Էմի Ուայնհաուս. ֆենոմենալ կին ու երաժիշտ - VNews

Էմի Ուայնհաուս. ֆենոմենալ կին ու երաժիշտ

05 5 - Էմի Ուայնհաուս. ֆենոմենալ կին ու երաժիշտ

Էմի՝ սոուլի լեգենդ, որն առաջին հերթին մարդ էր, ում գլխին չափից շատ բան էր կոտրվել, և հետո միայն՝ տաբլոիդների ինտրիգային վերնագրերի հերոս, որի «Back to Black» ալբոմը դարձավ ամենահաջողովածը՝ 21-րդ դարի Բրիտանիայում: Էմի՝ ֆենոմենալ կին ու երաժիշտ, որին չհաջողվեց գլուխ հանել կյանքից՝ մենակ:

Մայիս 2007. Էմի Ուայնհաուսը հարցազրույց է տալի MTV-ին: Չդադարելով մաստակ ծամել՝ երգչուհին քթի տակ մրթմրթում է, որ իրեն ամենևին չի հետաքրքրում հանդիսատեսը, որ ինքը երաժշտություն է գրում՝ իր իսկ համար, որ թքած ունի հաջողության վրա ու ուզում է, որ իրեն ուղղակի հանգիստ թողնեն, թողնեն՝ հանգիստ ստեղծագործել: Ամբողջ զրույցի ընթացքում ընկճված ու անտարբեր Էմին հայացք չի նետում ո՛չ հարցազրուցավարին, ո՛չ տեսախցիկներին: Բայց բավական էր այն, որ հաղորդավարը հիշատակեր Թրինսի անունը, որը ցանկություն էր հայտնել հանդես գալ Էմիի հետ նույն բեմում, երգչուհու աչքերը սկսում են փայլել. նա ոգևորությամբ պատմում է իր այլ կուռքերի մասին, որոնց հետ նույնպես կցանկանար աշխատել: Մայիս 2007. բարդ էր պատկերացնել, որ ընդամենը 4 տարի անց նա այլևս չի լինի մեզ հետ՝ նույն իրականության մեջ ու կհամալարի տաղանդավորների ու դժբախտների շարքերը՝ 27 ակումբը: Հանդիսատեսն էլ առաջին հերթին կարտաբերի նրա տողերը կախվածության ու «rehab»-ի մասին:

9HlnqiFhhyni519t50y9iA wide - Էմի Ուայնհաուս. ֆենոմենալ կին ու երաժիշտ


They tried to make me go to rehab but I said ‘no, no, no’

Նրանք ստիպում էին ինձ բուժվել թմրանյութային կախվածությունից, բայց ես ասացի՝ «ոչ, ոչ, ոչ»


Լի կեղեքող հուսահատությամբ՝ Սոուլի պատմության ամենահիշվող տողերից մեկը, որ ժամանակի ընթացքում վերաճեց անպատեհ բառախաղի. յուրաքանչյուր առաջինը՝ Էմիի մասին իր խոսքը սկսում էր հենց այս տողերով: «Rehab». երգ, մի կնոջ մասին, որը վստահ է՝ թմրամոլությունից բուժվելու կարիք չունի: Այստեղ յուրահատուկ ողբերգություն կա. երգը, որը դարձավ Էմիի այցեքարտը, մասնիկն ու վերարտադրումն էր՝ իրական պայքարի պատմության, որն էլ ավարտվեց 2011-ին: Պարտությամբ: Կին, որը չէր ուզում պառկել կլինիկայում, մի առավոտ այդպես էլ չարթնացավ. պատճառը՝ ալկոհոլային ծանր թունավորում, ինչը չկարողացավ հաղթահարել նրա՝ բուլիմիայից և թմրանյութերի հետ պայքարից ուժասպառ եղած մարմինը: Նա միշտ ու անկեղծորեն ասում էր, որ գրում է իր իսկ զգացմունքների մասին և ուզում է, որ մարդիկ հետաքրքրվեն միայն իր երաժշտությամբ, սակայն աշխարհի բոլոր տաբլոիդներն առաջին հերթին իրենց զգոն հայացքն ուղղում էին երգչուհու կյանքի սկանդալային շրջադարձերի վրա՝ նույնպիսի լույսի ներքո ներկայացնելով նույնիսկ նրա ողբերգական մահը:

Հուլիսյան այդ տխուր առավոտից անցել է տաս տարի, հետո արդեն Էմիի կյանքը շարունակություն գտավ ուրիշների հիշողություններում. պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը նրան նվիրեց «Uptown Special» ալբոմը, թողարկվեցին երգչուհու ծնողների հուշագրությունները, նկարահանվեցին բազմաթիվ ֆիլմեր «իսկական Էմիի» մասին: Այդուհանդերձ, դրանք բոլորը պատմում են երգչուհու մահվան նույն սրտաճմլիկ, բանալ պատմությունը, որը նմանվում է մի որևէ քաղաքի կրիմինալ ամփոփագրի, որտեղ քիչ թե շատ հեշտ է հերոին ձեռք բերել: Անհաջող ընտանիքից մի ջահել աղջիկ վատ շրջապատ ընկավ, սկսեց թմրանյութեր օգտագործել, ինչի պատճառով կանգնեց մահվան շեմին, հետո փոխարինեց թմրադեղերն ալկոհոլով ու մահացավ: Իսկ ի՞նչ եղավ իրականում:

Նրա կերպարը 50-60 ականների գըրլ բենդի դիվայի ու դաջվածքներով դեռահասի խառնուրդ էր. և դա դուր եկավ մարդկանց: Մինչդեռ նրա մակարդակի աստղերը, սովորաբար, նման էին աստվածուհիների, որոնք իջել էին Օլիմպոսից ՝ հանդիսատեսին մի կում ամբրոսիա բերելու համար, Էմին, ավելի շատ «Էդիթ Պիաֆ էր». նա Օլիմպ էր բարձրանում ամեն մի ելույթի հետ, ու ամեն մի ելույթից հետո իջնում էր երկիր, կյանք, որտեղ նա սովորական կին էր՝ մի քիչ անվստահ ու հեշտությամբ ընկնող սեփական կրքերի թակարդը:

Эми Уайнхаус - Биография, факты, фото, джаз | JazzPeople

Կախվածության մեջ գտնվող մարդու դեմքը, բուլիմիայից հյուծված մարմինը, մեծ ու խառնաշփոթ սանրվածքը, մոխրագույն մաշկն և գրոտեսկային դիմահարդարումը. այսպիսին են Էմիին հիշում, նույնիսկ, ամենահավատարիմ երկրպագուները: Իրոք, բարդ է մտաբերել, որ ժամանակին նա վարդագույն այտերով, առողջ ու ուրախ աղջիկ էր:  Էմին ծնվել է Հյուսիսային Լոնդոնում, 1983 թվականի սեպտեմբերի 14-ին: Նրա նախնիները լեհ և ռուս էմիգրանտներ էին, ծնողները՝ հասարակ աշխատավորներ: Հայրը՝ Միչը, տաքսու վարորդ էր, մայրը ՝ Ջենիսը՝ դեղագործ: Այնուամենայնիվ, Ուայնհաուսների ընտանիքում երաժիշտներ նույնպես կային. հայրական գծով տատիկը 1940-ական թվականներին սերտ կապերի մեջ էր բրիտանացի ջազմեն Ռոնի Սքոթի հետ, իսկ մոր եղբայրները պրոֆեսիոնալ ջազ երաժիշտներ էին, դե իսկ Էմիի հայրը Սինատրա էր երգում դստեր համար՝ օրորոցայինների փոխարեն: Բայց այս բոլորի մեջ Էմիի սիրելին տատիկն էր՝ Սինտիան, որի անունը դաջված է երգչուհու թևին: Հենց Սինտիա տատիկի պնդմամբ էլ Էմին ընդունվեց երաժշտական ​​դպրոց, սակայն երգելն ու նվագելը առաջին հերթին հենց իր՝ Էմիի նախասիրություններն էին: Ժամանակին իր մանկության ընկերուհու՝ Ջուլիետայի հետ նա, նույնիսկ, բենդ էր կազմել՝ «Sweet and Sour»:

Էմին սկսել է վաստակել 16 տարեկանից, այդ թվում՝ երաժշտությամբ: Երբ աղջիկը դեռ Ազգային երիտասարդական ջազ նվագախմբի մենակատար էր, նրա լավագույն ընկերը ներկայացրեց Էմիի կատարումներից մեկը A&R ընկերությանը: Հանկարծ Էմին մենեջեր ունեցավ ու սկսեց պարբերաբար հանդես գալ ակումբներում՝ դասական ջազային երգացանկով: Հետագա զարգացումները նմանվեցին դասական երաժշտական ​​հեքիաթի.շատ չանցած երգչուհին կձայնագրի էր իր առաջին «Frank» ալբոմը, որը անհայտ երիտասարդ երգչուհուն անսպասելի համբավ կբերի: 2004 թվականի իր հարցազրույցում Էմին ծիծաղում ու համաձայնում է, երբ հարցազրուցավարը նրան անվանում է՝ «աղջիկ՝ հասարակներից»: «Ինձ պերճախոսության դասեր տվեցին, բայց դե… մի ակնաջով մտնում էր, մյուսից՝ դուրս գալիս»: Սրան կարող էր հաջորդել մի պատմություն, որի հերոսուհին բանվոր դասակարգից հասել է արժանի փառքի, բայց դեռ հիշում է, որ ինքը «Jenny from the block»-ն է, հսկայական հոնորարներ է ստանում ու ապրում է երկար տարիներ՝ համերգներ տալով աշխարհի լավագույն բեմերում: Ամեն ինչ այդպես էլ կլիներ, եթե նրա պատմությունը սկզբունքորեն այլ չլիներ՝ ի սկզբանե:

Hr12S0M3y77WzFmUBjgs w wide - Էմի Ուայնհաուս. ֆենոմենալ կին ու երաժիշտ

Էմիի ծնողները առանձնապես երկար ժամանակ չէին տրամադրում դստերը: Շուտով, հայրը լքեց ընտանիքն ու գնաց մեկ այլ կնոջ մոտ, իսկ մայրը, իր իսկ խոսքերով, չգիտեր, թե ինչպես կարելի է վերահսկել Էմիին, և, ըստ ամենայնի, չէր նկատում, թե ինչ է կատարվում դստեր հետ: Մանկության տարիներից Ուայնհաուսը դժգոհ էր իր կազմվածքից և դեռահասության ընթացքում «մի հիանալի» դիետա էր գտել. ուտում էր այն ամենն ինչ ուզում էր, իսկ հետո, ուղղակի, փսխում էր: Մայրը խոստովանում է, որ ինքը դրան ոչ մի նշանակություն չէր տալիս, ինչպես և հայրը. երկուսն էլ որոշել էին, որ դա կանցնի: Տասնչորս տարեկանից Էմին հակադեպրեսանտներ էր ընդունում, մինչև մի օր հայտնաբերեց իր ավագ եղբոր ՝ Ալեքսի կիթառը և, իր իսկ խոսքով, երաժշտության միջոցով գտավ բարդությունները հաղթահարելու կատարյալ միջոց: Երգչուհու դեբյուտային ալբոմը, որի մասին հիշատակեցինք, պարզապես սիրային երգերի հավաքածու չէր. դրանք բոլորը նվիրված էին նրա նախկին ընկերոջը:

Հասարակ աղջիկ Էմին պրոդյուսեր Սալամ Ռեմիի հետ ձայնագրեց բարդ ջազային ալբոմ: Արտառոց հեշտությունը, որով Էմին կատարում է դժվար գործերը, զարմանալի ջերմ վոկալը, հետաքրքիր ինտոնացիան, սրամիտ պոեզիան. այս ամենը մեկ գիշերվա ընթացքում Ուայնհաուսին աստղ դարձրին ու փոխեցին նրա կյանքը: 20-ամյա աղջիկն այս ամենին պատրաստ չէր. մի որոշ ժամանակով նա հեռացավ երաժշտությունից, սկսեց ապրել մենակ, թափառել փաբերով, The Libertines լսել ու մարիխուանա ծխել:

UWjOzUVYLXowXERC fXimQ wide - Էմի Ուայնհաուս. ֆենոմենալ կին ու երաժիշտ

Փաբերից մեկում էլ Էմին հանդիպեց իր կյանքի ճակատագրական սիրուն ու ապագա ամուսնուն՝ Բլեյք Ֆիլդեր-Սիվիլին: Շուտով նրանց սադոմազոխիստական ​​հարաբերությունները լավ նյութ կդառնան տաբլոիդների համար, Բլեյքն էլ կծանոթացնի Էմիին կոկաինի և հերոինի հետ: Նրանք միմյանց կցավեցնեն՝ ֆիզիկապես ու հոգեպես: Միևնույն ժամանակ, հենց Բլեյքի մասին կգրվեն «Back to Black»-ի գրեթե բոլոր երգերը: Արդյունքում, Էմին դարձավ թմրամոլի և քաղաքային խելագարի հենց այն կարծրատիպը, որին չեն անդրադարձել միայն ամենաալարկոտները: Նա կորցրեց իր ընկերներին, բեմում լինելու ունակությունն ու ապրելու մղումը: Զույգը մեկ բաժանվում էր, մեկ՝ միանում: Նրանք փորձում էին միասին բուժվել կախվածությունից, հետո միասին էլ վերադառնում էին թմրանյութերին: Շուտով Բլեյքին ձերբակալում են, ավելի ուշ՝ նա ամուսնալուծվում է Էմիից: Այդուհանդերձ, եթե չլիներ Բլեյքը, չէր լինի նաև իկոնիկ «Back to Black» երգը, որը ըստ Մարկ Ռոնսոնի, Էմին գրել է երեք ժամում:


You know that I’m no good

Դու գիտես, որ ես լավը չեմ: 


«Հասարակ աղջկանից» Էմին վերածվեց աղջիկ-փորձանքի: Երկրորդ ալբոմի լավագույն երգերից մեկը`«You know that I’m no good»-ը, խոսում է Ուայնհաուսի ցավի ու ինքնաոչնչացման անհասկանալի մղման մասին: «Amy Winehouse: The Untold Story» ֆիլմում Բլեյքը նշում է, որ Էմին չէր կարողանում արտահայտել իր հույզերը, դրա համար էլ ինքնաարտահայտվում էր երաժշտությամբ: Գուցե և դա այդպես է, թեև բարդ է հավատալ մեկին, ով հայտարարում է՝ «երբեմն ես միայն թմրանյութ էի տուն բերում, որովհետև Էմիից ավելի քիչ էի վաստակում»: Ինչպես և բարդ է մինչև վերջ հավատել Էմիի հոր՝ Միտչ Ուայնհաուսի ափսոսանքին՝ իմանալով, որ նա իսկապես մտածում էր, թե դուստրը բուժման կարիք չունի: Դժվար է հավատալ, որ երգչուհին ինքն իրեն դավաճանել է միայնակ՝ առանց նրան թմրանյութ մատակարարող մարդկանց, բայց որ ամենակարևորն է ՝ առանց այն մարդկանց, ովքեր երկար տարիներ կողքից նայել են, թե ինչպես է նա սպառում իրեն, և վստահ են եղել, թե դա կանցնի՝ ինքն իրեն: Բարեբախտաբար, երգչուհու կողքին էին նրա ընկերները, բայց նրանց ջանքերը բավարար չէին: Էմիի մանկության ընկերները, ընկերները՝ երաժշտական աշխարհից և նույնիսկ թիկնապահները հիշում են նրան, որպես սիրող և պատրաստակամ աղջիկ, որին նրանք անդադար փորձում էին փրկել:


…and if my daddy thinks I’m fine

… և եթե հայրս կարծում էր, թե ես լավ եմ


Պատրաստակամությունն այն հատկությունն է, որն առանձնապես հաճախակի չի կիրառվում Էմիի անվան կողքին. իզուր: Երգչուհին հսկայական գումարներ էր ծախսում բարեգործության վրա: Anti-slavery International, WaterAid և UNICEF. Էմին աջակցություն էր ցուցաբերում հիմնադրամներին, որոնք օգնում էին երեխաներին: «Պարզապես խնդրեք Էմիին և նա ամեն բան կանի». ասում էին բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները:

Ինչ վերաբերվում է իր իսկ հանդիսատեսին. ժամանակի ընթացքում Էմին ավելի ու ավելի էր հեռանում երկրպագուներից: Միթչ Ուայնհաուսը հիշում է, որ իր կարիերայի ամենասկզբում Էմին վերցնում էր իր ձայնագրությունները, որպեսզի լսի մեքենայում ու հասկանա, թե ինչպես են մարդիկ ընկալում դրանք: Բայց արդեն 2007-ին՝ այն նույն հարցազրույցի շրջանակներում, երգչուհին ակնհայտորեն արտահայտում էր իր պոֆիգիզմը՝ հանդիսատեսի կարծիքի նկատմամբ: Իր կյանքի ևս 4 տարիներն Էմին անցկացնում է այնպիսի տառապանքների մեջ, որոնք նրան թույլ չեն տալիս իսկապես զգալ հանդիսատեսի սերը: Այս ամենի հետ զուգընթացաբար են աճում դեպրեսիան, ատելություն ինքն իր ու իր մարմնի նկատմամբ:

Эми Уайнхаус навсегда: почему весь мир боготворит стиль британской певицы | Marie Claire

Տարօրինակ, զվարճալի, երբեմն վախեցնող, 27-ում ողբերգաբար մահացած Էմին հավերժ կհիշվի իր գրոտեսկային կերպարով, բայց, որ ամենակարևորն է, իր «ապրված» տեքստերով: Երգչուհու մասին պատմող բոլոր գրքերն ու կինոնկարները վկայում այն, թե ինչպիսի ֆենոմեն է եղել Էմի Ուայնհաուսը, բայց մինչ այժմ ոչ ոք չի կարողացել հստակ բացատրել, թե ինչու: Մեծ ջազմեն Թոնի Բենեթը նրան համարում է բոլոր ժամանակների լավագույն ջազ երգչուհիներից մեկը, և ոչ միայն զարմանալի ձայնի պատճառով:

Հասկանալու համար, թե ով է Էմին, պարզապես անհրաժեշտ է գոնե մեկ անգամ մտածված լսել նրա փոքրիկ դիսկոգրաֆիան՝ մոռանալով նրան շրջապատող սկանդալների մասին: Այդտեղ է Էմիի ամենաճշգրիտ կենսագրությունը՝ երգերում, որոնք այսօր մեջբերում են առանց երկմտելու՝ հաճախ մոռանալով, որ դրանց ետևում մի ամբողջ կյանք կա:

 

 

 


Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մինչ այժմ չհրապարակված բացառիկ լուսանկարներ Էմի Ուայնհաուսից…

Քուրտ Քոբեյնի բացառիկ լուսանկարները

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

Էմի Ուայնհաուսի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

Արխիվային կադրեր Էմի Ուայնհաուսի սպասվելիք ֆիլմի թրեյլերում

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն

10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Նոր ֆոտոալբոմ և մինչ այժմ չհրապարակված լուսանկարներ Էմի Ուայնհաուսից

Աստղեր, որոնք մահացել են թմրանյութերի, ալկոհոլի կամ դեղամիջոցների չարաշահումից

Էմի Ուայնհաուսն ասել է . . .

10 փաստ ու ստեղծագործություն Էմի Ուայնհաուսից

Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»