Հովհաննես Գրիգորյան [Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում] - VNews

Հովհաննես Գրիգորյան [Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում]

գրիգորյան - Հովհաննես Գրիգորյան [Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում]

ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ

Եվ Աստված ցանկացել է գրել
Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց, ափսոս, բառն այդ շատ էր երկար
ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա…
Եվ Աստված ցանկացել է գրել
Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բայց, ավաղ,
այդ բառն էլ դարձրյալ շատ երկար էր
ու կեսն անգամ չտեղավորվեց
քո փոքրիկ հողակտորի վրա…
Եվ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար
քո փոքրիկ հողակտորի համար…

ՉԳԻՏԵՍԹԵԻՆՉ – 2

Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում,

և ինչքան շատ են թշվառ ու խեղճ,

այնքան ավելի շատ են հայրենիք:

Իսկ զորեղ և հարուստ երկրները սովորաբար կոչվում են

անունով, ասենք` Անգլիա կամ Միացյալ Նահանգներ,

և սովորաբար ոչ ոք չի մեռնում նրանց կարոտից

և հալումաշ լինում` ախ, իմ թշվառ հայրենիք, կանչելով,

այլ, ցանկության դեպքում, սովորաբար տոմսեր են պատվիրում

ցանկացած ժամի ու մեկնում են իրենց երկիր, սովորաբար

թերթ կարդալով և կամ սուրճ խմելով…

Հայրենիքները սովորաբար հեռու են լինում,

քարքարոտ ու անտերանոց մի տեղ, Աստուծու աչքից հեռու․

սպասման մեջ պիտի բազում օրեր քնես ու զարթնես

լքված ու անհրապույր կայարանների չորչորուկ աթոռների վրա,

և ապա, մեծ հաջողության դեպքում` ճանապարհ պիտի ընկնես

անսպասելի ու անպատեհ մի ժամի, սովորաբար խորը գիշերով,

իրար վրա թափված բազմության մեջ կորցնելով ոտիդ և շատ

հաճախ նաև գլխիդ տեղը, և տեղ հասնես սովորաբար դարձյալ

գիշերվա անհայտ մի ժամի, որպեսզի այնուհետև ճանապարհի մյուս կեսը

անցնես քայլելով` տեղ-տեղ պիտի բարձունքներ հաղթահարես,

կառչելով ծերպերից ժայռերի, տեղ-տեղ չոքեչոք

ու սողեսող գնաս` ճակատդ անձավների սուր ելուստներին

չխփելու համար, տեղ-տեղ ձորերը պիտի մտնես, ուր հնարավոր չէ

իջնել առանց պարանի օգնության…

Հայրենի տները սովորաբար կիսաքանդ են լինում` ի՞նչ իմաստ ունի

վերակառուցելը, միևնույն է, նորից քանդվելու է հերթական

երկրաշարժից և կամ առօրյա ռմբակոծությունից հետո…

Կիսաքանդ տներ` բերնեբերան լցված հիվանդ պառավներով,

անմարդ կնանիքով և փոշեկոլոլ տղամարդկանցով, որոնց կյանքի

մի կեսը բանտերում է անցնում, մյուս կեսը օտարության մեջ

և կամ հիվանդանոցներում և որտեղից այլևս չկա ուրիշ ճանապարհ

գերեզմանոց տանողից բացի…

Հայրենիքում տարին սովորաբար մի եղանակ է ունենում`

ցուրտ, դաժան ձմեռ, որ վերջանում է քեզ հետ միասին,

և հետո, տարբեր ինչ-որ կարճ շրջան, որը լցված է

ձմռան սպասման տագնապ ու վախով…

Հայրենիքներում օրը սովորաբար մի ժամ է ունենում`

գիշերվա մի ժամ, որը 24 ժամ է տևում սովորաբար…

Հայրենիքն այնտեղ է, ուր խռմփոց է լսվում և կամ

քնելուց զզված երեխայի լաց… Բոլորն են քնած.

դերասանը բեմի վրա, երաժիշտն իր գործիքը գրկած,

պաշտոնյաները աթոռին նստած, և միտինգներում

հռետորներն են քնած` միկրոֆոններից, ապահովության համար,

ամուր, պինդ կառչած…

Հայրենիքները, ահա թե ինչու, երազներով ու երազանքներով են

բերնեբերան լցված… Բոլորն են քնած:

Սակայն ճիշտն այն է, որ սովորաբար

նախ հայրենիք են լինում սկզբում և հետո միայն,

ժամանակներ անց- դառնում են

երկիր: Երևի թե

բոլորն անխտիր:

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

ՀԱՅՐԵՐԻ ՀՈՂ

Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,
և կարոտից արտասվում են օտար սրճարաններում
և չգիտես թե ուր լողացող նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…

***

Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,

հետո էլի խմեցինք,

որովհետև լացը պիտի լիներ երկար,

հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին

մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս

գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու

և երեխաների համար, ինքը, հասկանալի է,

չէր կարող` իˉնչ կնոջ գործ է

գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը

քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում,

և ոչ էլ դուդուկը; – Չէ, – հանկարծ ասաց կինը,- մի փոսը

հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են,

թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են,

չվախենան հանկարծ…

… Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը

շարունակում էր ճերմակել…իսկ մենք, սևացած

սրտերով կանգնել էինք նրա կողքին

և առանց ամաչելու

բարձրաձայն լալիս էինք մեր լացը,

որը պիտի շատ երկար լիներ…

130763459 106942184612677 6715985141571600975 o 960x546 - Հովհաննես Գրիգորյան [Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում]

աղբյուր՝ http://hovhannesgrigoryan.com/


Գարնան պոեզիա…QUIZ [դասականներ ու ժամանակակիցներ]

3 պոետ Գյումրիից [մաս 1]

Գերմանիայի առաջատար համալսարանում հատուկ դաս՝ նվիրված Հովհաննես Գրիգորյանին և Հենրիկ Էդոյանին

Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար

կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք]

Վահագն Դավթյան․ տուն, որը վերցնում ենք մեզ հետ

Հենրիկ Էդոյան. Լույսը ձախ կողմից [բանաստեղծություններ լույսեր]

5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

5 երգ հայ պոետների երգեցիկ բանաստեղծություններով

Գարնանային պոեզիա

Սիրո մասին, սիրո համար. բանաստեղծություններ

Ձմեռաշունչ պոեզիա

Աշնանաբույր պոեզիա

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

Հովհաննես Գրիգորյան. Նորից երջանկության մասին