Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում - VNews

Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

Մինչդեռ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսյան համաճարակը, ԱՄՆ-ում թափ առան մասսայական անկարգությունները, հրկիզումները, թալանն  ու բռնությունները։ Դեռևս 2013-ից հայտնի «BlackLivesMatter» շարժումը, վերջին օրերին նոր արտահայտչամիջոցներ ստացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։  Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդին իրավապահները փորձել էին ձերբակալել` կեղծ թղթադրամ շրջանառելու կասկածանքով: Իրավապահներից մեկը մոտ 9 րոպե ծունկը սեղմած պահել էր տղամարդու կոկորդին․․․

Հետագայում դիահերձումը արձանագրեց, որ տղամարդու մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետևանքով։ Երկրում բռնկվեցին ցույցեր, որոնք ուղեկցվեցին իրավապահների ու ցուցարարների բախումներով, թալանով ու հրկիզումներով։ Օրեր առաջ ռուս պետական և քաղաքական գործիչ Վլադիմիր Մեդինսկին մի տեսանյութ հրապարկեց ինստագրամյան իր էջում, որտեղ համեմատում էր ԱՄՆ-ում ընթացքող ցույցերի տեսագրություններից մեկը հայտնի «Ջոկեր» ֆիլմի մի տեսարանի հետ։ Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ։ Հոլովակը մեծ տարածում գտավ ու բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ.

արդյո՞ք արվեստն ու, մասնավորապես, կինոարտադրությունը կարող են հասարակական տրամադրություններ հրահրել ու, վերջիվերջո, ո՞րն էր «Ջոկեր»-ի մեսսիջը։

Պարզաբանումներ ու սուբյեկտիվ հայացք այս ամենին՝ ստորև։

Ամերիկյան արտադրության հոգեբանական թրիլլերը նկարահանել է ռեժիսոր  Թոդ Ֆիլիպսը։ Առաջին հայացքից ֆիլմն ասում է՝ «վեր կաց, բողոքիր, սպանիր», այդուհանդերձ, համացանցում առկա բազմաթիվ ռեվյուները պնդում են, որ առավել խորքային հայացքի պարագայում կարելի է տեսնել ֆիլմի իսկական ուղերձը, որն է՝ «ահա, թե ինչ է անում ժամանակակից աշխարհը մարդու հետ», կամ «հարկավոր է ավելի ուշադիր ու հոգատար լինել մեզ շրջապատող մարդկանց հանդեպ»։

Ջոկերի կերպարը «Ջորկեր» ֆիլմից առաջ

Այդուհանդերձ, ի՞նչ ենք տեսնում մենք. բեթմենյան սիմվոլիկ Ամերիկա, որը մեզ հայտնի է կոմիքսներից, որտեղ հերոսը Բեթմենն է՝ օրինապահություն զինվորը, որը սոսկ ալտրուիստական մղումներից դրդված կանգնում է օրենքի կողքին ու օրինախախտների հակառակ բանակում։ Ջոկերը առաջին անգամ էկրաններին հայտնվել է «Բեթմեն» ֆիլմում 1966 թվականին, տվյալ Ջոկերը ավելի շատ չստացված կատակերգու է, քան հանցագործ, իսկ նրա հանցագործությունները հենց կատակներ են: Ջոկերի դերակատարը եղել է Սեսար Ռոմերոն:

Հաջորդ՝ Թիմ Բարթոնի ֆիլմում, Ջոկերը, որի կերպարում հանդես է գալիս Ջեք Նիկոլսոնը, առաջին անգամ ծագման պատմություն է ստանում. նա հանցագործ էր և Գոտեմի ավազակապետության պարագլխի՝ Կարլ Գրիսոնի «աջ ձեռքն» էր: Իսկ ահա վերոնշյալ «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերը մի խումբ անձանց հետ թալանում է Գոտեմ քաղաքի կենտրոնական բանկը։ Բեթմենը, հանդիպելով Հարվի Դենթի և Ջիմ Գորդոնի հետ, փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ջոկերին։ Սակայն Ջոկերը արդեն սկսել է իր խաղը։ Ֆիլմի վերջում Բեթմենը բռնում է հոգեկանին և ուղարկում է հոգեբուժարան:

Այսպիսով, վերոնշյալ բոլոր ֆիլմերում հակահերոսի դերում Ջոկերն է՝ հանցագործ աշխարհի հերոսը, ինչպես ասում են ՝«clown prince of crime», չարի մարմնացումը։ Կերպարի կենսագործունեության ողջ ընթացքում առաջին անգամ՝ հենց 2019-ին է, որ Ջոկերը դառնում է հիմնական գործող անձ ու ազատվում իր հակակերպար Բեթմենից։

Ջոկերի կերպարի արդիականությունն ու ֆիլմի ուղերձը

Մինչդեռ «The Dark Knight» հայտնի ֆիլմում Ջոկերը չարի մարմնացում էր,  Թոդ Ֆիլիպսի ֆիլմում նա ներկայանում է, որպես հասարակ անհաջողակ, սովորական «գիժ», ինչպիսին իրեն կարող է զգալ յուրաքանչյուրը, ով կնայի ֆիլմը։ Ստացվում է՝ մեր առաջ դյուրամարս սնունդ է, որը բոլոր շանսերն ունի մեծ լսարանի սիրելին դառնալու։ Այսպիսով՝ « կապ չունի, թե ով ես դու իրականում, եթե անգամ հասարակ խելագար ես, որի կյանքը լավ չի դասավորվել, ում երկու անգամ ծեծի են ենթարկել փողոցում ու անարդար կերպով հանել աշխատանքից, հագի’ր դիմակդ ու դու Ջոկեր կդառնաս»։ Հենց այդպես էլ, ամեն մի սպանությունից հետո Արթուրն իրեն ավելի ուժեղ ու լավն էր զգում։ Ինչու՞ չի կարելի նրա պահվածքը համարել սոցիալական բողոք. չէ՞ որ հենց ինքը՝ Ջոկերը Մյուրեյ Ֆրանկլինի եթերում ասում է՝ «ես հեռու եմ քաղաքականությունից», այն, որ նրա գործողությունները մեծ ալիք են բարձնում, ոչ մի կերպ չի նշանակում, թե հենց արդարության ու հավասարության համար պայքարն էր նրա քայլերի նպատակը։

Հատկանշական է մեկ այլ տեսարան, երբ հոգեբանի հետ զրուցի ընթացքում Ջոկերը պնդում է՝ «ինձ սկսել են նկատել, մինչ այս ես չգիտեի՝ գոյություն ունե՞մ արդյոք». սա մեր ժամանակների գերխնդրի ամենապարզ նկարագրությունն է։ Մեր ժամանակների մարդը ընդունման կարիք ունի, և պատրաստ է հասնել դրան՝ անկախ պահանջվող միջոցներից։ Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր»-ում հակահերոսի դիրքերում է Գոթեմի քաղաքապետի թեկնածու՝ միլիարդատեր Թոմաս Ուեյնը,  համատեղության սկզբունքով՝ Արթուրի հայրը, որը հրաժարվել էր նրանից իսկ նրա մորը փակել հոգեբուժարանում. սա իհարկե Արթուրի մոր վարկածն էր։ Այսպիսով, Ջոկերի բարձրացրած բողոքի ալիքի արդունքում Թոմասի ու նրա կնոջ սպանությունը անցումային կետ է հանդիսանում ֆիլմում, որին հաջորդում է Ջոկերի տրիումֆը. կատաղած ամբոխը Ջոկերին ձեռքերի վրա է առնում՝ դարձնլով նրան բողոքի սիմվոլ ու վերջինիս հասցնելով այդքան երանելի ճանաչմանն ու գնահատանքին։ Հատկանշական է նաև, որ ավելի վաղ Թոմաս Ուեյնը բողոքողներին անվանել էր հաջողակներին նախանձող ծաղրածուներ։ Ստորև՝ ավելի մանրամասն մարդկության պատմության մեջ  ծաղրածույի կերպարի մասին։

Ծաղրածուն ամերիկյան մշակույթում

Մինչև ամերիկյան մշակույթին հասնելը դիտարկքենք, թե ով է եղել ծաղրածուն հին աշխարհում։ Առաջին ծաղրածուները առաջացել են միջնադարում և խաղացել են կրկեսներում: Նրանք դուրս էին գալիս արենա այն ժամանակ, երբ հանդիսատեսը ձանձրանում էր: Մի կրկեսի սեփականատեր, որպեսզի ցույց տա իր ձիավարների հմտությունը, որոշեց վարձել գյուղացիներին, որոնք չգիտեին ձի վարել և անընդհատ ընկնում էին ձիերից: Այս միտքը տարածվեց մյուս կրկեսների վրա: Ծաղրածուները հիմնականում աղքատ գյուղացիներն էին և հարբեցողներ, այդ պատճառով էլ, ավանդաբար փոխանցվել է կարմիր քիթը: Վարկած կա, որ «կլոուն» բառը առաջացել է անգլերեն «clowne, cloyne» բառերից՝ «գյուղացի», իսկ ավելի տիպիկ նշանակությամբ ու խոսակցական տարբերակներով՝ «ռամիկ, անտաշ, գեղացի մարդ» նշանակությամբ։ Հակառակ կարծիք կա, որ բառն առաջացել է անգլերեն «сloud» բառից՝ «անփույթ» նշանակությամբ։

Բոլոր նրանց համար, ովքեր ծաղրածույի կերպարի մեջ ինչ-որ դիվական բան են տեսնում, կա մեկ այլ տարածված վարկած, որը հաստատում է վերոնշյալ սարսափազդու պատկերացումները. «կլոուն» բառը իր տարածումն է գտել XVII  դարում, Անգլիայի թագավոր Կարլ Առաջինի մահապատժից հետո։ Հենց այդ տարիներին անգլիական կրկեսներում հայտնվեց ծաղրածուի կերպարը, որը պատկերում էր սպանված թագավորին, որը մի կողմից զվարճացնում էր հանդիսատեսին, մյուս կողմից՝ վախեցնում. չէ՞ որ ավանդական քրիստոնեական գիտակցությամբ թագավորի սպանությունը ծայրաստիճան հանցագործություն ու մեղք է։ Իսկ «clown» բառն ինքնին խաղարումն է «crown» բառի, որը նշանակում է ՝թագ և ակնարկում սպանված միապետի թագին։ Այսպիսով, պատկերավոր ասած, երբ իսկական թագավորը գահընկեց է արվում  պատմական բեմ է բարձրանում ծաղրածուն, որն իր ձեռքն է արել սպանված թագավորի թագը։ Վերջինիս գործառույթն է ամեն ինչ գլխիվայր շրջելն է՝ սպիտակը սև դարձնելը։

Վերադառնանք ԱՄՆ. ծաղրածուի կերպարը առանցքային դեր ունի ամերիկյան փոփ-մշակույթում, մասնավորապես՝ չար ծաղրածուի կերպար։ Կարող ենք մտաբերել Սթիվեն Քինգի «Դա» վեպն ու տասնյակ այլ ծաղրածու-մոլագարների, որոնց կարելի է հանդիպել ամերիկյան մշակույթի հետ ծանոթանալիս։ Համեմատաբար ոչ վաղ անցյալում չար ծաղրածուի կերպարը սկիզբ է առնում Էդգար Պոյի «Հոպ-Սկոկ կամ 8 Շղթայված օրանգուտանները» գործից, որտեղ գաճաճ-ծաղրածուն վրեժխնդիր է լինում իրեն նեղացրած թագավորից՝ խորամանկորեն նրանց իր թակարդը գցելով։

Այժմ Ջոկերի տիտղոսն ավելի պարզ է՝ «сlown prince of crime», ասել է, թե խավարի իշխան։ Ծաղրածուի տիպիկ ծիծաղը՝ չարի ուրախությունն է, զվարճանքը, որը հաջողությամբ է իրականացրել իր հերթական «հանցանքը»։ Այս ծիծաղը հաճախ է հանդիպում «Խավարի ասպետը» ֆիլմում, իսկ Ջոկերում այն ներկայացվում է, որպես հոգեկան հիվանդության ախտանիշ։

Այսպիսով…

«Խավարի ասպետ»-ը ֆիլմում Ջոկերն ընգծում է իր և Բեթմենի նմանությունը. չէ՞ որ նա էլ է ալտրուիստ, նրան չեն հետաքրքրում փողը, ոսկին, շահը, նա մաքուր չարիքի կողմնակիցն է։ Եվ ահա, «Խավարի ասպետ»-ում քաոսի ու չարի գործակալը «Ջոկեր»-ում դառնում է անարխիստական հեղափոխական բանակ։ Ջոկերը այսօրվա Բեթմենն է, Բեթմենը՝ գլխիվայր, Բեթմենը՝ հակառակ։ Այն Բեթմենը, որը կարող է դառնալ յուրաքանչյուրը…

Աղբյուրներ՝ theverge.com, winteriscoming.net, style.rbc.ru, instagram, vz.ru

 


Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Լավ ժամանակ»

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Ռեժիսոր Ուես Անդերսոնը պատմել է, թե ինչ ֆիլմեր է նայում կարանտինի ժամանակ