fbpx

Ես Սյունե Սևադան եմ…

Ես 23 տարեկան եմ… Արդեն մի քանի ժամ։ Դեռ տարբերություն չեմ զգում, բայց կզգամ։

Երբ ես դեռ հավատում էի… փորձում էի արդարացումներ գտնել։ Մեջս մի բան շխկոցով կոտրվել է, էլ արդարացումներ չեմ հորինում, ու հավատում եմ միայն ուղիղ ու բացճակատ քայլերին։

Ինչ էլ լինի… կյանքի բոլոր իրավիճակները հանգուցալուծվում են քեզ համար ամենալավ տարբերակի մեջ։ Ուղղակի ավելի ուշ ես հասկանում։

Գուցե չհավատաք, բայց… ասում են, որ սկյուռիկները միշտ «որդեգրում են» ծնողազուրկ ձագուկներին։

Կուզեի բոլորն իմանան իմ մասին, որ… չեմ հպարտանում այն ամենով, ինչն ինձնից կախված չէ։ Օրինակ, որ հայ եմ, մազերս սև են, իգական սեռ ունեմ, և այլն։

Ես դեռ հավատում եմ… որ կտեսնեմ այն երեխային, ում մայրը, պատմվածքիցս ազդվելով, որոշեց չդադարեցնել հղիությունը ու պահպանեց իրեն։

Անկեղծ լինելը… առողջ ապրելակերպ է։

Սոցցանցերում հայտնի լինելը… ոչինչ է՝ գլոբալ առումով։ Կարևոր է՝ ինչ ես կարողանում դեպի լավը փոխել։ Թե չէ հայտնի լինելը բարդ բան չի։

Իմ ամենասիրելի հեղինակը… Բրոդսկին է, վերջին երեք օրերին բարձս իր գրքի հետ ենք կիսում։

Հեմինգուեյը… շատ համակրելի տղամարդ էր, որը, գուցե, այդպես էլ չգրեց իր կյանքի ամենակարևոր գիրքը։

Ես կարդում եմ Մաթևոսյան, որ… չմոռանամ, որ ինձնից ոչինչ չեմ ներկայացնում։

Հավատացեք… որովհետև առանց հավատալու ավելի դժվար է։

Սերիալներն այսօր..․սոցցանցային լավ թեմա են՝ քննարկման համար։

Իմ հաջողությունն ունի միայն մի գաղտնիք… հույսը դնել միայն ինձ վրա։ Ինձ չեն օգնել, չունեմ գրական «կնքահայր», ինձ այլ մեկը չի «բացահայտել» կամ ասպարեզ բերել։ Ես եմ, ինձնով եմ, գնում եմ։

Սիրում եմ… այն մարդկանց, որոնք ծիծաղացնում են ինձ, որ ինձնից վարակվեն ու իրենք էլ ծիծաղեն։

Ինձ կարող է հունից հանել… անտարբերությունը։

Գրելը… որոշում է։

Ամենաշատը երազում եմ… տպագիր գիրքս տեսնել՝ գերմաներեն թարգմանված։

Պաթետիզմը բնորոշ է… զգայական մարդկանց։ Սովորաբար չեն ուզում պաթետիկ լինել, բայց ստացվում է։

Մարդի՛կ, եկեք լինենք… Չէ, եկեք չլինենք։ Եկեք ուղղակի ապրենք։

 Եվ այնուամենայնիվ… երբ մեզ թվում է, որ հոգնել ենք, էլ ուժ չկա պայքարելու «թշնամու» դեմ,  նա էլ է մեզ հետ միաժամանակ նույնը մտածում։ Ու եթե մի փոքր էլ դիմանանք, հաղթելու ենք։ Մի հրաշալի մարդ է ասել ինձ սա։

Եվ սերն է, սերն է մեզ առաջ տանում… որ հետո էլ մենք իրեն առաջ տանենք։

Ճաշակը… հմտություն է, որի հետ պետք է աշխատել։

Ես կարողանում եմ լինել անկեղծ, որովհետև… այդպես ավելի հեշտ է։

Ասում են՝ ինձ նմանակող աղջիկներ կան և դա… հետաքրքիր է, քանի որ ինքս ինձ նմանվել դժվար թե ուզեի։

Պետք չէ… փնտրել սև կատու՝ մութ սենյակում։ Բա որ գտնե՞ք։

Ինչևէ… հարցերին պատասխանելն ավելի բարդ է, քան սկզբում էր թվում։

Մեր երիտասարդությունը… բազմաշերտ է՝ ծայրահեղ վատից մինչև ընտիր մարդիկ։ Բոլոր սերունդների երիտասարդության պես։

Ես ծնվել եմ «Բիթլզի» միջազգային օրը և… «Բիթլզը» իմ երաժշտական լավագույն տասնյակում չէ, ավելի ծանր երաժշտություն եմ սիրում։ Բայց անխոս, ֆանտաստիկ են։

Կինը կարող է ուժեղ գրել… եթե չփորձի տղամարդ լինել՝ կարդացվելու համար, և չփորձի շատ ավելի կանացի լինել-մտածել-զգալ, քան կա իրականում։

Ժամանակակից գրողներից ամենաշատը… հարգում եմ այն մարդկանց, որոնք  ուշադրությունն իրենց վրա են կենտրոնացրել ու հետևողականորեն աշխատում են տեքստերի հետ։

Կուզեի չունենալ… այն, ինչ կարծում եմ, թե ինձ անհրաժեշտ է՝ սխալմամբ։

 Ես հիմա արդեն… հասկացել եմ, որ ամենախոսունը արարքներն են։ Դրանց բացակայությունը ջնջում է  ցանկացած բառ ու զգացողություն։

Գեղեցիկն ինձ համար… սովորություն է։

Իմ հմայքը… Արհեստականորեն հմայիչ չլինելու մեջ է։ Ինչ կամ՝ կամ։

Կուզեի՝ էլ ինձ չհարցնեն… ջրաչափի թիվը։ Տանել չեմ կարողանում այդ ընթացակարգը։

Կինոն այսօր… բազմաշերտ է:

Ես հիմա այլևս… «տասը» թիվը չեմ արտաբերում «տաս» տարբերակով, արմատացած սխալը ստացվեց ուղղել։

Այդուհանդերձ…  Սխալները պետք են, հենց ուղղելու համար։

Ես Սյունե Սևադան եմ, ես… աղջիկ եմ, որը տանը ոտաբոբիկ է քայլում։

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը այստեղ:


Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Arevik d’Or-ն ու 3 թմբլոները [հետաքրքիր պատմություն]

Ես Գոհար Հարությունյանն եմ…