fbpx

Լրացուցիչ

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 17

քրիստ մանարյան

(Նախորդ հատվածը կարող եք կարդալ այստեղ):

Հորինելով անցյալը

 Երեկո է դառնում, ներքնակը սովորականի պես գցել ենք հատակին, լսում ենք Սենթրալից եկող մեքենաների քնեցնող օրորն ու նայում ենք պատուհանից մանրահատակին ընկնող արևի թեք, ոսկե շողերին, որոնցում գալարվում են փայլուն փոշեհատիկները: Երևանյան խաղաղություն է համակել մեզ՝ նույնիսկ բացված ժալյուզների հետևում վեր խոյացող արմավենու բունը չի փչացնում տպավորությունը:

Էնքան հանդարտ ուրախություն կա օդում, էնքան հարազատ են էս տաք երեկոները Բրչեթում, որ նույնիսկ չեմ կարող ասել՝ Երևա՞նն եմ ավելի շատ կարոտում, թե՞՝ հենց Գլենդելը: Ախր Գլենդելն իր հայկական շնչով վաղուց արդեն Երևան է, մեր կորցրած, մտքներիցս դուրս չեկող հին Երևանը: Է՜, ուր հասանք…:

Նելլին սառը Գաթորեյդի շիշը հպել է ճակատին ու լսում է նոր երգս: Վերջերս եմ գրել՝ մեր չեղած ու չապրած համատեղ կյանքի մասին Երևանում: Ես հորինել եմ մեր անցյալն ու նվիրել եմ ինձ ու Նելլիին,-

 

Ես հիմա կուզեի բռնել քո ձեռքը

ԵՎ լսել, թե ինչպես է հովանոցը թակում

Տաք անձրևն ու երգում ծանոթ իր երգը՝

Հանդիպենք Աբովյան պուրակում…

 

Անցյալի մեղեդին մեզ հետ շրջում է՝

Դու ջահել աղջնակ ես, ինձ սպասող ձեր բակում

Ու նորից գրկելով քեզ շշնջում եմ՝

-Հանդիպենք Աբովյան պուրակում:

 

Տերևների մեջ պահվող լույսերը,

Նստարանը բոլորի աչքից հեռու,

Իմ ձեռքերում քնքուշ մատներդ, վարսերդ, շուրթերդ

Ինչպես միշտ՝ կախարդում են, գերում:

 

Տանը քեզ վաղուց արդեն սպասում են՝

Մի վերջին համբույր՝ անուշաբույր յասամանից

Պոկած մի ճյուղ նվիրելով քեզ, ասում եմ.

– Վաղը նույն այս ժամին, մեր տեղում:

 

Դղրդում է անհույս վերջին տրամվայը՝

Վագոնում միայն մենք ենք ու քնած մի ծերուկ,

Քո գլուխը հոգնած ուսիս վրա է՝

Երազներդ պայծառ ու հեռվում,

 

Ինձ անում է ձեռքով քո ուրվագիծը՝

Պատուհանդ մթնում է, բայց այնտեղ ես, գիտեմ՝

Մենք ջահել ենք այնքան, մեր սերն անբիծ է

ԵՎ աշխարհը բացվել է մեր դեմ…

 

Ընկերներս վաղուց ինձ կարոտում են,

Բայց աչքիս երևում է լոկ պատկերը քո հեզ,

Երեկո է, քայլերս ինձ բերում են

Դեպի նույն ծառուղին, դեպի քեզ:

 

Աստղազարդ երկինքը իմ տանիքն է,

Չգիտեմ դեռ, որ կյանքում կան ափսոսանք ու բաժանում,

Ես քեզ սիրում եմ, ես առայժմ երջանիկ եմ

ԵՎ սպասում եմ Աբովյան պուրակում…

Կրծքիս տաքություն եմ զգում՝ արցունքներ են: Ուրեմն երգս հաջողված է:

– Մեր մասին ա,- կամացուկ ասում է Նելլին,- Հենց էսպես էլ կարող էր լինել, դարլին…

 

Ամուր գրկում եմ նրան ու շուրթերս իրենք իրենց շշնջում են ականջին,-

-Արի գնանք Երևան, ի՞նչ ենք կորցրել էս օտար հողում, սիրունս, արի վերադառնանք մեր քաղաքը` մեր կյանքը մնացել ա էնտեղ, էս ամենը մերը չի, հրաշքս:

Լռություն: Նա սրբում է աչքերն ու պատասխանում է անսպասելիորեն փոխված ձայնով,-

-Էլ մի խոսի Երևանից խնդրում եմ, ես էլ Երևան չունեմ: Երևանն էլ, ես էլ մեռել ենք, չկանք:

Քարանում եմ՝ ինչ ասա՞ց…ամենինչ կսպասեի, միայն ոչ էս տեսակ պատասխան: Մտահոգ փորձում եմ իմ կողմը շրջել դեմքը,-

-Նե՞լլ, հետդ բան ա՞ կատարվում:

Նա հետ է քաշում գլուխը,-

-Թող:

-Ի՞նչ էղավ քեզ, սիրունս…

Շրջվում է` թաց աչքերը թշնամանքով են նայում, էնպես, որ սառում եմ տեղումս:

-Էլ չխոսես Երևանից: Երևանը քանդեց իմ տունը, իմ ընտանիքը: Քո երևանցիները սպանեցին հորս, հասկանու՞մ ես, քո չեղած հայրենասերները, էդ անտեր շները:

-Սպանեցի՞ն…

-Մարդուն ինսուլտի հասցնելը սպանել չի՞, անպայման պիտի կրակե՞ն վրան: Չնայած հայ հայ ա՝ կրակում էին, հենց մեր տան մեջ:

-Բայց ո՞վ…

-Որ կոնկրետ անուններ տամ՝ բան ա՞ փոխվելու: Ի՞նչ ես ուզում ինձնից, ի՞նչ ես հոգիս հանում քո Երևանով, գնա, վազի հետ, քո տեղն էնտեղ ա: Իսկ ես էկողը չեմ, ի՞նչ ես կպել ինձնից:

-Ես կպել եմ քեզնի՞ց…

-Բա ի՞նչ ես արել: Կա՞ մի օր, որ Երևան չգոռաս, որ հոգիս չպղտորես էդ անունը տալով: Դու ի՞նչ ա՝ չես կարողանու՞մ տանել, որ մարդ հանգիստ իրա համար ապրում ա, անպայման պիտի բզես ու կյանքը թունավորե՞ս…ուոթ դը ֆաք:

Ահավոր լարված է, հիմա հակաճառել-վիճել հետը չի կարելի, պետք է սրտովը գնալ,-

-Նելլ, հանդարտվի, խնդրում եմ, ես ոչ-մի վատ բան չէի ուզում ասել: Էլ չեմ խոսի, ոչ էլ կերգեմ, կներես հազար անգամ, վերջ:

Բայց նա արդեն հանգստացողը չի ու աչքերը հիմա էլ փայլում են հանկարծահաս ատելությամբ,-

-Քեզնից պակաս հայրենասեր չեմ, էղա՞վ՝ երբեք չեմ երազել օտարության մեջ ապրել: Չեմ էլ մտածել դրա մասին, աչքս դուրսը չի էղել, լավ իմացի: Բայց քո Երևանը դարձավ իմ ամենամեծ անեծքը կյանքում, րիըլ նայթմեըր, վիզիթեյշն, մայ գադ…

-Նելլ, ցավդ տանեմ, վերջ, ձենս կտրում եմ:

Նա չի լսում, պարզապես ուզում է հոգին դատարկել: Ճշմարտության օրը պիտի վաղ թե ուշ գար՝ էդ օրն էսօր է, պարզվեց: Թող խոսի՝ ես պիտի էնպես անեմ, որ մինչև վերջ ասելիքն ասի: Այսինքն՝ լռեմ:

Որոշ ժամանակ երկուսս էլ ձայն չենք հանում: Չեմ նայում նրա կողմը, որ միտքը չփոխի:

Վերևի շրթունքը երկար կծելուց հետո դառնացած, խոստովանություն անող մարդու ձայնով սկսում է,-

-Դու սիրուն ես հորինում, ես էդպես չեմ կարող, քո պես տաղանդավոր չեմ: Բայց իմ պատմածը հորինած չի, իրական ա` դաթս դը դիֆըրընս…Ես ութ տարեկան էի, Աիդան՝ տաս, Նոր Տարուց մի օր առաջ էր՝ մաման չեղած բաներից ուտելիքներ էր հորինում, ես ու Աիդան էլ ստից-մտից զարդարում էինք սենյակը: Տոնածառ չկար, էն վատ տարիներին տոնածառը պապուս գինն արժեր, սո ո՞վ էր գժվել առներ: Պապան իրա բիզնեսում էր, տարի էին փակում: Շատ ուշ, հոգնած էկավ տուն ու տրամադրություն չուներ՝ ինքը տանը գործերից երբեք չէր խոսում, բայց էնքան անտրամադիր էր, որ բոլորս հասկացանք՝ սամթինգզ րոնգ, էրեսին գույն չկար: Զանգեց բիզնեսի ընկերոջը, պահանջեց, որ գա: Բայց ընկերը վախեցավ, չեկավ: Պապան փեջի կողքից վերցրեց կացինը ու դրեց դռան մոտ: Մաման սփրթնեց, բայց բան չասեց: Մի ժամ հետո էկան էդ ասֆալտի ֆիդայինները, էդ բոշի թուլեքը…դուռն էին կոտրում: Մաման մեզ ներս տարավ: Պապան երկար դուռը չէր բացում:

Դադար է տալիս վերապրելու համար հիշողությունները: Ես գլուխս կախ սպասում եմ՝ ահավոր բաներ պիտի լսեմ, արդեն գիտեմ:

-Պապան չէր էլ բացի դուռը, բայց երբ որ էդ անասունները ասեցին, որ իջնում են մեր մեքենան տրաքցնեն` կատաղեց ու բացեց: Չպիտի աներ էդ բանը՝ տվարները լցվեցին ներս՝ երեք թե չորս հոգի էին, այ դոնթ րիմեմբըր իգզաքթլի…

Միջանցքում քաշքշոց էր, հայհոյանք, պապան չէր հայհոյողը, ինքը երբեք չէր հայհոյում: Ծեծում էին իրան ոտերով ու ստիպում էին, որ թղթեր ստորագրի: Ես ու Աիդան վախից լացում էինք: Ավտոմատը պահեցին պապայի գլխին՝ էլի չստորագրեց: Հետո էդ մադըֆաքրներից մեկը պիստալետով էկավ մեր կողմը, ասեց, որ մեզ կգյուլլի: Եզի էրեսով էր, անթրաշ, փնթի, եզի պես էլ քայլում, իրան Ֆսյո էին ասում: Մաման կանգնեց մեր առաջ, փակեց իրա ճամփան՝ սաղ մարմնով ցնցվում էր: Ֆսյոն պիստալետը շխկացրեց ու դրեց մամայի դոշին, հիշում եմ դրա աչքերը՝ անասունի աչքեր էին…:

Պապան Ֆսյոյին հետ կանչեց, ասեց, որ ստորագրում ա: Թղթերը տվեցին, ստորագրեց, էդ հայվանները հանաքներ անելով գնացին:

Պապան ասեց՝ ամենինչ կարգին ա, մտածելու բան չկա, փորձում էր ուրախ էրևալ: Գնաց, լվաց արյունն ու գրկեց, պաչեզ մեզ: Մյուս օրը առավոտյան ինսուլտից մեռավ: Շտապ օգնությունը մի ժամից ավել չէր գալիս, Նոր Տարի էր:

…Մենք երբեք Նոր Տարի չենք տոնում, մենակ Քրիսմըս, էն էլ՝ էրեսի զոռով: Ատում եմ Երևանը, ատում եմ Նոր տարին, քեզ էլ հետները: Բան ունե՞ս ասելու:

Առաջվա պես լուռ եմ: Նա անփույթ հագնվում է, մոռանում է պայուսակը, հետ է գալիս, վերցնում է ու դուռը շխկացնելուց առաջ իրեն կորցրած, կոկորդով մեկ գոռում է.

– Ռադ էղի Երևանդ, ինձ էլ հանգիստ թող, էղա՞վ…կարող ա քեզ էնտեղ ՙպատվավոր քաղաքացի՚ տան, վազի, վազի՝ հանկարծ չուշանաս…

Մնացել եմ պապանձված, սիրտս մուրճի պես է զարկում, նայում եմ շուրջս, ուզում եմ մի բան տալ, ջարդուփշուր անել: Բայց ոչինչ իմը չի էս վարձով տանը, միայն լափթոփը, էն էլ արդեն ջարդված է:

Փոխարենը փարքինգից լսվում է ծառս եղած ձիու պես տեղից պոկվող Օսկեոլայի ճռինչը, հետևից էլ՝ դղրդյուն: Վազում եմ պատշգամբ՝ Նելլին իր մեքենայով տապալել է պլաստիկե մարդաբոյ աղբամաններն ու անիվները կատաղի տեղապտույտ են տալիս աղբի մեջ: Քերծելով պատը՝ Օսկեոլան նետվում է փողոց, սարսափեցնելով Բրչեթի ալարկոտ մեքենաներին՝ պատուհանից դուրս է ցցված Նելլիի նրբիկ ձեռքը՝ վեր պարզած միջնամատով՝ ՙՖաք յու՚:

Կողքի պատշգամբից ինձ է նայում շենքի մենեջերը իր ջրի գույնի, կասկածոտ աչքերով Նեբրասքայի րեդնեք է, օրինապաշտ, անհամ տիպ: Սպասում է իմ պատասխան գժություններին: Պատասխան չի լինելու, Բիլ, իզուր ես տնկվել:

-Էվրիթինգզ օքեյ, Բիլլի, էվրիթինգզ օքեյ, շի ջըսթ միսսդ հըր մադըրլանդ:

-Օ այ սի…

Բիլը շարունակում է սպասել: Ստիպված իջնում եմ բակ, կռանում եմ ու ձեռքերով սկսում եմ աղբը հետ լցնել աղբամանների մեջ՝ ո՜նց կպոկեի հիմա էդ սիրունիկ կյաժ գլուխդ, աղջի աննորմալ…:

Փորձում եմ համոզել ինձ, որ ես էլ եմ ատում Երևանը:

Բայց չի ստացվում:

Աղբը հավաքված է, Բիլը ներս գնաց՝ Բրչեթի մայրամուտն առաջվա պես հիասքանչ է, ոչ մի կապ չկա հոգեվիճակիս ու արևի գգվող շողերի միջև՝ լավ էլի, Ամերիկա, գոնե հիմա սրտովս գնա…

Քրտինք մտած հրումներ եմ անում հատակին, հետո զանգում եմ Սեմին՝ միայն նա կարող է ինձ փրկել հիմա, միայն նա:

-Ասա ախպերս, ո՞նց ես:

-Ապուշավարի, Սեմ ջան:

-Բան ա՞ էղել:

-Եսի՞մ, թեթևի մեջ…Գամ մոտդ, էլի, հո շատ զբաղված չե՞ս:

-Հել հենց հիմի արի: Ե՞րբ կլինես:

-Մի քսան րոպեից: Ուզում եմ մի քիչ անջատվեմ:

-Դե քել, հաց կուտենք, համ էլ կանջտվենք: Նելլին հետդ ա՞:

-Նոր նեղացավ, գնաց…էդ եմ ասում, էլի:

Նա քմծիծաղում է,-

-Մե՛ն, թեյք իթ իզի, դոնթ էվըր մեսս ուիդ ուիմին, սաղ մի խելքի են, չդնես:

-Շատ նեղացավ, լրջով:

-Փրաբլըմ չունես, հեսա Հելենին ասեմ՝ բերման ենթարկի: Սաբուեյ եմ օրդեր անում, հետո էլ կանջտվենք, դավայ, արի:

Ո՜նց եմ սիրում Սեմին՝ հերիք չի տրամադրությունը միշտ տեղն է, դեռ ուրիշինն էլ կարողանում է առանց ճիգ գործադրելու բարձրացնել: Բա ես էլ երրորդ մասում ծնված չլինեի՞:

Կիթառի պատյանը գցում եմ ուսովս ու մռայլ գնում եմ Սան Ֆերնանդո՝ Սեմի բեյլ բոնդի օֆիսի ուղղությամբ՝

զավեշտալին էն է, որ էսօր համերգ ունեմ Ալեքսում, էլի խառը կանաչի: Պիտի երգեմ Երևանյան երգեր, խնդրել են: Ի՞նչ սրտով եմ երգելու:

Փողոցը կարմիրի տակով եմ անցնում, մի հայի մեքենա դժվարությամբ արգելակում է, բայց հայհոյանք չի լսվում՝ երևի ճանաչել են:

Ապա կողքիցս սկսում է սահել ծանոթ դեղին վենը, որի միջից իրեն է կոտորում Թուփաք Շաքուրը,-

-Րոբի՞, ու՞ր տանեմ:

-Պետք չի, Էմիկո, թենքս, ուզում եմ քայլեմ:

-Շու՞ըր…:

-Հա, հաստատ:

Մի քիչ լռություն, որի մեջ Թուփաքի հայհոյանքներն են,-

-Ար յու՞ օքեյ, Րոբի:

-Հա, ասինք, աղջի, հանգիստ թող:

Էմմայի կանաչապատ գլուխը հպարտ նայում է դիմացն ու դեղին վենը երկարուձիգ ազդանշանով քշում, հեռանում է՝ Էմիկոն էլ ասաց իր մտքինը:

Անճարությունը երկու ձեռքով սեղմում է կոկորդս, ուզում է խեղդել ինձ՝ ֆաք յու, ֆաք յու՜ օլլ…

Ես կարծում էի՝ միայն ինձ են ստիպել թքել ու հեռանալ Հայաստանից, կարծում էի՝ միայն ես եմ փորձում թոթափել հայրենիքի հետ կապված հիշողությունների անտանելի ծանր բեռը…: Միամիտ Ռոբ, ո՞վ գիտի՝ իրականում քանիսն են քո ու Նելլիի նմանները, ոչ միայն էստեղ, այլ աշխարհով մեկ:

Երևան ջան, ախպեր ջան, տեսա՞ր՝ վերջում ես ու դու մեղավոր դուրս եկանք…ախր ես ի՞նչ իմանայի, որ նման բան է պատահել հետը՝ երբևէ չէր պատմել իր անցյալից: Աչքերիս առաջ տեսնում եմ դաժան պատմության պատառիկները` հոգեմաշ մանրամասներով: Հիմա հասկանալի է, թե ինչու է մնում, մնում ու գժվում:

Սեմ, ցավդ տանեմ, դու էլ որ չլինես՝ ի՞նչ պիտի լինի իմ ամերիկյան հալը:

Սաբուեյը միշտ համեղ է, բայց հիմա ոնց որ հացով շիլա լինի: Լավ քաշում ենք, բայց դա էլ չի օգնում: Հելենը հետևողականորեն զանգում է ուր ասես, սակայն Նելլիին չի գտնում՝ հեռախոս վերցնող չկա:

Սեմը հետս գալիս է համերգի: Հելենը շատ է խնդրում, որ իրեն էլ տանենք, բայց Սեմը մատը պտտեցնում է քունքի մոտ,-

– Գժվել ա էսի՝ յանի սաղ հայության առաջ պրիզնատ գամ, որ իրան եմ հագնու՞մ…ար յու՞ ֆաքին քրեյզի՞, բեյբ:

Հելենը ջերմեռանդությամբ երդվում է, որ Սեմից հեռու կնստի, վերջերում: Ու կգա միայն, եթե Նելլիին գտնի:

Ես հանկարծ զգում եմ, որ հոգնած եմ էս ամենից:

 

Երբ Ալեքսում օդի մեջ քայլելով բեմ եմ դուրս գալիս՝ տեսնում եմ Սեմին, բազմած առաջին շարքում, պայծառ ժպիտով ինձ ոգևորելիս: Աչքս խորքի նստատեղերին է: Սակայն երրորդ շարքից էն կողմ բան չի երևում՝ դահլիճը մութ է:

 

Այս գարնան շնչով

Ամենուր հնչող

Ձոնն ես մեր հոգու, ուղղված վաղվան,

Արթնացիր քնից`

Քո ամեն տնից

Հույս թող ճառագի, իմ Երևան,

 

Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին,

Ամեն իջնող երեկո նորից նոր վառվեն լույսերդ

ԵՎ փարվեմ քո տառապած ու կարոտ գրկին՝

Քեզ նվիրելով ողջ իմ սերը:

Միշտ, երբ տրամադրություն չունեմ՝ հատկապես լավ եմ երգում՝ ասես ես ու Երևանը հուսահատությունից ճչում ենք, որ մեզ լսեն, որ մեր ցավը հասկանան՝ ախր մենք մեղավոր չենք, իսկի չնկատեցինք էլ, թե ոնց անտերուդուս մուրացկաններն իրենցով արեցին մեզ համար սուրբ ամենինչը: Ես ու Երևանը ճչում ենք, աղաղակում ենք էնպես, որ դահլիճում զարմացած, քար լռություն է, պսակվող ուշացած ծափերի որոտով:

Ելույթիս ավարտին, երբ աչքերս արդեն սովորել են կուրացնող լուսարձակներին՝ նկատում եմ, թե ինչպես դահլիճի մեջտեղներից, արտասվելով ու դեմքը բռնած դուրս է վազում Նելլին, նրա հետևից էլ՝ շփոթված Հելենը: Բոլորը շրջվելով՝ նայում են նրանց: Միայն Սեմն է անվրդով՝ ո՞վ ասաց, որ ինքը ճանաչում է էս հիստերիկ կանանց…

Լակել, քաշել, ամենը խառնել իրար, էնպես, որ մղձավանջային օրն իր եղած-չեղածով ջնջվի, չմնա հիշողությանս ճամփեքին կոշիկի մեջ ընկած քարի պես: Անջատվել հիմնավոր:

– Վերդուգո,- իր սեքսի ձայնով եզրակացնում է Սեմը,- Հելենը դրա անունը լսեց՝ էրկու օր մեզ բաց չի թողի, քեֆ ենք անում, մեն:

Սեմի հետ ուղևորվում ենք Վերդուգոյի շքեղ ռեստորաններից մեկը՝ կանայք Օսկեոլայով արդեն գնում են էնտեղ, Հելենը Նելլիին համոզելու գործում իսկական վարպետ է, մանավանդ՝ մեջտեղը Վերդուգո կա:

Ալեքսի բակից պոկվում ենք դժվարությամբ՝ ոտքները կախ գցած, կպչուն հայության կեսին Սեմը ստիպված է բացատրել, թե ինչու է մենակ եկել համերգի՝ կինն ու երեխան Ջորջիայում են, աներձակի մոտ, կգան մի շաբաթից, հանգստանում են, լավ են, առողջ են, բոլորին բարևում են, բարևի մեջ մնաք:

Ես ավելի հեշտ եմ պրծնում՝ երբ անտրամադիր եմ, առաջին երկու երկրպագուներին մյուսների աչքի առաջ չորելը մնացածներին հետ է պահում լիրիկական զեղումներից՝ փորձած է:

…Ինձ թվա՞ց, թե Սեմի մեքենայի պատուհանից իսկապես տեսա ճերմակ Բենթլին, որը դանդաղեցրեց ընթացքն Ալեքսի մոտ ու կորավ Բրենդը կտրատող նեղ փողոցների ոլորաններում: Չուզելով հարցնում եմ,-

-Սեմ, ապեր, ո՞վ ա Ջեքոբը սպիտակ Բենթլիով:

Սեմի դեմքը դառնում է մտածկոտ-արհամարհական,-

-Հարուստ պարսկահայ ա, բեսամթ քցիպ: Յանի ի՞նչ գործ ունես դրա հետ:

-Գործ չունեմ, աչքիս Նելլիի հետևից ա ընկած:

Սեմը խեթ նայում է իր դիմացը.

-Չաթլաղ գյադա…հոր թայ ա:

Մի վայրկյանով մտնում եմ տուն, որ շպրտեմ կիթառս: Վայ քո՝ կակտուսի կողքին նորից գծագրվել է Խռոյի ճերմակ, զգուշավոր մռութը: Հետևում է ինձ իր կոճակ աչքերով ու միանգամից էլ ծլկում է: Ծնկներս ծանրանում են՝ Հայա Աստված ջան, հերիք չի՞, որ ի՞նչ էսպես վրա-վրա, էս արդեն էղավ օվըրդոզ, լավ բանի համար չի էկել չէ՞ Խռոն… Էնպիսի հուսահատություն է ինձ պատել, որ ուշքի եմ գալիս միայն, երբ Սեմը ներքևից ձայնում է.

-Ռո՜բ, ի՞նչ ըլար, այ ախպեր՝ դրանք մեզ են սպասում:

Դրանք…ի՜նչ հեշտությամբ են մարդիկ էս հողում վերածվում ցուցական դերանունների:

Նելլիի հետ հաշտվում ենք արագ ու աննկատ՝ չորսս էլ էնքան խմած ենք, որ Գլենդել քշելու մասին ոչ ոք չի ծպտում: Մնում ենք Վերդուգոյում ու գիշերվա չորս անց կեսին չգիտեմ որ հյուրանոցի դատարկ բուֆետում ուտում ենք լոլիկով ձվածեղ՝ Սեմն է սովորեցրել ֆիլիպինցի խոհարարին, գլխին կանգնելով: Հետո ցրվում ենք համարներով:

Նելլին նայում է մութ պատուհանից դուրս, բռնվել է շրջանակից, որովհետև թեթևակի ճոճվում է: Դրսում հյուրանոցի դատարկ բակն է, կապույտ լույսով ողողված, քնած լողավազանով: Ձայներ չկան: Մոտենում եմ ու կանգնում եմ մեջքի հետևում: Երեկոյան սև զգեստով է, որով եկել էր համերգի, չի շրջվում: Չոքում եմ ու ձեռքերս դնում եմ սրունքներին:

Դանդաղ սահելով փեշի տակով, ափերս բարձրանում են վեր՝ նա ցնցվում է՝ հեռացնելով սրունքները:

-Հենվի պատուհանին,- կանգնելով հրամայում եմ:

Ենթարկվում է՝ լուսամուտի մեջ արտացոլվում են խմած անիմե աչքերը, խորը շնչող կրծքի բացվածքն ու վզի և ուսերի միացման տեղում, երկու չքնաղ փոսիկների արանքում՝ պսպղացող թիթեռնիկը:

Անսպասելի փոխում եմ միտքս, գրկում եմ նրան թեթև փետուրի պես ու տանում, շպրտում եմ մահճակալին՝ վախեցած սպասումով նայում է ինձ:

-Մարե՞մ լույսը,- կոպիտ հարցնում եմ:

Դանդաղ օրորում է գլուխը:

Էղավ, դե թող վառվի, ուրեմն ամենինչ տես՝ բռիս մեջ եմ հավաքում կարճ, շեկ մազերն ու թեթև ապտակում եմ բերանին: Գլուխը հետ գցելով քաղցր տնքում է:

Առավոտյան Հելենը կամացուկ ծեծում է դուռն ու մտնում է մեր համար, եկել է հրավիրելու նախաճաշի: Վճարողն ինքն է, երբ կուզի կգա: Ես էլ դուռ փակելու սովորություն չունեմ էս երկրում՝ բա որ Արսենը ուշացած գա…:

Նույնիսկ քիչ քնած՝ միևնույն է, դիմավորում եմ օրը կիսամերկ, հրումներ անելով: Նելլին հարբած սեքսից հետո խոր քնած է:

Հելենը դիտում է մեզ, ապա հայացքը վերադառնում է քնած Նելլիին: Շշնջում է,-

-Շի լուքս լայք ըն էնջըլ:

-Շի իզ ըն էնջըլ, շիզ մայ լիթլ էնջըլ:

-Յուր սաչ ը նայս փըրսըն, Րոբըրթ…

Չգիտեմ ինչ պատասխան տամ, էն էլ առավոտ շուտ: Հելենը ժպտում է դռան մեջ՝ էս պահին ոնց որ միայն կորեուհի լինի, գերմանացուց ոչինչ չկա մեջը:

Քայլում է իմ կողմը, կանգ է առնում ու ձեռքը դնում է քրտնած ծոծրակիս: Լուռ համբերում եմ:

-Դոնթ բի լեյթ ֆոր դը բրեքֆըսթ,- քնքշանքով ասում է նա:

-Օքեյ, Հելեն:

-Քյութ թաթու:

-Թենքս:

Կռանում, համբուրում է ծոծրակս չոր, փափուկ շուրթերով, մազերն ափով պահած ու դուրս է գնում:

Ես դադարում եմ հրումներ անել, անիմաստ նայում եմ ափերիս: Նելլին առաջվա պես քնած է:

Անձայն մեկնվում եմ մահճակալին, նրա կողքին ու աչքերս հառում եմ առաստաղին՝ Սեմ, ախպեր, արի ձեռք ձեռքի տված գնանք գրողի ծոցը, ես ու դու: Հաստատ մեր տեղն էնտեղ է:


Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 25. Վերջաբան

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 24

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 23

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 22

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 21

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 20

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 19

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 16

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 16

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 15

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 14

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 13

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 12

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 11

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 10

Քրիստ Մանարյան. «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի». մաս 9