Ինչ դիտել կինոթատրոններում. «Սատանան մանրուքներում է» - VNews

Ինչ դիտել կինոթատրոններում. «Սատանան մանրուքներում է»

screenshot 2020 12 22 at 14.56.22 - Ինչ դիտել կինոթատրոններում. «Սատանան մանրուքներում է»

Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան վարձույթում կարելի է դիտել Ջոն Լի Հենքոքի «Սատանան մանրուքներում է» (The Little Thing) քրեական թրիլերը, որտեղ գլխավոր դերերում ներգրված է տպավորիչ դերասանական տրիո՝ Դենզել Վաշինգթոն, Ռամի Մալեք և Ջարեդ Լեթո։ Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպիսին է ստացվել ֆիլմը, որը միաժամանակ հիշեցնում է և՛ Հին Հոլիվուդի նուար-դետեկտիվները, և՛ 90-ականներին ստեղծված ֆիլմերը Ամերիկայի սերիական մարդասպանների մասին։

 

unnamed 1 3 960x480 - Ինչ դիտել կինոթատրոններում. «Սատանան մանրուքներում է»

Ռեժիսոր և սցենարիստ Հենքոքը գրել էր «Սատանան մանրուքներում է»-ի առաջնային սցենարը դեռ 1993-ին՝ Սթիվեն Սփիբերգի համար, սակայն վերջինս այդպես էլ չնկարահանեց այն՝ կարծելով, որ պատմությունը չափից դուրս մռայլ է։ Բազմաթիվ կինոստուդիաների պրոդյուսերների և հռչակավոր ռեժիսորների (Քլինթ Իսթվուդ, Ուորեն Բիթի) ձեռքերից ձեռք անցնելուց հետո Հենքոքը վերջիվերջո անձամբ էկրանավորեց պատմությունը, որն այդպես էլ մնաց 30 տարվա վաղեմության մթնոլորտի գծի վրա։ Բացի այդ, ոչ հեռավոր ռետրոյին կարելի է նաև գումարել Հին Հոլիվուդի «ոսկե» շրջանի լավագույն դետեկտիվների, սասփենսների, թրիլերների և սերիական մարդասպանների մասին պատմող ֆիլմերի mood-ը՝ տարօրինակ չէ, եթե դիտման ժամանակ հանդիսատեսը ժամանակ առ ժամանակ ենթագիտակցորեն վերհիշի Ֆինչերի «Յոթը» կամ «Զոդիակը»։

unnamed 8 960x640 - Ինչ դիտել կինոթատրոններում. «Սատանան մանրուքներում է»

Ինչի՞ մասին է «Սատանան մանրուքներում է» ֆիլմը

Տարեց պրովինցիալ քաղաքի ոստիկան և նախկին դետեկտիվ Ջո «Դիք» Դիքոնը (Դենզել Վաշինգթոն) այլևս զբաղվում է անկարևոր և մանր պարտականություններով, ապրում է խուլ քաղաքից դուրս, ընկերություն է անում թափառող շան հետ։ Իրեղեն ապացույցի հետևից աշխատանքային այցով Դիքը ստիպված վերադառնում է Լոս Անջելես՝ իր հին բաժանմունք, որտեղ տեսնում է իր տեղը զբաղեցրած երիտասարդ և ամբիցիոզ Ջիմի Բաքսթերին (Ռամի Մալեք), ով արդարանում է մի խումբ լրագրողների մոտ չորս սպանված երիտասարդ կանանց դեպքերի կապակցությամբ։

Հերթական՝ հինգերորդ աղջկա սպանության լուրն իմանալուն պես Բաքսթերը որոշում է միավորել իր ուժերը Դիքի հետ՝ չէ որ նախկին դետեկտիվի հնարամտության և հոտառության մասին մասնագիտական շրջանակներում լեգենդներ են պտտվում։ Ամեն ինչ հոյակապ էր, մինչ Դիքը հինգ տարի առաջ սեփական մաշկի վրա չբախվեց մարմնավաճառուհիների շարքային սպանությունների հետ, ինչի արդյունքում գործն այդպես էլ չբացահայտվեց, իսկ դետեկտիվը ստացավ առողջական խնդիրներ, ամուսնալուծություն և հրաժարվեց աշխատել սպանությունների բաժնում։ Բաքսթերի և նոր (հները հիշեցնող) իրադարձությունների շարքը տեղափոխում է Դիքին անցյալ, որից նա այդպես էլ չի ձեռբազատվել։ Լոսանջելեսյան փողոցներն ու հերթական զոհի աճյունը Դիքին, կարծես, փոխհատուցման և քավության շանս են տալիս, և նախկին դետեկտիվը միանում է մարդասպանի որոնումներին։

 

Վաշինգթոնի և Մալեքի տանդեմը կարող է հիշեցնել դասական դետեկտիվ պատմությունների գծած և այդքան հայտնի սյուժետային ուղին՝ հին և նոր, տարեց և երիտասարդ, փորձառու և նորեկ, ողբերգության միջով անցած և դեռևս պարզամիտ երկու գործընկեր միավորվում են չարիքի դեմ։ Գլխավոր հերոսներն ավելի շատ ընդհանուր բաներ ունեն, քան կարող է թվալ պատմության սկզբում, իսկ Դիքի ուղեղում պտտվող ֆլեշբեքերի արդյունքում պարզ է դառնում, որ և՛ քաղաքի, և՛ դետեկտիվների անցյալն ու ներկան միախառնվելու են, քանի որ հին վերքերը դեռ չեն սպիացել։ Ջարեդ Լեթոյի հերոսի՝ Ալբերտա Սպարմայի ներկայությունը, ֆիլմում մեկումեջ ջրի երես բարձրացող հավատքի թեման և բարին չարիքից տարբերակելու անվերջ փորձը հղում է անում մեկ այլ հայտնի՝ Մորգան Ֆրիման-Բրեդ Փիթ-Քևին Սփեյսի տրիոյի վրա, որը ներգրված էր նմանատիպ պատմության մեջ։ Սակայն ի տարբերություն Ֆինչերի՝ Հենքոքը չի քամում դրականը, չի դատարկում հոգու խորքում թաքնված հույսը և մանրուքների տեսքով փրկության օղակ է նետում իր հերոսներից մեկին։ Նրանք բոլորը կարող են հուսահատությունից և մեղքի զգացումից խելագառվել կամ մնալ միայնակ և լքված (ինչպես արդեն տեսնում ենք): Թեև օպերատոր Ջոն Շվարցմանի և նկարիչ Մայքլ Քորենբլիթի տպավորիչ աշխատանքի շնորհիվ մեզ սուզում են հանցանքի և օրինազանցության աշխարհ, որտեղ կարելի է զգալ հոտած դիերը կամ նեոնային լույսերի տակ սառող գիշերային թիթեռնիկներին՝ Հենքոքը թույլ է տալիս ընկալել եղելությունը կողքից՝ չդարձնելով մեզ մեղավոր կամ հանգակից։ Իսկ փոքր և աննշան թվացող բարեգթության մասնիկները պաղ և անհյուրընկալ Լոս Անջելեսում (որը սովորաբար այդպիսին չի պատկերվում) լուսավորում են անհեռանկար թվացող ապագան։  Հենքոքը վստահ է՝ ամեն դետալ կարևոր է, իսկ սայթակել կարող են բոլորը։ Այդ իսկ պատճառով պետք է պինդ բռնել լուսավոր մանրուքներից։


Թագուհու կարծիքը՝ Դիանայի նվիրված նոր ֆիլմի մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Ջարեդ Լեթոն տեղյակ չէր կորոնավիրուսի մասին

Ազնիվ գողեր [լուսանկարներ պրեմիերայից]

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Երգչուհի Կամիլա Կաբելոն նոր Մոխրոտիկն է

Զաք Էֆրոնն ու Ամանդա Սեյֆրիդը «Սքուբի-Դու» նոր ֆիլմի դերասանական կազմում են

Այն, ինչ պետք է իմանալ Ռամի Մալեքի սիրելիի՝ Լյուսի Բոյնթոնի մասին

Այն, ինչ պետք է իմանալ «Լավագույն դերասան» անվանակարգում Օսկարի արժանացած Ռամի Մալեքի մասին

Օսկար 2019 ետնաբեմում (Լուսանկարներ)

Օսկար 2019-ի լավագույն լուքերը

«Օսկար 2019»-ի հաղթողները

Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մասին պատմող սկանդալային ֆիլմի թրեյլերը

5 սերիալ տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ազդեցության մասին

“BAFTA 2019”-ի հաղթողները