Մոցարտի մութ կողմերը... - VNews

Մոցարտի մութ կողմերը…

27797624 1669644516454892 3754744839221384027 o 14 - Մոցարտի մութ կողմերը...

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկն է, որի ստեղծագործությունները շարունակում են հնչել ամբողջ աշխարհի տարբեր համերգասրահներից: Մեր պատկերացումներում նա ազնվական արտաքինով հանճար է՝ հեռու ամեն տեսակ մարդկային թերություններից, սակայն իրականությունը մի փոքր այլ է:

Այսօր կխոսենք Մոցարտի արտասովոր ու մութ կողմերի մասին: 

Ի՞նչն էր ոգեշնչում Մոցարտին

Մոցարտին ոգեշնչում էին շատ ու շատ արտասովոր երևույթներ:

Սկենք սկզբից. Մոցարտին ոգեշնչում էր տունը: Նա աշխատում էր բացառապես տանը. այդուհանդերձ, նա նաև սիրում էր փոխել իր բնակության վայրը: 10 տարվա ընթացքում Մոցարտը 10 անգամ տեղափոխվել է այլ բնակարան, պատճառները տարբեր են եղել: Երբեմն հարկավոր էր ուղղակի ավելի մատչելի տուն գտնել, կամ ավելի մեծ, երբեմն էլ Մոցարտը ստիպված էր լինում տեղափոխվել, քանի որ հարևանները բողոքում էին աղմուկից: Ի դեպ, Մոցարտի բնակարանից միայն դասական երաժշտության ձայներ չէ, որ հնչում էին. նա կարող էր բիլիարդ խաղալ ընկերների հետ մինչև լուսաբաց, կամ աղմկոտ խնջույքներ կազմակերպել հենց իր տանը:

Շարունակելով թեման՝ խոսենք ևս 2 տաօրինակ ոգեշնչման աղբյուրներից. խնջույքներ և բիլիարդ: Երբեմն Մոցարտը երաժշտություն էր գրում կատարյալ խառնաշփոթի մեջ. օրինակ՝ մտքերով էր ընկնում խաղաքարտերի կամ ընթրիքի սեղանի շուրջ: Օտար մարդը կարող էր մտածել, թե կոմպոզիտորը երազանքների գիրկն է ընկել, սակայն, իրականում Մոցարտն այդպես ստեղծագործում էր ու անմիջապես հետո նոտաները թղթին հանձնում:

Ինչ վերաբերում է բիլիարդին…

Այն կոմպոզիտորի ամենասիրելի խաղն էր, թեև այդ հարցում նա առանձնապես հաջողակ չէր: Ամադեուսը պարտվում էր, պարտվում էր՝ հաճախ, հաճախ պարտքերի տակ էր ընկնում, սակայն դա նրան չէր կանգնեցնում: Այդ էր պատճառը, որ կլորիկ գումար ունենալուն պես, Մոցարտը իր անձնական բիլիարդի սեղանը գնեց:

Այն, ինչը կշեղեր մյուսներին, Մոցարտի համար ստեղծագործական սնունդ էր: «Մեր վերևում ապրում է մի ջութակահար, մեր ներքևում՝ մեկ ուրիշ, կողքի տանն ապրում է երգեցողության ուսուցիչ, մեկ այլ սենյակում՝ մի հոբոյիստ. այս միջավայրում տարատեսակ գաղափարներ են ծնվում ու ստեղծագործելն առավել հետաքրքիր է դառնում».- քրոջն ուղղված նամակներից մեկում գրել է Մոցարտը: Մեկ ուրիշի պարագայում այս ամենը միայն գլխացավանք կդառնար, սակայն Մոցարտի դեպքում արտաքին աղմուկը հիանալի միջավայր էր ստեղծագործելու համար:

Ասում են՝ օրիգինալությունը աղբյուրը քողարկելու արվեստն է, որին շատ լավ էր տիրապետում Ամադեուսը: Այդպիսով, նրա ոգեշնչման աղբյուրների մեջ կարելի է ավելացնել նաև «այլ կոմպոզիտորներ» ենթավերնագիր: Մոցարտի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել իտալական օպերայի ավանդույթները, իր ուսուցիչներ Յոզեֆ Հայդնը և Պադրե Մարտինին ու մեծն Բախը: Մոցարտն արտագրում էր նրանց նոտագրությունները, ասես՝ մեխանիկորեն վերարտադրելով դրանք կդառնա նրանց պես հանճարեղ: Մոցարտի առաջին հինգ դաշնամուրային կոնցերտները, որոնք կոմպոզիտորը հեղինակել էր 11 տարեկանում, շատ հմուտ էին, սակայն հեռու էին ինքնատիպությունից: Փոքրիկ Ամադեուսը դրանք հավաքագրել էր տարբեր կոմպոզիտորների աշխատանքներից ու որոշակի փոփոխություններ արել: Մոցարտն իր առաջին ինքնուրույն ստեղծագործությունը հեղինակել է 17 տարեկանում: Իհարկե, էլի շուտ է, բայց ոչ՝ անհավանական շուտ:

Երաժշտություն՝ հատուկ նպատակներով ու հումոր՝ գոտկատեղից ներքև

Թեև Մոցարտն առավել հայտնի է «Սիմֆոնիա № 40»-ի պես լուրջ գործերով, սակայն նրա ստեղծագործական ժառանգությունը այդքան էլ միանշանակ չէ: Սկսենք նրանից, որ կոմպոզիտորը երաժշտություն էր գրում ճիշտ այնպես, ինչպես Pixar-ը՝ ֆիլմեր է նկարում: Pixar-ի թիրախային լսարաններն են թե՛ երեխաները, թե՛ նրանց ծնողները. փոքրիկները, որպես կանոն, չեն հասկանում որոշ արտահայտությունների հումորային ենթատեքստը, փոխարենը՝ ծնողները հաճույք են ստանում դրանից: Մոցարտը նույնպես աշխատում էր երկու տարբեր լսարանների համար: Հորն ուղղված մի նամակում կոմպոզիտորը խոստովանել է. «Այս գործում կան հատվածներ, որ կհասկական միայ գիտակները, սակայն այդ հատվածներն այնպիսին են, որ հաճելի լինեն նաև տգետներին»: 

Բացի այդ, Մոցարտը հեղինակել է մի գործ, որը մի փոքր տարօրինակ է, անսովոր ու անհարմար: Ստեղծագործության անունն է «Leck mich im Arsch», բառացի թարգմանությամբ՝ «Համբուրիր հետույքս»: Այս տեղեկատվությունը ապացուցված ճշմարտություն է, ավելին՝ ստեղծագործությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Մեր մեջ ասած, այս բառամթերքը Մոցարտի համար օտար չէր. գոտկատեղից ցածր հումորը կոմպոզիտորի առանձնահատկություններից մեկն էր. այսօր արդեն դրա մասին, նույնիսկ, առանձին անդրադարձ կա Վիքիպեդիայում: Մոցարտն օգտագործում էր «զուգարանային հումոր» թե՛ իր նամակներում, թե՛ իր ստեղծագործություններում: Սրա պատճառները ոմանք տեսնում են ընտանիքում ձևավորված հումորի զգացողության մեջ, ոմանք էլ՝ հոգեկան խանգարումների մի ամբողջ փունջ են վերագրում հանճարին: Այնուամենայնիվ, Մոցարտի նամակներից անպակաս են ֆիզիոլոգիական գործընթացների գռեհիկ նկարագրությունները:

Վերադառնանք ստեղծագործություններին. Մոցարտը երաժշտություն է հեղինակել նաև մասոնականների համար. տարօրինակ չէ, չէ՞ որ հենց ինքը՝ կոմպոզիտորը հեռու չէր այդ խորհրդավոր կազմակերպությունից: Ֆանտաստիկ երաժիշտը մասոնականներին միացել է  Վիեննայում գտնվելու ընթացքում՝ 1781-1791 թվականներին: Նրա «Կախարդական սրինգը» ոչ միայն գեղեցիկ երաժշտություն է, այլև մասոնականության կրթական իդեալների և էզոտերիկ փիլիսոփայության արտացոլում: Օպերային լիբրետիստ Էմանուել Շիկանեդերը ոչ միայն Մոցարտի ընկերն էր, այլև մասոնական օթյակի եղբայրը: Մոցարտը նույնիսկ երգերի մի ամբողջ ցիկլ է նվիրել «անկախ որմնադիրներին»։ 

Կանայք…

Ասում են, որ կայսերական պալատում համերգ տալուց հետո, Մոցարտն հանկարծակի վայր է ընկնում: Նրան օգնում է բարձրանալ մի փոքրիկ աղջիկ, որին Մոցարտն ասում է. «Ինչ բարի եք: Երբ մեծանամ, անպայման ամուսնանալու եմ Ձեզ հետ»: Այդ աղջիկը Ֆրանսիայի ապագա թագուհի Մարիա Անտուանետան էր…

Արդյոք Մոցարտի կյանքում շատ կանայք են եղել. այս հարցի համար մենք չենք կարող օբյեկտիվ պատասխան գտնել, քանի որ տեղեկատվության միակ աղբյուրը կոմպոզիտորի նամակներն են, հիմնականում՝ ուղղված իր հորը: Դրանցից մեկում 27-ամյա Ամադեուսը գրում է. «Ես չեմ կարող ապրել այսօրվա երիտասարդների պես: Առաջին հերթին, ես չափազանց հավատարիմ եմ իմ հավատքին, երկրորդ՝ չափազանց լի եմ սիրով մերձավորներիս հանդեպ՝ անմեղ աղջիկներին գայթակղելու համար: Եվ վերջապես, ես չափազանց մեծ զզվանք ու վախ եմ զգում հնարավոր հիվանդությունների հանդեպ ու չեմ կարող ինձ թույլ տալ սիրավեպ սկսել ցածր բարոյականության տեր կանանց հետ: Այդուհանդերձ, ես կարող եմ երդվել, որ դեռևս չեմ ունեցել նմանատիպ հարաբերություն ոչ մի կնոջ հետ, այլապես ես դա չէի թաքցնի ձեզնից»: 

Հավանական է, որ Մոցարտն այդքան էլ անկեղծ չէր իր հոր հետ՝ հաշվի առնելով վերջինիս խիստ կրոնական հայացքներն ու բարոյական նորմերը: Մինչև Զալցբուրգից հեռանալը, Մոցարտն ապրում էր ծնողական հսկողության տակ, որից դուրս պրծնելով՝ անմիջապես սիրահարվեց: Դատելով Մոցարտի նամակներից, երգչուհի Ալոիզիա Վեբերը, որի հետ նա պատրաստվում էր ամուսնանալ, հույս ուներ շահավետ պայմանագրեր ստանալ Իտալիայում՝ հայտնի կոմպոզիտորի միջոցով: Ամադեուսը դեմ չէր օգնել սիրելիին. նա մի քանի գործ հեղինակեց հատուկ Ալոիզիայի համար: Վերջինս էլ, իր տեղը գտնելով օպերային խմբում, կորցրեց հետաքրքրությունը Մոցարտի հանդեպ: Կոմպոզիտորը չհասցրեց շատ նեղսրտել, քանի որ նրան մխիթարելու եկավ իր իսկ զարմուհին՝ Մարիա Աննա Տեկլան: Այս երկուսի հարաբերությունների բնույթը և մտերմության աստիճանը լիովին հասկանալի չեն, բայց Մոցարտի՝ «զարմուհուն ուղղված նամակները» սկանդալային հեղինակություն ձեռք բերեցին ուսումնասիրողների շրջանում՝ իրենց անպարկեշտությունների շնորհիվ, որն, ի դեպ, դուրս չէր գալիս վերոնշյալ զուգարանային հումորի սահմաններից:

Կոնստանցեն, որը դարձավ կոմպոզիտորի կինը, Ալոիզիայի հարազատ քույրն էր: Նա ևս երգչուհի էր, սակայն ոչ այդքան տաղանդավոր, ոչ էլ՝ հայտնի: Այդ է պատճառը, որ Մոցարտի կենսագիրները լավագույն դեպքում անտարբեր են Կոնստանցեի պատմության նկատմամբ: Ըստ ամենայնի, այս ամուսնության մեջ Մոցարտը երջանիկ էր, չնայած տարբեր բարդությունների, առաջին հերթին՝ չորս երեխաների մահվան: Մեզ է հասել Մոցարտի նամակը իր սիրելի կնոջը, որը, ի տարբերություն կոմպոզիտորի մի շարք այլ նամակների, չափազանց նուրբ ու զգացմունքային է՝ առանց գռեհիկ կատակների:

«Իմ թանկագին փոքրիկ կին: Ես քեզ մի քանի հանձնարարություն ունեմ:

Ես աղաչում եմ քեզ՝ մի՛ տրվիր մելանխոլիային, հետևի՛ր առողջությանդ և զգուշացիր գարնանային քամիներից, միայնակ մի՛ գնա զբոսանքի, իսկ ավելի լավ է՝ ուղղակի մի՛ գնա զբոսանքի, վստա՛հ եղիր իմ սիրո մեջ, այս բոլոր նամակները ես գրում եմ՝ նայելով քո նկարին:

Եվ վերջապես, ես խնդրում եմ քեզ գրել ինձ ավելի մանրամասն նամակներ: Ես ուզում եմ իմանալ՝ արդյոք հեռանալուս հաջորդ օրը քեզ այցելության եկա՞վ Խոֆերը, տեսակցո՞ւմ են քեզ արդյոք Լանգեսները: Ինչպե՞ս են ընթանում աշխատանքները դիմանկարի վրա: Ինչպե՞ս ես դու ապրում: Այս ամենը, իհարկե, ինձ չափազանց հետաքրքրում է: 

Ես նաև խնդրում եմ, որ քեզ այնպես պահես, որ ո՛չ իմ, և ոչ էլ քո բարի անունը չտուժեն, ինչպես նաև հետևես քո արտաքինին: Մի՛ զայրացիր ինձ վրա նման խնդրանքի պատճառով: Դու պիտի ինձ ավելի սիրես այն բանի համար, որ ես մտահոգվում եմ մեր արժանապատվության մասին»: 

 

25 տարեկան հասակում Մոցարտը հասավ իր ստեղծագործական գործունեության գագաթնակետին, նրան հաջողվում էր լցնել խոշորագույն համերգասրահները, նա մեծաթիվ պատվերներ էր ստանում և դասավանդում աշակերտների, այս ամենն, իհարկե, մեծ եկամուտներ էին ապահովում կոմպոզիտորին: Սակայն հանդիսատեսի սերն ու Մոցարտի պահանջարկը կտրուկ նվազեցին, երբ բեմ բարձրացավ  «Դոն Ժուան» օպերան: Այն չսիրվեց: Մոցարտը կորցրեց իր երկրպագուներին: Շուտով վրա հասավ նաև կնոջ հիվանդությունը, ինչը մեծ ծախսերի առիթ դարձավ: Արդյունքում, արդեն 30 տարեկան հասակում Մոցարտը զրկվել էր իր երբեմնի ողջ ունեցվածքից: 35-ում կոմպոզիտորը մահացավ՝ իրենից հետո որևէ կարողություն չթողնելով: Թեև բոլորիս է հայտնի՝ ինչ մեծ երաժշտական ժառանգություն է թողել կոմպոզիտորը: Նրա մահը մինչ այսօր այդպես էլ բացահայտված չէ: Կա ընդունված կարծիք, թե նրան թունավորել է Սալիերին: Ոմանք էլ կարծում են, որ նա մահացել է բնական մահով՝ ինֆեկցիոն հիվանդություններից, իսկ երրորդները նրա մահը կապում են մասոնների հետ: