Ճիչը. Հովհաննես (Յոհան) Գալստյան - VNews

Ճիչը. Հովհաննես (Յոհան) Գալստյան

Այդ օրը լույսի ու խավարի հավերժական պայքարը ժամանակից շուտ սկսեց: Խավարը գրոհում էր երեք կողմերից, իսկ լույսն անհավասար պայքարում նահանջում էր: Նրանց բախումից երկինք էին բարձրանում բազում գույներ:
Վրձնով որսորդը վերցրեց ներկապնակը և անցավ գործի (այս որսի մասին հետագայում խոսեցին շատերը):
Որսորդը սքանչելի գույներ տվեց կտավին, ապա պատկերեց ծովը, որն արտացոլանքն էր երկնքի: Երբ հերթն հասավ ծովեզրին, այն արդեն խավարի ձեռքում էր: Հաջորդը ճեմուղին էր, որտեղ զբոսնում էին երկու անցորդ. նրանք էլ դարձան հավերժի մասնիկ: Նա մտածում էր, որ նկարը թերի է, պետք էր հավասարակշռություն տալ և նկարի ստորին հատվածը կիսատ թողնելով գնաց գինու շշի ետևից: Վերադարձավ ու նստեց կտավի առջև դրված թիկնաթոռին: Առաջին բաժակից հետո հոգնություն զգաց՝ կոպերը չէին ենթարկվում: Նրա ականջում աղմուկ էր, որ չէր թողնում հանգստանալ: Գլխում սկսվեց աղմուկի և լռության պայքար, մտքի լույսը հանդիպեց խավարին: Աղմուկն ավելի էր ահագնանում, ձեռքերով ամուր սեղմեց ականջները, ձայները հասցնում էին խելագարության: Ձայնեեե՜ր, ձայնեեեե՜ր, ձայնեեեեե՜…
-Այդ ի՞նչ ձայն էր.- տագնապած ինքն իրեն հարցրեց անցորդն ու շարունակեց քայլել…