Օրվա տերմինը. Կլասիցիզմ - VNews

Օրվա տերմինը. Կլասիցիզմ

David Oath of the Horatii 1784 - Օրվա տերմինը. Կլասիցիզմ

Ի՞նչ է կլասիցիզմը

Գեղարվեստական ոճ և գեղագիտական ուղղություն՝ 17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի ու գրականության մեջ: Կլասիցիզմի ձևավորման հասարակական-քաղաքական նախադրյալը ֆրանսիական բացարձակ միապետությունն էր, իսկ փիլիսոփայական մեթոդաբանական հիմքը՝ ռացիոնալիզմը (Ռենե Դեկարտ)։

Գեղարվեստի բարձրագույն տիպարն ու չափանիշը կլասիցիստ գրողներն ու արվեստագետները տեսնում էին անտիկ գրականության և արվեստի մեջ, այնտեղից վերցնում սյուժեներ ու կերպարներ՝ արտահայտելով ժամանակի հասարակական-քաղաքական խնդիրները:

Կլասիցիզմի պոետիկայի գլխավոր դրույթը բանականության սկզբունքներին հետևելու պահանջն էր՝ ձևի ենթարկումը բովանդակությանը, գաղափարի ամբողջականություն, հստակություն, գեղարվեստական ձևի կատարելություն։ Այստեղից էլ բխում էր գրական ժանրերի ազատության քննադատությունը և կանոններ սահմանելու անհրաժեշտությունը։

Պատմական ակնարկ

Գրականության մեջ կլասիցիզմն իր ամբողջական դրսևորումը գտավ 17-րդ դարի միապետական Ֆրանսիայում։ Ուղղության տեսական հիմունքները շարադրված են Նիկոլա Բուալոյի «Քերթողական արվեստ» (1674) չափածո երկում, որտեղ ընդհանրացված են 17-րդ դարի ֆրանսիական գրականության գեղարվեստական սկզբունքները։ Վերջինիս հիմնական պահանջներն են տեղի, ժամանակի, գործողության միասնությունը, կոմպոզիցիայի ամբողջականությունը, կերպարների միակողմանի մոնումենտալությունը, բարձրաշունչ չափածո խոսքը (ալեքսանդրյան ոտանավոր)։ Կլասիցիզմի պոեզիայի և պոետիկայի հիմնադիրը Ֆրանսուա Մալերբն էր։

Կլասիցիզմը հայ գրականության մեջ

Կլասիցիզմը հայ գրականության մեջ սկզբնավորվեց 18-րդ դարում։ Ազգային պատմության իդեալականացումը, հայ դասական հեղինակների նկատմամբ պաշտամունքը, հասարակական կյանքն ու արվեստը նորմավորելու ու բանականորեն կարգավորելու ձգտումը կանխորոշում են հայկական կլասիցիզմի ու նրա գեղագիտության հիմնական առանձնահատկությունները։ Հայկական կլասիցիզմի մեջ դրսևորվում են լուսավորական, բարոյա-դաստիարակչական, հայրենասիրական ու քաղաքացիական մոտիվներ։ Հայ իրականության մեջ կլասիցիզմի առաջին արմատավորողը Խաչատուր Էրզրումցին էր՝ «Համառօտական իմաստասիրութիւն» (1711) աշխատությամբ։ Բանականության կանոններին հետևելու, «ընտիր և վսեմ» մարդկային արարքների նկարագրության, բովանդակության և ձևի պարզության, ներդաշնակության ու համաչափության, գրականության հասարակական ու բարոյական դերի մասին Էրզրումցու սկզբունքները ազդեցություն գործեցին հետագա հայ կլասիցիստների վրա։