Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Բժիշկ Նոքի խարդախությունը» - VNews

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Բժիշկ Նոքի խարդախությունը»

maxresdefault 1 1 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Բժիշկ Նոքի խարդախությունը»

1950-ականներին ֆրանսիական Սան-Մորիս քաղաքում իր անցյալից թաքնվում է խաբեբա և մանիպուլյատոր Նոքը։ Նա իր խարիզմայի և խաբեության ոլորտում պրոֆեսիոնալիզմի շնորհիվ համոզում է քաղաքացիներին, որ ինքը լիցենզավորված բժիշկ է և սկսում է բուժել առողջ քաղաքացիներին հորինված հիվանդություններից։

«1+1» ֆիլմի աստղ Օմար Սին իր անփոփոխ հմայքով, բայց միևնույն կերպարով շարունակում է հմայել հանդիսատեսին։ Սակայն ի տարբերություն դերասանի այլ ֆիլմերի` այստեղ նրա կերպարի միատոնությունը հիանալիորեն լրացնում են նրա խաղընկերները, քանի որ այս ֆիլմի երկրորդական կերպարները հարուստ են, խորն են, ունեն լավ պատմություն և շատ ճիշտ են զարգանում։ Այդ իսկ պատճառվ ֆիլմի դիտումից հետո բոլոր հերոսները հատ առ հատ հիշվում էին, իսկ դա գալիս էր նրանց անկրկնելիությունից և բնականաբար դերասանների գերազանց խաղից:

Ֆիլմում ստեղծված էր մի մթնոլորտ, որը բնորոշ է միայն ֆրանսիական ֆիլմերին, նույնը կարելի է ասել ֆիլմի հումորային բաղադրության մասին։ Այս պատմության մեջ բնականաբար կար գլխավոր հերոսի դրամատիկ գիծը, սակայն ֆիլմի հումորային կոնցեպտի մեջ այն այդքան էլ համոզիչ չէր։

Նաև նշենք այն, որ Ֆիլմն այնքան սահուն էր ընթանում, որ նույնիսկ չէին զգացվում սյուժետային թերացումները:

Մի խոսքով՝ թեթև, հաճելի հումորով, ինչ-որ տեղ էլ՝ հեքիաթային ռոմանտիզմով պատմություն, որն արժե դիտել։