Ինչու՞ է Մալևիչի «Սև քառակուսին» գլուխգործոց - VNews

Ինչու՞ է Մալևիչի «Սև քառակուսին» գլուխգործոց

Մալևիիիիչ min - Ինչու՞ է Մալևիչի «Սև քառակուսին» գլուխգործոց

20-րդ դարի սկզբին, երբ պատմականորեն ընդունված էր, որ գեղանկարիչները պիտի կտավին հանձնեն շրջապատող աշխարհի գեղեցկությունը՝ պատկառելի հասարակությանը գոհացնելու և հաճույք պատճառելու համար, Մալևիչը ստեղծեց իր «Սև քառակուսին». այն առարկայական արվեստ չէր ու ոչ մի աղերս չուներ իրականության հետ: Շուտով «Սև քառակուսին» դարձավ գեղանկարչական աշխարհի ամենաքննարկվող ստեղծագործություններից մեկը: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչու ու ինչպես «հասարակ սև քառակուսին» ճանաչվեց գլուխգործոց ու գրավեց աշխարհը:

Վերոնշյալ ժամանակների համար Մալևիչի գործը չափազանց համարձակ քայլ էր: Նկարիչը ստիպեց արվեստասերին ջանք թափել. նա, իհարկե, հասկանում էր, որ յուրաքանչյուրը փորձելու է որոշակի իմաստ գտնել իր գործի մեջ, իսկ դա այդքան էլ հեշտ չէ, երբ կտավին սև երկրաչափական պատկեր է՝ սպիտակ ֆոնի վրա: Մալևիչը հույս ուներ, որ երբ կտավի մեջ որևէ ռացիոնալ իմաստ գտնելու փորձերը ձախողվեն, արվեստասերը կկարողանա ավելի խորը հայացք նետել նկարին: Ասել է, թե՝ մարդը գործի կդնի իր ենթագիտակցականը և այդ պահին տիեզերքը կբացի իր գաղտնիքները նրա առաջ:

Այո՛, այո՛, ըստ Մալևիչի սև ու սպիտակ նկարը խորհրդանշում էր Երկիրը Տիեզերքում, կյանքն ու մահը, լույսն ու խավարը…

Այդպիսով, նկարիչն ուղեցույց դարձավ դեպի այլ հարթություններ: Այժմ նկարիչն էր հաստատում խաղի կանոնները և արվեստասերն այլ տարբերակ չուներ, քան հնազանդվել դրանց: Այս «մեխանիզմը» գործում է մինչ օրս. նկատե՞լ եք, որ ժամանակակից նկարիչների գործերին նայելը նման է հանելուկ լուծելուն… Դե ինչ, հիմա դուք գիտեք, թե որտեղից են աճում այս ավանդույթի ոտքերը:

Հետաքրքիր է, որ…

Կազիմիր Մալևիչն առաջին անգամ պատկերեց սև քառակուսի՝ սպիտակ ֆոնին 1913 թվականին բեմադրված «Победа над Солнцем» ֆուտուրիստական օպերայի դեկորացիաները ստեղծելիս: Հետագայում այս լակոնին պատկերի մասին մտքերը հանգիստ չթողեցին նկարչին և նա դրանք դարձրեց անկախ արվեստի գործ: «Այն, ինչն արվել է անգիտակցաբար, այժմ արտասովոր պտուղներ է տալիս». այսպես է արտահայտվել Մալևիչը՝ իր ամենահայտնի գործերից մեկի մասին. խորհրդանշական է, չէ՞:

«Սև քառակուսին» գեղանկարչության նոր ուղղության մանիֆեստ դարձավ, որը կոչվեց սուպրեմատիզմ:

Լատիներենից թարգմանաբար «supremo» բառը նշանակում է «բարձրագույն»: Այս տերմինով Կազիմիրը ցանկանում էր արվեստում ընդգծել ոչ առարկայական գործերի թարմությունը և վերջիններիս յուրօրինակությունը: Նկարիչը պնդում էր, որ իրեն հարգող յուրաքանչյուր արվեստագետ պետք է դուրս գա ռեալ աշխարհի շրջանակներից, և հույսը դնի միայն իր երևակայության վրա, երկրաչափական մարմիններն օգտագործելով՝ պատկերի այն, ինչը դեռ ոչ ոք չի պատկերել:

Չնայած սուպերմատիզմը իր մաքուր դրսևորմամբ կարճ կյանք ունեցավ՝ 1913-ից մինչև 1920-ականներ, այնուամենայնիվ, այս ուղղության ժառանգությունը մեծ է: XX-XXI դարերի ողջ ոչ առարկայական նկարչության արմատները տանում են դեպի այս «մաքուր աբստրակցիոնիզմ»: 

Մալևիչը կանխորոշեց ժամանակակից դիզայնի միտումները

Այսօր մինիմալիզմն ու զսպածությունը թրենդային են: Ողջ ժամանակակից դիզայնը հենվում է գծերի պարզեցման և ձևերի մաքրության շեշտադրման վրա. վեբ դիզայնն էլ բացառություն չէ: Լակոնիկ, «միավանկ» ձևեր՝ հստակ ուրվագծերով, մաքուր և պայծառ գույներով ՝ առանց գրադիենտների և անցումների. սա հենց այն է, ինչ ժամանակին արեց Մալևիչը՝ արմատապես պարզեցրեց ձևը՝ բովանդակության խորությունը փոխանցելու համար…

«Սև քառակուսին»՝ սրբապատկեր…

14361860 R3L8T8D 650 4 - Ինչու՞ է Մալևիչի «Սև քառակուսին» գլուխգործոց

1915 թվականին Սանկտ Պետերբուրգում անցկացվեց «0,10» ֆուտուրիստական ցուցահանդեսը. հենց այստեղ էլ Մալևիչը հանրության դատին հանձնեց իր գործը: Ցուցահանդեսին ներկայացված նկարչի 39 գործերի շարքում էին «Սև խաչը» և «Սև շրջանակը»: Այդ գործերից, սակայն, միայն «Սև քառակուսին» ձեռք բերեց համաշխարհային ճանաչում և արդեն մեկ դար է՝ մարդիկ չեն դադարում քննարկել այս առեղծվածային գործը:

Մալևիչն իր այս կտավը սրբապատկեր է անվանել և ցուցահանդեսի ժամանակ այն նույնիսկ կախել է պատի անկյունում…

 

Տես նաև՝