Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը նոր նախագիծ ունի. խոսքը ոչ թե նոր ներկայացման մասին է, այլ՝ ֆիլմաշարի: ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով՝ Վանաձորի մայր թատրոնն իրականացնում է «Թատրոնն էկրանին» նախագիծը. վերջինիս շրջանակներում վանաձորցի ստեղծագործողները լսարանի դատին կհանձնեն 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմ. նպատակն է բացահայտել թատրոնը կուլիսներից, ծանոթանալ թատրոնի պատմությանն ու անցած ուղուն:
Նախագծի մասին զրուցել ենք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Թաթուլ Բոստանչյանի հետ:
Վերջինիս խոսքով…
«Նախագծի գաղափարն առաջացել է համավարակի օրերին, երբ անկարելի էր դահլիճը լցնել թատերասերներով, սակայն նպատակ կար՝ չդադարեցնելու թատրոնի գործունեությունն ու ամրացնելու թատրոն-հանդիսատես կապը: Ընտրությունը կանգ առավ մի հետաքրքիր գաղափարի շուրջ, որն իրենից ենթադրում էր ներկայացնել թատերասերին թատրոնի ստեղծագործական ու ադմինիստրատիվ կազմի կյանքը կուլիսներում, թատրոնի շենքի պատմությունն ու թատրոնի անցած ստեղծագործական ուղին: Որոշման կայացման մեջ մեծ նշանակություն ունեցավ նաև այն հանգամանքը, որ 2021-ը հոբելյանական է Վանաձորի դրամատիկականի համար. թատրոնը տոնում է իր գործունեության 90-ամյակը»:
Ֆիլմերը, հիմնականում, բաղկացած են հաղորդավարի պատմողական խոսքից, արխիվային նյութերից, ներկայացումների տեսագրություններից: Ի դեպ, հեղինակները նշում են, որ ծրագրի իրականացումը հնարավորություն է ընձեռել թվայնացնել արխիվն ու ստեղծել թատրոնի ներկայացումներից կազմված տեսադարան: Փետրվարի 1-ից ֆիլմերը ցուցադրվում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջով և «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ…
«Մեկ այլ կարևոր փաստ. ֆիլմաշարի ողջ ստեղծագործական ու ադմինիստրատիվ անձնակազմը բաղկացած է տեղաբնիկներից. մեզ հետ աշխատում են վանաձորցի տարբեր մասնագետներ՝ սկսած օպերատորներից մինչև վիդեո-մոնտաժողներ: Այդ կերպ ցանկանում ենք նաև խթանել մեր քաղաքում ապրող ու արարող մարդկանց գործունեությունը»:
Հեղինակները պնդում են, որ ֆիլմաշարի նկարահանումների ընթացքում հայտնաբերել են մեծածավալ հետաքրքիր նյութեր, որոնք էլ հիմք կհանդիսանան հետագա ֆիլմերի համար: Այդպիսով, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը կշարունակի ներկայանալ այս ձևաչափով:
Ֆիլմացանկը՝
«Պատմություն», 7 ֆիլմ, ռեժիսոր` ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան:
«Ապրենք որ ապրենք», 1 ֆիլմ, ռեժիսոր` ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան:
«Մերոնք ֆիլմերում», 2 ֆիլմ, ռեժիսոր` Հերիքնազ Բաղդասարյան:
«Մեկ ժամ ներկայացումից առաջ», 1 ֆիլմ, ռեժիսոր` Ժիրայր Գաբրիելյան:
«Վարագույրը չփակել», 1 ֆիլմ, ռեժիսոր` Արամ Մխիթարյան:
«Ետնաբեմ», 2 ֆիլմ, ռեժիսոր` Սարգիս Մանուկյան:
«Ֆիլմ Ֆիլմի մասին», 1 ֆիլմ, ռեժիսոր` Արեն Օսիպյան, բեմադրող օպերատոր` Արսեն Շահնազարյան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո