Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները» - VNews

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

08 26 - Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

1983 թվական, նոյեմբերի 18. մի խումբ վրացի, զինված երիտասարդներ փորձում են առևանգել Թբիլիսիի օդանավակայանից Բաթում ուղևորվող ՏՈւ-134 ինքնաթիռը՝ ԽՍՀՄ-ից փախուստի դիմելու նպատակով: Պլանը հետևյալն էր. վայրէջք կատարել Թուրքիայում ու տեղափոխվել Արևմուտք՝ ազատության ետևից:


Wish you were here…” | Bacho Grigolia Blog

Թինաթին Պետվիաշվիլի, Գերման Կոբախիդզե 


2017 թվական, ապրիլի 20. կայացավ վրացի ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլիի «Պատանդները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Բեռլինի  67—րդ կինոփառատոնում: Սյուժեի հիմքում վերոնշյալ իրադարձությունն է:


04 30 960x625 - Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

«Պատանդները», 2017


Ինչ է պետք իմանալ. դրանք «երկաթե վարագույրի» տարիներն էին, երբ ԽՍՀՄ-ից դուրս գալու համար թռիչքի տոմս գնելը բավարար չէր, մյուս կողմից՝ մեր պատմության հերոսները վրացական հասարակության ազդեցիկ ընտանիքներից էին, ժամանակի «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներ, և այդ պահի դրությամբ նրանցից միայն մեկի համար էր ԽՍՀՄ-ից դուրս գալը բացարձակապես անհնար: Այնուամենայնիվ, արևմուտքը երազանք էր, շատերի համար՝ անիրականանալի, մնացածի համար՝ խիստ խրթին ընթացակարգ, որի արդյունքն անհայտ էր: Թեև դեպքը բացառիկ էր, սակայն առաջինը չէր. ազատության հասնելու այս ճանապարհը դիտարկվել է դեռևս 1954 թվականից, իսկ 1970 թվականին զինված Պրանաս և Ալգիրդաս Բրազինսկասներին հաջողվել է շեղել «Բաթում – Սուխում» չվերթի ուղին ու այն իջեցնել թուրքական Սինոպ քաղաքի օդանավակայանում: Արդյունքում՝ 4 տարի թուրքական բանտում, հետո Ամերիկա ու ազատություն՝ քաղաքական ապաստարանի ձևակերպմամբ: Գուցե հենց այս՝ առաջին հաջողված փորձն է հիմք տվել մեր հերոսներին մտածելու, որ ամեն ինչ կստացվի:

Բայց ամեն ինչ չի ստացվել: Երիտասարդներին դիմադրություն ցույց տվեցին: Ինքնաթիռը վերադարձավ Թբիլիսի: Մի ամբողջ գիշեր զավթիչներն ու պատանդներն անցկացրին ինքնաթիռում, իսկ հաջորդ առավոտյան հատուկ նշանակության ջոկատը այն գրոհեց: Այդ պահի դրությամբ հրազենային կրակոցից արդեն մահացել էին մի քանի ուղևորներ, անձնակազմի անդամներ և երկու զավթիչներ: Բացի առևանգման մասնակիցներից, մեղադրյալների աթոռին հայտնվեց նաև նրանց ենթադրյալ գաղափարական առաջնորդը. նա, ինչպես և նրանք բոլորը՝ բացի խմբի միակ կնոջից՝ Թինաթին Պետվիաշվիլիից դատապարտվեցին մահապատժի: 


кадр из фильма

«Պատանդները», 2017


«Վրաստանում սա շատ քննարկվող թեմա է: Ողբերգության յուրաքանչյուր տարելիցին ծնվում են նորանոր հակասություններ: Իմ ծնողների սերնդի համար այդ երիտասարդները չարագործներ էին. սովետական ​​քարոզչությունը նրանց այդպես էր պիտակավորել՝ հավանաբար, մարդկանց աչքերում արդարացնելու համար նրանց մահապատիժները: Մյուս կողմից, ժամանակակից Վրաստանում ռոմանտիկացվում է յուրաքանչյուրն, ով այս կամ այն ​​կերպ հակադրվել է ռեժիմին: Այդպիսով, շատերի համար այս երիտասարդները հերոսներ են, որոնք պայքարել են՝ հանուն ազատության: Այս մոտեցումներից ոչ մեկը, ոչ էլ մյուսն ինձ համար ընդունելի չեն»: 

Ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլի. BBC News Russian


Հարսանիք, դրան նախորդող օրեր, երբ պատրաստվում են ոչ թե տոնակատարությանը, այլ փախուստի և ինքնաթիռի առևանգմանը. ֆիլմում ամեն ինչ պտտվում այս երեք էպիզոդների շուրջ: Էմոցիոնալ ու ոճային ֆիլմն, իրոք, փոխանցում է ցանկությունը՝ դուրս պրծնելու, վախը, որ կարող է չստացվել, վճռականությունը, կասկածը, տարակուսանքը, խեղդող ռեժիմն ու ազատությունը, որ կա, բայց հեռվում է: Ֆիլմի անվանումը, ինքնին, դրդում է մտածել՝ ո՞վքեր էին պատանդները. նրանք, ովքեր պատահականության սկզբունքով հայտնվել էին առևանգված ինքնաթիռում, թե՞ նրանք, ում միտքն ու մղումը սահմանափակված էր՝ հստակ դիտավորությամբ, ովքեր պատրաստ էին բառացիորեն ամեն ինչի, միայն թե, ստացվեր գնալ: Ֆիլմում հաճախ ենք լսում ավագ սերնդի շուրթերից հնչող «ի՞նչդ էր պակաս» արտահայտությունը. պակաս էր ազատությունը, չկար ազատությունը: Բայց արդյոք սեփական անազատությունը իրավու՞նք է տալիս պատանդ վերցնել ուրիշների. ոչ: Մյուս կողմից՝ արդյոք հենց խիստ կապանքները չեն ծնունդ տվել ազատության՝ ոչնչի առաջ կանգ չառնող ձգտմանը: Երևի:

Այնուամենայնիվ. շատերը մեղադրում են ռեժիսոր Գիգինեիշվիլիին իրադարձությունները խեղաթյուրելու ու առևանգիչներին ավելի բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու մեջ. ֆիլմը կոնտեքստ է տալիս. Խորհրդային Վրաստան, բարձրաշխարհիկ խավ ու, այդուհանդերձ, նրանց բնակարանները բավականին աղքատիկ տեսք ունեն: Ծնողներ, որոնք ամեն կերպ փորձում են հաճոյանալ պարտիական ղեկավարությանը: Ջահելներ, որոնք ստիպված են լավ երաժշտություն ու լավ ծխախոտ հայթայթել՝ թաքուն: Այս ամենն իհարկե իրականության մասն է կազմել, բայց ամբողջ իրականությունը չէ: Մյուս կողմից, երիտասարդները, որոնք առևանգեցին  ՏՈւ-134-ը ժամանակի ու տեղի «ոսկե երիտասարդությունն» էին, այսինքն, նրանց մոտ ավելի հեշտ էր ստացվում շրջանցել «չի կարելի»-ներն ու, օրինակ, մի քանի տուփ Քամել հայթայթել հարսանիքի համար: Նույն պատճառով էլ նրանց հաջողվել էր զենք ու պայթուցիկ ձեռք բերել:

Ռեժիսորի կողմնակալ վերաբերմունքի մեկ այլ առիթ է տալիս այն հանգամանքը, որ ինքնաթիռում փակված պատանդներին որևէ կարևոր տեսարան, դիալոգ չի հատկացվել: Ամեն ինչ ծավալվում է առևանգիչների շուրջ. ներկայացնում նրանց ապրումները, նրանց խնդիրները, նրանց պատճառները՝ ամբողջապես հետին պլան մղելով իրադարձության տուժածների պատմությունը: Մատնանշվում են նաև բազմաթիվ հակասական կարծիքներ առևանգիչների այս կամ այն գործողությունների ճշգրտության մասին, սակայն այդտեղ ճշմարտություն գտնելն ավելի բարդ է. պաշտոնական աղբյուրները վկայում են մի բան, այսօրվա վրացի երիտասարդները՝ մեկ ուրիշ, լրիվ այլ բան՝ առավել մեծահասակները: 


Кадр (1) к фильму Заложники (Hostages, 2017)

«Պատանդները», 2017


 

Անկախ ամեն ինչից, մի կողմ դնելով բոլոր հակասությունները, ֆիլմը ազատության բնական պահանջի մասին է, որի սահմանափակումը վտանգի տակ է դնում՝ չվերթները, մարդկանց ու, նույնիսկ, ինքնին ռեժիմը: 

 

 


Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է