Հովհաննես Ադամյան. Աշխարհը գունավորած գիտնականը - VNews

Հովհաննես Ադամյան. Աշխարհը գունավորած գիտնականը

ՍԱԴՖԳ - Հովհաննես Ադամյան. Աշխարհը գունավորած գիտնականը

Դժվար է այսօր պատկերացել մեր կյանքն առանց գունավոր հեռուստատեսության։ Իսկ այդ գյուտի հեղինակը մեր հայրենակից Հովհաննես Ադամյանն է։ Խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում ծնված Հովհաննեսը դեռ դպրոցական տարիներից սիրում էր ուսումնասիրել, պրպտել և այդ հատկությունը նրան հասցնում է Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններ, որտեղ  մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում։

Սորբոնի համալսարանում ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։

29-ամյա Ադամյանը Գերմանիայում սեփական միջոցներով լաբորատորիա է ստեղծում և մի շարք գյուտեր կատարում։  600 կմ հեռավորության վրա գունավոր պատկերը հաղորդալարով հաղորդելու առաջին փորձերը բարեհաջող է անցնում։

1913 թվականին նա տեղափոխվում է Ռուսաստան և մինչև 1932 թվականը բնակություն հաստատում Լենինգրադում, որտեղ ևս հիմնում է լաբորատորիա և շարունակում գիտական փորձերը։ Այս ժամանակահատվածում նա ստանում է 21 արտոնագիր, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում։

1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։

Картинки по запросу "ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ"

1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։

Վիկտոր Համբարձումյանը, որը մտերիմ էր Հովհաննես Ադամյանի հետ, ասել է.

«Պետք է ասել որ Ադամյանը չափազանց կենդանի, կենսուրախ, կատակասեր մարդ էր։ Եվ նրա հետ ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև հաճելի էր գործ ունենալ։ Հաճախ, երբ որ ես վերադառնում էի դասախոսություններից, նա կիսում էր ինձ հետ իր վերջին աշխատանքի արդյունքները։ Կարելի է ասել, որ նա անսահմանորեն նվիրված էր այն հիմնական գործին, որով զբաղվում էր։ Տեխնիկայի պատմության մեջ, առհասարակ հայ ժողովրդի պատմության մեջ Ադամյանի անունը կմնա ընդմիշտ»։

Այս համամարդկային հայտնագործության հեղինակը, սակայն, միայն գիտությամբ չէ, որ տարված էր։

Նա սիրել և ուսանել է երաժշտություն, ճարտարապետություն, նկարչություն: Շախմատի աշխարհի չեմպիոն Կապաբլանկայի հետ շախմատ է խաղացել: Ականավոր երաժիշտների ընկերակցությամբ Բախի, Բեթհովենի, Շտրաուսի և Մոցարտի գործերն է կատարել: Փարիզում նկարների ցուցահանդեսներ է կազմակերպել:

Հովհաննես Ադամյանը սիրում էր կապ պահպանել հայրենակիցների հետ։

Բեռլինի սրճարաններում նա հաճախ էր հանդիպում ընկերներին։ Մի անգամ սրճարաններից մեկում ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ հանդիպման ժամանակ Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է։

Նա հաճախ էր խոսում իր երկրի ու ժողոովրդի մասին.

«Աշխարհն իսկապես երփներանգ է, սև ու սպիտակ չէ, բայց ժողովրդիս պատմությունը, ավա՜ղ, միշտ երկգույն է եղել: Գույների կարիք շատ ունենք: Ուրեմն, էլ որտե՞ղ, եթե ոչ Երևանում պետք է մեկնարկի գունավոր հեռուստատեսության նախագիծը»:

Եվ այդպես էլ եղավ։ 1925 թվականին աշխարհի բոլոր լրատվական գործակալությունները տարածեցին.

«Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում ներկայացվել է գունավոր հեռուստատեսության՝ աշխարհում առաջին աշխատող մոդելը՝ «Հեռատեսը»:

Հովհաննես Ադամյանը մահացել է 1932թ. Սանկտ Պետերբուրգ քաղաքում, բայց հետագայում՝ 1970 թվականին, մեծ գյուտարարի աճյունը տեղափոխել են Հայաստան և հողին հանձնել Կոմիտասի անվան պանթեոնում:

Ցավոք իր կենդանություն օրոք գյուտարարը չարժանացավ այն փառքին, որին արժանի է այդ տեսակ գյուտի հեղինակը։

Աղբյուր՝ Ա1+, Վիքիպեդիա