Ջենիս Ջոփլին. կին, որը խուսափում էր հայելիներից ու «սիրով էր զբաղվում 27.000 հանդիսատեսի հետ» - VNews

Ջենիս Ջոփլին. կին, որը խուսափում էր հայելիներից ու «սիրով էր զբաղվում 27.000 հանդիսատեսի հետ»

05 46 - Ջենիս Ջոփլին. կին, որը խուսափում էր հայելիներից ու «սիրով էր զբաղվում 27.000 հանդիսատեսի հետ»

1970 թվական, հոկտեմբերի 4. Արևմտյան Հոլիվուդի էժան հյուրանոցներից մեկում ընդհատվեց կյանքն ու ծնվեց լեգենդը: Ջենիսը՝ ըմբոստ 60-ականների սիմվոլը մահացավ ուշ գիշերով: Մենակ: Կիսամերկ: Երակներում՝ մաքուր հերոին: Նաև գինովցած: Երբ նրան հայտնաբերեցին՝ անշնչացած, նա պահարանի ու մահճակալի արանքում էր: Նրա շուրթերն արնակալած էին: Քիթը՝ կոտրված: Բռունցքի մեջ ճմրթվել էր մի քանի թղթադրամ. մի ծխախոտի փող:

Այս ողբերգական օրվանից 4 ամիս անց լույս տեսավ երգչուհու վերջին՝ հետմահու ալբոմը՝ «Pearl»-ը, ուր իր տեղն էր գտել «Buried Alive In The Blues» երգը, որի համար երգչուհին, այդպես էլ, չհասցրեց վոկալ ձայնագրել: «Կենդանի վառվածը՝ բլյուզում». սա ամենատաիպիկ էպատաժն է: Թեև նրա անվան կողքին տարբեր «կոչումներ» են տեղ գտնում, օրինակ՝ «բլյուզի սպիտակամորթ թագուհին». այդուհանդերձ, կային ժամանակներ, երբ Ջենիսը աղջիկ էր՝ հասարակ տեխասցի ընտանիքից՝ չսիրված, չգնահատված, դեռահասության բերումով գիրացած ու համադասարանցիների բերումով՝ կոմպլեքսավորված:

Սկսենք սկզբից: 

1943 թվական,  հունվարի 19. Տեխասի Պորտ-Արտուր քաղաքում ծնվեց Ջենիս Լի Ջոփլինը, որի կյանքը՝ հետևելով հայտնի խոսքին, որ «բլյուզն այն է, երբ լավ մարդը վատ է», պիտի որ իսկզբանե բարդ լիներ: Բայց, իսկզբանե ամեն ինչ լավ էր: Ջենիսի հայրը՝ Սեթ Ջոփլինն աշխատում էր Տեկսակո ընկերության մաքրման կայանում, մայրը՝ Դորոթին ժամանակին երգում էր ուսանողական մյուզիքլներում ու, նույնիսկ, հնարավորություն ուներ պրոֆեսիոնալ կարիերա սկսելու, սակայն մերժեց այդ առաջարկն ու փոխարենը քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվեց Տեխաս ու աշխատանքի անցավ տեղի ռադիոկայանում, որտեղ էլ ծանոթացավ ապագա ամուսնու հետ ու վերահաստատվեց Պորտ-Արտուրում։ Ինչպես հետագայում պատմում էին Ջենիսի քույրն ու եղբայրը՝ Մայքլն ու Լոռան, ավագ Ջոփլինը՝ Ջենիսը փակ ինտելեկտուալ էր. նա Դանթե էր կարդում ու Հարավային Տեխասում տարածված country & western-ի փոխարեն նախընտրում էր դասական երաժշտությունը: Հանգստյան օրերին Ջոփլինների տանը վոկալի դասընթացներ էին. Ջենիսի մայրը՝ վերհիշելով իր երաժշտական անցյալը, բրոդվեյյան մյուզիքլների ձայնագրություններ էր միացնում ու ձայնը գլուխը գցում՝ երեք երեխաների հետ:


Joplin_Janis_mother_Laura_backyard.jpg

Ջոփլինների ընտանիքը, Ջենիսը 

Ջենիսը ստեղծագործում էր փոքրուց. ամեն ինչ սկսվեց գեղանկարչությունից, որոնց թեմաներն, ի դեպ, աստվածաշնչյան էին: Ջենիսի օրերն անցնում էին, հիմնականում, եկեղեցում կամ մոտակա գրադարանում։ Աղջիկը սովորում էր տեղի միակ դպրոցում՝ Thomas Jefferson High School-ում, սկզբում՝ լավ, հետո… հետո ամեն ինչ փոխվեց: Դեռահասության տարիներին Ջենիսը կտրուկ գիրացավ, նրա երբեմնի փափուկ, շեկ մազերը դարձան մուգ ու անսանձ: Նա ակամա դարձավ անհաջողակների ակումբի պատվավոր անդամ. աղջիկ, որը խուսափում էր հայելիներից: Իր հասակակիցների լիաթոք ծաղրին արժանացած Ջոփլիները մխիթարություն էր գտնում այլ մերժված-երաժիշտների գործերում: Մի բան էլ՝ խիստ պահպանողական ընտանիքը ամեն կերպ ճնշում էր Ջենիսի՝ օր օրի ինքնարահայտվող անհատականությունը, որը վառ էր ու ոչ մի կերպ չէր համապատասխանում 60-ականների սեքսուալ տնային տնտեսուհու կերպարին: 

Արևելյան Տեխասի ջահելության համար բլյուզն ու խմիչքը սկսվում էին՝ նահանգի սահմանը հատելուց հետո միայն, Լուիզիանայում: Այլևս Ջոփլինի հանգստյան օրերի երաժշտությունը մոր նոստալգիկ երգերը չէին, այլ թաքուն ճամփորդությունները դեպի Լուիզիանա, որի բարերում հավաքավում էին սևամորթներն ու որտեղ մինչև լուսաբաց բլյուզ ու ռոքնռոլ էր հնչում: Ավելին, եթե Տեխասում ալկոհոլը թույլատրելի էր միայն 21-ից հետո, ապա այստեղ այն գնելու համար բավարար էր չափահաս լինել:  Այս ճամփորդությունների պատճառով նրան սկսեցին կոչել «nigger lover» ու պիտակավորել, որպես հուսահատ ու թեթևաբարո կին, որը պատրաստ է սիրով զբաղվել յուրաքանչյուրի հետ, քանի որ «չափազանց տգեղ է». իհարկե, այս բամբասանքների մեջ ոչ մի գրամ իրականություն չկար:

Առհասարակ, Մերիլին Մոնրոյի դարաշրջանում ապրելը փորձություն է ցանկացած կնոջ համար, որի արտաքինը հեռու է սեքսուալ շիկահերի կերպարից, ում սպիտակ փեշերը օդ են թռչում թեթև քամուց: Մերլինից հետո ասպարեզ եկան նոր սեքս սիմվոլներ՝ Թվիգին, Ֆարա Ֆոսեթն ու մնացածը. բոլորն էլ՝ անհասանելի չափանիշ տեխասցի աղջկա համար, որը խոշոր դիմագծեր ուներ, անսանձ մազեր ու բացարձակապես ոչ մոդելային կազմվածք: Ջենիսն առաջիններից էր, ով հրաժարվեց կրծկալ կրել ու շրջապատողների համար դարձավ տեղի «փնթի ֆեմինիստուհին»:

Ինչևէ: Հենց Լուիզիանայում Ջենիսն առաջին անգամ բլյուզ երգեց և ապշեցրեց բոլորին։ Ժամանակ առ ժամանակ ելույթ ունենալով այս կամ այն քաղաքային ակումբում նա շատ արագ տիրապետեց բլյուզի նրբություններին։ Ջենիսը նոտաներ չգիտեր, բայց, ինչպես նշում է կենսագիր Ռիչարդ Հյուզը, օժտված էր եզակի զգայունությամբ. դա նրան հնարավորություն էր տալիս արտահայտել բլյուզի ռիթմն ու էմոցիան՝  նրբագույն նյուանսներով։


Joplin_playingguitar.jpg Ջենիս Ջոփլին

1960 թվականին՝ ավագ դպրոցն ավարտելուն պես Ջենիսը փախավ Պորտ-Արթուրից Օսթին՝ մի քիչ ազատության հետևից: Աղջիկն ընդունվեց հմալսարան, բայց չավարտեց այն: Լսարանում նրան տեսնում էին՝ հազարից մեկ, քանի որ նա տարվել էր բոհեմական կենսակերպով: Մեկ տարի անց «Halfway House» ակումբում տեղի ունեցավ Ջոպլինի բեմական դեբյուտը, իսկ 1962 թվականի հունվարին նրան արդեն կարելի էր տեսնել Հյուսթոնի «Purple Onion» ակումբում։ Շոտով, նա վերջնականապես կտրվեց համալսարանական կյանքից, երբ ուսանողական թերթը նրան անվանեց «ամենասարսափելին՝ բոլոր տղաներից»: Հետագայում, երգչուհու մանկության ընկերը խոստովանեց, որ Ջենիսին երբեք այդքան կոտրված չէր տեսել:

1963 թվականին Ջենիսը փախավ կովբոյների, նավթային մագնատների, մեծ քաղաքների ու անեզր հարթավայրերի նահանգից՝ դեպի Սան Ֆրանցիսկո: Այստեղ նա սկսեց խմել և մտերմանալ թմրանյութերի հետ: Նա փորձում էր այն ամենն, ինչ իրեն առաջարկում էին՝ մարիխուանայից մինչև հերոին: Մի կարճ ժամանակով նա կրկին վերադարձավ Պորտ Արթուր, սակայն շուտով վերջնականապես հաստատվեց Սան Ֆրանցիսկոյում, ուր լցվում էին անհամաձայն ու ըմբոստ երիտասարդները՝ ամբողջ ԱՄՆ-ից՝ ինքնաճանաչողության, ազատության ու կյանքի իմաստի փնտրտուքների: The Summer of Love-ից դեռ մեկ տարի առաջ Սան Ֆրանցիսկոյի երաժշտաասպարեզն արդեն պտտվում էր հիպի-հորձանուտում:


Janis Joplin, Big Brother and the Holding Company on photo shoot in Woodacre, CA, 1967

Ջենիս Ջոփլին, 1967

Այստեղ՝ Սան Ֆրանցիսկոյում Ջենիսն իր բլյուզ վոկալով միացավ Big Brother And The Holding Company խմբին, որը համբավ էր վայելում տեղի հիպի համայնքում: Խումբը պայմանագիր ստորագրեց Mainstream Records-ի հետ և 1967 թվականին ձայնագրեց իր համանունը ալբոմը: Շուտով Ջենիսի ձայնը շատ ավելի լսելի դարձավ, երբ նա ելույթ ունեցավ Մոնտերեյի ռոք փառատոնի բեմում: Հաջորդ՝ «Cheap Thrills» ալբոմն էլ միայն ամրապնդեց Ջենիսի հաջողություններն ու նրան դարձրեց 60-ականների վերջի առաջատար ռոք-երաժիշտներից մեկը: Այժմ, երգչուհին վայելում էր հաջողության պտուղները, հարցազրույցներ տալիս ու ամեն օր 200 դոլարի հերոին առնում: Ճիշտ է, ընկերները փորձում էին ետ պահել աղջկան կործանիչ սովորությունից, բայց ապարդյուն:

Big Brother And The Holding Company-ից հեռանալուց հետո Ջենիսը նոր բենդ հավաքեց՝ The Kozmic Blues Band, որի հետ էլ գրավեց Եվրոպան: Ֆրանկֆուրտի, Ստոկհոլմի, Ամստերդամի, Կոպենհագենի և Փարիզի համերգները իրենց կուլմինացիային հասան 1969 թվականի ապրիլի 21-ին, Լոնդոնի Ալբերտ Հոլլում, որտեղ անգլիացի խստապահանջ հանդիսատեսը արձագանքեց Ջոփլինի կոչին, վեր կացավ տեղից ու սկսեց պարել: Նույն թվականի օգոստոսի 16-ին՝ երեկոյան խումբը հայտնվեց լեգենդար Վուդսթոքի բեմում ու նվագեց մինչև լուսաբաց: Մաքս Յասգուրի կաթնային ֆերմա տանող ճանապարհին, ուղղաթիռից տեսնելով հավաքված բազմությանը Ջենիսը ցնցված էր: Բեմելու իր հերթին սպասելու ընթացքում Ջենիսը հասցրել էր տեղը տեղին խմել ու հերոին ընդունել, այնպես որ, բեմում նրա վիճակը համապատասխանում էր ընդունած պրեպարատների չափաքանակին: Ու թեև ելույթից հետո ներկաները չէին դադարում «բիս» վանկարկել, Ջենիսն իր ելույթից գոհ չէր ու հետագայում արգելեց այն օգտագործել փառատոնի մասին պատմող ֆիլմում: Այնուամենայնիվ, Ջենիսին սիրում էին, ու Ջենիսը սիրում էր իր երկրպագուներին: Ի տարբերությունը իր ժամանակների այլ ռոքնռոքլ աստղերի, Ջոփլինը չէր ջարդում կիթառն ու գրողի ծոցը չէր ուղարկում լսարանին: Նա սիրում էր, որովհետև նրան սիրում էին, ու որովհետև այդ սերը այնքան էր նրան պակասում…


The room where Janis Joplin died by MixTape • Findery

Ջենիս Ջոփլին, Woodstock 1969

Մահից ամիսներ առաջ Ջոփլինը որոշում է այցելել իր ընտանիքին Պորտ-Արթուրում, որտեղ ամեն ինչ նույնն էր. նախկին դասընկերներ, որոնց չէին հետաքրքրում Ջոփլինի փետուրներն ու երաժշտությունը, ծնողներ, որոնք վստահ էին, որ դուստրը սխալ ճանապարհով է գնացել: «Իրենց ծաղրուծանակով նրանք ինձ վտարեցին դպրոցից, քաղաքից և նույնիսկ նահանգից». հարցազրույցներից մեկում ասել է Ջենիսը՝ հիստերիկ ծիծաղով: Լրագրողները որսացել են պահն ու արձագանքել՝ «դուք գնացե՞լ եք ավարտական երեկույթի»: «Ինձ չեն հրավիրել»,- պատասխանել է Ջոփլինը: Կուռքերի պատմության մեջ գրանցվել են բազմաթիվ հաղթական ուղևորություններ դեպի հայրենի տներ, ինչպիսին էր, օրինակ, Էլվիս Փրեսլիի այցը Միսիսիպի: Բայց Ջենիսի ժամանումը Պորտ-Արթուր ոչ թե սեքսի խորհրդանիշի երկար սպասված այցելություն էր, այլ սպիտակ ագռավի հանկարծակի վերադարձ. վերադարձ մի տարօրինակ աղջկա, որի հետ հայրենի քաղաքում ոչ ոք չէր ցանկանում մտերմանալ, նույնիսկ, երբ նա արդեն հազարավորների կուռքն էր:

«Համերգներին ես սիրով եմ զբաղվում 27 հազար մարդու հետ, իսկ հետո վերադառնում եմ իմ մենակությանը». իրականությունը, որում երգչուհին ապրում էր բաղկացած էր հյուրախաղերից և ձայնագրություններից: Բոլորն ինչ-որ մեկին ունեին, բայց Ջենիսը, չնայած մի քանի կարճատև սիրավեպերի, սովորաբար քնում էր միայնակ, փոխարենը նա ուներ 27 հազար սիրող հայացք: Նա երեխայի պես ուրախանում էր երգրպագուների ծափերից ու նամակներից: Ամեն ստացված համերգից հետո իրեն թույլ էր տալիս հերոինի մի չափաբաժին, որպես ինքնավարձատրություն ու հույսը դնում լավ գենետիկայի վրա: Կարելի է երկար խոսել հերոինի մասին, որից երգչուին մի քանի անգամ փորձել է հրաժարվել կամ Southern Comfort լիկյորի մասին, որը նրանից անպակաս էր, բայց «Piece of My Heart» կամ «All of Loneliness» երգերը թույլ չեն տա մեղադրել Ջենիսին անսզպության մեջ:

«Ազատությունը ևս մի բառ է, որը նշանակում է, որ այլևս կորցնելու ոչինչ չկա». հնչում է Ջոփլինի հետմահու ալբոմից՝ երգից սիրո մասին, որն ընդհատվել էր ոչ իր նախաձեռնությամբ: