Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Սպանություն արևելյան ճեպընթացում» - VNews

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Սպանություն արևելյան ճեպընթացում»

36edf1bb94f04f9e0962a26d5a779d62 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Սպանություն արևելյան ճեպընթացում»

Թուրքիայից Ֆրանսիա ընթացող գնացքը գիշերը սարերում թաղվում է ձյան մեջ: Հենց այդ նույն միջադեպի առավոտյան գնացքի ուղևորներից մեկին գտնում են սպանված: Այդ՝ անթերի կազմակերպված սպանության մեջ կար մեկ վրիպում. բելգիացի հանճարեղ խուզարկու Էրքյուլ Պուարոյի ներկայությունն այդ գնացքում, որը պատահականության, իսկ ավելի ճիշտ դետեկտիվների թագուհի Ագաթա Քրիսթիի ոգեշնչման արդյունքում նույնպես ճանապարհորդում էր այդ գնացքով:
Եվ այսպես, եթե դուք կարդացել էք Ագաթա Քրիսթիի ամենահայտնի այս վեպը, կամ դիտել էք նույն վեպի 1987 թվականի համանուն էկրանավորումը, ապա իմաստ չունի գնաք կինոթատրոն: Քանզի ոչ մի նոր մոտեցում, ռեժիսորական նոր լուծումներ Բրանի այս ֆիլմում չկան, ֆիլմի ամբողջ ինտրիգն և  հետաքրքրությունը սպանության բացահայտման մեջ է:
Ուստի պատմությանը ծանոթ մարդիկ, որոնք գիտեն, թե ով է մարդասպանը, ֆիլմի դիտման ընթացքում իրենց զգալու են մարգարեներ, որոնք  կանխագուշակելու են ֆիլմի հերոսների յուրաքանչյուր քայլը:

Պետք է նշել նաև, որ Դևիդ Սուշեի մարմնավորած հանճարեղ Պուարոյից հետո Քեննեթ Բրանի Պուարոն, շատ թույլ էր: Նրա առանձնահատկությունները՝ բծախնդրությունը, իդեալական կարգապահությունը, մանրուքների նկատմամբ ուշադրությունը, (ընդուպ մինչև  երկու հավկիթների միջև հավասարությունը) ներկայացված էին ոչ թե որպես առավելություն, որոնց շնորհիվ նա կարողանում էր լուծել անլուծելի թվացող խնդիրները, այլ հակառակը՝ որպես զվարճալի կերպարային դետալ:
Բայց այնուամենայնիվ եթե դուք ծանոթ չէք այս պատմությանը և չգիտեք վերջաբանը, ապա արժե գնալ կինոթատրոն, քանզի Ագաթա Քրիսթիի այս ստեղծագործությունը, թեկուզ նման ոչ լիարժեք մատուցմամբ, արժե դիտել:

Քենեթ Բրանը «Սպանություն արևելյան ճեպընթացում» ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ գլխավոր դերակատարը: Ֆիլմում հոլիվուդյան մի ամբողջ աստղաբույլ է խաղում, ինչը ֆիլմի ամենամեծ արժանիքներից մեկն է: