Նրանք մանկություն են կերտում. 5 մանկագիր, որոնց սիրում են - VNews

Նրանք մանկություն են կերտում. 5 մանկագիր, որոնց սիրում են

aa - Նրանք մանկություն են կերտում. 5 մանկագիր, որոնց սիրում են

Գրականության մեջ առանձնակի կարևոր նշանակություն ունի մանկագրությունը. չէ՞ որ այն ուսուցանում և դաստիարակում է մատաղ սերնդին, ձևավորում է երեխայի աշխարհայացքը, տալիս առաջին պատկերացումները չարի ու բարու, ազնիվի ու նենգի մասին: Այսօր երեխաների տոնն է. այդուհանդերձ առանձնացրել ենք նրանց, ում գրականությունը մինչ օրս ապահովում է բալիկների «անուշ երազները»:

Հանս Քրիստիան Անդերսեն

8ad3e8ce893ae21cef1ad9d09fc7902b - Անդերսեն. հոր երգերն ու խենթերի պատմությունները

Անդերսենը ծնվել է 1805 թվականի ապրիլին, Օդանս քաղաքում: Հայրը կոշկակար էր, մայրը՝ լվացարարուհի: Առաջին հեքիաթը Հանսը լսել է հորից, հորից է լսել նաև առաջին երգն ու իր առաջին խաղալիքները եղել են հոր ձեռքերով պատրաստված: Մայրն իր հերթին որդուն կարել և գործել էր սովորեցնում. ահա այսպիսի միջավայրում է անցել ապագա մանկագրի մանկությունը: Այսպիսով  իր առաջին փոքրիկ պիեսը նա գրում է դեռ մանկության տարիներին, ապա բեմադրում այն հոր սարքած տիկնիկներով, իսկ նրանց հագուստն ինքն էր կարել:

Նա մանուկների համար անհավանական աշխարհներ ու մեծերի համար մանկություն կերտեց, իսկ նրա սեփական մանկության մի մասնիկը դարձան հոգեբուժարանն ու խենթերի պատմությունները. Հանսի տատիկն աշխատում էր հոգեբուժարանում և դեռ մանուկ Անդերսենն այնտեղ շատ ժամանակ էր անցկացնում, սակայն դա տհաճ ու ձանձրալի չէր յուրահատուկ երեխայի համար, նա սիրով ու հետաքրքրասեր երեխայի զարմացած աչքերով լսում էր բոլոր հիվանդների խելահեղ պատմությունները: Նա դարձավ մանկական գրադարանների ամենասիրելի հեղինակը, նշանավորվեց, ցավոք, ինչպես լինում է շատ հանճարների հետ, միայն իր մահից հետո: Հեղինակի կենդանության օրոք շատերն էին պնդում, որ նրա հեքիաթները ո՛չ մեծերին են հետաքրքիր, ո՛չ փոքրերին, և միայն իր կյանքի վերջին օրերին է հեքիաթագիրն իմանում, որ ինքն ամենաընթերցվողներից է ողջ աշխարհում:

«Անճոռնի ճուտիկը»«Անագե տոկուն զինվորիկը»«Ստվեր»«Ձյունե թագուհին» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ Անդերսենը իր բնույթով նեղացկոտ, խոցելի երեխա էր, որն այդպես էլ չմեծացավ. իր հասցեին հնչած ամենափոքրիկ գովասանքը նրան անսահման ուրախացնում և ոգևորում էր, նա սիրում էր բոլորի համար անդադար կարդալ իր գործերը և պահանջում էր, որ լսեն իրեն, իսկ եթե ինչ-որ մեկին դրանք դուր չէին գալիս նա կարող էր փակվել իր սենյակում ու ժամերով լաց լինել:

Գրիմ եղբայրներ

Nhà Văn Nào Sưu Tầm Truyện ''nàng Bạch Tuyết Và Bảy Chú Lùn''?

Գրեթե բոլորս գիտենք Գրիմ եղբայրների հեքիաթները, որոնց հիման վրա նկարահանվել են բազմաթիվ մուլտֆիլմեր ու հեքիաթներ:  Բայց գիտե՞նք արդյոք, որ Ջեյկոբ և Ուիլհելմ Գրիմ եղբայրներն ի սկզբանե չէին նախատեսում հեքիաթների իրենց հավաքածուն հեղինակել հենց երեխաների համար: Ի սկզբանե, հեքիաթները նրանց գիտական նախագծերից մեկի համար էին, եղբայրներն ուսումնասիրում էին գերմանական ազգերի ոգին: Սակայն  1823 թվականին անգլիացի Էդգար Թեյլորը թարգմանեց ու հրապարակեց այդ պատմությունները: Նա դրանք ավելի հարմար դարձրեց երեխաների համար և այդ պատճառով մանուկները սկսեցին սիրել դրանք: Այսպիսով Գրիմ եղբայրների հեքիաթներն այնքան մեծ տարածում գտան, որ Գրիմ եղբայրներն իրենք որոշեցին փոփոխել հեքիաթների սկզբնական տարբերակներն ու դրանք մանուկների համար դարձնել: Եղբայրները հեքիաթներ գրելու համար չէին թափառում գյուղերով, որպեսզի նյութ հավաքեն տեղացիներից: Նրանց պատմությունների սկզբնաղբյուրը հիմնականում կիրթ, միջին տարիքի կանայք էին, որոնք կամավոր գալիս էին եղբայրների տուն ու պատմում իրենց լսած պատմությունները:

Գրիմ եղբայրների հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար։ Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը։ Լավագույններից են «Մոխրոտը», «Հենզելն ու Գրետելը», «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները», «Ձյունանուշն ու Ալծաղիկը», «Ոսկե սագը», «Կապույտ մոմը», «Կեռնեխ թագավորը», «Անտառի տնակը», որտեղ բազմաթիվ նենգ, խարդախ, դաժան ու չար հերոսներին հաղթում են բարի, ազնիվ ու առաքինի հերոսները։

Օրինակ՝ բարի ու չքնաղ Մոխրոտին օգնության են հասնում ճնճղուկներն ու աղավնիները։ Ձյունանուշ և Ալծաղիկ բարեսիրտ ու մաքրասեր քույրերը ձմռանն արջին տեղ են տալիս իրենց տաքուկ խրճիթում: Իսկ քույր և եղբայր Հենզելն ու Գրետելն իրենց սիրո շնորհիվ հաղթում են չար պառավին և ապահով վերադառնում տուն. ահա այսպիսի աշխարհ են մանուկներին ներկայացնում Գրիմ եղբայրները: Փաստ՝ ոչ մանուկների ականջների համար. մանկագիրները կրում էին Գրիմ (Grimm) ազգանունը, որը գերմաներենում ու անգլերենում  նշանակում է դաժան, անողոք, չար:

 Ջաննի Ռոդարի

10e117a7a1f6a1bdfe3a1071ad1b72b6 - Նրանք մանկություն են կերտում. 5 մանկագիր, որոնց սիրում են

«Չիպոլինոյի արկածները», «Մուկը, որը կատուներ էր ուտում», «Ալիս-Գլորիկը», «Շների երկիրը» հեքիաթների հեղինակը ծնվել է հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկան հասակում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Նիցշեն, Շոպենհաուերը և Տրոցկին։

Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին: Ջաննի Ռոդարին համարվում է 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։ Նա հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները»  և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»  վիպակներով, սակայն նրա ստեղծագործական կյանքը առավել բազմազան է։ Քչերին է հայտնի, որ Ռոդարին ունի նաև բանաստեղծությունների ժողովածուներ։ 1951 թվականին, երբ նա դարձավ Հռոմի մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ սկսեց գրել իր առաջին՝ մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Il libro delle filastrocche», որը լույս տեսավ նույն թվականին

Ռոդարիի ստեղծագործությունները երգիծական են և լի են երևակայությանտարրերով, սակայն միևնույն ժամանակ անքակտելի կապի մեջ են իրականության հետ։ Նրա գրականությունը նախատեսված չէ բացառապես փոքրիկ ընթերցողների համար։ Նա գրում է նրանց անունից, սակայն ուղերձը հասցեագրում է առավել լայն հանրությանը։ Ռոդարին բարոյագետ է ու իր դիպուկ, նրբանկատ հումորի, երբեմն էլ՝ հեգնանքի շնորհիվ մշտապես կոչ է անում ընթերցողին կասկածի տակ դնել ոիր ընկալած աշխարհի հասարակական նորմերը:

Շառլ Պեռո

2ac770699761c29c2ff9e7c26b69c77c 4 min min - Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Մարդկանց մեծամասնության համար Շառլ Պեռոն հայտնի հեքիաթասաց է, չնայած իրականում նրա գրական զբաղվածության շրջանակները շատ-շատ ավելի լայն էին: Նա և՛ տաղանդավոր քննադատ էր, և՛ հոյակապ բանաստեղծ, որը ստեղծում էր լուրջ, խորը գործեր: Ճիշտ է, վերոնշյալ կարգավիճակներում նա պակաս հայտնի է, իսկ այ Շառլ Պեռոյի հեքիաթները տարածվել են ամբողջ աշխարհում ՝ թարգմանվելով տասնյակ լեզուներով:

Պեռոն ծնվել է Փարիզում, ապագա հեքիաթագրի ընտանիքի անդամները ճանաչված մարդիկ են եղել։ Եղբայրներից մեկը հայտնի ճարտարապետ էր, մյուսը՝ գիտնական, Շառլը ինքը՝ արքունական շինությունների ճարտարապետ, ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Երբ նա մուտք էր գործում Ֆրանսիայի գրական աշխարհ, այն բավականին փոթորկված էր։ Մեծ վիճաբանություն էր ծավալվում անտիկ և նոր շրջանների գրականության համեմատության շուրջը։ Պեռոն լուսավոր էր տեսնում նոր գրականությունը։

Գրողը հայր դարձավ, երբ արդեն բավականին մեծ էր։ Իսկ մինչ այդ նա երկար տարիներ խորհում էր մի սերունդը մյուսից բաժանող, մանկության ու հասունության միջև ընկած գաղտնի սահմանների մասին։ Արդյունքում, ըստ նրա, պետք է պահպանել երեխաների մանկությունը և, նրանց նրբորեն նախապատրաստել սեփական հասունության հետ հանդիպմանը: 1697 թվականին, երբ առաջին անգամ հրատարակվեց Պեռոյի հեքիաթների ժողովածուն, հեղինակը 69 տարեկան էր, իսկ նրա որդին՝ 17։ Հեքիաթները տպագրվեցին որդու մակագրությամբ, որը վերցրել էր Պիեռ դ’Արմանկուր կեղծանունը: Այդ օրվանից սկսած չեն դադարել վիճաբանություններն այն հարցի շուրջը, թե իրականում ո՞վ է հեքիաթների հեղինակը։ Ի՞նչն է դրդել Պեռոյին անելու այդ քայլը։ Արդյո՞ք իր ծերունական հասակից անհարմար զգալը։ Կամ, գուցե, հայր ու որդի, որ սովորություն ունեին գիշերային երկար ժամեր անցկացնելու միասին, հենց այդ ժամերին էլ միասի՞ն էին ստեղծում իրենց հերոսներին…

Գրողի հեքիաթները և՛ հեքիաթային են, և՛ ռեալիստական։ «Մոխրոտիկը», «Կապույտ Մորուքը», «Քնած գեղեցկուհին», «Էշի կաշին» հեքիաթներում գեղեցիկ ու բարի հերոսուհիները հաղթում են չարին։ Պեռոյի հեքիաթներն ունեն բարոյա-խրատական միտում և գրեթե բոլորը վերջանում են նմանատիպ մի միտք ունեցող չափածո խոսքերով։ Նա հեքիաթներում համարձակորեն հրաժարվում է թագավորների ու թագաժառանգների առջև խոնարհվելուց, նրանց ներկայացնելով եսասեր ու հիմար։ Պեռոյի հերոսները ուժեղ ու չար հակառակորդին հաղթում են սեփական կամքի ու հնարամտության շնորհիվ։ Պեռոն համոզված է, որ ողբերգական րոպեներն անհրաժեշտ են երեխաների դաստիարակության համար։ Որքա՜ն մեծ ապրումներ են ունենում երեխաները Կարմիր գլխարկի, Մոխրոտի կամ մյուսների համար։ Դրանք էլ հենց կարելի է համարել մանկական տառապանքներ։ Իսկ, երբ մտաբերում ենք Դոստոևսկու այն խոսքը, որ տառապանքը մարդկության կյանքում ամենագլխավոր օրենքն է, ապա Շառլ Պեռոն համարվում է հմուտ դաստիարակ ու մանկան հոգեբան։

Հովհաննես Թումանյան

27797624 1669644516454892 3754744839221384027 o 40 - Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

Մեծ հայրենասերը, քրիստոնյան ու մարդասերը՝ Հովհաննես Թումանյանը իր գրականության մի ահռելի կտոր նվիրել է մատաղ սերնդին ճիշտ դաստիարակելու գործին: Նրա մանկագրությունն ունիկալ է, քանի որ հենց ինքը վստահ էր՝ մանկական ոտանավորը, հեքիաթը կամ պատմվածքն այնպես պետք է գրվի, որ հավասարապես կարդան և՛ մեծահասակները, և՛ փոքրիկները: Կառչած լինելով իր ժողովրդի դարավոր իմաստությանը՝ Թումանյանն իր մանկական ստեղծագործություններում հաճախ է օգտվել հենց ժողովրդական բանահյուսությունից: «Մանկությունը մարդու էն ամենաընդունակ շրջանն է, երբ նա չորս կողմից ընդունում է, սնունդ է առնում ու զարգանում շարունակ: Հետևաբար՝ շարունակ պետք է սնունդ տալ նրան, որ միշտ աճի ու զարգանա». հավատարիմ մնալով իր իսկ խոսքերին՝ Ամենայն հայոց բանաստեղծն իր կյանքի ընթացքում չի դադարել հեղինակել այդ մտավոր-հոգևոր սնունդը, որ հայ մանուկները ստանում ու սիրում են մինչ օրս. «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները», «Անբան Հուռին», «Կռնատ աղջիկը», «Կիկոսի մահը», «Պոչատ աղվեսը» ու բազմաթիվ այլ լեգենդներ, չափածո և արձակ ստեղծագործություններ հայ երեխաների աշխարհընկալման առաջին դռներից են:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում: Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան Թումանյանցը , Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Թումանյանի մայրը՝ Սոնան, ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից:  Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։  Լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, նա ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։

Ինքը՝ Թումանյանը տաս երեխաների հայր էր, ինչն, անշուշտ, բազմաթիվ մեծ ու ծանր հոգսեր էր առաջացնում Ամենայն հայոց բանաստեղծի կյանքում։ Սակայն, նա ուրախությամբ էր տանում իր բոլոր հոգսերն ու սիրով իրականացնում հայրական պարտականությունները: Գուցե այդ էր նաև պատճառը, որ գրողը հիանալիորեն զգում էր երեխայի հոգեբանության նրբություններն ու կարողանում ներկայացնել նրան սպասվելիք կյանքը՝ իր մանկագրության միջոցով: