Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
— Մա՛մ, ինչո՞ւ հայրիկը կորցրեց աշխատանքը։
Նա և Ջեքը շատ անգամ էին քննարկել Դենիի այսօրինակ հարցի տակից դուրս գալու եղանակները. եղանակներ, որոնց ընդգրկույթը տատանվում էր խուսափողական պատասխաններից մինչև պարզ, ոչնչով չսքողված ճշմարտությունը ասելը։ Բայց Դենին չէր հարցրել. մինչև այս պահը, երբ Վենդին սրտնեղած էր և ամենաքիչն էր պատրաստ այդպիսի հարցի պատասխանելու համար։ Այնուամենայնիվ, Դենին նայում էր մորը և հավանաբար կարդում էր նրա դեմքին արտահայտված շփոթմունքն ու իր հետևություններն էր անում։ Վենդին մտածեց, որ մեծահասակների գործողություններն ու դրանց դրդապատճառները երեխաներին թվում են նույնքան ծանրակշիռ ու չարագուշակ, որքան մութ անտառի խավարի մեջ թաքնված վտանգավոր կենդանիները։ Երեխաներին խամաճիկների նման քաշքշում են այս ու այն կողմ, իսկ թե ինչ պատճառով, նրանք շատ աղոտ են պատկերացնում։ Այդ մտքից Վենդիի դեմքին մատնիչ արցունքներ հայտնվեցին, և նա կռացավ՝ փորձելով դրանք հետ մղել, վերցրեց ջարդված ճախրասկավառակը և սկսեց շուռումուռ տալ ձեռքերում։
— Հիշո՞ւմ ես, Դե՛նի, հայրիկդ բանավեճի թիմ ուներ։
— Իհարկե,— ասաց նա,— բանավեճեր «հավեսի» համար, ճի՞շտ է։
— Ճիշտ է:— Նա կրկին ու կրկին շուռումուռ էր տալիս ճախրասկավառակը՝ նայելով ապրանքանիշին (ՍՊԻԴՈԳԼԱՅԴ) և թևերի աստղիկներին, ու հանկարծ զգաց, որ որդուն ողջ ճշմարտությունն է ասում:— Այնտեղ Ջորջ Հաթֆիլդ անունով մի տղա կար, որին հայրիկը հեռացրեց թիմից։ Դա նշանակում է, որ նա այնքան լավ չէր բանավիճում, որքան մյուսները։ Ջորջը ասում էր, որ հայրիկդ իրեն հեռացրել է թիմից, որովհետև չէր սիրում, այլ ոչ թե որովհետև ինքը վատ բանավիճող էր։ Հետո Ջորջը կեղտոտ բան արեց։ Կարծում եմ՝ գիտես։
— Այդ նա՞ էր ծակել մեր «բզեզի» անվադողերը։
— Այո՛։ Դասերից հետո հայրիկդ բռնացրել էր նրան հանցանքը գործելիս։ Վենդին նորից սկսեց տատանվել, բայց այլևս փախչելու տեղ չկար։ Նա պետք է կա՛մ ճշմարտությունը ասեր, կա՛մ ստեր։
— Քո հայրիկը… նա երբեմն անում է բաներ, որոնց համար հետո ափսոսում է։ Պատահում է, որ նա չի մտածում այնպես, ինչպես պետք է։ Դա հաճախ չի պատահում, բայց երբեմն պատահում է։
— Նա էդ Հարթֆիլդին այնպես ցավացրեց, ինչպես ինձ այն ժամանա՞կ, երբ ես շաղ էի տվել նրա բոլոր թղթերը։
Երբեմն
(Դենին՝ արմունկը գիպսի մեջ)
նա անում է բաներ, որոնց համար հետո ափսոսում է։
Վենդին ուժգին սեղմեց կոպերը՝ փորձելով ամբողջ ուժով հետ մղել արցունքները։
— Երբեմն այդպես է, արև՛ս։ Հայրիկդ հարվածեց Ջորջին, որպեսզի նա այլևս չկտրի անվադողերը, իսկ Ջորջը գլուխը խփեց գետնին։ Հետո նրանք, ովքեր պատասխանատու են դպրոցի համար, ասացին, որ Ջորջը էլ չի կարող գնալ դպրոց, և որ հայրիկը այլևս այնտեղ չի կարող դասավանդել։ Նա լռեց, քանի որ այլևս ասելիք չուներ, և սարսափով սպասեց Դենիի հարցերի տարափին։
— Ըհը՛,— ասաց Դենին և շարունակեց դիտել փողոցի անցուդարձը։ Թեման, ինչպես երևում է, փակվել էր։ Երանի՜ թե Վենդիին էլ այդքան հեշտությամբ հաջողվեր այդ թեման փակել։ Նա ոտքի կանգնեց։
— Ես բարձրանում եմ վերև՝ թեյ խմելու, դո՛կ։ Կաթ ու թխվածքաբլիթ չէի՞ր ցանկանա։
— Ես երևի սպասեմ հայրիկին։
— Չեմ կարծում, որ նա ժամը հինգից շուտ տուն գա։
— Գուցե ավելի շո՞ւտ գա։
— Գուցե,— համաձայնվեց նա,— գուցեև գա։
Նա կես ճանապարհը արդեն անցել էր, երբ Դենին կանչեց,— մամո՜ւլ։
— Ի՞նչ, Դե՛նի։
— Դու կուզենայի՞ր ձմռանը գնալ այդ հյուրանոց ու ապրել այնտեղ։
Իր մտածած հինգ հազար պատասխաններից ո՞ր մեկը տար հիմա։ Երեկվա՞նը, անցյալ գիշերվա՞նը, թե՞ այս առավոտվանը։ Դրանք այնքան տարբեր էին՝ բոլոր հնարավոր երանգներով՝ ալ վարդագույնից մինչև խամրած սևը։
— Հայրդ ինչպես ուզի, այնպես էլ կանեմ,— ասաց Վենդին ու մի պահ լռելուց հետո հարցրեց,— իսկ դո՞ւ։
— Կարծում եմ` կուզենայի,— ասաց նա վերջիվերջո:— Այստեղ մարդ չկա, որ հետը խաղամ։
— Դու կարոտում ես ընկերներիդ, չէ՞։
— Երբեմն կարոտում եմ Սքոթին ու Էնդիին։ Ու կարծես թե էլ ոչ ոքի։ Վենդին վերադարձավ որդու մոտ ու համբուրեց նրան, խառնշտեց նրա խարտյաշ մազերը, որոնք արդեն սկսել էին կորցնել իրենց մանկական փափկությունը։
Փոքրիկն այնքան լուրջ էր, որ երբեմն Վենդին մտածում էր, թե ինչպես է նա կարողանում ապրել Ջեքի և իր նման ծնողների կողքին։ Այն մեծ հույսերը, որով նրանք սկսել էին իրենց համատեղ կյանքը, չարդարացան, ու նրանց մնաց այս անդուր բնակարանը օտար քաղաքում։ Նորից նրա աչքերի առաջ հայտնվեց Դենիի պատկերը՝ ձեռքը գիպսի մեջ։
Երեխաների տեղավորման երկնային ծառայությունում ինչ–որ մեկը կոպիտ սխալ էր թույլ տվել, ու երբեմն նա վախենում էր, որ այդ սխալն անուղղելի է, և դրա համար կարող է վճարել միայն գործընթացի մեջ ակամայից ներ քաշված ամենաանմեղ վկան։
— Ճանապարհից հեռո՛ւ մնա, դո՛կ,— ասաց նա և ամուր գրկեց որդուն։
— Իհարկե, մա՛մ։
Նա աստիճաններով բարձրացավ վերև՝ խոհանոց։ Թեյնիկը վրան դրեց և ափսեի վրա շարեց մի քանի «Օրեո» թխվածքաբլիթ Դենիի համար, այն դեպքում, եթե նա որոշի բարձրանալ վերև, մինչ ինքը պառկած կլինի։ Սեղանի մոտ՝ իր մեծ կավե բաժակի առջև նստած՝ Վենդին նայում էր պատուհանից դուրս՝ որդուն, որ դեռ նստած էր սալահատակի եզրին իր ջինսով և Սթովինգթոնի նախապատրաստական դասարանի մուգ կանաչ ֆուֆայկայով, որ վրան մեծ էր, իսկ ճախրասավառնակն այդ պահին ընկած էր նրա կողքին։ Արցունքները, որ ողջ օրը կախվել էին աչքերից, այժմ տարափի պես թափվեցին ներքև, ու նա կռացավ թեյի անուշաբույր, քուլա–քուլա բարձրացող գոլորշու վրա և լաց եղավ։ Կսկիծից, անցյալի կորուստներից և ապագայի սարսափից։
«Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո