Մի միայնակ երազողի պատմություն, որը դարձավ 90-ականների սիմվոլը. Կուրտ Քոբեյն - VNews

Մի միայնակ երազողի պատմություն, որը դարձավ 90-ականների սիմվոլը. Կուրտ Քոբեյն

19 1 - Մի միայնակ երազողի պատմություն, որը դարձավ 90-ականների սիմվոլը. Կուրտ Քոբեյն

Իննսունականներն ունեին շատ կուռքեր, բայց էպոխայի խորհրդանիշը դարձավ շեկ, կեղտոտ մազերով, համերգներին՝ տեսախցիկների վրա միզող հանճարեղ թմրամոլը՝ Կուրտ Քոբեյնը. սերնդի սիմվոլը՝ կեդերով ու մաշված ջինսերով: Քրիստ Նովոսելիչի և Դեյվ Գրոլի հետ միասին նա վերջ տվեց պաթոսին ու ծանր ռոքի ատրիբուտիկայի անքակտելի մասը կազմող փշերին ու ճտքակոշիկներին: Այս ամենի մեղավորը հենց այդ խարիզմատիկ, էքսցենտրիկ տղան էր՝ խարխլված հոգեբանությամբ ու ձախ ձեռքով կիթառ նվագելու սովորությամբ: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց. հարց, որի պատասխանը միանշանակ չէ, և այդուհանդերձ…

05 14 960x546 - Մի միայնակ երազողի պատմություն, որը դարձավ 90-ականների սիմվոլը. Կուրտ Քոբեյն

Երգն՝ այստեղ


«Ես ատում եմ ինքս ինձ ու ուզում եմ մեռնել»

Այս տողերն էին 90-ականների անդրգրաունդի յուրաքանչյուր երրոդ աղջկա ու հինգերորդ տղայի շապիկներին: Եվ դա՝ շնորհիվ հաճարեղ ձախլիկ երաժշտի, թմրամոլի, ռոքերի ու «մահացած հերոսի»՝ տխրահռչակ «27 ակումբ»-ից: Այս տարի կբոլորեր նրա 54-ամյակը. ուղիղ երկու անգամ ավելի, այն պահից, երբ նա ձեռքը վերցրեց որսորդական հրացանը: Արդեն 27 տարի է, ինչ լեգենդար երաժիշտը մեզ հետ չէ, բայց, նույնիսկ, մեկ քառորդ դար անց նա մեզնում է, ինչպես և նրա երաժշտությունը, որը հայտնվեց «քաղաքի բոլոր շապիկներին», հնչեց բոլոր էժանագին չինական նվագարկիչներից, գլխիվայր շրջեց ռոքը, կոնտրմշակույթն ու ապրեց՝ հասնելով մեր շապիկներին, մտնելով մեր փլեյ-լիսթեր ու անհարմար տեղավորվելով մեր սրտերում:

Կուրտ Քոբեյնը ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում՝ Grays Harbor հիվանդանոցում, տնային տնտեսուհի Վենդի Էլիզաբեթի և մեքենաներ վերանորոգող Դոնալդ Լիլանդ Քոբեյնի ընտանիքում։ Տղան մեծացել է երաժշտական միջավայրում. քեռին «The Beachcombers» խմբից էր, իսկ մորաքույրը կիթառ էր նվագում տարբեր անսամբլներում։ Ծնողների խոսքերով նա 2 տարեկանից Beatles էր լսում, իսկ 4-ում՝ իր առաջին երգն էր գրել։ Երեխա Կուրտի մեկ այլ կիրքն էր նկարչությունը. այդ հարցում նրան օգնում էր պրոֆեսիոնալ նկարչուհի տատիկը: Թվում է՝ բարեկեցիկ, մի բան էլ՝ արվեստասեր ընտանիք, սակայն… Քոբեյնն իրեն միայնակ էր զգում դեռ մանկության տարիներից: Նրա ծնողները բաժանվեցին, երբ Կուրտն ընդամենը 7 տարեկան էր: Տղան մնաց մոր մոտ ու նրա բախտը չբերեց, ինչպես և նրա մոր բախտը չէր բերում՝ նոր տղամարդկանց հարցում: Հերթական խորթ հոր հետ վիճելուց հետո մեր հերոսը տեղափոխվում է  հոր մոտ բայց չի հարմարվում նրա նոր ընտանիքին. այնտեղ արդեն երեք երեխա կար, մեկը՝ նորածին: Այդպիսով, Կուրտն անընդհատ դես ու դեն է ընկնում՝ մեկ գիշերելով մոր տանը, մեկ՝ հոր, երբեմն՝ պապիկ-տատիկների, հաճախ՝ ընկերների բազմոցներին և, նույնիսկ, կամրջի տակ:

08 24 960x546 - Մի միայնակ երազողի պատմություն, որը դարձավ 90-ականների սիմվոլը. Կուրտ Քոբեյն

Երգն՝ այստեղ

«Ինչ-որ բան՝ ճանապարհին»

Երգը Քոբեյնի անտուն տարիների մասին է, գիշերակացների՝ կամրջի տակ: Քոբեյնը երգում է իր մասին. ինքնազգացողություն՝ ինչ-որ բան ճանապարհին: Այս ամենն, իհարկե, չէր կարող անհետևանք մնալ ոչ ստեղծագործական ոչ էլ հոգեբանական տեսանկյուններից, ու եթե առաջինի պտուղները մեր ականջակալներում են մինչ օրս, ապա երկրորդինը՝ միայն նրա բեռն էր: Այդուհետ, Քոբեյնն ինքնամփոփ էր, ագրեսիվ ու ցինիկ:

14 տարեկանում Կուրտը սովորեց կիթառ նվագել, ավելին՝ նրա առաջին ուսուցիչն էր The Beachcombers-ի երաժիշտ Ուորեն Մեյսոնը: Մոտավորապես նույն շրջանում Կուրտը սկսեց հետաքրքրվել փանքով՝ Creem ամսագրում կարդալով  Sex Pistols խմբի մասին: Աբերդինում գրեթե անհնար էր ձեռք բերել նրանց ձայնագրությունները, ուստի Քոբեյնի պատկերացումները փանքի մասին բավականին անորոշ էին, սակայն նրա աչքերն արդեն վառվում էին՝ փանք բենդ ստեղծելու մտքից: Շուտով նա ծանոթացավ աբերդինյան Melvins խմբի անդամների հետ, որոնց երաժշտությունը համադրում էր փանքը և հարդ ռոքը: Նրանցից մեկն էր Քրիստ Նովոսելիչը. որի հետ Քոբեյնը ընկերացավ: 1984 թվականին Քոբեյնի մայրը՝ Ուենդին ամուսնացավ ալկոհոլիզմով տառապող դոկերի Փեթ Օ՛Քոննորի հետ, որը, հետագայում, նույնիսկ, կոտրեց Ուենդիի ձեռքը: Կուրտը տուն վերադարձավ: Հարաբերությունները չկարգավորվեցին, մի բան էլ՝ վատթարացան: Ավարտելով դպրոցը Կուրտը հրաժարվեց գեղարվեստի քոլեջ դիմելու մտքից: Մայրը նրան երկընտրանքի առաջ կանգնեցրեց. «կամ աշխատանք գտիր, կամ հեռացիր»: Կուրտը ստիպված էր հեռանալ: Հետագայում Քոբեյնին կացարան էին տալիս ընկերները՝ երբեմն իրենց տներում, երբեմն էլ՝ բակերում: Մնացյալ ժամանակը Կուրտն անցկացնում էր գրադարաններում՝ «սպասելով, մինչև օրը կմթնի»: Ավելի ուշ նրան, իհարկե, հաջողվեց աշխատանք գտնել իսկ 1986 թվականի մայիսի 18-ին նա հաջողացրեց նաև բանտում հայտնվել: Կուրտը ձերբակալվեց ապօրինաբար ուրիշի տարածք մուտք գործելու ու խմելու համար. ալկոհոլ, իհարկե:

 

10 10 960x546 - Մի միայնակ երազողի պատմություն, որը դարձավ 90-ականների սիմվոլը. Կուրտ Քոբեյն

Երգն՝ այստեղ

«Զգու՞մ ես իմ սիրո բզզոցը»

1985 թվականին Կուրտ Քոբեյնը հիմնադրեց Fecal Matter ​​խումբը, այն հասցրեց ունենալ 7 ստեղծագործություն, բայց լուծարվեց՝ չհասցնելով որևէ սկավառակ թողարկել: Այնուհետև Քրիստ Նովոսելիչը Կուրտին առաջարկեց ռոք բենդ հիմնել: Բացի Նովոսելիչից ու Քոբեյնից խմբում հայտնվեց նաև Չեդ Չենինգը: Երաժիշտները ոչ մի կերպ չէին կարողանում հարմար անվանում գտնել: Skid Row, Ted Ed Fred, Bliss ու Pen Cap Chew. այս բոլոր տարբերակները ոչ միայն դիտարկվել են այլև կիրառվել: Արդյունքում, տղաները կանգ առան Nirvana-ի վրա: 1988 թվականին Nirvana-ն թողարկեց Love Buzz/Big Cheese սինգլը, մեկ տարի անց՝ առաջին Bleach ալբոմը: Բանը հասավ նրան, որ Քոբեյնի ամեն մի համերգն անցնում էր հազարավոր հավատարիմ երկրպագուների ներկայությամբ: Որքան զարմանալի ու հրաշալի, նույնքան, կամ՝ գուցե ավելի անհարմար էր Քոբեյնի համար ճանաչելիությունը: Կուրտին նյարդայնացնում, նույնիսկ, զայրացնում էր, որ ինքը դարձել է լայն շրջանակների կուռքը:

11 4 960x546 - Մի միայնակ երազողի պատմություն, որը դարձավ 90-ականների սիմվոլը. Կուրտ Քոբեյն

Երգն՝ այստեղ

«Բուրում է՝ պատանեկությամբ»

1991 թվականին լույս տեսավ Nirvana-ի երկրորդ ալբոմը՝ Nevermind-ը. անդրգրաունդ բենդը մեյնսթրիմ դարձավ: ԶԼՄ-ները Nirvana-ն անվանեցին «X սերնդի ֆլագման», Քոբեյնին՝ «սերնդի ձայնը»: Ի զարմանս բոլորի Smells Like Teen Spirit-ը դարձավ MTV-ի հիթը: Ինչու՞ «ի զարմանս». իսկզբանե բոլոր «խաղադրույքները» Lithium սինգլի մեծ հաջողության վրա էին: Ի դեպ, MTV Video Music Awards-ի ղեկավարությունն ուզում էր, որ խումբը միջոցոռմանը երգի հենց Smells Like Teen Spirit-ը: Բայց տղաներն ուզում էին երգել իրենց նոր Rape Me երգը: Պրոդյուսերները դեմ էին, քանի որ կարծում էին, որ երգն իրենց մասին է: Տղաները չէին ուզում զիջել: MTV-ն սպառնում էր՝ թույլ չտալ ելույթ ունենալ ու այլևս չցուցադրել նրան հոլովակները: Վերջիվերջո, բոլորը համաձայնության եկան. տղաները պատրաստվում էին երգել Lithium-ը: Nirvana-ի ելույթը սկսցեվ: Կուրտը երգեց Rape Me-ի սկիզբը, ինչից հետո հնչեց «Lithium»-ը:

Ինքը՝ Քոբեյնը անհարմար էր զգում՝ իր գլխին հանկարծակիորեն ընկած ճանաչելիությունից: Նա զգում ու տեսնում էր իրեն անկախ ռոք բեմի ներկայացուցիչ և ոչ լայն զանգվածների կուռք: Այդ էր նաև պատճառը, որ խմբի հաջորդ ալբոմը՝ In Utero-ն ավելի ծանր ու մռայլ էր. դա Քոբեյնի միտումնավոր որոշումն էր: Նա ուզում էր վանել լայն լսարանին ու վերադարձնել Nirvana-ն՝ իր «անկախ» արմատներին: Այնուամենայնիվ, թեև ալբոմը մեծ հաջողության չունեցավ, ինչպես Nevermind-ը, այն վայելում էր հավատարիմ լսարանի հավանությունն ու բարձր հորիզոնականները չարթերում:

Թեև Nirvana-ն ապաքաղաքական էր և մեծ ուշադրություն չէր դարձնում հասարակական խնդիրներին, ինչպես դա անւոմ էին բազմաթիվ այլ փանք-բենդեր, Քոբեյնն, այնուամենայնիվ, օգտվում էր իր համբավից՝ իր համբավը իր գաղափարները հանրությանը հասցնելու համար: Incesticide-ի թռուցիկին գրված էր. «Եթե ձեզնից որևէ մեկը ատում է համասեռամոլներին, այլ ռասայի ներկայացուցիչներին կամ կանանց, խնդրում ենք, լավություն արեք մեզ՝ գնացեք գրողի ծոցն ու հանգիստ թողեք մեզ: Մի եկեք մեր համերգներին, մի գնեք մեր ալբոմները»: Համերգներից մեկի ընթացքում Քոբեյնը, բեմից տեսնելով, որ լսարանի առաջին շարքերում ինչ-որ տղամարդ մի կնոջ հետապնդում է, վայր գցեց կիթառն ու գնաց թիկնապահների ետևից՝ վերջիններիս խնդրելով հեռացնել տղամարդուն տարածքից: Լրատվամիջոցների բնորոշումը ճիշտ էր, բայց թերի. Քոբեյնը ոչ միայն երիտասարդների ձայնն էր, այլև նա, ումից ոգեշնչվում էին՝ ստեղծագործական ու արժեքային մակարդակներում:

Կոբեյնի աղեստամոքսային տրակտի հիվանդության տեսկն այդպես էլ չի հաստատվել: Երաժիշտն ինքն է պատմել մանկության խնդիրների ու ցավազրկողների մասին, որոնք հայտնվել էին նրա կյանքում շատ վաղ տարիքից: Այնտեղ, որտեղ ցավազրկողները անզոր են, ամերիկացիները հաճախ օպիատներ են օգտագործում, եթե դրանց ազդեցությունն էլ չի հերիքում՝ խաղի մեջ են մտնում թմրանյութերը: Անհավասարակշիռ, պայթյունավտանգ խառնվածքը, ծանր թմրանյութերի նկատմամբ հակումը, հիվանդագին մենակությունն ու հիասթափությունը՝ մարդկանցից, ինքնաոչնչացման մղումն ու ցանկությունը՝ իր խոսքը մարդկանց հասցնելու դարձրին Կուրտ Քոբեյնին այն, ինչ մենք գիտենք: 

12 2 960x546 - Մի միայնակ երազողի պատմություն, որը դարձավ 90-ականների սիմվոլը. Կուրտ Քոբեյն

Երգն՝ այստեղ

«Ես միակը չեմ»

1994 թվականի ապրիլի 8-ին Քուրթ Քոբեյնին մահացած են գտել Սիեթլի իր բնակարանում: Վարած գործի արդյունքի՝ նա ինքնասպան է եղել գլխին հասցված կրակոցով: Երաժշտի մահվան շուրջ շատ պատմություններ ու տեսակետներ են պտտվում մինչ օրս: Առաջին հետաքրքրական պատմությունն այն է, որ հրացանի վրա, որով Քոբեյնը կրակել է ինքն իրեն, ոչ մի մատնահետք չի գտնվել: Նրա օրգանիզմում թմրանյութի մեծ չափաբաժին էլ է եղել, այնքան մեծ, որ բժիշկները կարծում էին, որ այդքան թմրանյութ օգտագործած մարդը կամ տեղում անգիտակցությունը կկորցներ կամ կմահանար և չէր էլ հասցնրի կրակել ինքն իր վրա: Թունագիտությամբ զբաղվող մի կանադացի՝ Ռոջեր Լյուիսը, ժամանակին պնդում էր, որ հավանական է՝ Քոբեյնին դիտմամբ թմրանյութ են ներարկել այնուհետև կրակել նրա վրա՝ ինքնասպանություն «բեմադրելով»:  Հաջորդ վարկածը կապված է Քոբեյնի թողած նամակի հետ: Շատ հետազոտողներ այն կարդալուց հետո ասում էին, որ այստեղ խոսք չի գնում ինքնասպանության մասին: Միայն վերջին երեք տողում է այդ մասին խոսվում, իսկ ընդհանուր նամակը տպավորություն է ստեղծում, որ Քոբեյնն ուղղակի ուզում էր լքել Nirvana խումբը:  Բացի դրանից կան նաև հետազոտողներ, որոնք կարծում էին՝ նամակի վերջին տողերն այլ մարդ է գրել: Բուն նամակն ու վերջին տողերը Քուրտի մահվան, կնոջ ու երեխայի մասին, նրանց կարծիքով, տարբեր ձեռագրերով են գրված:

Քոբեյնին մահացած գտել են ապրիլի 8-ին, սակայն տարածված տեղեկության համաձայն նա մահացել է ապրիլի 5-ին: Ուրեմն մի փոքր տարօրինակ է նաև փաստը, որ ապրիլի 6-ին նրա բանկային քարտն օգտագործվել է: Քարտից գումար է փոխանցվել այդ օրը, սակայն ոմանք կարծում էին, որ փոխանցումն արվել է մինչև նրա մահը և քաղվածքում ուղղակի ուշացումով է հայտնվել:Տարօրինակ է նաև այն, որ Քոբեյնի մոխրամանում եղել է նաև ծխախոտի մի հատիկ, որը չի համապատասխանել այն ծխախոտի բրենդին, որը երաժիշտն էր օգտագործում: Քոբեյնի ծխախոտը նույնպես գտնվել է մոխրամանում:Եվ վերջապես ամենատարածված վարկածն այն է, որ Քոբեյնի կինը՝ Քորթնի Լավը, ու Ֆրանսիսի դայակն են սպանել երաժշտին: Ըստ այն ժամանակ տարածված շշուկների Քոբեյնն ապահարզան էր պահանջում կնոջից, սակայն կինը չէր ցանկանում բաժանվել նրանից:

Իրականությունը հայտնի չէ: