fbpx

Ինչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Արքմենիկ Նիկողոսյանը

Գրքեր պետք է կարդալ միշտ, իսկ ձմռանը՝ հատկապես: Իսկ եթե դժվարանում եք գրքերի ընտրության հարցում, ապա այս անգամ ձեզ իր խորհուրդներով կօգնի գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

1. Հրաչյա Սարիբեկյան. Երկվորյակների արևը

Վեպը, որը հրատարակվել է 2012 թվականին,  փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքի մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը:
Վեպի խմբագիրը հենց Արքմենիկն է և նրա խոսքերով. «Տաք, արևի պես ջերմացնող ու երբեմն՝ արևի պես կիզիչ գիրք է «Երկվորյակների արևը»: Հույզերի, զգացողությունների, գրողական տպավորիչ հնարքների տապում չմոխրանալու համար ցանկալի է կարդալ հենց ձմռանը»:

2. Ջոն Սթայնբեք. Մեր հոգսերի ձմեռը

թարգմանիչ՝ Կարեն Ա. Սիմոնյան

Ամերիկացի լավագույն վիպասաններից մեկի՝ Ջոն Սթայնբեքի այս վեպը, ինչպես հեղինակի մյուս գործերը, խոսում է սոցիալական լուրջ խնդիրների, հասարակական կարևոր հարցերի և մարդկային ճակատագրերի վրա այդ ամենի թողած ազդեցությունների մասին: Տագնապ, լարված նյարդային իրավիճակներ, դժգոհություններ, դրանցից ծնված ցասում. մի խոսքով այն ամենը, ինչը բնորոշ էր 1960-ականների Ամերիկային:

«Փայլուն գիրք, գրողական վարպետության դասագիրք: Բայց ամենակարևորը՝ զուգահեռներ անցկացնելու հրաշալի առիթ ձեր հոգսերի ձմեռվա հետ», – նշում է Արքմենիկը:

3. Գուրգեն Խանջյան. Տուր ձեռքդ, պստլո

Մեր օրերի լավագույն գրողներից մեկի նոր ու ընդամենը վերջերս ՀՀ պետական մրցանակի արժանացած վեպ, որ արժե կարդալ այս ձմռանը:  Բուն իրականություն և ցանկալի իրականություն, ու երկուսում էլ ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: «Լավ առիթ է ստուգելու, թե արդա՞ր են տրվում մրցանակները Հայաստանում».- ասում է այս վեպի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

4. Նիկոս Կազանձակիս. Հույն Զոռբան

թարգմանիչ՝ Շամրիկ Խաչատրյան

Հույն ամենահայտնի գրողներից մեկի՝ Նիկոս Կազանձակիսի այս վեպը 20-րդ դարի լավագույն վեպերից մեկն է համարվում իրավամբ: Ալեքսիս Զոռբան՝ գլխավոր հերոսը, կենսախինդ ու աշխույժ մարդու կերպար է: Պարզ տրամաբանությամբ ու իր հախուռն կյանքի փորձից ելնելով` Զոռբան ցույց է տալիս, որ կյանքի իմաստի վերաբերյալ հարցադրումների պատասխանները գրքերի մեջ չեն, այլ հենց կյանքի, որը պետք է ապրել լիարյուն, կրքոտ, ազատ:

«Բառերով անկարելի է նկարագրել այս վեպն ու նրա հերոսին: Ապրեցնո՛ղ վեպ, կյանքն իր ամբողջ հմայքով իսկապես վայելելու դասագիրք, հզոր կենտրոնական կերպարով: Ձմեռն առանց կենսուրախ ու իմասռուն Զոռբայի՝ ձմեռ չէ», – պատմում է գրականագետը:

5. Օլդոս Հաքսլի. Չքնաղ նոր աշխարհ

թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան

Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» դիստոպիստական ամենավաղ ստեղծագործություններից է: Այն առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունն իր զարգացման գագաթնակետին է հասել:

«Աշխարհի լավագույն գրքերից մեկը վերջապես կա՛ հայերեն: Պետք է շտապել կարդալ: Իսկ եթե ձմեռ է, ուրեմն ձմռանը: Որքան շուտ, այնքան լավ», – խորհուրդ է տալիս Արքմենիկ Նիկողոսյանը:

Կարդացե՛ք լավ գրականություն լա՛վ հայերենով: