Էրմիտաժ. երբ պատմությունն ու արվեստը մեկտեղվում են - VNews

Էրմիտաժ. երբ պատմությունն ու արվեստը մեկտեղվում են

05 17 - Էրմիտաժ. երբ պատմությունն ու արվեստը մեկտեղվում են

Իբրև սկիզբ…

1764 թվականին Եկատերինա II-ը ձեռք բերեց մի հավաքածու, որը ժողովել էր բեռլինյան վաճառական Գոցկովսկին՝ պրուսական թագավոր Ֆրիդրիխ II-ի համար: Յոհան Էռնստ Գոցկովսկին՝ առևտրի աշխարհի խոշոր դեմքերից մեկը, մետաքսի գործարանի և Բեռլինի ճենապակու գործարանի հիմնադիրը, պրուսական արքայի կոմիսարներից էր, որի հիմնական պարտականությունն էր պեղել, գտնել ու ձեռք բերել արվեստի յուրահատուկ գործեր: Ֆրիդրիխ II-ը, որն այդ պահին արդեն ժամանակակից ֆրանսիական գեղանկարչության գերազանց հավաքածու ուներ, Գոցկովսկուն հանձնարարեց գնել ավելի հին վարպետների կտավներ: Վաճառականն էլ նախանձախնդրորեն ստանձնեց իրեն վստահված գործն ու այն արագ գլուխ բերեց:

Սակայն վրա հասավ պատերազմը, որը տևեց յոթ տարի ու հանգուցալուծվեց Պրուսիայի պարտությամբ. Ֆրիդրիխը ստիպված էր հրաժարվել գնումներից: Այդուհանդերձ, Գոցկովսկին, որը ֆինանսական պարտավորություններ ուներ ռուսական պետության հանդեպ, ծանր իրավիճակում հայտնվեց: Հնարամիտ վաճառականը որոշեց հաղթած կողմին՝ Ռուսաստանին առաջարկել իր հավաքածուն՝ պարտքի դիմաց: Եկատիրանան ըստ արժանավույն գնահատեց ինքնահավան Ֆրիդրիխին ևս մի հարված հասցնելու հնարավորությունն ու անմիջապես համաձայնեց: Բացի այդ, հարկ կար բարենպաստ լույսի ներքո ներկայացնել Ռուսաստանի գանձարանի հետպատերազմական վիճակը. չէ՞ որ հաղթող կողմի ֆինանսական կորուստները նույնպես ահռելի էին:

Հավաքածուն առանձնանում էր իր հակասական գեղարվեստական ​​մակարդակով, քանի որ հմուտ վաճառականը լուրջ գիտելիքներ չուներ արվեստի ոլորտում: Այն պարունակում էր 225 կտավ, որոնք, հիմնականում, պատկանում էին ֆլամանդացի և հոլանդացի վարպետների վրձնին, ինչպես նաև 17-րդ դարի իտալական գեղանկարչությանը: Հավաքածուի լավագույններից էին Ֆրանս Հալսի «Portrait of a Man with a Glove» և Յան Սթինի «Idlers» կտավները:

Jan Steen - Idlers - WGA21742.jpg

Յան Սթին, «Idlers»

Միֆեր ու լեգենդներ էրմիտաժից

Կան բազմաթիվ լեգենդներ, որոնք կապված են Ռուսաստանի ամենահայտնի թանգարանի հետ: Դրանցից մի քանիսը վերաբերում են գաղտնի ստորգետնյա անցումներին, որոնք իբր Էրմիտաժի շենքերը կապում են Սանկտ Պետերբուրգի այլ շենքերի հետ. դրանց թվում առավել հաճախ հիշատակվում են Գլխավոր շտաբի շենքը, Կապելլան և Մ. Կշեսինսկայայի առանձնատունը, որտեղ այսօր գտնվում է Ռուսաստանի քաղաքական պատմության թանգարանը: Բացի այդ, բազմաթիվ լեգենդներ են պտտվում գաղտնի դռների, միջանցքների և անկիզելի գանձապահարանների մասին: Տեղացիները չեն շրջանցել նաև ուրվականների թեման. ասում են՝ Ձմեռային պալատում են հավերժական բնակություն հաստատել կայսրերի ու նրանց մերձավորների հոգիները: Ըստ թանգարանի որոշ աշխատակիցների, ժամանակ առ ժամանակ, առավել հաճախ՝ երեկոյան ժամերին, երբ դահլիճներում այցելուներ չեն լինում, ուրվականները շրջում են թանգարանով:

Տարատեսակ առասպելներ են հյուսվել նաև Էրմիտաժի տարբեր ցուցանմուշների շուրջ, օրինակ՝ «Մոմեղեն մարդու»՝ Պետրոս I-ի փայտե արձանի, որը հեղինակել են եվրոպացի և ռուս արհեստավորների կողմից կայսեր մահից հետո: Թանգարանի այցելուներից շատերը նշել են, որ փայտե Պետրոսը կանգնել է նրանց աչքի առաջ, խոնարհվել ու մատնացույց արել դռան տեղը: 20-րդ դարում վերականգնողները, ովքեր մասնահատում էին արձանը, հայտնաբերեցին, որ այն ծխնիներ ունի, որոնց շնորհիվ հնարավոր էր Պետրոսին «նստեցնել աթոռին», սակայն որևէ մեխանիզմ, որի օգնությամբ արձանը կկարողանար շարժվել ու դուրս վռնդել այցելուներին, այդպես էլ չի հայտնաբերվել:

Зимний дворец Петра I | Что посмотреть | Санкт-Петербург

Մեկ այլ պատմություն կապված է Մալևիչի սկանդալային «Սև քառակուսու» հետ: Այն պահից ի վեր, երբ Էրմիտաժը ձեռք է բերել այս կտավը, այցելուները չեն դադարել խոսել դրանից բխող «մութ» ու «բացասական» էներգիայի մասին: Ինչ-որ մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է նկարին մոտենալուց հետո, մեկ ուրիշն էլ մեծ հուզմունք է ապրում, իսկ այ թանգարանի աշխատակիցներին «Սև քառակուսին» ընդհանրապես չի անհանգստացնում: Ավելին, ուսանողական և դպրոցական ակումբների անդամների շրջանակներում մի տարածված ավանդույթ կա. նրանք կտավին նայելով ուղղում են սանրվածքը, ասես՝ հայելու առաջ են կանգնած:

Անհայտ Էրմիտաժը. 5 փաստ

Թանգարանային կատուներ

Ենթադրվում է, որ էրմիտաժյան կատուների պատմությունը սկսվել է Վասիլիից. Պետրոս Մեծը վերջինիս բերել էր Հոլանդիայից և տեղավորել Ձմեռային պալատում: Ըստ մեկ այլ վարկածի, Վասիլի անունով կատվին Պետրոս Մեծը վերցրել էր մի հոլանդացի վաճառականի տնից: Կայսրը, նույնիսկ, հրաման էր արձակել՝ «Գոմերում պետք է կատուներ ունենալ, որպեսզի նրանք ահաբեկեն մկներին ու առնետներին»:

18-րդ դարում Ձմեռային պալատում մկներն ու առնետները բազմանում էին հսկայական քանակությամբ և վնասում շենքի պատերը: Ըստ լեգենդի, կայսրուհի Ելիզավետա Պետրովնան տեղեկություններ է ստացել կազանյան կատուների մասին, որոնց շնորհիվ քաղաքում ոչ մի կրծող չի մնացել ու շտապել է հրաման արձակել՝ «կատուներին պալատ արտաքսելու մասին»:

«… Կազանում գտնել տեղական ցեղատեսակների լավագույն և ամենամեծ երեսուն կատուներին, որոնք հարմար են մկներին բռնելու համար ու նրանց ուղարկել Սանկտ Պետերբուրգ՝ Նրա կայսերական մեծության պալատ»: 

Հրամանագիրն անմիջապես կատարվեց. կատուներն արեցին իրենց գործը, և պալատի գրեթե բոլոր կրծողներն անհետացան: Ձմեռային պալատի կառուցումից հետո կատուներին թույլ տվեցին մտնել նոր շենք, որտեղ նրանք արագ արմատավորվեցին: Էրմիտաժի հիմնադիր Եկատերինա Երկրորդ կայսրուհին առանձնապես չէր սիրում կատուներին, սակայն նրանց շնորհել էր «պատկերասրահների պահապանների» կարգավիճակ:

scale 1200 - Էրմիտաժ. երբ պատմությունն ու արվեստը մեկտեղվում են

Էրմիտաժն ու մեծ հրդեհը

Էրմիտաժի հավաքածուները կարող էին ոչնչացվել 1837 թվականի դեկտեմբերի 17-ին: Թեև Նիկոլայ I-ը զգալիորեն համալրել է Էրմիտաժը, սակայն Ռուսաստանը նրան պարտական ​​է նաև իր պատմության ամենամեծ հրդեհով: Կայսը, որն իրեն համարում էր ամեն ինչի գիտակ, անձամբ հավանություն տվեց Մոնֆերրանի կողմից կազմված պալատի վերակառուցման նախագծին: Միևնույն ժամանակ, կայսրը որոշեց մի քիչ խնայել. կեղծ հայելային պատերը պատրաստված էին փայտից, ինժեներական սխալի պատճառով ջեռուցումը չափազանց շատ էր տաքացնում դրանք: Այս ամենի արդյունքում, թանգարանում եռոօրյա հրդեհ բռնկվեց, ինչից հետո Էրմիտաժը մեծ դժվարությամբ վերականգնեց իր երբեմնի տեսքը:

Пожар в Зимнем дворце — Википедия

Էվակուացման պատմություն

Էրմիտաժը երեք անգամ տարհանվել է: Առաջինը 1812 թվականի պատերազմի ժամանակ, երբ նկարներն ուղարկվեցին հյուսիս՝ Վիչեգդա. դա խիստ գաղտնի գործողություն էր, որի մասին շատ քիչ բան է հայտնի: Երկրորդ անգամ՝ 1917 թվականի օգոստոսին, երբ գերմանացիները վերցրեցին Ռիգան, այս տարհանումն իրականացվեց ժամանակավոր կառավարության կողմից: Էրմիտաժի գանձերը տեղափոխվեցին Մոսկվա՝ գնացքով, հուսալի պահակախմբի ուղեկցությամբ: Տարհանումը ձգձգվեց, և ցուցանմուշներով լիքը  արկղերից մի քանիսը այդպես էլ չհասան Մոսկվա՝ Հոկտեմբերյան հեղափոխության պատճառով:

Երրորդ տարհանումը տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Պաշտոնապես դրա նախապատրաստությունը սկսվել է 1941 թվականի հունիսի 23-ին ՝ պատերազմի մեկնարկի հաջորդ օրը: Իրականում, Էրմիտաժի հայազգի տնօրեն Հովսեփ Օրբելին այս տարհանման նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս 1939 թվականին, երբ Գերմանիան ներխուժել էր Լեհաստան, չնայած, որ դրա համար նրան կարող էին բանտարվել: Հենց Օրբելու հեռատեսության շնորհիվ գործընթացը տեղի ունեցավ ռեկորդային արագությամբ և արդեն հուլիսի 1-ին Էրմիտաժի գանձերով առաջին էշելոնը մեկնեց Սվերդլովսկ: Իսկ այն ամենն, ինչը պետք է տեղահանվեր վերջին էշելոնով, այդպես էլ մնաց քաղաքում. սկսվեց շրջափակումը:

Иосиф Орбели: ученый, директор, блокадник и президент | Рон Кумпан | Яндекс Дзен

Հովսեփ Օրբելի

Նույնիսկ Պուշկինը չէր կարողանում մտնել Էրմիտաժ

Ինչպես նշեցինք, 18-19-րդ դարերում հասարակ մարդիկ չէին կարող մուտք գործել Էրմիտաժ: Այդ պատվին արժանանում էին միայն ամենաազնվականները: Սակայն, նույնիսկ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների համար, թանգարան այցելելու խիստ կանոններ էին գործում: Զինվորականները կարող էին մուտք գործել թանգարան՝ բացառապես հանդիսավոր համազգեստներով, իսկ մնացած բոլորը՝ ֆրակներով: Ամենօրյա բաճկոնով հայտնի որևէ մարդու ուղղակի թույլ չէին տա մտնել թանգարան:

Յուրաքանչյուր այցելուին ուղեկցում էր մի մարդ, որը ազնվականին պատմում էր նկարների մասին և համոզվում, որ վերջինս չի փչացնում դրանք: Նույնիսկ Պուշկինը երկար ժամանակ չէր կարողանում մուտք գործել թանգարան: Միայն 1832 թվականին նրա ընկերը՝ Վասիլի Ժուկովսկին, որը Նիկոլայ I-ի որդու դաստիարակն էր, բանաստեղծին նվիրեց անսահմանափակ անցաթուղթ:

«Հայկական» Էրմիտաժ

Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու՝ Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև XVIII դար: Ցուցադրված են ճարտարապետական կառույցների բեկորներ, փայտի և քարի վրա արված փորագրություններ, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե, բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ: Բացի այդ, 1920 թվականից Էրմիտաժում աշխատել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Վերջինս 1926 թվականին հիմնադրել և ղեկավարել է Արևելքի բաժանմունքը, իսկ ավելի ուշ՝ 1934–51 թվականներին զբաղեցրել է տնօրենի պաշտոնը: Հենց նրա անվան հետ է կապված 1941 թվականի ցուցանմուշների էվակուացումը և պահպանումը։

Image 3771 - Էրմիտաժ. երբ պատմությունն ու արվեստը մեկտեղվում են

Ղուկաս ավետարանիչը, XIII դարի վերջ – XIV դարի սկզբի Ավետարանի մանրանկար, Կիլիկիա

Image 3769 - Էրմիտաժ. երբ պատմությունն ու արվեստը մեկտեղվում են

Քառավետարանի դրվագված կազմի դիմերեսը` Խաչելության պատկերով, 1325 թ. Ջենովա, կազմը` 1347 թ.

Պաշտոնական Էրմիտաժը

Ֆրանսերենից թարգմանաբար «Էրմիտաժ» նշանակում է մենավոր տուն, առանձնանալու տեղ, սակայն հիմնադրումից ի վեր Էրմիտաժը երբևէ մենավոր չի եղել, մեր օրերում Էրամիտաժում «առանձնանալն» էլ ֆանտաստիկայի ժանրից է: Ինչևէ, աշխարհի ամենախոշոր թանգարաններից մեկը հիմնադրվել է 1764 թվականին, իսկ 1852-ին բացվել է հասարական այցելությունների համար: Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատ, որոնց թվում կան 15 հազար նկար, 600 հազար փորագրություն ու գծանկար, 12 հազար քանդակ, 600 հազար հնագիտական հուշարձաններ, մեկ միլիոնից ավելի դրամներ ու մեդալիոններ, կիրառական արվեստի 220 հազար գործեր։ Դրանցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը:

Այստեղ կան Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի, Կարավաջոյի, Ռեմբրանտի, Էտյեն Վալկոնեի, Միքելանջելոյի և այլ հանճարների գլուխգործոցներ։ Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Эрмитаж в Санкт-Петербурге: цена билета, режим работы, фото

Էրմիտաժը կարևոր դեր է խաղացել ռուսական մշակույթի զարգացման գործում: XIX դարի առաջին կեսին կառուցվել է հատուկ թանգարանային շենք՝ Նոր Էրմիտաժը: Այդուհանդերձ, թանգարանի այցելությունները սահմանափակ էին, էքսկուրսիաներն արգելված էին մինչև 19-րդ դարի վերջ: Վերջիվերջո, Էրմիտաժն այցելուների համար հասանելի դարձնելու գործը հաջողեց ռուսական առաջադեմ մտավորականությունը: 1917 թվականին Էրմիտաժի հավաքածուի մի զգալի մասը տարհանվեց Մոսկվա, սակայն երեք տարի անց վերադարձվեց Պետրոգրադ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Էրմիտաժի հավաքածուն զգալիորեն աճեց Ստրոգանովների, Յուսուպովների, Շուվալովների և այլոց ազգայնացված հավաքածուների շնորհիվ: Այնուհետև, Ձմեռային պալատի բոլոր տարածքները աստիճանաբար անցնան թանգարանին, Էրմիտաժի ամբողջ գործունեությունը վերակառուցվեց, կազմակերպվեցին նոր բաժանմունքներ: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Էրմիտաժի հավաքածուի մի զգալի մասը տարհանվեց, բայց, նույնիսկ, շրջափակման պայմաններում Էրմիտաժում շարունակվել են թանգարանային աշխատանքները:

 

 


Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]

Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Մատենադարան

10 հայտնի թանգարան, որ կարող եք այցելել առցանց

Տեսնել Ռեմբրանդի կտավները՝ նոր մահանալ

Թանգարան սելֆիի սիրահարների համար (լուսանկարներ)

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Երբ մարդիկ թանգարանում գտնում են իրենց նմանակներին

Ստորջրյա թանգարան Մալդիվներում

Թանգարան, որտեղ ստացվում են ամենաոճային լուսանկարները

10 հետաքրքիր փաստ Խորվաթիայի մասին