Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված - VNews

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

min - Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

Պատմությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ ոլորտներ, այդ թվում մշակույթի մեջ, երկար ժամանակ «օկուպացված» են եղել տղամարդկանց կողմից: Մշակույթի պատմության էջերը լի են տղամարդկանց անուններով, սակայն այդքանով հանդերձ, կանանց քիչ, սակայն մուգ տառերով գրված անունները շատ բան են փոխել մշակույթի պատմության էջերում։

Այսօրվա մեր անդրադարձում հայ կանայք են, որոնք իրենց ներդրումն ունեցան հայ ու, ինչու ոչ՝ համաշխարհային մշակույթում: 

Զապել Եսայանն ասել է.

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»։

Զապել Եսայան

download - Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

«Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր». հենց այս խոսքերն է գրել Զապել Եսայանի մասին ամերիկյան Refinery 29 կայքը՝ ներգրավելով Զապելին աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում: 20-րդ բարդ դարաշրջանի դեպքերի ականատեսն ու անմասն չմնացած կինն է Զապել Եսայանը: Կին, որի անունը 40 տարի շարունակ հայտնվեց բազում գրքերի կազմերին:

Նա պնդում էր, որ գրականությունը պերճանք չէ, այլ՝ զենք:

Զենք՝ նրա նուրբ կանացի ձեռքերում: Նա գրական ասպարեզ մտավ 19-րդ դարի վերջում, երբ հասարակական ու քաղաքական պայմանները չէին կարող շրջանցել նրա գրականությունը: Նա ոչ միայն գրող էր, այլև գրական գործիչ, կուսակցական գործիչ, ուղղակի գործող կին:

1915-ի երիտթուրքերի սև ցուցակում, որտեղ ընդգրկված էին այն հայերը, որոնց պետք էր չեզոքացնել, կար նաև մի կնոջ անուն՝ Զապել Եսայան: Սակայն Կնոջը հաջողվում է փրկվել, նա ապաստան է գտնում Բուլղարիայում, հետագայում մեկնում Թիֆլիս: Այս ընթացքում Զապելը կարևոր գործունեություն է իրականացնում հայ տարագիրներին ապաստան տալու համար: Իսկ գրական ճակատում շարունակում է խոսել քաղաքական ու սոցիալայկան խնդիրներից, որոնք մի ամբողջ ազգի համար դատավճիռ էին դարձել… Աայնուհետև վրա են հասնում Խորհրդային կարգերը, որոնք չէին կարող մարսել Զապելի ընդգծված հայրենասիրությունը, ուստի գրողների միությունում իր ելույթին հաջորդում է դռան անսպասելի թակոցը, ինչն այդ տարիներին կարող էր մի բան նշանակել. Զապելին ձերբակալում են: Իր կյանքի մնացյալ տարիները կինը ստիպված է լինում անցկացնել Բաքվի բանտում. բանտարկյալի նամակները հուշում են՝ նա չի կորցնում իր կամքն ու խիզախությունը:

Հայ գրող, հրապարակախոս, հայ կին, երկու երեխաների մայր, հայրենանվեր ու մարդասեր Զապել Եսայանի մահվան մասին հանգամանքները հայտնի չեն մինչ օրս:

Սրբուհի Տյուսաբ

c2c32d5242f74f48fe533ca996d4d4f8 - Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

Սրբուհի Տյուսաբն ապրել ու գործել է ավելի վաղ՝ 19-րդ դարի երկրորդ կեսին: Տյուսաբը նրա գրական կեղծանունն է, կնոջ իրական ազգանունն է Վահանյան: Սրբուհին համարվում է հայ գրականության առաջին կին վիպասանն ու հայկական ֆեմինիզմի հիմնադիրը: Ծնվելով Կոստանդնուպոլսում Տյուսաբն ակտիվ գործունեություն է վարել կանանց իրավունքները պաշտպանելու գործում: Տիրապետել է ֆրանսերենի, հետաքրքրվել պատմությամբ և բնական գիտություններով: Կնոջ կյանքում բեկումնային նշանակություն է ունեցել բանաստեղծ և հասարակական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ ծանոթությունը. վերջինս Տյուսաբին հայերենի դասեր է տվել՝ բացելով նրա առաջ հայ գրականություն մուտք գործելու դռները:

Գրական գործունեության սկզբում Տյուսաբը գրել է գրաբար ու աշխարհաբար բանաստեղծություններ։ 1880 թվականի «Աշխարհաբար հայ լեզուն»  գրքույկում հանդես է եկել նոր լեզվի պաշտպանությամբ, նույն թվականից եղել է «Դպրոցասեր հայուհյաց ընկերության» ընդհանուր ժողովի ատենապետը։ Նրա ստեղծագործական կյանքի հիմքում ընկած են այնպիսի վերնագրեր, ինչպիսիք են «Կանանց դաստիարակությունը», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկզբունքը», «Հայ ընկերությունք», «Մայտա», «Սիրանույշ», «Արաքսիա կամ Վարժուհին» և այլն. թեմաներ, որոնք, հիմնականում, առնչվում են կնոջ իրավունքների պաշտպանության հետ:

1887 թվականից խրոնիկ գլխացավերի պատճառով  Տյուսաբը դադարել է զբաղվել գրականությամբ, փոխարենը նա իր ժամանակը տրամադրում էր հասարակական գործունեությանը։ Հանգանակություններ էր կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության և Երզնկայի դպրոցի օգտին, աջակցում էր Գալֆայան որբանոցին, կազմակերպում էր գրական-երաժշտական հանդեսներ և այլն:
Սրբուհի Տյուսաբը մահացել է  1901 թվականի հունվարի 3-ին՝ 60 տարեկան հասակում՝ քաղցկեղից։ Նրա աճյունն ամփոփվում է Շիշլիի Լատինաց գերեզմանատանը՝ դստեր կողքին։ Նրա շիրիմի տապանագրին կարելի է կարդալ. «Հրաշալի կնոջն ու մորը, նրան, որ ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները։ Հավերժ հարգանք ու ափսոսանք»…

Ֆլորա Զաբել Հիչքոք

1200px Flora Zabelle stage actress SAYRE 11792 1 960x1607 - Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

19-20-րդ դարերում հայ կանայք ոչ միայն ակտիվորեն մուտք են գործել գրական ասպարեզ, այլև ինքնադրսևորվել շատ ուրիշ ոլորտներում: Այդպիսի մի անուն է Ֆլորա Զաբել Հիչքոքը՝ կինոարվեստի պատմության մեջ: Վերջինս ամերիկյան կինոյի առաջին աստեղրից էր, որի մասնակցությամբ առաջին («Ահա՛ ձեր գլխարկը») կինոնկարն էկրան է բարձրացել դեռևս 1913 թվականին: Իզաբել Մանգասարյանը ծնվել է 1880 թվականի ապրիլի 1-ին, Մարզվանում, մեկ տարեկան հասակում, ծնողների հետ, տեղափոխվել է ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա, ապա՝ Նյու Յորք:

Ֆլորա Զաբել բեմական անվամբ առաջին անգամ հանդես է եկել 1890-ականների երկրորդ կեսից, երբ սկսել է ներկայանալ «Քեսըլ սքուեր» օպերային խմբում: 1903 թվականից հանդես է եկել թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Ռայմոնդ Հիչքոքի թատերախմբում, որի հետ ամուսնացել է 1905 թվականին. ամուսինները համատեղ ապրել են մոտ քառորդ դար: 1929 թվականին Ռայմոնդը մահացել է, իսկ Իզաբելն ապրել է մինչեւ 88 տարեկանը…

Իսկ մինչ այդ… Ֆլորա Զաբելը նկարահանվել է վեց ֆիլմում, որոնք մեծ մասամբ չեն պահպանվել: Դերասանուհու ֆիլմացանկի երկրորդ կինոնկարն է «Վայրի վագրը», որին հաջորդել են դերերը Ջորջ Վ. Թերուիլինգերի «Օղակապոչ ռնգեղջյուրը»,  Ռոսքո Արբաքլի «Գյուղական սկանդալ», Ջեյմս Դարքինի «Կարմիր այրին» և Չարլզ Ջիբլինի «Կատարյալ 36» կինոնկարները: Այդ տարիներին Ֆլորա Զաբելի լուսանկարները հաճախ էին իրենց տեղը գտնում հոլիվուդյան առաջին կինոպարբերականներում… և ծխախոտի տուփերին. այո՛, այո, հենց նրա պատկերն էր զարդարում «Ֆաթիմա» ծխախոտի տուփը:

1920 թվականին Ֆլորա Զաբելը լքել է բեմն ու կինոն: 1930 թվականին մասնակցել է մեկ այլ մեծանուն հայի՝ Ռուբեն Մամուլյանի ծնողների պատվին կայացած հանդիսությանն ու ասել. «Ուրախ եմ եւ հպարտ կը զգամ, որ որպէս Հայ կրկին ցեղիս զաւակներուն հետ կը գտնուիմ ու կը մասնակցիմ անոնց զգացումներուն»

Ռուբեն Մամուլյանի մասին կարդա՝
Ռուբեն Մամուլյան. Հոլիվուդի հայազգի ֆենոմենը

Ֆլորա Զաբել Հիչքոք Մանգասարյանը վախճանվել է 1968 թվականի հոկտեմբերի 7-ին, Նյու Յորքում…

Դիանա Աբգար

Image result for դիանա աբգար

Դիանա Աբգարը հայազգի գրող, հրապարակախոս և հասարակակն գործիչ է, որը ապրել և գործել է Ճապոնիայում: Թեև կինն առավել հայտնի է, որպես աշխարհի առաջին կին դեսպան, սակայն պակաս չէ նաև նրա ներդրումը գրական ու հրապարակախոսական բնագավառներում: Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում դեռևս 1920 թվականին: Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց իր պետական անկախությունը, ոչ ոք չշտապեց այն ճանաչել: Եվ միայն 1920 թվականին, շնորհիվ Դիանա Աբգարի ջանքերի, Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց հայակական Առաջին Հանրապետության անկախությունը: Իր հմուտ քաղաքականության շնորհիվ՝ 1920 թվականի հուլիսի 21-ին Դիանա Աբգարը նշանակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Հեռավոր Արևելքում …

Դիանան Ճապոնիայում ապրել է 46 տարի, տիրապետել է պարսկերեն, անգլերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։ Գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ Ճապոնիայի անգլիալեզու մամուլում տպագրել է հայ ժողովրդին, Մեծ եղեռնին վերաբերվող հոդվածներ, հրատարակել է «Հազար ու մի պատմություններ» պատմվածքների ժողովածուն, «Մենավոր խաչակիրը» վեպը, «Իմպերիալիզմը և օրենքը», «Եվրոպայի խաղաղությունը», «Խաղաղության հիմնահրացը», «Խաղաղություն և ոչ խաղաղություն» աշխատությունները։ Գրել է նաև բանաստեղծություններ՝ Մայր Հայաստան կեղծանվամբ։ Նրա գրչին են պատկանում «Սուսաննա», «Ճշմարտություն հայերի կոտորածի մասին». «Հայաստան, որին դավաճանեցին», «Քո անունով», «Խաղաղություն և ոչ խաղաղություն», «Մեծ չարիք», «Սարսափելի անեծք» և մի շարք այլ արժեքավոր ստեղծագործություններ:

Հայոց պատմություն. Դիանա Աբգար

2020 թվականի նոյեմբերի 23-ին շրջանառության է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Դիանա Աբգար» թեմային:

Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում։ Նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանն՝ ամուսնու շիրմի կողքին։ Տվյալ պահին Աբգարի շիրիմը գտնվում է Հայ-ճապոնական հասարակության հովանավորության տակ Տոկիոյում:

Լիլիթ Տերյան

04 - Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

Հայուհի է նաև «Իրանի ժամանակակից քանդակագործության մայր» պատվաբեր տիտղոսը կրող Լիլիթ Տերյանը: Հարևան պետությունն այսօր լեփ լեցուն է տիկին Տերյանի աշխատանքներով:

Լիլիթը սկսել է նկարել դեռևս վաղ տարիքից, բացի այդ՝ դեռևս մանուկ հասակից հասարակ մանկական պլաստիրինը նրա ձեռքերում վերածվում էր հետաքրքիր ու յուրօրինակ «քանդակների»: Արվեստով տարված աղջիկը սկզբում ուսանում է Թեհրանի համալսարանի գեղանկարչության բաժնում, սակայն տեղի կրթությունը նրան բավարար չէր: Նա մեկնում է Ֆրանսիա, սովորում Փարիզի Բոզար գեղարվեստի բարձրագույն դպրոցում. հարկ է նշել, որ հանճարեղ Ռոդենին 3 անգամ մերժել են ընդունել այդ հաստատություն:

Մերժելով բոլոր գործական առաջարկները՝  ուսումն ավարտելուց հետո Լիլիթը վերադառնում է Թեհրան ու սկսում դասախոսել. այդ տարիներին կին-դասախոս լինելն արտառոց երևույթ էր: Այսօր կարելի է վստահաբար ասել, որ Իրանի մերօրյա տաղանդավոր քանդակագործների մեծ մասն անցել է հենց Լիլիթ Տերյանի դպրոցը: Իսկ երկրի բոլոր այցելուներին խորհուրդ է տրվում առաջին հերթին տեսնել Տերյանի հեղինակած արձանները՝ Սուրբ Աստվածամոր ու Սուրբ Թարգմանչաց եկեղեցիների բակում: Լիլիթ Տերյանը ոչ միայն արվեստասերների սիրելին էր, այլև գնահատված էր տեղի իշխանությունների կողմից. բազմաթիվ պարգևներից զատ, 2007 թվականին իրանական իշխանությունը վաստակավոր քանդակագործին նվիրված հատուկ երեկույթ  կազմակերպեց՝ Իմամ Ալի անվան կրոնական արվեստի թանգարանում։

Լիլիթ Տերյանը մահացել է 2019 թվականի մարտի 7-ին՝ 88 տարեկան հասակում, իսկ նրա հիշատակն ու փառքը ապրում է ու կշարունակի պարել: 


Պատմության ամենասեքսուալ կանայք

Տերյանի երեք կանայք…

Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

10 փաստ տարբեր ժամանակներում կանանց ծանր կյանքի մասին

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Հայերը Իրանում

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք]

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Թևակոխելով բալզակյան տարիք…

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Օսկարի լավագույն լուքերը

Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Չարլզ Բուկովսկի