Օսկար 2021. քոչվորների տրիումֆը - VNews

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

05 4 - Օսկար 2021. քոչվորների տրիումֆը
Երկար սպասված և արդյունքում փետրվարից ապրիլի վերջ տեղափոխված «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը վերջիվերջո կայացավ։ Քլոի Ճաոյի «Քոչվորների երկիր» փոքրաբյուջե ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Հոլիվուդի կարևորագույն դերասանուհիներից մեկը՝ Ֆրենսիս ՄքԴորմանդը, սպասելիորեն արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին, իսկ ռեժիսորն ու դերակատարուհին համապատասխանաբար ստացան «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերի մրցանակները։ Ամփոփում ենք օսկարյան գիշերն ու հանդիսատեսի ուշադրությունը հրավիրում մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերի հաղթողների վրա։
 
 
2009 թվականին, երբ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Քեթրին Բիգելոուն “The Hurt Locker” պատերազմական էքշնի համար արժանացավ 6 արձանակի՝ այդ թվում նաև «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, «Օսկար»-ն իր երկարամյա, հարուստ և մասշտաբային պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց կին ռեժիսորի ձեռքերում։ Շատերի համար հետաքրքական ու զվարճալի էր նաև այն փաստը, որ Բիգելոուն այդ կերպ հաղթեց նաև իր նախկին ամուսնուն՝ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին, ում «Ավատար»-ն այդ տարի նույնպես մրցույթում էր։ Եվ ահա, մեկ այլ ֆիլմ, որը Բիգելոուի ֆիլմի պես իր միջազգային մեկնարկն է ունեցել Վենետիկի միջազգային կինոփառատոնում՝ արժանանում է լավագույն ռեժիսորական և գլխավոր (Լավագույն ֆիլմ) մրցանակների։ Թեև Քլոի Ճաոյի «Քոչվորների երկիր» ֆիլմի ցուցադրությունն այդքան աղմկոտ չէր, որքան վերջին տարիների ֆավորիտների արշավը։ Պատճառը համաշխահային համաճարակն է, փակված կամ կիսամեռած կինոթատրոնային կյանքը, և, իհարկե, ֆիլմի հանդարտ և միապաղաղ ընթացքը, որը բազմաթիվ սինեֆիլների համար չի ասոցացվում մեծ՝ շրխկան, զրնգուն և աղմկոտ հոլիվուդյան կինոյի հետ։ Այնինչ ֆիլմում ներգրավված է (արդեն) եռակի օսկարակիր դերասանուհի Ֆրենսիս ՄքԴորմանդը, ում վաղուց հետևում (և առնվազն համակրում) Կոեն եղբայրների ֆիլմագրության հետ թեև հեռակա ծանոթ հանդիսատեսը։ Դերասանուհին վերջերս ակտիվ զբաղվում է նաև պրոդյուսերական գործունեությամբ և հանդիսանում է «Քոչվորների երկրի» համապրոդյուսերը։ Ճաոն մինչ այս աշխատանքը ստեղծել է երկու լիամետրաժ և երեք կարճամետրաժ աշխատանք. Չինաստանում ծնված և Միացյալ Նահանգներ տեղափոխված կին ռեժիսորը մինչ իր օսկարյան հաղթանակը սովորել է Լոնդոնում, մասնակցել է «Սանդենս» կարևորագույն ամերիկյան կինոփառատոնին և, հավելյալ ուշադրություն չգրավելով, ստեղծել է անկախ, փոքրաբյուջե ֆիլմեր։ «Քոչվորների երկրի» հաղթանակը խորհրդանշական է ոչ միայն նրա համար, որ Ճաոն դարձավ առաջին կին ռեժիսորը, ով ներկայացնում է Ամերիկայի ազգային փոքրամասնությունները, այլ նաև փաստացի ապացուցում է, որ հաղթանակի համար անհրաժեշտ չեն տասնյակ միլիոնավոր բյուջեներ, լայնածավալ գովազդային արշավներ, տասնյակ հնչեղ անուններ և հատուկ էֆեկտներ։ ՄքԴորմանդից բացի ֆիլմում ներգրավված բոլոր դերասանները ոչ պրոֆեսիոնալներ են, իսկ Ճաոն տեղավորվել է ընդամենը հինգ միլիոն դոլար բյուջեի սահմանում, ինչը հոլիվուդյան չափանիշներով պարզապես չնչին գումար է։
ՄքԴորմանդը ներկա էր մրցանակաբաշխությանն իր ամուսնու՝ Ջոել Կոենի հետ՝ գրավելով կիսախավար, ռետրո մթնոլորտի մեջ կահավորված դահլիճը։ Հարկ է նշել, որ առաջին անգամ մրգանակաբաշխությունն անց էր կացվում միաժամանակ երկու լոկացիայում՝ Dolby Theatre-ում և Union Station կայարանի դահլիճում։ Եթե հիմնական անվանակարգերի հավակնորդները Լոս Անջելեսում էին, ապա ոչ միայն անգլալեզու, այլ միջազգային կինեմատոգրաֆիական ռազմի դաշտի վետերան՝ 83 ամյա Էնթոնի Հոփքինսը գտնվում էր իր տանը՝ Ուելսում։ Ժամանակին «Գառների լռության» Հաննիբալ Լեկտորի դերի համար «Օսկար»-ի արաժանացած Հոփքինսը ժամեր առաջ արժանացավ իր երկրորդ արձանիկին՝ մարմնավորելով ֆրանսիացի Ֆլորիան Զելերի «Հայրը» ֆիլմում առողջական խնդիրներ ունեցող տարեց տղամարդու դերը։ Ֆիլմն արժանացավ նաև «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգի մրցանակին, իսկ Հոփքինսի էկրանային աղջկան ֆիլմում մարմնավորեց Օլիվիա Քոլմանը (ով 2019-ին ստացավ «Օսկար»՝ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտ»-ում գլխավոր դերի համար): «Լավագույն օրիգինալ սցենար»-ի համար առանձնացավ Էմերալդ Ֆենելը, ում Քերի Մալիգանի մասնակցությամբ «Խոստումնալից աղջիկը» ցուցադրվում էր մեր կինոթատրոններում և պատմում սեռական բռնության հիման վրա սառնասիրտ վրեժխնդրության մասին։
Watch The Father Online: Is The Father on Netflix, Hulu or Prime?
 
Դանիացի ռեժիսոր Թոմաս Վինտերբերգի “Druk”-ը, որն անգլալեզու շուկայի համար թարգմանվել է “Another round”, արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգի հաղթանակին՝ Մադս Միքելսենի մասնակցությամբ դրամեդին Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում էր և անցած տարի ցուցադրվել է նաև հայաստանյան կինոթատրոններում։ «Հուդան և սև մեսիան» ֆիլմում իր դերի համար դերասան Դենիել Կալուան արժանացել է «Լավագույն երկրորդ պլանի դերասան» մրցանակին. կենսագրական ֆիլմը պատմում է Միացյալ Նահանգներում ժամանակին գործած «Սև հովազներ» իրական կազմակերպության առաջնորդ Ֆրեդ Հեմփթոնի մասին՝ այս դերակատարման համար Կալուան արդեն արժանացել էր «Ոսկե գլոբուս»-ի, “BAFTA”-ի և Ամերիկյան դերասանների գիլդիայի մրցանակի։ Իսկ «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» ճանաչվեց հարավկորեական «Մինարի» ընտանեկան դրամայում սրամիտ և բարի տատիկի դերը մարմնավորող Յուն Յո Ջոնը, ով մինչ այդ նույն դերակատարման համար արժանացել էր նաև “BAFTA”-ի և Ամերիկյան դերասանների գիլդիայի մրցանակի։
Minari' Continues Korean Box Office Success for Third Weekend - Variety
 
Եթե օսկարյան մրցաշարի հարավկորեական թրենդը մասամբ կանխատեսելի էր և գրեթե ակնհայտ էր, որ խիստ սոցիալական երանգներով ստեղծված հավանաբար «Մինարի»-ն չի մնա առանց մրցանակի, ապա նույնկերպ զարմանալի չէր, որ Pixar-ի «Հոգի»-ն, որն այդքան սիրվեց այդ թվում նաև հայաստանաբնակ հանդիսատեսի կողմից, բոլորից շատ ունի «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթողի կոչմանն արժանանալու շանսերին։ Երաժշտության ուսուցիչ Ջո Գարդների և 22 համարի թռչող կապտավուն հոգու մտերմության և միավորման պատմությունը ստեղծված է pixar-յան լավագույն ավանդույթներով՝ իր շուրջը հավաքելով ամենատարբեր տարիքային խմբերի մարդկանց։
 
Դարիուս Մարդերի «Մետալի ձայնը», որը պատմում է լսողությունը կորցրած երաժիշտի մասին, արդարացիորեն վաստակել է «Լավագույն ձայն» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերի արձանիկները (ակադեմիկոսները միավորել են «Լավագույն ձայն» և «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգերը), իսկ Քրիսթոֆեր Նոլանի հակասական «Փաստարկ»-ը տուն է տարել «Լավագույն հատուկ էֆեկտների համար նախատեսված սփոփիչ մրցանակը։ Դևիդ Ֆինչերի պատմակենսագրական, նուարային ու ռետրո մթնոլորտում կառուցված սև ու սպիտակ «Մանկ»-ը ստացել է «վիզուալ» օսկարներ՝ օպերատորական և բեմադրող-նկարչի աշխատանքների համար, իսկ սանրվածքների, գրիմի և կոստյումների անվանակարգերի պարագայում հաղթեց երաժշտական “Ma Rainey’s Black Bottom”-ը, որը ռուսալեզու վարձույթից կարելի է թարգմանել իբրև «Մա Ռեյնի. բլյուզի մայրը»։
 
93-րդ «Օսկար»-ը գենդերային ռեկորդ է սահմանել՝ այս տարի 235 հավակնորդներից 76-ը կանայք էին, ինչը կազմում է 32.3% «կանացի» նոմինացիաներ և գերազանցում անցած տարվա տվյալները։ Բացի նմանօրինակ գենդերային քննարկումներից և ակնհայտ մասնագիտական կանացի ակտիվությունից, որն այսօր խիստ արդիական և գերկարևոր է արևմտյան Նոր էթիկայի օրակարգում, կինոգիտական տեսանկյունից չի կարող անտարբեր թողնել համեստ, փոքրաբյուջե ֆիլմի հաղթանակը, որն անգամ իր և մի խումբ ոչ պրոֆեսիոնալ դերասանների ներկայությամբ, կարծես, ակնարկում է՝ անհնարին ոչինչ չկա, անգամ եթե ապրում ես բաց երկնքի տակ։

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Ամերիկացիներն ու ասիացիները՝ որպես բիզնես գործընկերներ

«Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա

Օսկարակիր ֆիլմի անգլալեզու ռիմեյք՝ Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ

Օսկարակիր երգեր

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]