Վանոն ասել է․․․ - VNews

Վանոն ասել է․․․

vanikna - Վանոն ասել է․․․
  • Ուղտին չի կարելի ուտել, հեծնել և հավատալ միաժամանակ:

 

  • Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ և առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան…

 

  • …Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան։

 

  • Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան:

 

  • Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։

 

  • Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա։

 

  • Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։

 

  • …Բախտավորություն է սավառնելու զգացողություն ճանաչելը,բայց սավառնողին , ախր, խփում են: Եվ ճիշտ են անում:Համենայնդեպս ,ներքևիններին ես հասկանում եմ:Եթե ցածում ես,այդ տեսիլքից կամ լեզուդ պիտի կապ ընկնի,կամ լեղիդ պայթի,կամ պիտի խփես։

 

  • Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք: Արիություն նաև քո՛ մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը:

 

  • Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ֊ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն։

 

  • Սիրտդ լրիվ քար մի արա, բայց սիրելուդ կարոտ թող, թող չմտաածի,որ դու իրենն ու իրենն ես, մի բան էլ գուցե, կողքից լինի…Թող համոզված մնա ,որ մի կյանքը քիչ է տղամարդուն իրենով անելու , մինչև տակը տեսնելու համար…Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա,սիրտդ խալու պես ոտների տակ չփռես: Պարզ է, սկզբից կողքերով կգնան ,հետո կբոբկանան ու սիրուց -բանից կսրսփան, հետո տանու չստերով կտրորեն,հետո գոյությունդ լրիվ կմոռանան։

 

  • Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ` ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե` առանձնությունը: Իրենք` նախիրով, իրենք ոհմակով լինելով` էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես։

 

  • Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։

 

  • Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։

 

  • Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա եւ Ռուսաստան: Եվ կբարգավաճեն, որովհետեւ նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել: Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում: Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետեւ հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սեւանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ եւ հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին եւ նույնիսկ արդեն քերթել են գառը եւ կրակ են գցել սամովարը: Իսկ Երեւանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջեւանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երեւանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջեւանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի:

 

  • Հիմա Երեւանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի եւ Փոքր Ասիայի արդյունաբերության, առեւտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: