Գործ կա. Ես աշխատում եմ... Մարիա Ծառուկյան - VNews

Գործ կա. Ես աշխատում եմ… Մարիա Ծառուկյան

ոեռ - Գործ կա. Ես աշխատում եմ... Մարիա Ծառուկյան

Աշխատանք գտնելը գրեթե անհնար է». այսպես են կարծում այն մարդիկ, ովքեր ունեն անվերջ վախեր աշխատելուց, ինքնակրթվելուց, գիշերները չքնելուց, առավոտյան վաղ արթնանալուց և այս վախերի շարքն անվերջ կարելի է թվարկել: Չաշխատողների մի մասը պնդում է, որ Հայաստանում առանց ծանոթի հնարավոր չէ աշխատանք գտնել, մյուս մասը կարևորում է դիպլոմի առկայությունը, մեկ այլ խումբ էլ տխուր է, որովհետև առանց «մաղարիչ» ոչ ոք նրանց գործի չի ընդունի: Ահա, այս երեք կարծրատիպերն են, որ շատերին մեխում են տեղում, և անգամ թույլ չեն տալիս որևէ աշխատանք գտնելու փորձ անել, իսկ արված մեկ, երկու անհաջող փորձերից հետո՝ բարև, անհո՛ւյս անգործություն:

VNews-ի «Ես աշխատում եմ» շարքը կբացահայտի մարդկանց, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և միշտ պատրաստ են նոր մարտահրավերների։

Ես

Մարիա Ծառուկյան կամ նույն ինքը՝ էն կարմիր մազերով աղջիկը։ Շուտով կդառնամ 24 տարեկան․ տանը մնացած համարվելու իդեալական տարիք է։

Մասնագիտություն

Դիպլոմով իրանագետ եմ, բայց ինձ իրանագիտության ոլորտում երբեք մասնագետ չեմ համարել:  Համալսարանից ժառանգել եմ կապույտ դիպլոմ ու պարսկերենի իմացություն:

Աշխատում եմ որպես

Հիմա և արդեն երկու տարի է աշխատում եմ որպես ՍՄՄ մասնագետ, կամ ինչպես սիրում ենք ասել՝ սմմշիկ:

Մի օր հասկացա

Մի օր դարձա 18 տարեկան ու ուղեղիցս ծանուցում ստացա, որտեղ բառացի գրված էր․ «Անվճար ապրելու Ձեր լիմիտը վերջացել է, խնդրում ենք upgrade անել պլանը հետագա ծառություններից օգտվելու համար»: Ծանուցումից երկու շաբաթ անց արդեն աշխատում էի խանութում՝ որպես վաճառող-խորհրդատու:

Աշխատանք գտնելը

Գրողը տանի, ես դեռևս չգիտեմ՝ ինչ է նշանակում դժվարությունների բախվել աշխատանք գտնելու հարցում։ Իհարկե հենց սկզբից չեմ աշխատել «երազանքի» գրասենյակում, բայց կարևորը գիտակցումն է, թե ինչ պետք է անել այնտեղ հայտնվելու համար:
Մի փոքր ինքնավստահություն (իմ պարագայում դա մի փոքր շատ էր), սեփական անձը cooool ներկայացնելու կարողություն ու կարծես ամեն ինչ ստացվում է: Եթե չի ստացվում առաջին անգամից, ապա կստացվի տասներորդից, կարևորը` never give up!

Իմ կյանքը փոխվեց

Աշխատանքից հետո կյանքը փոխվում է գրեթե բոլոր առումներով: Առօրյայում սկսում ես ավելի շատ գնահատել սուպերմարկետների ակցիաներն ու զեղչված ապրանքները, իսկ մասնագիտական կյանքում անգամ մարդկանց ընկալումն է փոխվում․նրանք դառնում են լիդեր, հավաքվում քո բազայում, ինչպես ասում է հայտնի ասացվածքը “Все мы лишь лиды в чьей-то CRM”:

Աշխատանք առանց ծանոթի

«Աշխատանք ծանոթովն» անքան անծանոթ է ինձ, ինչքան առանց ծանոթի աշխատանքը շատերին:
Երբեք չեմ օգտվել այս «հնարավորությունից», թերևս առիթներ եղել են: Նախ կրկնակի պատասխանատվություն ես ստանձնում և՛ քեզ համար  և՛ այն մարդու, ում «խորհրդով» քեզ ընդունել են: Իսկ հետո սկսում ես սովորել, որ քո փոխարեն ուրիշները կանեն, կօգնեն, կգտնեն, դա դառնում է բնավորություն ու պրոյեկտվում նաև ընթացիկ աշխատանքների վրա:
Մի խոսքով, ծանոթով գործի հետ «գործ չունեք»:

Աշխատանքում կարևոր է

Կարևորը երկրորդականից տարբերելը ու կարգապահությունը: Ի դեպ, երկուսն էլ իմ թույլ կողմերն են:

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Անպատճառ: Սիրելուց բոլորին ու ամեն ինչ սիրում եմ անպատճառ: Առհասարակ պատճառներ կարելի է փնտրել այն ժամանակ, երբ սերն է պակասել (ճիշտն ասեք՝ երգելով կարդացի՞ք):

Խորհուրդ

Բոլորս էլ սիրում ենք «տժժիկներ», ճամփորդություններ ու ինչքան էլ մեր ֆիդերում շեյրենք, որ «ամենաթանկ հաճույքները ձրի են», դա այդքան էլ այդպես չի:
Դեռ դեռահասության տարիքից էի փորձում անկախ լինել ու դրա ձեռբերման առաջին պայմանը, ըստ իս, հենց ֆինանսապես անկախանալն էր: Երազում էի, որ առաջին գործս մատուցող լինելը լիներ, բայց այդպես էլ չստացվեց:
Սկսեցի խորհրդատու-վաճառողից, անցում կատարեցի Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկի մարքեթինգի բաժին՝ համատեղելով մեկ այլ ստարտ-ափի հետ(այդ ընթացքում աշխատում էի 12 ժամ ու գրում դիպլոմային), որից հետո մինչև հիմա աշխատում եմ Deem Communications-ում որպես SMM Manager: Լավ է, չէ՞:
Կարևորը որևէ կետից սկսելն է ու ամեն հաջորդ փուլն անցնելիս մեկ այլ նպատակ սահմանելը, մինչև որ կհասնես դրակոնի փուլին: Ասում են՝ այդտեղ հասնելուց հետո դրախտ ես ընկնում:

Հ․Գ Ի դեպ, մինչև հիմա էլ բաց եմ մեկօրյա մատուցողի աշխատանքի առաջ – ամաններ ջարդել, պատվերները խառնել, մանրը եղածից ավել տալ․ այս ամենը պարտադիր օրակարգում լինելու է: