Գործ կա. Ես աշխատում եմ... Անահիտ Մուշեղյան - VNews

Գործ կա. Ես աշխատում եմ… Անահիտ Մուշեղյան

.jpg - Գործ կա. Ես աշխատում եմ... Անահիտ Մուշեղյան

«Աշխատանք գտնելը գրեթե անհնար է». այսպես են կարծում այն մարդիկ, ովքեր ունեն անվերջ վախեր աշխատելուց, ինքնակրթվելուց, գիշերները չքնելուց, առավոտյան վաղ արթնանալուց և այս վախերի շարքն անվերջ կարելի է թվարկել: Չաշխատողների մի մասը պնդում է, որ Հայաստանում առանց ծանոթի հնարավոր չէ աշխատանք գտնել, մյուս մասը կարևորում է դիպլոմի առկայությունը, մեկ այլ խումբ էլ տխուր է, որովհետև առանց «մաղարիչ» ոչ ոք նրանց գործի չի ընդունի: Ահա, այս երեք կարծրատիպերն են, որ շատերին մեխում են տեղում, և անգամ թույլ չեն տալիս որևէ աշխատանք գտնելու փորձ անել, իսկ արված մեկ, երկու անհաջող փորձերից հետո՝ բարև, անհո՛ւյս անգործություն:

VNews-ի «Ես աշխատում եմ» շարքը կբացահայտի մարդկանց, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և միշտ պատրաստ են նոր մարտահրավերների։

Ես

Ես Անահիտ Մուշեղյանն եմ։ 27 տարեկան։

Մասնագիտություն

Մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ եմ։

Աշխատում եմ որպես

Կանանց, մասնավորապես՝ հղիների և հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց յոգայի ուսուցիչ և դուլա։

No description available.

Մի օր հասկացա

Մի օր հասկացա, որ պետք է դառնամ մեկը, ով օգնում ու ապրումակցում է իր «նմաններին»։ Երբ ես փորձառություն ունեցա որպես կին անցնել ֆիզիկական ու հոգեբանական տարբեր փուլերի միջով՝ հղիությունից մինչև մայրություն, հասկացա, որ կանայք, լինելով մեր հասարակության ամենաառանցքային մասնիկներից մեկը, իրենց կյանքի տարբեր անցումային շրջաններում երբեն դառնում են խոցելի և միայնակ։ Նրանք ամենից շատն ունեն աջակցության, փոխօգնության և իրենց կանացի ուժը, իմաստությունն ու էներգիան գիտակցելու և կիրառելու կարիք։ Այս առաքելությունն իրականացնելու համար պետք են մեծ քանակով «մարտիկներ», և ես կարող եմ, ցանկանում եմ ու պիտի դառնամ նրանցից մեկը։

Աշխատանք գտնելը

Սա ինձ համար մեծ փոփոխություն էր՝ թե մասնագիտական առումով, թե բարոյահոգեբանական։ Քանի որ միշտ աշխատել եմ իմ մասնագիտական ոլորտում, հիմա սկսել եմ զրոյական կետից, ինչը այդքան էլ հեշտ չէ։ Հիմնական դժվարությունը երևի թե քեզ վստահող ու հավատացող համայնք ձևավորելն է, որի համար ժամանակ է հարկավոր, ինչպես նաև աշխատել ու անդադար խոսել, բացատրել, քարոզել, որ կանայք կոտրեն իրենց «փակ շղթաները» ու թույլ տան իրենց հետ աշխատել, այլ կերպ ասած՝ օգնեն քեզ՝ օգնել իրենց։

Իմ կյանքը փոխվեց

Իմ կյանքը փոխվեց աստիճանաբար, ոչ միանգամից։ Առաջին ծիլերը հայտնվեցին դեռ 5 տարի առաջ, երբ իմ յոգայի ուսուցչի շնորհիվ սկսեցի նորովի բացահայտել սեփական մարմինս, միտքս ու դրանց փոխվելու ու կատարելագործվելու հնարավորությունը։ Հենց կանանց յոգան ու առհասարակ՝ հղիներից մինչև նոր մայրիկների հետ աշխատանքն ինձ առավել հետաքրքրեց և սկսեցի ավելի խորապես ուսումնասիրել երեխա ունենալուց հետո։ Շրջապատիս տարբեր երիտասարդ կանայք հաճախ ինչ-որ հարցերով դիմում էին, խորհուրդ կամ օգնություն խնդրում, ու ես գնալով համոզվեցի, որ այստեղ հսկայական անելիք կա։ Մի մեծ կտոր պատասխանատվություն, որը իդեալական աշխարհում գուցե դպրոցները, հատուկ հաստատություններն ու ծննդատները վերցնեին իրենց վրա, բայց քանի որ այդպես չէ, պիտի ինքներս գործենք։

Ես վերջապես սկսել եմ ինձ զգալ իմ տեղում, գիտակցել գործիս կարևորությունն ու նաև չլարվել դրան ժամանակ հատկացնելու մտքից։ Հակառակը՝ ամեն օր մեծ ոգևորությամբ եմ լցվում, երբ ևս մի կին ինչ-որ արդյունքի է հասնում իմ փոխանցած գիտելիքի շնորհիվ։ Սրան հասնելու համար բավականին երկար ժամանակ, կամք ու կենտրոնացնում է պահանջվել ինձնից։ Դժվար է մի օր արթնանալ ու այս ռացիոնալ աշխարհում կայացնել ոչ այնքան ռացիոնալ որոշումներ։ Բայց բախտս երևի թե բերել է, քանի որ իմ կյանքում ամենամեծ ազդեցությունն ու դերը ունեցող մարդը՝ ամուսինս, «բզբզացել է» ու վստահություն ներշնչել, որ կարող եմ ու արժե սկսել սկզբից։

Աշխատանք առանց ծանոթի

Այս ոլորտում չի աշխատում ծանոթի մեխանիզմը։ Մարդիկ, երբեմն լրիվ անծանոթ, պարզապես վստահում են քեզ  էներեգետիկայով և վերջ, դու դառնում ես նրանց կին ուղեկիցը իրենց հղիության, ծննդաբերության, հետո մայրության շրջանում։

Աշխատանքում կարևոր է

Աշխատանքում կարևոր է ոչ թե շատ կամ քիչ, լավ կամ վատ աշխատելը, այլ աշխատանքի հետ սերտաճած, միահյուսված ու ներդաշնակ ապրելու ցանկությունն ու ձգտումը։ Ես հասկացել եմ, որ եթե ջրբաժան ես դնում «աշխատելուդ» ու «ապրելուդ» միջև, հավանաբար դեռ փնտրտուքի մեջ ես, ու գուցե ժամանակ ու կամք է հարկավոր, որ բավականաչափ անկեղծ լինես ինքդ քեզ հետ, որ սկսես զբաղվել միայն նրանով, ինչը քո մի տրամաբանական մասնիկն ես համարում, այլ ոչ արտաքին աշխարհից եկած բան։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Աշխատանքիս արդյունքում աչքիս առաջ կատարելագործվում են մարդիկ, նրանց մարմինն ու միտքը, լույս աշխարհ են գալիս երեխաներ, կանայք ավելի են մոտենում իրենց իմաստությանն ու ներդաշնակությանը, իսկ աշխարհը, հուսամ, մի քիչ ավելի լավն է դառնում։

Խորհուրդ

Միշտ եղեք արթուն, գիտակից ու մնացեք ձեր կենտրոնում։ Մնացած ամեն ինչն այս աշխարհում ինքնահոսի վրա է, հետևաբար պետք չէ միջամտել, պարզապես հարկավոր է դիտարկել, թե ինչ է կատարվում ու սովորել դառնալ ավելի լավը։