Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան - VNews

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

[աուդիոզրույց]

ՄհերՄանուկյան - Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

90-ականներին ռոքի հայաստանյան մայրաքաղաք համարվող Վանաձորում իրար հերթ չտալով` կազմավորվում էին ռոք խմբեր: Դրանցից շատերը թիթեռի կյանք էին ունենում ու կազմալուծվում՝ դեռևս հաջողության չհասած: Այդ ֆոնին հարատևում էին միայն լավագույնները. «Լավ էլի» ալտերնատիվ-ռոք խումբը դրանց թվում է:

«Լավ էլի»-ն հիմնադրել են Մհեր Մանուկյանն ու Գոռ Մխիթարյանը 1996-ին. նախկինում տղաները ստեղծագործում էին «ՍՆԷՔ» բենդում, որն էլ կազմավորվել էր մեկ այլ՝ «Ստվերներ» խմբի փլուզումից հետո. Աշոտ Չոբանյանը «Ստվերներ»-ի կիթառահար Գոռ Մխիթարյանին և դեռևս սկսնակ երաժիշտ Մհեր Մանուկյանին առաջարկել էր նոր ռոք խումբ կազմել: «ՍՆԷՔ»-ն ապրեց ընդամենը 2 տարի, սակայն հասցրեց համերգներ ունենալ, շրջագայել Հայաստանով, ձայնագրել «Ահա և մենք» ալբոմը և հայտնվել տարբեր ռադիոների լավագույնների ցանկերում:

Խոսելով այն մասին, թե ինչու հենց «Լավ էլի»-ն հարատևեց ու սիրվեց՝ Մհեր Մանուկյանն կատակեց, որ նրանք, պարզապես, ավելի գեղեցիկ էին. «Ինչ վերաբերում է «ՍՆԷՔ»-ին. հմայքով այն մոտ էր «Լավ էլի»-ին, բայց, ցավոք, խմբի անդամներից մի քանիսը մեկնեցին՝ հիմնականում Միացյալ Նահանգներ. մնացինք մյուս գեղեցիկներով ու շարունակեցինք»… Հենց այդ շարունակությունն էլ դարձավ «Լավ էլի»-ն:

Խմբի անվան գաղափարը ԱՄՆ խաղաղության կորպուսի անդամ Դոնալդ Ֆլամերֆելդինն էր. վերջինս, լսելով հայկական «դե, լավ էլի» արտահայտությունը, ասել է. «Ես Էլիին չեմ ճանաչում. ինչպե՞ս կարող եմ սիրել նրան» (անգլերեն՝ «Love Ellie»): Արձանագրելով այդ արտահայտությունը՝ տղաները սկսեցին տարբեր բառախաղեր անել . «LOVE էլի», «Love alley», ինչը նշանակում է «սիրո ծառուղի»…  Այդպիսով, խմբի անվանումը մի քիչ բազմիմաստ դարձավ ու շեշտադրեց սերը:

Կազմավորումից մեկ տարի անց խումբը ձայնագրեց իր առաջին ալբոմը ՝ «Առաջին ԼԱՎ Ալբոմ» անվամբ. այն ներառում էր 21 երգ՝ 11 հայերեն և 10 անգլերեն։ Շատ չանցած՝ ալբոմը դարձավ տեղական անդրգրաունդի դասական օրինակ: Ի դեպ, ալբոմի ձայնագրման վրա տղաներն ընդամենը 50 դոլար են ծախսել, որն էլ Մհերի մայրիկի «նվիրատվությունն» էր: Ինչ վերաբերում է խմբի առաջին համերգին. այն կայացել է Վանաձորի Տիկնիկային թատրոնում, Մհերի պնդմամբ. «Այն ժամանակ մենք նվագում էինք ողբերգական գործիքներով և սարքավորումներով, բայց դա շատ լավ դաս եղավ մեզ համար: Մենք հասկացանք, որ թեև արվեստը մեծ կախում ունի արտաքին միջոցներից, մեր դեպքում՝ սարքավորումներ, երաժշտական գործիքներ… Բայց կա մի բան, որ միջուկն է ու կախված չէ այդ ամենից. իհարկե, կարելի է նվագել այս պահին հասանելի լավագույն գործիքներով ու սարքավորումներով, բայց կարելի է նաև Արտո Թունջբոյաջյանի պես մի շիշ վերցնել ու դրանով նվագել, կամ բարձրանալ մի հեռավոր սար, երգել գագաթին ու նույն բանն այդ կերպ փոխանցել»…  Հետաքրքրվեցինք, թե ինչ արձագանք ունեցավ համերգը, Մհերը նշեց. «Մենք մեծ հաջողություն ունեցանք աղջիկների շրջանակներում. ռոք նվագող տղաների դեպքում հաջողությունը չափվում է աղջիկների մոտ առաջացրած հետաքրքրությամբ»

Մհերից և Գոռից բացի, խմբի «մեկնարկային» կազմում էին Դավիթ Գրիգորյանը և Վահե Տերտերյանը (նախկինում «Ալք» խմբից): Հետագայում՝ «Լավ էլի»-ի արդեն 25 տարվա գործունեության ընթացքում, խմբի կազմը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց, այժմ 1996-ի «Լավ Էլի»-ից մնացել են միայն Մհերը և Գոռը, նրանց միացել են Վարդան Փարեմուզյանը (հարվածային գործիքներ), Գոռ Թադևոսյանը (կիթառ, վոկալ), Տիգրան Ոսկանյանը (բաս կիթառ) և Շողեր Մանուկյանը (թավջութակ):

laveli1 960x546 - Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

«Խմբի կազմում երբևէ եղած յուրաքանչյուրը մեզ համար շատ սիրելի մարդ է: Տարիներ առաջ մեր 20-ամյակի առթիվ մեծ համերգ ունեցանք. փորձեցինք մեկ բեմի վրա հավաքել մեր խմբի՝ բոլոր ժամանակների անդամներին: Թեև, մի քիչ խառնաշփոթային, սակայն շատ էմոցիոնալ ստացվեց: Մեկ համերգով նվագեցինք մեր անցած ամբողջ ճանապարհը, յուրաքանչյուր երգի հետ՝ մի-մի ժամանակահատված ապրեցինք»:

Իսկ թե ինչպես վերաբերվեցին «Լավ էլի»-ենց տղաները, մի բան էլ՝ 90-ականների վանաձորցի տղաները՝ մեր աուդիո-հարցազրույցում, որը կարող եք լսել ներքևում: 

«Լավ էլի»-ի երկրորդ ալբոմը՝ «Essays»-ը  բեկումնային էր խմբի կենսագրության համար. այն «Լավ էլի»-ին ճանաչում բերեց՝  ամբողջ Հայաստանի ռոք սիրողների շրջանում: 1999-ին ալբոմի պրոդյուսեր Արտյոմ Այվազյանի շնորհիվ, «Essays»-ը պտտվում էր 107.1 FM- ով հեռարձակվող հեղինակավոր Radio Burg ծրագրում: Այնուհետև խումբը հայտնվեց այնպիսի հայտնի նախագծերում, ինչպիսիք էին «Բարև»-ն ու «Ռուբիկոնը». այս ամենն, իհարկե, բազմաթիվ համերգների ֆոնին: Հեռուստա և ռադիո եթերները արդյունք չմնացին. «Քո աչքերը». «Ճամփորդական երգն» ու «Գտա քեզ երկնքումը» իսկական հիթեր դարձան:

laveli22 960x546 - Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Խոսելով «Քո աչքերը» երգի հաջողության մասին, Մհեր Մանուկյանն ասում է, որ պատկերացում չունի, թե ինչու այն այդքան սիրվեց, սակայն սիրվեց՝ հենց առաջին կատարումից հետո, միակ «արդարացումը», երևի, այն է, որ «կյանքի այդ փուլում շատ էին սիրահարված», սակայն ուրախ է, որ մյուս երգերը չմնացին վերջինիս ստվերի տակ. «Մեր բախտը բերել է, որ մերոնք (խմբի երկրպագուները. խմբ. Vnews) երգում են մեզ հետ մեր բոլոր երգերը: Պատահում է, նույնիսկ, որ մենք խոսքերն այդքան լավ չհիշենք, որքան՝ իրենք: Վերջին երկու համերգների ընթացքում մեր հանդիսատեսը երգել է՝ առաջինից մինչև վերջին երգը: Այդ առումով, մեր մյուս երգերը պաշտպանված են»: 

Սակայն, խմբի պատմության ընթացքում, եղել են երգեր, որոնք, իսկապես, անսպասելի ու անպատկերացնելի հաջողություն են ունեցել: Երգեր, որոնք, առաջին հայացքից, հիթ դառնալու շանս չեն ունեցել: Այդպիսի երկու պատմությամբ կիսվում է Մհերը.

«Հիշում եմ՝գրեցի «Աշուն» երգը, երկար տատանվեցի՝ բերե՞լ այն խումբ, թե՞ ոչ, քանի որ այն շատ ավելի ծանր ու անուրախ գործ է: Արդյունքում, ցույց տվեցի խմբի մյուս անդամներին. երգն այդքան էլ լավ չընդունեցին: Հասկացա, որ դա այն երգերից է, որը միայն իմն է, իմն էլ պիտի մնա: Հետո, մեկ-երկու անգամ նվագեցինք, ինձ սկսեցին փողոցում կանգնեցնել ու շեշտել, թե որքան են հավանել հենց «Աշուն»-ը: Հիմա այն նվագում ենք ու մարդիկ երգում են՝ մեզ հետ հավասար: Դա իմ ամենամեծ ու ամենահաճելի զարմանքներից մեկն էր…

Մեկ այլ է «Արևին, Արևին» երգի պատմությունը, որը կատարում ենք Արմինե Հայրապետյանի հետ: Երգն արդեն 7 տարվա վաղեմություն ուներ, երբ Տիգրան Առաքելյանը հոլովակ պատրաստեց երգի համար, ու այն  կյանք մտավ, սկսեց ապրել: Հիմա, համերգների ընթացքում, պատահում է, որ հանդիսատեսը «Արևին, Արևին»-ն է ուզում, որն էլ, առանց Արմինեի չենք կարող կատարել: Արդյունքում, դահլիճում «կամավորներ» են հայտնվում, բարձրանում բեմ և երգում մեզ հետ»: 

Վերադառնալով խմբի պատմությանը՝ հասնում ենք այն կետին, երբ «Լավ էլի»-ն լուծարվեց՝ ներքին տարաձայնությունների պատճառով և վերամիավերվեց, արդեն 2004 թվականին՝ ձայնագրելու համար  «Notes from Vanadzor: Urban Armenian Rock»՝ երրորդ ալբոմը: Տղաներն այն «լավէլիասերների» դատին հանձնեցին 2006 թվականին: Ալբոմը վերածնունդ դարձավ: Այն երկրորդ՝ ավելի ուժեղ շունչ տվեց խմբի գործունեությանը՝ արժանանալով լավ գնահատանքի միջազգային երաժշտական հարթակներում: Բացի այդ, «Notes»-ը դարձավ խմբի առաջին կոմերցիոն ձայներիզը: 2008 թվականից խմբի ակտիվությունը զգալիորեն նվազեց…

«Ստեղծագործական դադարները, կարծում եմ, ցիկլիկ բնույթ ունեն: Կարող է մեկ, երկու, երեք տարի ամեն ինչ ցամաքել, հետո՝ հորդել ջրհեղեղի պես: Խմբի գործունեության ամենամեծ դադարը իմ ու Գոռի վիճաբանության արդյունքում եղավ, գժտության պատճառն էլ իմ կինն էր ու Գոռի քույրը»… (պատմության մանրամասները՝ աուդիո-հարցազրույցում):

2011 թվականին խմբի գործունեությունը նոր թափ առավ՝ նոր կազմով. Մհերին ու Գոռին միացան Բագրատ Անաուրյանը, Տիգրան Ոսկանյանը և Շողեր Մաուկյանը: «Լավ էլի»-ն մեծաթիվ համերգներ ունեցավ՝ հավատարիմ լսարանով, հին ու նոր երգերով: Այդպիսով, «Լավ էլի»-ն կրկին վերադարձավ բեմ: Առջևում խմբի վերադարձն էր՝ ձայնագրման ստուդիա:

laveli3 960x546 - Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Մհերը հիշում է. «Նման մի պահ եկավ, երբ ես ու Գոռը որոշեցինք դադարեցնել խմբի գործունեությունը: Հենց այդ որոշմանը հանգելու ընթացքում համերգ ունեցանք Վանաձորի հրապարակում: Համերգը տվեցինք ու հետ կանգնեցինք մեր որոշումից. երիտասարդությունը, երեխաները մի այնպիսի ծարավ ցույց տվեցին այնտեղ, որ հասկացանք՝ չի կարելի հրաժարվել քո ունեցած համեստ կարողություններով այդ ծարավը հագեցնելուց. դա մեծ հանցագործություն կլիներ մեր կողմից: Այժմ, շարունակելն ինձ համար պատասխանատվության ու պարտքի պես մի բան է: Ինձ չի գրավում ո՛չ փառքը, ո՛չ աղջիկների սերը, ո՛չ ժողավրդականությունը, այս պահին ինձ հուզում է այն 17-18 տարեկանը, որը մեծ ծարավ ունի՝ ինչ-որ բանի, փնտրում ու փորձում է հագեցնել այն: Եթե ես կարող եմ ինչ-որ բանով օգնել նրան՝ այդ փնտրտուքի մեջ, ինչ-որ բան տալ նրան… եթե նա համարում է, որ մեր տվածը թեկուզ չնչին չափով իրեն անհրաժեշտ է, ուրեմն դա անելը մեր պարտքն է»…

Խմբի վերադարձը նշանավորվեց «Անձրևաշուն» ալբոմով: Այն ծնունդ տվեց այնպիսի հիթերի, ինչպիսիք են «Աշուն»-ը, «Անձրևաշուն»-ը, «Մեր հանդիպման օր»-ը: Ալբոմից հետո էլ լույս տեսավ «Արևին, Արևին» երգի տեսահոլովակը: Խումբը շարունակեց իր համերգային ընթացքը. ամենահիշարժանը  2019 թվականի «Լավ էլի»/«Բամբիռ» համատեղ համերգն էր՝  «Ռոսիա» կինոթատրոնում. լրատվամիջոցներն այն անվանեցին՝ տարվա ռոք համերգ, իսկ ինքը՝ Մհերը հիշեց, որ Կինոռոսիայում ներկա էին շուրջ 1400 հոգի, ինչն էլ եթե ոչ աննախադեպ, ապա չափազանց հազվադեպ երևույթ է տեղական ռոք խմբերի համար:

Արդեն 25 տարի շարունակ՝ վայրիվերումներով, տևական լռություններով ու խելահեղ համերգներով, հին ու բարի, կամ նոր ու արդեն սիրված երգերով, «Լավ էլի»-ն մնում է մեր՝ տեղական ռոքի առաջամարտիկներից մեկը: Գաղտնիքը մեկն է՝ նրանց սիրում են: 


«Արվեստ հանուն արվեստի». Մեծ հարցազրույց «Դոգմայի» Զառա Գևորգյանի հետ

5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Մեր տղերքի սիրած երգերը. Պատմում է Գուսան Հայկազունը

Զրուցել ենք Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանի հետ