, որ իր միակ փրկությունը երաժշտությունն է: Ֆիլմում Բիլլին հիշում է, որ 13-16 տարեկան հասակում իրեն դժբախտ էր զգում և գրեթե ամեն օր լաց էր լինում: Նրա խոսքերով, այդ տարիներին իրեն հաճախ այցելում էին ինքնասպանության մասին մտքերը, իսկ 14-15 տարեկան հասակում նա իրեն մարմնական վնասվածքներ էր հասցնում, քանի որ կարծում էր, որ «դրան արժանի է»: Այլիշը նաև պատմում է նյարդային համակարգի բնածին գենետիկ խանգարման հետ իր պայքարի մասին. հիվանդությունն արտահայտվում է սիստեմատիկ շարժողական ու ձայնային ջղաձգումներով, որոնց կառավարումը գրեթե անհնար է: Տարիների ընթացքումը աստղը սովորել է մի քիչ ճնշել հիվանդության դրսևորումները, սակայն նա քաջ գիտակցում է, որ դա վերջնական հաղթանակ չէ:

Այսպիսով, ինչու՞ են սիրում Բիլլի Այլիշին

Երաժշտության համար

Մեր օրերի գեղանկարչության, ճարտարապետության և արվեստի այլ ոլորտներում նկատվում է մինիմալիզմի ձգտում: Երաժշտությունն էլ բացառություն չէ. Բիլլիի երաժշտությունը մեղմ է ու պարզ, այն հարուստ չէ ձայներով: Այլիշը շեշտադրում է երաժշտության կիսատոներն ու ինտիմ, մտերմիկ տրամադրությունը: Երգչուհին, կարծես, իր գաղտնիքներն է շշնջում լսողի ականջին: Բիլլին խոստովանել է, որ իր համար կարևոր է, որ իր երգերը հնարավոր լինի նվագել դաշնամուրի կամ կիթառի վրա:

Խոսքերի համար

Բիլլի Այլիշի երգերի խոսքերը նման չեն այն ամենին, ինչ անում են երիտասարդ փոփ-երգչուհիները: Դրանք զուրկ են ամեն տեսակ լիրիկական ապրումների մասին վերամբարձ տեքստերից: Դրանք մռայլ են, տխուր և չափազանց ուղիղ: Այդուհանդերձ, Բիլլին երգում է առանց ավելորդ դրամատաիզմի, նույնիսկ՝ որոշակի անտարբերությամբ: Այդ տեքստերը զուրկ են կեղծավորությունից ու վստահություն են ներշնչում: Մեկ անգամ չէ, որ Բիլլին նշել է, որ հոգնել է ժամանակակից երաժշտությունից՝ դրան բնորոշ երջանիկ կամ դժբախտ սիրով, հանդիպումներով ու բաժանումներով: Այդ է պատճառը, որ նա ու իր եղբայրը ստեղծում են ալտերնատիվ իրականություն, որտեղ շեշտադրված են լրիվ այլ զգացողություններ:

Համարձակության ու անկեղծության համար

Բիլլին չի վախենում անտրամադիր ու մելանխոլիկ լինել: Նա լավ գիտի, թե ինչ է նշանակում անցումային տարիք՝ իր բոլոր խնդիրներով ու չի վախենում բարձրաձայն խոսել այդ ամենի մասին: Հոգեկան առողջություն, մարդկանց և, մասնավորապես, դեռահասների վախեր, հասարակության և անհատի հարաբերություններ, նույնիսկ՝ սուիցիդալ մտքեր և անօրինական թմրանյութեր. Բիլլին ոչ մի բանի մասին չի լռում, ինչն էլ նրան դարձնում է «կողքի բակի աղջիկ»՝ իր տարիքակից երկրպագուների համար: Դա ազատության հզոր զգացողություն է, որ տալիս է Բիլլին ունկնդիրներին. չկան տաբուացված թեմաներ, ամեն ինչի մասին կարելի է և պետք է խոսել:

Բիլլին չի գնում նորաձևության ետևից

Բիլլի Այլիշը չի հետևում նորաձևությանն ու չի ձգտում համապատասխանել այդ ինդուստրիայի վերջին ստանդարտներին: Նա կրում է այն, ինչն իրեն դուր է գալիս, նույնիսկ, եթե ուրիշների համար դա տարօրինակ կամ ծիծաղելի է: Գուցե աղջիկը թաքցնում է իր մարմինը, որպեսզի հանդիսատեսի ամբողջ ուշադրությունը լինի նրա ստեղծագործության վրա: Բիլլին չի հասկանում, թե ինչպես կարելի է ձգտել նմանվել ուրիշներին, հագնվել՝ ինչպես հագնվում են բոլորը:

Ամեն ինչ՝ սեփական ուժերով

Բիլլին, անկասկած, DIY-արտիստ է, ինչը «Do It Yourself» անգլերեն արտահայտության հապավումն է և նշանակում է «արա ինքդ»: Չնայած այն հանգամանքին, որ Բիլլին պայմանագիր ունի Interscope Records ընկերության հետ, երգչուհին իր բոլոր երգերը ստեղծում է իր հայրական տան ննջասենյակում՝ եղբոր հետ: Այո՛, նա որևէ պրոդյուսերական թիմի «արտադրանքը» չէ, նա իրական է:

Նա խոսում է ամբողջ Z սերնդի անունից

Իր գործընկերների նկատմամբ Բիլիի ամենակարևոր առավելություններից մեկն այն է, որ նա իր հանդիսատեսի հասակակիցն է: Նա անձամբ գիտի իր ունկնդիրների խնդիրների մասին և խոսում է նրանց հետ նույն լեզվով: Նրա տխուր, մելամաղձոտ երաժշտությունը նորաձևություն կամ միտում չէ, դա մի ամբողջ սերնդի ընդհանրացված տրամադրություն է: