Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ - VNews

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Թերեզաաա min - Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Թերեզա Ամրյանը ազգությամբ եզդի է, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի դոցենտ: Թերեզան նաև զբաղվում է գրականությամբ: Վերջերս լույս է տեսել նրա առաջին վեպը, որը պատմում է հայաստանաբնակ եզդի մի կնոջ ճակատագրի, ընտանիքի և նրա անցած ճանապարհի մասին..

Զրուցել ենք հեղինակի հետ գրքի մասին և ոչ միայն…

Թերեզա, արդյո՞ք կա եզդիական գրականություն ու ի՞նչ առանձնահատկություններ այն ունի:

Իհարկե, եզդիական գրականություն եղել է և կա։ Եզդիական գրականության առանձնահատկություններից մեկը ժողովրդի բանահյուսական հարստությանը միահյուսվելու կարողությունն է։ Ինձ հատկապես դուր են գալիս մերօրյա եզդի բանաստեղծուհիների գործերը, որ աչքի են ընկնում ջերմությամբ և գունեղությամբ։ Ի դեպ, իմ սիրելի եզդի բանաստեղծուհիները, ի տարբերություն ինձ, ստեղծագործում են մայրենի լեզվով։

Թվում է՝ Հայաստանում եզդի կանայք, մասնագիտական իմաստով համեստ կյանք են վարում. արդյո՞ք միշտ է այդպես եղել:

Համաձայն եմ, ներկայում Հայաստանում եզդի կանայք ավելի համեստ մասնագիտական կյանք են վարում։ Դրա պատճառն այն է, որ շատ աղջիկներ զրկված են կրթություն ստանալու իրավունքից և հնարավորությունից։ Խորհրդային Հայաստանում եզդի կանայք ավելի ակտիվ էին․ շատերը զբաղվում էին գիտությամբ, բժշկությամբ, մանկավարժությամբ և այլն։ Իմ կարծիքով կանանց ակտիվության նվազումը համայնքում սկսեց 1990-ական թվականներից․ համայնքի մշակութային կյանքը շատ թուլացավ և՛ Երևանում, և՛ մարզերում։ Եվ հենց 1990-ականաններից սկսած ձևավորվեց մի կարծրատիպ, որի համաձայն՝ եզդիներն առհասարակ կրթություն չեն ստանում, չգիտեն ինչ բան է գիրքը, ինչ բան է թատրոնը և այլն։

Արդյո՞ք եզդիական ավանդույթներն ու սովորույթները ինչ-որ չափով կարող են պատնեշ հանդիսանալ կնոջ մասնագիտական (ձեր դեպքում՝ գրական) գործունեության ճանապարհին:

Ցավոք, սխալ կարծիք է տարածվել, իբր ավանդույթները խոչընդոտում են կանանց զարգացմանը։ Իրականում, խոչընդոտները ստեղծվում են ավանդույթները սխալ մեկնաբանելու և դրանք ի չարս օգտագործելու հետևանքով։
 

Առհասարակ, ինչպիսի՞ն է լավագույն կինը՝ ըստ եզդիների: Ո՞րն է նրա բնութագիրն ու առաքելությունը:

Լավագույն կինն ըստ եզդիների՝ խաղաղություն և ներդաշնակություն բերող կինն է։
 

Իսկ մասնավորապես դուք ինչպե՞ս և ինչու՞ որոշեցիք մտնել գրական ասպարեզ:

Նախկինում միշտ էլ գրում էի, բայց իմ գրածները շատերի հետ չէի կիսում։ Չհրատարակված գործերիս առաջին ընթերցողն իմ լուսահոգի դասախոս Լուսյա Ղազարյանն էր․․․ Նա ասում էր, որ գրելը հրաշքներ է գործում, նա համոզում էր, որ միշտ գրեմ։ Մոտ մեկ տարի առաջ սկսեցի ընթերցողի դատին ներկայացնել պատմվածքներս․ զգում էի, որ պետք է դրանցով կիսվեմ շատերի հետ։
 

Ի՞նչ խոչնդոտների բախվեցիք, կամ ի՞նչն օգնեց Ձեզ:

Այն բախտավորներից եմ, որ ոչ մի խոչընդոտի չի բախվել։ Հենց սկսեցի իմ գրած գաղտնիքները ցույց տալ աշխարհին, հայտնվեցին և ինձ քաջալերեցին լավ մարդիկ, գրչակից ընկերներ, հրաշալի խմբագիրներ։
 

Այսօրվա դիտակետից նայելով՝ գո՞հ եք, որ հենց այս ուղին եք ընտրել:

Ինձ թվում է՝ այս ուղին է ինձ ընտրել, որովհետև եկել էր մի պահ, երբ այլևս չէի կարող թաքցնել իմ գրածները։ Եթե ստեղծագործությունն ու ընթերցողը գտնեն իրար, դա կնշանակի, որ ճանապարհը ճիշտ է ընտրել ինձ։
 

Թերեզա, ձեր առաջին գեղարվեստական մեծ գործն է. կարծում եք վեպ հեղինակելու համար առաջնային է լավ ու ճկուն գրելու ունակությո՞ւնը, թե՞ հեղինակի ապրածն ու զգացածը… գուցե մեկ այլ բան:

Իմ կարծիքով վեպ հեղինակելու համար շատ կարևոր է հեղինակի զգացածն ու նրա փորձը, իսկ գրելու ունակություններն անընդհատ կարող են փոխվել, կարող են աճել, դառնալ ավելի ճկուն, և իհարկե, խմբագրի աշխատանքի շնորհիվ կարող են մեծապես հղկվել։
 

Կարո՞ղ ենք վեպը համարել «ինքնակենսագրական». եթե այո՝ ինչու՞ են, ըստ ձեզ, հեղինակներն իրենց ապրածը գրականություն դարձնում. գու՞ցե ապրումակցում գտնելու համար, կամ փորձը փոխանակելու…

Վստահ եմ, որ հեղինակները գրականություն են դարձնում ամենաթանկը, որ ունեն։ Ըստ իս՝ գրողն իր պատմություններն ու իր իրականությունն է փոխանցում ընթերցողներին։ Դժվարանում եմ միանշանակ կերպով վեպը «ինքնակենսագրական» համարել․․․ Վեպում ներկայացված է մի իրականություն, որ գոյություն ունի անցյալում, ներկայում կամ ապագայում։ Այդ իրականությունը ամեն մի ընթերցողի կողմից յուրովի է մեկնաբանվելու․ այդ պահին արդեն կարևորվելու է ոչ միայն հեղինակի, այլև ընթերցողի փորձը։
 

Իսկ ի՞նչ կա եզդի կնոջ «ճամպրուկում»:

Եզդի կնոջ ճամպրուկում կան հասարակ մարդկային պատմություններ, կա ցանկացած կնոջ փնտրտուք՝ մայրերի և տատերի անցած արահետները գտնելու, ազգակից և ոչ ազգակից քույրերի երազանքների փշրանքները հավաքելու համար։
Փետրվարի 18-ին, ժամը 19։00-ին տեղի կունենա Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի շնորհանդեսը։


5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Ամեն-ամեն ինչ Դերենիկ Դեմիրճյանի մասին…

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Խուլիո Կորտասար. Փարիզաբնակ արգենտինացին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]