Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Կամերային թատրոնի անցյալ տարվա դժվարությունների ու գալիք ծրագրերի մասին զրուցել ենք թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանի հետ:
Համաճարակի հայաստանյան բռնկումից առաջ մեզ մոտ ընթանում էին նոր ներկայացման փորձեր: Խոսքը «Կեսարի խրախճանքը» ներկայացման մասին է, որը նախորդ տարվա մարտի վերջին պետք է բեմ բարձրանար, սակայն չեղարկվեց՝ կորոնավիրուսի պատճառով: Փորձերը վերսկսվեցին ամռանը, երբ հույս կար, որ համաճարակը գնում է մարման, սակայն մեր հույսերը կրկին չարդարացան: Արդեն երրորդ անգամ՝ դեկտեմբերին վերսկսեցինք փորձերը, և, ի վերջո, ներկայացումը հանձնեցինք հանդիսատեսի դատին: Հունվարից ներկայացումը հանձնել ենք հանդիսատեսի դատին, և եթե հաշվի առնենք, որ բավական հաճախ է ենք այն ցուցադրում ու միշտ՝ լիքը դահլիճով, կարող ենք ուրախությամբ ասել, որ այն սիրվել է:
Բացի այդ, մեր պլաններում այլ ներկայացումներ նույնպես կային, որոնցից մեկն էր «Փնտրվում է տղամարդ» ներկայացման րիմեյքը. արդեն այսօր՝ մարտի 1-ին այն նույնպես կհանձնենք թատերասերի դատին: Ներկայացումը տարիներ շարունակ եղել է թատրոնի խաղացանկում, այժմ ներկայանալու մի քիչ փոփոխված տարբերակով՝ րիմեյքով: Րիմեյքն ընդունված գործելաոճ է կինոյում, մենք փորձել ենք այն կիրառել նաև թատրոնում: Այդպիսով, արդեն բեմադրված և խաղացված գործը վերաբեմադրվում է՝ նոր դերասանական կազմով, ռեժիսորով ու բեմանկարչությամբ:
Ամիսներ շարունակ թատրոնի շենքը չգործեց, և մենք ստիպված եղանք նախաձեռնել տարբեր առցանց նախագծեր, որպեսզի թե՛ հանդիսատեսը չկորցնի իր հետաքրքրությունը թատրոնի հանդեպ, թե՛ թատրոնի ստեղծագործական կազմը չկորցնի իր մոտիվացիան: Մենք օգտագործեցինք բոլոր հնարավորությունները, որ տալիս էր համացանցը. հոլովակներ, առցանց ներկայացումներ, աուդիո ներկայացումներ, փոքրիկ հաղորդումներ և այլն: Երբ օգոստոսին թույլատրելի դարձան բացօթյան ներկայացումները, մենք բաց չթողեցինք այդ հնարավորությունը և մեր բոլոր ուժերը ներդրեցինք՝ մեր նորակառույց շենքի և Պոլիտեխնիկական ինստիտուտի համատեղ բակում բացօթյա հարթակ ստեղծելու գործին: Այդպիսով, ունենալով մեր բացօթյա, փոքրիկ անկյունը՝ մենք խաղացինք շուրջ 23 ներկայացում. հանդիսատեսը սիրեց այդ ֆորմատը:
Այժմ արդեն խնդիրները կապված են համաճարակային կանոնների պահպանման հետ. մենք հետևում ենք, որ հանդիսատեսը մուտք գործի թատրոն՝ բացառապես դիմակներով, ջերմաչափում ենք, խնդրում ենք, որ պահպանեն սոցիալական հերավորությունը և այլն: Հոգ ենք տանում նաև թատրոնի լավ օդափոխության մասին: Թեև, կարծում եմ, որ հանդիսատեսն այնքան էր կարոտել թատրոնը, որ պատրաստ է գալ՝ չնայած վերոնշյալ բոլոր բարդություններին. այդ մասին փաստում են մեր լեփ-լեցուն դահլիճներն ու ամենշաբաթյա 5-6 ներկայացումները:
Արդեն հանձնել ենք հանդիսատեսի դատին «Կեսարի խրախճանքը» և «Փնտրվում է տղամարդ» ներկայացումները, ունենք ևս մեկ պրեմիերա, որը կոչվում է «Հայն ու հայը». ներկայացումն արդեն մեր թատրոնի խաղացանկում է: Նախատեսում ենք ևս երկու պրեմիերա, սակայն այդ մասին խոսել դեռևս չեմ ցանկանա, քանզի ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ չգիտես, թե վաղն ինչ կլինի: Այնուամենայնիվ, տարին նոր է սկսվել և մենք մեծ ակնկալիքներ ու անելիքներ ունենք:
Կամերային թատրոնը հեղինակային թատրոն է, և մեր ներկայացումների զգալի մասը պատկանում է հայ հեղինակ Արա Երնջակյանին, որի գործերը բեմադրում է թե՛ ինքը, թե՛ այլ ռեժիսորներ: Այդպիսով, մեր խաղացանկի մեծ մասը հայ հեղինակի պիեսներ են, և այդ տենդենցը շարունակական է լինելու:
Կամերային թատրոնում, մշտապես, շատ առողջ սերնդափոխություն է տեղի ունենում, մենք միշտ ուրախ ենք տեսնել մեր շարքերում նոր ու երիտասարդ դերասանների ու ռեժիսորների: Ընդ որում, մենք ունենք մեծ վստահություն նոր սերնդի դերասանների հանդեպ. նրանց զգալի մասը անմիջապես հրավիրվում է հենց գլխավոր դերերի համար՝ ստանալով մեծ հնարավորություն ու, իհարկե, ստանձնելով ահռելի պատասխանատվություն: Այս պահին մեր թատրոնում են ստեղծագործում շատ տաղանդավոր դերասաններ Մհեր Ալաբեկյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Նարեկ Ալեքսանյանը, որը հանդես է գալիս «Կեսարի խրախճանքը» ներկայացման շրջանակներում: Վերոնշյալ «Հայն ու հայը» ներկայացումը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը, որը նաև ներկայանում է որպես դերասան: Ներկայացման դերասանական կազմում է նաև Սարգիս Շողունցը. նա միայն այս տարի կավարտի ինստիտուտը:
Մի փոքր բացելով չակերտները՝ նշեմ, որ Դավիթ Ալեքսանյանը շուտով կներկայացնի ևս մեկ ներկայացում՝ «5 պատմություն սիրո մասին»: Ներկայացման շրջանակներում հանդես կգան Կամերային թատրոնի երիտասարդ սերդի դերասաններ Մխիթար Ավետիսյանը և Էվա Խաչատրյանը:
Վիդեո
Ֆոտո